Կրծքով կերակրելու սենյակ

Առաջնային և հետին կաթերը


Պակաս գիտելիքը վտանգավոր երևույթ է: Այս ասույթը երբեք այնքան ճշմարիտ չի եղել, որքան առաջնային և հետին կաթի և կաթնարտադրության վրա վերջիններիս ազդեցության վերաբերյալ քննարկումներում: Այս հասկացությունների վերաբերյալ թյուրիմացությունները պատճառ են հանդիսանում անհանգստությունների, հիասթափության, կրծքով կերակրման խնդիրների և նույնիսկ կրծքից կտրելու համար:

Կրծքով կերակրման հարցերի պատասխաններ գրքի 2003թ հրատարակման մեջ այդ հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ. “Կաթը, որը երեխան ստանում է կրծքով կերակրման սկզբում, կոչվում է առաջնային կաթ, այն ունի մեծ ծավալ, բայց ցածր յուղայնություն: Կերակրման ընթացքում կաթի մեջ յուղի պարունակությունը ավելանում է, իսկ ծավալը` պակասում: Կերակրման ավարտին մոտ կաթն ունի փոքր ծավալ, բայց բարձր յուղայնություն և կոչվում է հետին կաթ (Mohrbacher and Stock, էջ 34):

Անհրաժեշտ է իմանալ, որ թույլ տալով երեխային «նախ դատարկել առաջին կուրծքը», այսինքն` փոխել կուրծքն այն ժամանակ, երբ երեխան ինքն է ետ քաշվում կրծքից, այլ ոչ թե սահմանված ժամանակից հետո, մայրը կարող է վստահ լինել, որ երեխան ստանում է «հեղուկի և յուղի պատշաճ հարաբերակցություն»: Գրքի տպագրումից հետո հետազոտությունն ավելի է ընդլայնում առաջնային և հետին կաթի մասին մեր պատկերացումները և պատասխանում է բոլոր ընդհանուր հարցերին, որ ունեն մայրերն այս հասկացությունների շուրջ:

Ինչպիսի՞ անհանգստություններ կան 

Առաջնային և հետին կաթը միմյանց հետ շփոթելը պատճառ է դառնում ամեն տեսակ անորոշությունների: Արդյո՞ք կա միմյանցից լրիվ տարբեր երկու տեսակի կաթ: Արդյո՞ք երեխան պետք է կրծքով կերակրվի հստակ սահմանված րոպեների ընթացքում, մինչև առաջնային կաթը կվերածվի հետին կաթի:   Կարո՞ղ է, արդյոք, երեխան ընդհանրապես զրկվել հետին կաթից, եթե շատ կարճ ժամանակ է տևում կերակրումը: Եթե դա հաճախ է պատահում, կարո՞ղ է արդյոք տուժել երեխայի կաթը: Երբեմն բուժաշխատողները մայրերին խորհուրդ են տալիս հետևել ժամացույցին` համոզվելու համար, որ իրենց երեխաները կերակրվում են բավականաչափ երկար` հետին կաթին հասնելու համար, իսկ րոպեների քանակը տարբեր է լինում` կախված խորհրդատուից: Ի՞նչ է պետք իրականում իմանալ առաջնային և հետին կաթի մասին: Եվ արդյո՞ք վերոնշյալ հարցերն անհանգստանալու պատճառ են:

Ճշմարտությունը առաջնային և հետին կաթի մասին:

 Հետազոտության արդյունքում պարզվեց, որ այս հարցն այնքան էլ պարզ չի, որքան թվում է: Ճշմարիտ է, որ յուղը կպչում է կաթի ծորաններին և յուղի տոկոսային հարաբերությունը բարձրանում է կերակրման ընթացքում, քանի որ յուղը դուրս է գալիս ծորաններից կաթի արտահոսքի ընթացքում: Բայց այս թվացյալ պարզ դինամիկան իրականում այնքան էլ այնպես չի, ինչպես թվում է:

  • Կաթի երկու տեսակգոյություն չունի:  Անկախ տարածված այս կարծիքից` չկա ոչ մի “կախարդական պահ” առաջնային կաթը` հետին կաթի վերածվելու մեջ: Քանի դեռ երեխան քաշում է կուրծքը, կաթի մեջ յուղի պարունակությունն ավելանում է, և կաթը դառնում է ավելի ու ավելի յուղոտ, և կուրծքն էլ ավելի է դատարկվում:
  • Օրվա ընթացքում ստացած կաթի ընդհանուր ծավալը` ոչ հետին կաթի, պայմանավորում է երեխայի քաշի ավելացումը: Երբ երեխան կրծքով կերակրվում է հաճախակի և կարճ տևողությամբ կամ մի քանի ժամը մեկ և երկարատև, ապա օրվա ընթացքում ստացած յուղի ծավալը էական տատանում չի տա:
  • Առաջնային կաթը միշտ չէ, որ ցածր յուղայնության է: Սրա պատճառն այն է, որ առաջնային կաթի մեջ յուղի պարունակությունը կարող է էականորեն տատանվել` կախված կերակրման ձևից: Եթե երեխան նախորդ կերակրումից հետո կարճ ժամանակ անց նորից կերակրվի, ապա այդ կերակրման ժամանակ առաջնային կաթը կարող է լինել ավելի բարձր յուղայնության, քան այլ կերակրումների ժամանակ ստացած հետին կաթը:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում: 

Զարմանալիորեն, առաջնային կաթը և հետին կաթը հասկացություններն են, որոնք նշանակություն ունեն, երբ կերակրումների միջև ընկած ժամանակահատվածը մեծ է, ասենք` երկու-երեք ժամ: Որքան մեծ է կերակրումների միջև ժամանակահատվածը, և որքան շատ է լցված մոր կուրծքը, այնքան ավելի մեծ է առաջնային և հետին կաթի մեջ յուղայնության տարբերությունը:  Յուղի խտությունը տարբեր մայրերի մոտ կարող է էականորեն տատանվել օրվա ընթացքում: Օրինակ, երբ կերակրումների միջև գիշերվա ընթացքում երկար դադար է լինում, հաջորդ կերակրման ժամանակ մոր առաջնային կաթի յուղայնությունն ավելի ցածր կլինի, քան երեկոյան, երբ երեխան ավելի հաճախ է կերակվում:

Ի՞նչն է իրականում էական:   

Հետազոտությունը ցույց տվեց, որ առաջնային և հետին կաթի համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա, ինչպես նաև` համոզելու երեխային, որ ավելի երկար է պետք ուտել: Քանի դեռ երեխան արդյունավետ սնվում է, իսկ մայրը չի ընդհատում կերակրումը կարճ ժամանակահատված անց, երեխան կստանա կաթի յուղի մոտավորապես նույն ծավալն օրվա ընթացքում` անկախ կերակրման մոդելից (Kent, 2007): Ավելի հաճախ կերակրվող երեխան ստանում է յուղով ավելի հարուստ առաջնային կաթ, քան ավելի հազվադեպ կերակրվողը: Այսպիսով, արդյունքում ամենը հավասարվում է:

Երեխայի քաշի ավելացման և աճի համար առավել կարևորը յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում ստացած կաթի ընդհանուր ծավալն է: Միջինում երեխան ստանում է օրական 750մլ կաթ (Kent et al., 2006): Ինչ վերաբերում է երեխայի աճին, նշանակություն չունի` երեխան ստանում է 30մլ կաթ ամեն ժամ, թե 95մլ կաթ` երեք ժամը մեկ, քանի որ նա ընդհանուր առմամբ ստանում է բավարար կաթ (Mohrbacher, 2010):  Փաստորեն, հետազոտողները պարզեցին, որ առավել հաճախակի կերակրումների պրակտիկա ունեցող ավանդական մշակույթներին բնորոշ երկրներում և ավելի հազվադեպ կերակրումների պրակտիկա ունեցող Արևմուտքում երեխաները ստանում են օրական կաթի, ինչպես նաև` կաթի յուղի մոտավորապես նույն ծավալը (Hartmann, 2007): Կոչ ենք անում մայրերի համար դյուրին դարձնել կրծքով կերակրումը. օգնել, որ առաջնային և հետին կաթի մասին բոլոր մտածումները հանվեն «անհանգստությունների ցանկից»:

Հեղինակ՝ Նենսի Մոհրբահեր

Թարգմանված է՝ http://www.nancymohrbacher.com/blog/2010/6/27/worries-about-foremilk-and-hindmilk.html

Թարգմանեց՝ Թամար Միրզոյանը