Ամեն ինչ կթած կաթի մասին


breastmilkԱյս հոդվածում ներկայացված խորհուրդները նախատեսված են առողջ երեխաների համար: Եթե ձեր երեխան հիվանդանոցում է կամ վաղաժամ է ծնվել, խորհրդակցե՛ք մասնագետի հետ, քանի որ նման դեպքերում կրծքի կաթով կերակրելու և կթած կաթի պահպանման կանոնները կարող են ավելի խիստ լինել:

a

aa

Ինչու՞ կթել

  • Երբ երեխան վաղաժամ է ծնվում կամ հիվանդ է և դժվարանում է ինքնուրույն ուտել, մայրը կարող է կթել իր կաթը և տալ երեխային բաժակով կամ ներարկիչով:
  • Երբ կրծքերը չափից ավելի լիքն են, որի պատճառով երեխան դժվարանում է կուրծք բռնել, մայրը կարող է մի քիչ կթել, որպեսզի կուրծքը դառնա ավելի փափուկ:
  • Մայրը կարող է բացակայել երեխայի մոտից (աշխատանք, ուսում կամ այլ պատճառներ):
  • Կթելը կարևոր է մաստիտի կամ կաթի ծորանների խցանման ժամանակ (Ծորանների խցանում և կաթնագեղձի բորբոքում)
  • Եթե մայրը չունի լավ արտահայտված պտուկներ, մի քանի րոպե կթելը կարող է օգնել պտուկն ավելի արտահայտված դարձնելու համար:
  • Կթած կաթը կարելի է ավելացնել երեխայի հավելյալ սնունդի մեջ՝ ջրի փոխարեն:
  • Կաթը կարելի է սառեցնել պաղպաղակի ամաններով և առաջարկել երեխային ատամները հանելու ժամանակ:
  • Երեխայի ուտելուց հետո կամ ուտելու արանքներում կթելը կնպաստի կաթի քանակի շատացմանը:

 

breastmilk hindmilkԻ՞նչ տեսք ունի կթած կաթը

Կթելուց մի փոքր անց մայրական կաթը բաժանվում է 2 մասի՝ կաթի և սերուցքի, որը բարձրանում է կաթի մակերեսին: Սա նորմալ երևույթ է, ուղղակի պետք է մեղմ պտտելով խառնել կաթը` այն միասեռ դարձնելու համար: Թափահարել չի կարելի, քանի որ այդ դեպքում կաթը կհագենա օդի պղպջակներով, որոնք հետո կարող են գազեր առաջացնել երեխայի մոտ:

Կթած կաթի գույնը, հոտը և բաղադրությունը կարող է տարբեր լինել: Դա պայմանավորված է ձեր սննդով կամ առաջնային և հետին կաթի հարաբերակցությամբ որը կարող է տարբեր լինել միևնույն մոր մոտ օրվա տարբեր ժամերին: Ձեր ընդունած դեղերը նույնպես կարող են ազդել կաթի գույնի վրա: Կաթը կարող է նույնիսկ թափանցիկ լինել, որի պատճառով մայրերը անհանգստանում են կաթի յուղայնության մասին և մտածում, թե իրենց կաթը “ջուր” է դարձել: Հիշե՛ք. ձեր կաթի սննդայնությունը միշտ իդեալական է ձեր բալիկի համար:

Որտե՞ղ պահպանել կաթը

Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե երբ եք պատրաստվում կաթը օգտագործել: Եթե կաթը օգտագործելու եք կթելուց 4-6 ժամ հետո, ապա կարող եք պահել մինչև 26 աստիճան սենյակային ջերմաստիճանում: Եթե կաթը պատրաստվում եք օգտագործել 8 օրվա ընթացքում, ապա պահեք սառնարանում՝ հետևի պատի մոտ: Կաթը ոչ մի դեպքում չի կարելի պահել սառնարանի դռան վրա, քանի որ դռան մոտ ջերմաստիճանի տատանումները շատ են: Ցանկալի է նույնիսկ չափել սառնարանի ջերմաստիճանը ջերմաչափի օգնությամբ և գտնել այն հատվածը, որտեղ ջերմաստիճանը չի գերազանցում +4 աստիճանը: Եթե կթած կաթը օգտագործելու եք շատ ավելի ուշ, ապա սառեցրեք սառցախցիկում: Սառցարանի մեջտեղի մասում ջերմաստիճանը ամենաքիչն է տատանվում:

Եթե կթելու եք աշխատավայրում և սառնարանի մաքրության մեջ վստահ չեք, ապա կարող եք կթելու արանքներում կթիչի մասերը և կաթը դնել հերմետիկ տոպրակի մեջ, իսկ տոպրակը դնել սառնարանում:

Ինչպիսի՞ ամանով պահպանել կաթը

Եթե երեխան հազվադեպ է կթած կաթ խմում, ապա ամանի տեսակը կարևոր չէ: Սակայն եթե երեխան հիմնականում խմելու է կթած կաթ, ապա ամանի տեսակը դառնում է կարևոր: Սառնարանում կաթի օգտակար բաղադրիչները պահպանելու համար ամենալավ տարբերակը պլաստմասե ամաններն են, քանի որ արյան լեյկոցիտները կամ սպիտակ բջիջները քիչ են կպնում պլաստմասային՝ ի տարբերություն ապակյա տարաների: Կարևոր է որ պլաստմասսե ամանի վրա նշված լինի “Bisphenol A free” կամ ”0% BpA”.

ishot-9Այսօր գոյություն ունեն կաթը պահպանելու հատուկ տոպրակները, որոնք շատ լավ տարբերակ են կաթը թե՛ սառնարանում, թե՛ սառցախցիկում պահելու համար: Այդ տոպրակները ոչ միայն ամուր են և չեն պատռվում սառեցնելու ընթացքում, այլ նաև ստերելիզացված են և պատված են հատուկ նյութով, որը չի թողնում, որ ճարպերը կպնեն տոպրակի պատերին: Տոպրակները նաև ավելի քիչ տեղ են գրավում քան շշերը, իսկ նրանց մեջ պահված կաթն ավելի արագ է հալվում և տաքանում: Զգու՛յշ եղեք տոպրակները լցնելիս և դատարկելիս, քանի որ դրանք հեշտությամբ շուռ են գալիս:

Եթե պետք է կաթը պահպանել սառցարանում և կա պլաստմասե և ապակյա տարաների միջև ընտրության հնարավորություն, նախապատվությունը տվեք ապակյա տարային, քանի որ ապակին ունի ավելի քիչ ծակոտկիներ և ավելի լավ է պահպանում կաթը: Միևնույն է, լեյկոցիտների մեծ մասը սառցարանում մահանում է: Այսպիսով, եթե կաթն օգտագործելու եք մի քանի օրվա ընթացքում, պահեք այն սառնարանում, որն ավելի լավ է պահպանում մայրական կաթի հակաբջջային հատկությունները:

Լվացեք ամանները տաք օճառաջրով, ցայեք և չորացրեք: Եթե երեխան ոչ մի բժշկական խնդիր չունի, ստերիլիզացնելու կարիք չկա:

bm in bagՇշի կամ տոպրակի վրա գրեք կաթը կթելու ամսաթիվը, ծավալը և երեխայի անունը, եթե երեխան մսուր է գնալու: Օգտագործեք ամենահին ամսաթվով կաթը: Որպեսզի հեշտ լինի գտնել ամենահին ամսաթվով կաթը, այդ ամսվա բոլոր կթած կաթերը դրեք մեկ մեծ տոպրակի կամ արկղի մեջ և վրան նշեք ամիսը:

jjj

kkk

Որքա՞ն կաթ սառեցնել միանգամյա օգտագործման համար

Եթե հալեցնելուց հետո երեխան կաթն ամբողջությամբ չի խմել, նորից առաջարկեք կարճ ժամանակ անց: Եթե երեխան նորից չխմեց, թափեք կաթը: Որպեսզի կաթը թափելու խնդիր չլինի, ցանկալի է կաթը սառցարանում սառեցնել փոքր չափաբաժիններով: Բացի դրանից, փոքր ծավալով կաթն ավելի արագ է հալվում և տաքանում: Կաթը սառեցրեք 60-120մլ չափաբաժնով կամ այնքան, որքան սովորաբար խմում է ձեր երեխան մեկ ուտելու ընթացքում: Կաթի ծավալը սառելուց մեծանում է. խուսափեք շիշը կամ տոպրակը պռկեպռունկ լցնելուց և տարայի մեջ 2.5 սմ ազատ տարածք թողեք:

ice cubesԿաթը կարող եք սառեցնել սառույցի պատրաստելու համար նախատեսված հատուկ ամաններով: Կաթի խորանարդերը շատ հարմար են, եթե դուք շատ քիչ կաթի կարիք ունեք, օրինակ՝ երեխայի ճաշիկները նոսրացնելու կամ շիշը լրացնելու համար: Խորանարդները կարող եք նաև առաջարկել երեխային մաքուր շորի մեջ փաթաթած կամ մանկական սնունդի ցանցի մեջ` հանգստացնելու լինդերի քորը ատամ հանելու շրջանում: Օգտագործելուց առաջ լվացեք և լավ չորացրեք սառույց պատրաստելու ամանը: Բաժանեք կթած կաթը խորանարդերով, զգուշությամբ ծածկեք և դրեք սառցարան: Սառելուց հետո խորանարդերը հանեք ամանից, դրեք հերմետիկ փակվող տոպրակի մեջ և նորից դրեք սառցարանի մեջ: Յուրաքանչյուր խորանարդ մոտ 30մլ կաթ է պարունակում. հալեցրեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ է:

Որոշ մայրերի մոտ լիպազ սպիտակուցի ավելցուկը կթելուց հետո փոխում է կաթի համը: Մեծ քանակությամբ կաթ սառեցնելուց առաջ, սառեցրեք 2-3 շիշ/տոպրակ կաթ: Մեկ շաբաթ անց հալեցրեք կաթերից մեկը և հոտ քաշեք: Նույնիսկ եթե ձե կաթի համը և հոտը փոխվել է, առաջարկեք այն ձեր երեխային: Շատ հնարավոր է որ երեխային փոխված համը չխանգարի: Սակայն եթե համն ու հոտը շատ փոխված լինեն, երեխան կարող է կաթից հրաժարվել: Այդ դեպքում փորձեք տաքացնել կաթը սառեցնելուց առաջ, որի արդյունքում լիպազ սպիտակուցը կկորցնի իր ակտիվությունը և կաթի համն ու հոտը չեն փոխվի: Թե ինչպես ճիշտ տաքացնել կրծքի կաթը, կարող եք կարդալ ” Իմ կթած կաթը թարմ հոտ չունի: Ի՞նչ կարող եմ անել:” հոդվածում:

Ինչպես իրար խառնել կաթերը

Անհրաժեշտության դեպքում կարող եք իրար խառնել տարբեր ժամերին կթած կաթեր: Եթե որոշել եք խառնել, ապա սառեցրեք թարմ կթած կաթը առանձին ամանով և սառելուց հետո ավելացրեք արդեն սառնարանում գտնվող կաթի վրա: Շշի վրա նշեք ամենահին կթած կաթի ամսաթիվը:

Թարմ կթած կաթը կարող եք ավելացնել սառցարանում գտնվող սառած կաթի վրա միայն այն դեպքում, եթե թարմ կթած կաթը ամենաքիչը մեկ ժամով տեղադրել եք սառնարանում և եթե նրա ծավալը ավելի փոքր է քան արդեն սառցարանում գտնվող կաթի ծավալը:

Ինչպես հալեցնել կաթը

Սառեցրած կաթը ցանկալի է հալեցնել սառնարանում: Քանի որ սառացրած կաթը սովորաբար հալում է 12 ժամում, կարող եք նախորդ օրը սառցարանից կաթը տեղափոխել սառնարան և թողնել գիշերը սառնարանում: Եթե ձեզ անհրաժեշտ է կաթը արագ հալեցնել, ապա կարող եք պահել կաթի շիշը կամ տոպրակը հոսող ջրի տակ կամ դնել ջրով ամանի մեջ` երկուսի դեպքում էլ աստիճանաբար բարձրացնելով ջրի ջերմաստիճանը: Շատ տաք կամ եռման ջուր օգտագործել չի կարելի, քանի որ դրանք կարող են ազդել կաթի բաղադրիչների վրա:

Ամբողջովին հալելուց հետո կաթը կարող եք 24 ժամ պահել սառնարանում, բայց միայն այն դեպքում, եթե կաթը երեխային դեռ չեք առաջարկել: Եթե երեխան մի փոքր խմել է կաթից, կարող եք այն նորից երեխային առաջարկել 1-2 ժամ հետո (տե՛ս ներքևի աղյուսակը): Եթե երեխան չխմեց, ապա ստիպված եք թափել կաթը:

Ի՞նչպես տաքացնել կաթը
ishot-16

Որոշ երեխաներ կարող են կաթը խմել սառը վիճակում: Սակայն փոքր երեխաների դեպքում ցանկալի է այն տաքացնել, քանի որ սառը կաթը կարող է իջեցնել նրանց մարմնի ջերմաստիճանը: Տաքացրած կաթը պետք է լինի սենյակային և մարմնի ջերմաստիճանի միջև: Տաքացնելու համար շիշը/տոպրակը պահեք հոսող ջրի տակ կամ դրեք տաք ջրով լի ամանի մեջ և պարբերաբար պտտեք: Ոչ մի դեպքում չի կարելի կաթը տաքացնել միկրոալիքային վառարանում, քանի որ այդ դեպքում կաթի մեջ չափազանց տաքացած օջախներ կառաջանան և այդ հատվածներում կաթի սննդարար նյութերը ինչպես նաև հակամարմինները կքայքայվեն: Կաթը չի կարելի տաքացնել նաև գազօջախի վրա. լավ չխառնելու դեպքում այն կարող է այրել երեխայի բերանը:

Եթե երեխան կաթը ուտելու է տանից դուրս, հատկապես շոգ եղանակին, ցանկալի է կաթը պահել սառը վիճակում և տաքացնել ուտելու պահին: Եթե կաթը սառած է, կարող եք այն հենց այդպես դնել պայուսակի մեջ: Եթե ուղակի սառն է կամ նոր եք կթել, ցանկալի է կաթը դնել իզոթերմ տոպրակի կամ իզոթերմ պայուսակի մեջ և հետը դնել սառույցի կտոր (կարող եք խոհանոցային սպունգը թրջել, դնել հերմետիկ տոպրակի մեջ, սառեցնել սառցախցիկում և հետո օգտագործել որպես սառույց):

ishot-12Սառը կաթը դրսում տաքացնելու համար կարող եք ձեզ հետ վերցնել տաք ջրով թերմոս և մեկ փոքր աման: Տաքացնելու համար թերմոսի ջուրը դատարկեք ամանի մեջ, իսկ կաթով շիշը կամ տոպրակը դրեք դրա մեջ: Նման թերմոս արտադրում են, օրինակ, Ավենթ և Թոմի Թիփի ֆիրմաները: Համացանցում վաճառում են նishot-13աև կտորի տոպրակներ, որոնց մեջ հատուկ գելով ներդիր է տեղադրվում: Ներդիրը պետք է եռացնել 10 րոպե: Սառելուց հետո ներդիրի գելը դառնում է ճկուն: Տանից դուրս գալուց առաջ կաթի շիշը կամ տոպրակը փաթաթում են սառած ներդիրով և դնում կտորից տոպրակի մեջ: Երեխայի ուտելուց 10-15 րոպե առաջ, երբ անհրաժեշտ է տաքացնել կաթը, սեղմում են ներդիրի վրայի երկաթե կոճակը, որի արդյունքում սկսվում է քիմիական ռեակցիա, և գելը սկսում է տաքանալ և տաքացնել կաթի շիշը/տոպրակը:

Երեխային կաթը տալուց առաջ, դրանից մի քանի կաթիլ կաթացրեք ձեր դաստակի ներսի հատվածի վրա՝ համոզվելու համար, որ կաթը ճիշտ ջերմաստիճանի է:

Եթե ձեր սառնարանը/սառցարանը փչացել է

Քանի դեռ կաթը կիսահալած է, այսինքն մեջը դեռ առկա են սառույցի կտորները, ապա այն համարվում է դեռ սառած: Կարող են այն տեղափոխել աշխատող սառցարան և նորից սառեցնել:

Որքա՞ն ժամանակ կարելի է պահպանել կթած կաթը

Մայրական կաթը շատ ուժեղ հակաբակտերիալ հատկություններ ունի, որի շնորհիվ այն կարելի է պահել շատ ավելի երկար քան, օրինակ, կովի կաթը: Սակայն երկար պահպանելու դեպքում որոշ վիտամիններ և հակաօքսիդանտներ կորում են:

Կարևոր գործոն է նաև սառնարանը: Ժամանակակից սառնարանները բավականին լավ են պահպանում ջերմաստիճանը, բայց եթե սառնարանի դուռը անընդհատ բացվում է և դրսում շատ շոգ է, ապա սառնարանի ներսում ջերմաստիճանի տատանումները կարող են մեծ լինել:

Այս պատճառով պահպանման ժամկետները կարող են տարբեր լինել տարբեր պայմաններում, և որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս կաթի պահպանման շատ ավելի կարճ ժամկետներ: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ձեր կաթը փչացել է:

Հետևյալ տվյալները վերաբերվում են կթելուց անմիջապես հետո սառացրած կաթին: Եթե սառցախցիկում սառեցնելուց առաջ կաթը երկար մնացել է սենյակային ջերմաստիճանում կամ սառնարանում, ապա ավելի ճիշտ կլինի նվազեցնել պահպանման ժամկետը:

Ցանկալի է սառեցնել կաթը  կթելուց ամնմիջապես հետո: Սակայն բոլոր պահպանման կանոններին հնարավոր է հերթով հետևել, եթե դուք ունեք դրա կարիքը: Օրինակ` թողել թարմ կթած կաթը սենյակում 3-8 ժամ, հետո տեղափոպել այն սառնարան և թողնել 3-8 օրվա ընթացքում, հետո տեղափոխել սառցարան:

 

Թարմ կթած կաթը Սենյակում 16-26°C 4-8 ժամ Ցանկալի է կաթը պահել սառը, կարող եք շիշը փաթաթել թաց սրբիչով:
Սենյակում 27-32°C 3-4 ժամ
Սառնարանում 0-4°C 3-8 օր Իդեալական է պահել 3 օր, սակայն հնարավոր է պահել 8 օր, եթե սառնարանի ջերմաստիճանը ճիշտ է:
Սառնարանի ներքին սառցախցիկ -15°C 2 շաբաթ
Սառնարանի սառցախցիկ իր առանձին դռնով -18°C 3-6 ամիս
Առանձին խորը սառեցման սառցարան -20°C 6-12 ամիս
Կաթ, որը տաքացվել է և որից երեխան արդեն խմել է Սենյակում 16-26°C 1 ժամ
Սառնարանում 0-4°C 2 ժամ
Կաթ, որը տաքացվել է, բայց որից երեխան չի խմել Սենյակում 16-26°C 4 ժամ
Սառնարանում 16-26°C 24 ժամ
Հալեցրած կաթ, որից երեխան դեռ չի խմել Սառնարանում 0-4°C 24 ժամ
Սենյակում 16-26°C 4 ժամ
Հալեցրած կաթ, որից երեխան արդեն խմել է Սենյակում 16-26°C 1 ժամ Եթե երեխան հրաժարվի խմելուց, կաթը պետք է թափել
Սառնարանում 0-4°C 2 ժամ


smallՕգտվեք այս նկարից կանոնները հիշելու համար:

Այս հոդվածում ներկայացված խորհուրդները նախատեսված են առողջ երեխաների համար: Եթե ձեր երեխան հիվանդանոցում է կամ վաղաժամ է ծնվել, խորհրդակցե՛ք մասնագետի հետ, քանի որ նման դեպքերում կրծքի կաթով կերակրելու և կթած կաթի պահպանման կանոնները կարող են ավելի խիստ լինել:

 

 

 

 

Կարդացեք նաև

Կրծքի կաթի համը

Ինչու՞ է կաթն այսպիսի տարօրինակ գույնի

Որքա՞ն կրծքի կաթ է անհրաժեշտ երեխայիս

“Երևի իմ կաթը անյուղ է…”

 

Մշակել է Լիանա Ղազարյանը

 

 

 

 

Իմ կթած կաթը տարօրինակ համ և հոտ ունի: Ի՞նչ կարող եմ անել:
Չեմ կարողանում բավարար քանակով կաթ կթել. ի՞նչ անեմ