Ալերգիաները և կրծքով կերակրումը ընտանիքում


The-8-Most-Common-Food-Allergens-in-the-USԸնթերցողին զգուշացվում է, որ հետազոտություններն ու բժշկական ինֆորմացիան ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվում

Ալերգիաներն այսօր ավելի շատ են հանդիպում, քան երբևէ, հինգից մեկ երեխան ինչ-որ տեսակի ալերգիա է ունենում մինչև 20 տարեկան հասակը: Վերջին 20 տարիների ընթացքում ալերգիաների քանակը տասնապատիկ ավելացել է: Մասամբ սրա պատճառը հայտնի ալերգենների(ալերգիա առաջացնող նյութերի) ավելացած ազդեցությունն է: Պատճառը նաև այն է, որ բժիշկներն ու արելգիայից տառապողներն ավելի լավ են սկսել ճանաչել, որ որոշակի սիմպտոմներն ու հիվանդությունները հենց ալերգիայից են առաջացել: Որսորդական-հավաքչական ժամանակներից, երբ մարդիկ ուտում էին բացառապես սեզոնային սնունդ, մինչև այժմ, երբ կլոր տարին կարելի է գտնել գրեթե ցանկացած ուտելիք, մարդու տիպիկ սննդակարգի կերակուրները զարմանալիորեն 200-ից իջել են մինչև 20: Սնունդի այս կարգի նվազումն ավելացնում է ալերգիկ ազդեցությունն այս ուտելիքների հանդեպ  և մարդկանց մեջ ալերգիկ հող է նախապատրաստում:

Որքան վաղ և որքան հաճախ է ուտելիքն ընդունվում, այնքան մեծանում է հավանականությունը, որ այն ալերգեն կդառնա: Երեխաները հակված են ալերգիկ լինել առաջին անգամ իրենց տված ուտելիքի հանդեպ: Քանի դեռ երեխան սնվում է միայն կրծքի կաթով, նա կարող է ալերգիա ունենալ միայն մոր կերած ուտելիքներից, որոնք հայտնվում են կաթի մեջ, այնպես որ ալերգիաների հավանականությունը մինիմալ է այս շրջանում:

Մի երկարատև հետազոտություն ցույց է տվել, որ երեխաները, որ կրծքի կաթով են սնվել, մինչև դեռահասություն կարող են պաշտպանված լինել ալերգիաներից: Պաշտպանությունն ալերգիաներից կրծքի կաթով սնվելու կարևորագույն առավելություններից մեկն է: Կովի կաթից ստացած ալերգիաների հավանակությունը արհեստական կաթով սնված երեխաների մոտ գրեթե յոթ անգամ ավելի մեծ է կրծքի կաթով սնվածներից:

Կրծքով կերակրումը պաշտպանում է ալերգիաներից երկու եղանակով:

Առաջին և առավել ակնհայտ պատճառը, որ կուրծք ուտող երեխաներն ավելի քիչ են ենթարկվում ալերգիաների այն է, որ կրծքի կաթի շնորհիվ նրանք կյանքի առաջին ամիսներին ավելի քիչ ալերգենների հետ են շփվում: Նրանց չեն տալիս կովի կաթի հիման վրա պատրաստած կաթնախառնուրդ կամ սոյայի հիմքով սնունդ: Քիչ շփումը սնունդի այս տեսակների հետ նվազեցնում է ալերգիայի հավանականությունը հետագայում:

Մյուս պատճառը կրծքի կաթի շնորհիվ իմունային համակարգի զարգացումն է: Ծնվելիս երեխայի իմունային համակարգը հասուն չէ: Երեխաները մեծապես կախված են հակամարմիններից, որ ստացել են մոր արգանդում գտնված ժամանակ: Նրանց մարսողական համակարգն իրականում պատրաստ չէ ընդունել այլ նյութեր, բացի մայրական կաթից: Մոտավորապես վեց շաբաթականում  աղիներում սկսում են իմունոգլոբուլիններ կամ հակամարմիններ արտադրվել: Վեց ամսական հասակում երեխան ունի գործող իմունային համակարգ, որ կարող է արտադրել արտազատողական (սեկրետիվ) իմունոգլոբուլին A (sIgA), հակամարմին, որ կարելի է գտնել օրգանիզմի բոլոր արտազատումներում, որ պատասխանատու են օտար մարմինների դեմ պաշտպանության համար:

Օրգանիզմի պաշտպանության համար երեխան կախված է լինում մոր կաթից: Սնվելով մոր կաթով, երեխան առաջինը ստանում է կաթնախեժ (կոլոստրում), առաջին կաթը, որ բացառիկ կերպով հարուստ է հակամարմիններով՝ ներառյալ sIgA-ն:  sIgA-ն պաշտպանական շերտ է “ներկում ” երեխայի աղիների ներսում, որը կանխում է պոտենցիալ ալերգենների ներխուժումը: Հասուն կաթը շարունակում է ապահովել այս ներքին պաշտպանությունը, որն էլ երեխային պահում է առողջ և զերծ ալերգիաներից: Մայրական կաթն ու կաթնախեժը նույնպես ապահովում են հակամարմիններ, որ հատուկ ստեղծված են մանրէների դեմ պայքարելու համար, որոնք սպառնում են և՛ երեխային, և՛ մորը:
Ալերգիկ լինելու հակվածությունը հաճախ ժառանգվում է մորից կամ հորից:  Ընտանիքում ալերգիաների պատմություն ունեցող երեխաների իմունիտետը կարծես թե այլ կերպ է պատասխանում ալերգիաներին՝ ի համեմատություն ալերգիա չունեցողների:

Ինչպե՞ս են առաջանում ալերգիաները

Ալերգիաներն առաջանում են, երբ մարդու օրգանիզմը ծաղկափոշու, բորբոսի, փոշու կամ որևէ սնունդի պես սովորաբար անվնաս նյութերն ընկալում է որպես ներխուժած օտար, վնասակար մարմին: Իր պաշտպանության համար մարմինն արտադրում է E (IgE) իմունոգլոբուլին հակամարմինը: Երբ հակամարմինները շփման մեջ են մտնում մարմնի՝ վտանգավոր համարող նյութերի հետ, նրանք ամրացնում են իրենց հյուսվածքներին և արյան բջֆիջներին: Այս բջիջները հետո ուժեղ բորբոքային քիմիական նյութեր են արտադրում, որ կոչվում են մեդիատորներ. հիստամիններ, պրոտագլանդիններ և լեյկոտրիններ:  Սրանք իրենց հերթին ազդում են լորձային գեղձերի, կապիլարների և հարթ մկանների վրա՝ ստիպելով մարդուն ունենալ ալերգիայի ախտանիշներ:

Ախտանիշները սովորաբար հայտնաբերվում են մարմնի մեկից ավելի համակարգերում և կարող են ակնհայտորեն հակասական լինել: Ուտելիքի հանդեպ ռեակցիան մեծ մասամբ ախտանիշներ է առաջացնում աղեստամոքսային համակարգում, որ ներառում են փսխելը (բխկալուց հետ տալը), փորլուծությունը (կուրծք ուտող երեխաների մոտ դա արտահայտվում է թուլացած, ջրիկ կեղտով, որը նաև քանակով սովորականից շատ է), կծկումները, փորկապությունը, գազիկները, սնուցիչների վատ ներծծումը(որը կարող է հանգեցնել քաշի կորստի), կոլիտը (հաստ աղիքի բորբոքում): Շնչառական համակարգը, մաշկը, աչքերը.և կենտրոնական նյարդային համակարգը նույնպես կարող են ներառվել սննդի հանդեպ ալերգիկ ռեակցիաներում: Ներքևում ներկայացված աղյուսակը գաղափար է տալիս, թե ինչ տեսք կարող է ունենալ ալերգիկ ախտանիշը: Ծնողները հաճախ ուշադրություն են դարձնում  պահվածքին՝ հասկանալու համար, թե ինչ ալերգիա ունի իրենց երեխան: Երեխայի ինքնազգացողությունը կարտահայտվի նրա պահվածքում: Վատ զգացող երեխան չի կարող իրեն լավ պահել: Երեխան, որի մարմինը ալերգիա է տանում, շփոթված ու խեղճացած կլինի:

Կովի կաթը գլխավորում է ցուցակը

Ալերգիկ հակվածությամբ ուտելիքները կարող են տարբերվել ըստ ծագման և վայրի, բայց կովի կաթն ու կաթնամթերքը միշտ գլխավորում են ցուցակն անկախ ամեն ինչից: Կովի կաթի մեջ կան քսանից ավելի նյութեր, որ ցուցաբերել են իրենց որպես մարդկային ալերգեններ: Կոլիկներն ու փսխելը հաճախ առաջանում են կովի կաթի ալերգիայից: Էկզեման, չոր, կոշտացած, կարմիր մաշկը, որ կարող է զարգանալ մինչև բաց, թարախային բշտիկների առաջանալը, մեկ այլ ախտանիշ է երեխաների մոտ, որի պատճառը կովի կաթից ալերգիան է: Կովի կաթը կարող է առաջացնել անքնություն նորածինների և մեկ տարեկանից ավելի երեխաների մոտ: Կովի կաթը կարող է գիշերամիզության պատճառ դառնալ ավելի մեծ տարիքի երեխաների մոտ: Երբ սնվում են կովի կաթի հիման վրա սարքած կաթնախառնուրդով, որոշ երեխաների մոտ ռեակցիա է լինում, պարզապես քանի որ մեծ քանակությամբ կովի կաթ են ստանում: Երեխային արհեստական կաթ տալը նույնն է, ինչ մեծահասակ մարդն օրական ութ լիտրի չափ կաթ խմի: Այս կարգի ալերգիաներն իմունային համակարգում փոփոխություններ չեն առաջացնում,  IgE մակարդակը չի բարձրանում և դրանք հաճախ անսպասելիորեն անհետանում են: Կաթնախառնուրդով կերակրող ծնողները փոխարինում են մեկ ֆորմուլան մյուսով այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտնում իրենց երեխայի օրգանիզմին համապատասանը, կամ էլ մինչև երեխան սովորում է կաթնախառնուրդի ռեակցիներին:

Կովի կաթի պրոտեինների վաղ և պարբերաբար ընդունումը կարող է զգայուն դարձնել երեխայի օրգանիզմը, այնպես որ նույնիսկ չնչին քանակությունը կարող է ռեակցիա առաջացնել. բարձրանում է  IgE մակարդակը և կարող են լուրջ հետևանքներ լինել: Զգայուն երեխաները կարող են ռեակցիա ցուցաբերել անգամ մոր սննդակարգում առկա կովի կաթի հանդեպ: Կովի կաթի պրոտեինի փոքր քանակություններ կարող են հայտնվել մայրական կաթի մեջ և արձագանք առաջացնել երեխայի մեջ՝ անգամ եթե մայրն ինքը ալերգիկ չէ կովի կաթի հանդեպ: Եթե ընտանիքում կա կովի կաթի ալերգիայի պատմություն, լավ կլինի մայրն ինքը խուսափի կաթնամթերքից և չառաջարկի այն իր երեխային: Այլապես հետևանքները կարող են ցավալի լինել:

Լարիսա Լին, Նյու Ջերսիից, պատմում է իր որդու՝ Ալեքսեյի մասին, որ մեկ ամսական տարիքում սուր էկզեմա է տարել: Այն սկսվել է երեխայի դեմքից, տարածվել է գանգի վրա, որից հետո պատել է ողջ մարմինը; Վերքերն այնուհետև թարախակալվել են: Նրանց ընտանեկան բժիշկն ասել է, որ դա իր երբևէ տեսած ամենածանր դեպքն է: Նա ուղարկել է մորն ու երեխային մաշկաբանների մոտ, այդ թվում նաև մանկական մաշկաբանի: Մաշկաբանները բազմաթիվ առաջարկներ արեցին կապված օճառների, լվացող նյութերի և լոսյոնների հետ կապված, բայց հիմնականում նրանք հիդրոկորտիզոն պարունակող ապրանքներից օգտվելը ճիշտ համարեցին, որոնք կկանխեին ցանի հետագա զարգացումը:

Լարիսան բացառեց կաթնամթերքն իր սննդակարգից և ընդամենը մեկ շաբաթում Ալեքսեյի էկզեման կտրուկ փոփոխություն կրեց դեպի լավը: Էկզեման ամբողջովին չանհետացավ(ընտանեկան պատմության մեջ հիվանդությունն առկա է, ավելի մեղմ դեպքերով), բայց այն դարձավ շատ ավելի կառավարելի: Լարիսան բացառեց մի շարք այլ ուտելիքներ ևս իր սննդակարգից, բայց ոչինչ այնքան տարբերություն չտվեց, որքան կաթնամթերքի բացառումը: Ալեքսեյի կյանքի առաջին տարվա ընթացքում Լարիսայի ընդունած անգամ քիչ կաթնամթերքն ամիջապես Ալեքսեյի էկզեմայի վրա բացասական ազդելություն էր թողնում: Մեկ տարեկանը լրանալուց հետո Լարիսան երբեմն կարողանում էր կաթնամթերք ուտել: Հիմա, երբ Ալեքսեյը 2 ու կես տարեկան է, նա հենց ինքը երբեմն կաթնամթերք է ուտում՝ առանց իր ախտանիշները սրվելու:

Ալերգիկ հավանականությամբ այլ սնունդների շարքում են ձուն, ցորենը, եգիպտացորենը, խոզի միսը, խեցեմորթները (ракообразные),  ընկուզեղենը, լոլիկը, սոխը, կաղամբը, հատապտուղները, կծու-թթուն, ցիտրուսային մրգերն ու խմիչքները և շոկոլադը:

Որոշ ալերգիկների օգնել է այն, որ նրանք խուսափել են ուտելիքներից, որոնք աճելու, պատրաստվելու ժամանակ  քիմիկատների հետ են առնչվում: Խուսափելու ենթակա այլ նյութերից են սննդային հավելումները, համ ու գույն տվող նյութերը, կոնսերվանտները: Հաճախ կովերին, խոզերին ու հավերին տալիս են անտիբիոտիկներ՝ առողջ սերունդ տալու համար: Սա նույնպես կարող է ռեակցիա առաջացնել շատ զգայուն օրգանիզմների մոտ: Վիտամինների կամ այլ դեղերի վրա պատող շերտը նույնպես կարող է ալերգիա առաջացնել, ինչպես նաև ֆտորիդները, երկաթը և որոշ բուսական պրեպարատներ: Ուշադիր եղեք և համոզվեք, որ փոքրիկի եղբայր-քույրերն ու ընտանիքի այլ անդամները երեխային ոչինչ չեն տալիս ուտելու առանց ձեր տեղյակ լինելու. սա այն դեպքն է, երբ ունեցածով կիսվելը լավ միտք չէ: Սառեցրած կամ սառը ուտեստները նույնպես ոմանց մոտ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Երբեմն մայրերը կարծում եմ, որ քանի որ սնունդը պոտենցիալ ալերգեն է՝ ավելի լավ է ընդհանրապես խուսափել դրանից: Եթե ընտանիքում չկա որևէ կողմից եկող պատմություն տվյալ սնունդի ալերգիկության հետ կապված, լիովին հրաժարվելն ավելորդ զգուշավորություն կարող է լինել: Կրծքով կերակրելու ընթացքում մայրերի համար կարող է շատ հաճելի լինել իր սիրած ուտելիքն ուտելը: Նրանք պարտավոր չեն հրաժարվել իրենց  սիրած բոլոր ուտելիքներից կերակրելու ընթացքում: Միայն հաստատապես ապացուցվելուց հետո, որ երեխայի մոտ առաջանում է ալերգիկ ռեակցիա, պետք է հրաժարվել այս կամ այն ուտեստից:

Ալերգիան բուժում չունի: Ամենահեշտ ու էժան ձևը ալերգիայից տառապողների համար պարզապես տվյալ ուտելիքից խուսափելն է:

Հայտնաբերելը, թե կոնկրետ ինչ ուտելիքի հանդեպ է երեխան ալերգիկ, կարող է դժվար պրոցես լինել, բայց հաստատ արժե աշխատել այդ ուղղությամբ: Կրծքով կերակրվող երեխայի համար այդ աշխատանքը կարող է ներառել գրառումների ցուցակ, որտեղ կնշվեն մոր կերած ուտելիքները և երեխայի պահվածքն ու ախտանիշները դրանք ուտելուց հետո: Ժամանակի ընթացքում սովորաբար հնարավոր է լինում տեսնել կապը որոշակի ուտելիքների և երեխայի անհանգստության միջև: Եթե շատ են զգայուն ալերգենների հանդեպ, ապա երեխաները կարող են ռեակցիա ցուցաբերել մոր կերած ուտելիքի հանդեպ րոպեների ընթացքում, թեև ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս կերակուրն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Մայրը հետո կարող է ինքն իր համար սնվելու պլան մշակել, որը կբացառի կասկածելի ուտելիքները: Եթե արդյունքում ունենք երջանիկ փոքրիկ, մայրը կարող է փորձարկել իր հայտնագործությունը և մի քիչ ուտել կասկածելի համարած սնունդից: Եթե երեխայի մոտ նորից ռեակցիա է լինում դրա հանդեպ՝ ապացուցելով դրա ալերգիկությունն իր համար, ապա մայրը պետք է խուսափի այդ սնունդից որքան հնարավոր է երկար ժամանակով:

Շատ երեխաներ դրական փոփոխություն ցույց կտան ալերգիկ կերակուրը մոր սննդակարգից հանելուց 5-ից 7 օր անց, բայց գրեթե երկու շաբաթ կամ ավելի կտևի, որպեսզի ալերգիայի թողած  ազդեցությունը վերանա և՛ մոր, և՛ երեխայի մոտ:  Սննդակարգի մաքրումը ալերգեններից կարող է ժամանակատար աշխատանք լինել, բայց շատ մայրեր համարում են, որ արժե չարչարվել:

Դոն Սթորին Դենվերից ասում է. ”Երբ դուք ունեք կոլիկներից խիստ տառապող երեխա, միայն ժամանակը կարող է օգնել: Այնուամենայնիվ ես միշտ ավելի լավ էի ինձ զգում, երբ փորձում էի ինչ-որ բան, ցանկացած բան անել պարզելու համար, թե ինչու է երեխան վատ զգում”:

Ռոտացիոն (պարբերական) սննդակարգ

Շատ մայրեր պարզել են, որ պարբերական սննդակարդը թույլ է տալիս իրենց ուտել նույնիսկ այն կերակուրները, որ որոնց հանդեպ իրենց երեխան ալերգիկ ռեակցիա է ցույց տվել: Պարբերական սննդակարգը թույլ է տալիս ուտել պրոբլեմատիկ կերակուրներ, քանի որ դրանք ընդունելու արանքում պահվում է երեքից յոթ օրվա ընդմիջում: Սա թույլ է տալիս, որ ուտելիքն ամբողջապես վերանա մոր օրգանիզմից՝ մինչև դրա նոր ընդունումը, որն էլ կարող է կանխել ալերգիկ ռեակցիայի առաջացումը երեխայի մոտ: Որքան ուժեղ է երեխայի մոտ ազդեցությունը ալերգենից, այնքան ավելի երկար պետք է մայրը սպասի այդ ուտելիքը նորից ուտելուց առաջ: Այդ փորձնական շրջանը թույլ կտա մորը ավելի լավ հասկանալ իրավիճակը:

Սնունդը, որ խնդիր է առաջացնում երեխաների մոտ, ազդում է նաև մայրերի վրա, բայց այնքան մեղմ կերպով, որ մայրերը տեղյակ չեն լինում, մինչև սնունդն օրգանիզմից չի վերանում՝ մոր ու երեխայի ինքնազգացողությունը բարելավելով: Ցավալիորեն, շատ հաճախ ալերգիկ են լինում այն ուտելիքները, որոնց հանդեպ մայրը մեծ հակում է ունենում կամ ուտում է ամեն օր:

Երբ երեխան սկսում է ուտել հավելյալ ուտելիք, որոշ մայրեր դերմատիտ կամ էկզեմա են ունենում պտուկների շրջանում, որը կարող է առաջանալ երեխայի կերած հավելյալ ուտելիքի կամ նրա ընդունած դեղերի պատճառով: Դրանց մնացուկը փոքրիկի բերանում կարող է ազդեցություն թողնել մոր մաշկի վրա:

Ռոբին Սլոյի դուստրը, Ալանան, կաթի հանդեպ զգայնություն ունի, որ ի հայտ եկավ նրա ծնվելուց անմիջապես հետո: Բայց գրեթե երեք ամիս տևեց, մինչ Ռոբինը հասկացավ, որ սարսափելի կոլիկները, որոնցից տառապում էր Ալանան, կառավարելի էին. պետք էր պարզապես բացառել կաթնամթերքն իր սննդակարգից: Ալանան գոռում էր ու լաց էր լինում երեկոները ամբողջ ձայնով, ժամը 10:00-ից մինչև 2:00-ը և Ռոբինի ու իր ամուսնու արած ոչինչը չէր օգնում, որ երեխան հանգստանա: Նրանք ժամեր էին անցկացնում՝ գրկած ման տալով երեխային և հոգնածությունից ուժասպառ լինելով:

Երբ Ալանայի մոտ անցավ կոլիկերի շրջանը, Ռոբինին թվաց, թե նա հաղթահարեց իր ալերգիկ ռեակցիան կաթնամթերքի հանդեպ, և երբ երեխան մեկ տարեկան էր, կաթնամթերք մտցրեց նրա սննդակարգի մեջ: Ու մինչև Ալանան երեք տարեկան չդարձավ, Ռոբինը չհասկացավ, որ նրա նյարդային անկառավարելի նոպաները կապված են կաթնամթերքի հետ: Նա բացառեց կաթնամթերքը Ալանայի սննդակարգից, և հիմա երեխան շատ լավ է: Ռոբինը հավելում է.«Ես միշտ գիտեմ, թե երբ է նա առավոտները մի փոքր կաթ ավելացրել իր շիլայի մեջ: Նա դառնում է կոպիտ ու աննրբազգաց երեխա, երբ իրականում, ճիշտ է , աշխույժ, բայց բարի աղջիկ է»:

Ռոբինի երկրորդ աղջիկը, Սարան, ալերգիաների մի ողջ խումբ ունի, որը հայտնաբերվեց, երբ նա երեք ամսական էր: «Երկարատև մի պայքար էր դա, նրա ալերգիաները պարզելը: Մենք սկսեցինք ընտանեկան բժշկից, որը չկարողացավ հասկանալ կարմիր ցանի պատճառը և ուղարկեց մեզ մաշկաբանի մոտ»: Մաշկաբանն էլ ուղարկեց մեզ մանկական մաշկաբանի մոտ, որն ախտորոշեց ցանը, որպես ատոպիկ դերմատիտ և ասաց, որ պատճառը որոշ ուտելիքներ կարող են լինել: Ես արդեն դա կասկածում էի և փորձում էի ալերգեն համարվող ուտելիքները բացառել, բայց ԱՄՆ-ում շատ դժվար է խուսափել ցորենից ու եգիպտացորենից, եթե դու ուտում ես որևիցե մշակված սնունդ: Հսկայական աշխատանքի և Դորիս Ռափի “Ձեր երեխան այսպիսի՞ն է” գրքի շնորհիվ ես կարողացա հայտնաբերել նրա գրեթե բոլոր ալերգիաները մինչև նրա մեկ տարեկան դառնալը: Միայն երկու տեսակ սնունդ մնաց անբացահայտելի. շոկոլադը  (որ ես կասկածում էի, բայց այդպես էլ չհաստատվեց, քանի որ այսպես թե այնպես չէի ուտում շոկոլադ), և վարսակազգիները, որ նույնիսկ կասկածել չսկսեցի»:

Սարային չէր հետաքրքրում հավելյալ (solid) սնունդը մինչև մեկ տարեկանը լրանալը: Ռոբինը մանրակրկիտ կերպով և՛ իր, և՛ Սարայի սննդակարգից հանեց ալերգիկ սնունդը Հիմա երեխան կարողանում է ուտել ընկույզեղեն, վարսակազգիներ և եգիպտացորեն առանց որևէ ռեակցիայի: Սարային շատ հազվադեպ տալով այդ տիպի ուտելիքներ և պահպանելով ռոտացիոն սննդակարգը՝ Ռոբինը հույս ունի որ երեխային զերծ կպահի հետագա նոր ալերգիաներից:

Այլ տարբերակներ

Ալերգիայի բուժման այլ տարբերակներ են դեղամիջոցները, իմունոթերապիան և ալերգիայի տեստերը: Սրանք առանձնահատուկ օգտակար կարող են լինել, երբ ալերգեններից անհնարին է խուսափել, օրինակ՝ փոշին, ծաղկափոշին կամ շրջակա միջավայրի ալերգենները:

Երեխայի միջաավայրը փոխելը սենյակը մինչև հատակն ու պատերը մերկացնելու աստիճան՝ կարող է բավականին օգտակար լինել ալերգիկ երեխայի համար: Սենյակի տեսքը կարող է զինվորական խուց հիշեցնել արդյունքում: Ոչ մի վարագույր, անկողնու ծածկոց, փափուկ վերմակներ, գորգեր, կարպետներ, շերտավարագույրներ, փափուկ կահույք, փափուկ խաղալիքներ (բացի հիպոալերգենայիններից՝ և՛ներսից, և՛ դրսից) կամ մորթապատ/փետրապատ տնային կենդանիներ: Պատուհանի ապակին կարող է լինել երանգներով, բարձերը պետք է լինեն սինթետիկ, վերմակները պետք է լինեն սինթետիկ կամ բամբակյա և պետք է լվացվեն յուրաքանչյուր շաբաթը մեկ: Ներքնակն ու ներքնակի զսպանակները պետք է պլաստիկով պատվեն և կահույքը պետք է լինի պարզ փայտ կամ պլաստիկ: Զգեստապահարանում պետք է լինի միայն սեզոնային հագուստ, ոչ մի այլ կուտակած շորեղեն: Մահճակալի տակի տարածքը պետք է լինի դատարկ:

Պատերը, փայտե իրերը և կահույքը պետք է քերվի/մաքրվի նվազագույնը երեք ամիսը մեկ: Եթե գործածվում է օդը խոնավացնող սարք, այն պետք է պահել անթերի մաքուր: Որոշ ընտանիքներ համարում են, որ օդը մաքրող մեքենաները պետքական ներդրում են:

Անցումը անհոտ օճառների ու լվացքի միջոցների և խուսափելը ապրանքներից, որ ունեն հավելանյութեր, ինչպես օրինակ մազի լաքը, դեզոդորանտները, մեկանգամյա գործածման մանկական տակդիրներն ու անձեռոցիկները՝ օգնել է շատ ընտանիքների: Գոլորշիներից ու հոտերից, երբ հնարավոր է, ինչպես օրինակ գազից (և մեքենայի վառելիքի, և ուտելիքի պատրաստման ու սենյակի տաքացման դեպքում), ներկերից, քիմիկատներից, թունաքիմիկատներից, արտանետումներից, ջերմամեկուսիչ նյութերից, նոր գորգեղենից, ծղոտից և չորացրած այլ խոտեղենից խուսափելը նույնպես կարող է օգնել:

Կանխում հետագայում սպասվող երեխաների համար

Ալերգիկ երեխայի խնդիրների հետ առնչվելուց հետո ծնողներն ուզում են կանխել այդ ամենը հետագա երեխաների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մայրը հղիության ու կերակրելու ընթացքում խուսափի բոլոր ուտելիքներից, որոնց հանդեպ ընտանիքի այս կամ այն անդամը ալերգիկ է,  հավանական է, որ հետագայում ծնված երեխաները  ավելի դիմացկուն կլինեն ալերգենների հանդեպ: Հղիության ժամանակ ցանկացած սնունդի մեծ քանակություններով չընդունելը կարող է  քչացնել սույն ուտելիքի հանդեպ նորածնի ալերգիկությունը:

Թրիշիա Ջալբերթը, Քալիֆորնիայից, պատմում է իր աղջկա՝ Գվենի մասին, որ հաճախ արթնանում էր ցավից լաց լինելով  հետո շատ դժվարությամբ էր նորից քնում: Նա չափազանց շատ կոլիկներ ուներ և հաճախ կերածը փսխում էր: Ցավը, կոլիկներն ու փսխումը շփոթեցնում էին Թրիշիային, չափից դորս հոգնեցնելով նրան, որպեսզի սթափ մտածի պատճառների մասին: Երբ լրանում էր Գվենի մեկ տարեկանը, Թրիշիան պարզեց, որ իր ամուսինը իր կյանքի ողջ առաջին տարվա ընթացքում փորլուծություն է ունեցել: Հիմա Ջալբերթները բացառում են կաթնամթերքն իրենց սննդակարգից՝ պատրաստվելու համար գալիք հղիությանը, քանի որ չեն ցանկանում որևէ շանս թողնել, որ ապագա երեխան կովի կաթի պրոտեինների հետ առնչվող խնդիր ունենա: Թրիշիան երբեմն, շատ հազվադեպ խմում է կովի կաթ, բայց միայն մի քանի կում: Նա ասում է, որ Գվենը հասկանում է, որ պետք է հեռու մնա կաթից:

Հղի կինը, որ խուսափում է կաթնամթերքից, պետք է համոզված լինի, որ բավականաչափ կալցիում է ստանում այլ աղբյուրներից, կամ սնունդի կամ վիտամինի տեսքով: Ռութ Լոուրենսն առաջարկում է գործածել կալցիումի կարբոնատի փոշի: Կալցիումի սննդային փոխարինողները ներառում են կաղամբը, ծաղկակաղամբը, սպանախը, բրոկոլին,  շաղգամը, թոքը, նուշն ու բրազիլական ընկույզը, ինչպես նաև պահածոյացված սարդինն ու սաղմոնը:
Մայրերը, որ հղիության ժամանակ խուսափում են պոտենցիալ ալերգեններից, ավելի քիչ են ունենում նախաէկլամպսիայի (pre-eclampsia), այտուցվածության և սնկային վարակների խնդիրներ: Նրանք ավելի քիչ են տառապում նաև “հոսող քթի” խնդրից: Այս առավելությունները կարող են կոմպենսացնել այն, որ նրանք հրաժարվում են ուտել իրենց սիրած ուտելիքները:

Հղիները լավ կլինի նաև, որ տնից դուրս չգան այն օրերին, երբ ծաղկափոշու քանակը օդում բարձր է: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարդատենդի(hayfever, ալերգիա խոտի հանդեպ) շրջանում ավելանում են վիժումները, հղիության ուշ շրջանի արյունահոսությունները, չափից ավելի այտուցվածությունը և արտարգանդային հղիությունները:

Թեև ալերգիաներից խուսափելը կարող է լինել հոգնեցնող և դժվար, արդյունքներն ամբողջովին հատուցում են չարչարանքը: Անբացատրելի է տեսնել, թե ինչպես է երեխան լացկան, նյարդային, ագրեսիվ, ցաների հակում ունեցող, չհասկացող, թե ինքն ինչ է ուզում և անքուն վիճակից վերածվում հաճելի, մաքուր մաշկով, հեշտ երեխայի, ով միշտ լավ է քնում: Երբ ծնողները տեսնում են այս փոփոխությունը, նրանք պատրաստ են անել ամեն ինչ, որ երեխային օգնեն:

Ալերգիայի հնարավոր ախտանիշները

Սովորաբար օրգանիզմի մեկից ավելի համակարգ է խառը լինում ալերգիկ ռեակցիաներում: Ամենահաճախ հանդիպողը աղեստամոքսային համակարգն է:

Աղեստամոքսային համակարգ:

Փսխել, կերածը դուրս թքել, փորլուծություն, արյուն կեղտի մեջ
կոլիկներ, թաքնված արյունահոսություն, սպազմատիկ ցավեր, փորկապություն, գազիկներ, սնուցիչերի վատ ներծծում (որի հետևանքով քաշի պակաս), կոլիտ, պրոտեինների և երկաթի կորստի էնտերոպատիա, նորածնային թրոմբոցիտոպենիա (արյան մեջ թրոմբոցիտների պակաս):

Շնչառական համակարգ:

Հոսող քիթ, փռշտոց, հազ, խզխզոց, ասթմա, կարմիր ու քոր եկող քիթ, թոքային հիվանդություններ, բրոնխիտ,խցանում, մրսածության նման երկարատև ախտանիշներ,պարբերական արյունահոսոթյուն քթից, բերանով շնչել, ստրիդոր (stridor, աղմկոտ շնչառություն):

Աչքեր:

ուռած կոպեր,կարմրած աչքեր,սև շրջանակներ աչքերի տակ,աչքերի անընդհատ արցունքոտում, ժելատինի պես հեղուկ աչքերի մեջ:

Մաշկ:

էկզեմա,դերմատիտ,եղնջացան(ցանի տեսակ), ցան(կարմիր բշտիկներ),մրմռացող հետույք,կարմրություն հետանցքի շուրջը, քոր,կարմրած այտեր, չափից շատ գունատություն:

Կենտրոնական նյարդային համակարգ:

նյարդային վիճակ, անհանգստություն, անքնություն, մակերեսային քուն,երկարատև թմրածություն:

Այլ ախտանիշներ:

ականջի վարակներ, զկրտոց, քաշի դանդաղ ավելացում, չափից ավելի թքարտադրություն, չափից ավելի քրտնարտադրություն,ցավեր ոտքերի և այլ մկաններում, կենտրոնանալու պակաս, վատ առաջադիմություն դպրոցում,ծանր բնավորություն, դեպրեսիա, կետեր լեզվի վրա,շրթունքների, լեզվի, կոկորդի ուռածություն,արյան ճնշման վտանգավոր անկում:

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ http://www.lalecheleague.org/nb/nbjulaug98p100.html

Թարգմանեց՝ Լիլիթ Գալատեա Վահանյան

Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը
Ալերգիան և կրծքով կերակրելը