Ալերգիան և կրծքով կերակրելը


Մայրական կաթի մեջ գտնվող մասնիկները պատում են երեխայի աղիները, ինչը կանխում է արյան շրջանառության մեջ միկրոսկոպիկ սննդի մասնիկների թափանցումը: Սակայն այն դեպքում, երբ սննդի մասնիկներն անցնում են արյան մեջ (ինչն ավելի հաճախ է տեղի ունենալ արհեստական կաթով սնվող երեխայի մոտ) նրանք կարող են դիտարկվել որպես օտար մասնիկներ արյան սպիտակ բջիջների կողմից: Վերջիններս գրոհում են այդ մասնիկների վրա և կարող են առաջացնել ցավոտ և վտանգավոր ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են փորլուծությունը, երեխայի հետանցքի գրգռվածությունը, աչքերից և քթից արտադրությունը, ցանը և էկզեման: Երեխան այդ դեպքում կարող է շատ լաց լինել և դժվարությամբ քնել:

Եթե ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկն ալերգիկ է, ապա քանի դեռ երեխան շատ փոքր է ցանկալի է խուսափել այն սննդամթերքներից, որոնց նկատմամբ Դուք կամ երեխայի հայրը զգայուն եք : Երեխային կրծքով հաճախակի կերակրելը կարող է շատ օգտակար լինել: Օրինակ, եթե Դուք ալերգիկ եք կաթնամթերքի նկատմամբ, ապա կովի կաթի մեջ գտնվող սպիտակուցները կարող են անցնել երեխային Ձեր կաթի միջոցով և բարդություններ առաջացնել երեխայի մոտ: Սակայն եթե Դուք հաճախակի կերակրեք կրծքով, ապա մեծ է հավանականությունը, որ երեխան հետագայում կկորցնի զգայունությունը նմանատիպ սննդամթերքի նկատմամբ, քանի որ կուրծք ուտելը նվազեցնում է երեխայի մոտ ալերգենների նկատմամբ զգայունություն ձեռք բերելու վտանգը:

Հաճախակի հանդիպող ալերգեններից են կաթնամթերքը, ցորենը, ցիտրուսը, եգիպտացորենը, ընկույզը և խեցեմորթը: Փորձեք հանել այս մթերքները Ձեր սննդակարգից մեկ առ մեկ,   և հետևեք, թե Ձեր երեխայի առողջական վիճակը բարելավվում է, թե` ոչ: Երեխայի օրգանիզմից ալերգենների հեռացումը կարող է տևել մինչև 10 օր: Եթե Դուք կամ երեխան ընդունում եք վիտամիններ կամ հանքային հավելումներ, ապա երեխան կարող է լինել զգայուն դրանց մեջ պարունակվող երկաթի, կոնսերվանտների կամ գունանյութերի նկատմամբ: Վիտամինները և ֆտորիդային հավելումներն այլևս խորհուրդ չեն տրվում վեց ամսեկանից ցածր երեխաներին:

Չհանդիսանալով ալերգեն` կոֆեինը կարող է երեխայի նյարդայնության և քնի խանգարման պատճառ դառնալ: Փորձեք նվազեցնել սուրճի, թեյի և շոկոլադի օգտագործումը և հետևեք` դա օգնում է, թե` ոչ:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/allergies.html

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը


Ալերգիաները և կրծքով կերակրումը ընտանիքում
Ինչպես ազատվել ավելորդ քաշից, երբ կերակրում ես: