Անհավասար կրծքեր


LopsidedԱրդյո՞ք սա խնդիր է

Կանանց մեծ մասը տարբերություն է զգում երկու կրծքերի միջև, երբ խոսքը վերաբերում է կաթի քանակի, կթած կաթիքանակի, կաթի հոսքի և/կամ կրծքերի չափսի: Ինչպես շատ այլ դեպքերում (ոտքի չափսը, մատանու չափսը, տեսողությունը և այլն), այնպես էլ կրծքերի դեպքում ասիմետրիան նորմալ երևույթ է: Որոշ կանանց մոտ կրծքերի միջև տարբերությունը գրեթե չի նկատվում, իսկ որոշների մոտ այն ակնառու է: Այս երևույթը սովորաբար խնդիր չէ կրծքով կերակրելու համար, և դուք կարիք չունեք ինչ-որ բան անելու, եթե ասիմետրիան չի նեղում ձեզ և ձեր երեխային: Որոշ մայրեր, սակայն, գերադասում են հավասարեցնել կրծքերը, եթե հատկապես կրծքերի միջև տարբերությունը զգալիորեն ակնհայտ է:

Երբեմն երեխան կարող է հրաժարվել կամ անհանգիստ լինել կրծքի մոտ, եթե այդ կրծքի կաթի արտահոսքը դանդաղ է, շատ ուժեղ կամ էլ ավելի քիչ կաթ կա: Նրանք կարող են գերադասել այն կողմը, որի արտահոսքը ավելի դանդաղ կամ արագ է, և կաթը՝ շատ:

 

Ինչպե՞ս արաջանում այս խնդիրը

Հնարավոր պատճառներն են.

  • Բնական անատոմիկ տարբերությունները: Բոլոր կանաց մոտ մի կուրծքը ավելի շատ աշխատող գեղձեր և ալվեոլներ ունի (սովորաբար դա ձախ կողմն է լինում): Որոշ կանաց մոտ երկու պտուկները/արեոլաները կարող են տարբեր լինել (շուռ եկած, տափակ, տարբեր ձևի և չափսի), որի հետևանքով երեխայի համար կարող է մի կրծքից ավելի հեշտ լինել ուտելը, քան՝ մյուսից:
  • Երեխայի՝որևէ կողմի նախընտրությունը: Երեխաների մեծամասնությունը որոշ չափով նախընտրում է կրծքերից մեկը: Ամենասկզբից ձեր երեխային կարող է ավելի հարմար լինել գրկված աջ կամ ձախ կողմի վրա, ինչի հետևանքով նա այդ կուրծքը ավելի լավ և հաճախակի կուտի:
  • Մայրիկի՝ որևէ կողմի նախընտրությունը: Մայրիկը (գիտակցաբար կամ անգիտակցաբար) կարող է կրծքերից մեկն ավելի հաճախակի առաջարկել երեխային, որովհետև նա իրեն ավելի հարմար է զգում այդ կողմով կերակրելիս:
  • Կրծքի վիրահատում կամ վնասվածք: Եթե կրծքերից մեկը վիրահատվել է կամ վնասվածք է ունեցել, կաթի քանակը կամ հոսքը կարող է ավելի քիչ կամ դանդաղ լինել:

Եթե ձեր նորածինը հրաժարվում է մի կողմից, խնդրեք բժշկին լավ զննել երեխային. կա՞ արդյոք ծննդյան պահին ստացված վնասվածք: Որոշ երեխաներ կարող են ունենալ ծննդյան պահին աննկատ վնասվածք, ինչը երեխային կարող է անհանգստացնել որոշ դիրքերով կուրծք ուտելիս:

Եթե երեխան հանկարծակի սկսում է հրաժարվել մի կողմից, ապա դա կարող է ականջի բորբոքման կամ մեկ այլ հիվանդության նշան լինել: Հրաժարման պատճառ կարող են հանդիսանալ նաև տարբեր վնասվածքները (ինչպիսին է օրինակ պատվաստված տեղի ցավը, որի հետևանքով այդ կողմի վրա ուտելը կարող է ցավ պատճառել) կամ էլ կրծքի բորբոքումը, ինչի հետևանքով կաթը կարող է աղի համ ունենալ: Շատ երեխաներ հրաժարվում են մի կողմից, որովհետև մյուս կողմի կաթի արտահոսքը ավելի արագ է կամ դանդաղ (երեխան կարող է նախընտրել արագ կամ դանդաղ արտահոսքը): Եթե բոլոր հնարավոր պատճառները փորձել եք ուղղել, և երեխան շարունակում է հրաժարվել մի կրծքից, խորհրդակցեք ձեր բժշկի հետ կրծքի հետ կապված այլ խնդիրներն հերքելու համար:

 

Ինչպե՞ս հավասարեցնել կրծքերը

Կարող եք ոչինչ էլ չանել, բայց եթե անհավասարությունը ձեզ անհանգստացնում է, դուք կարող եք շատացնել կաթի քանակը փոքր կրծքում որպեսզի մեծացնեք կրծքի չափը/հոսքը այդ կողմում: Զգույշ եղեք, որպեսզի չանտեսեք ավելի շատ կաթ արտադրող կուրծքը: Եթե մեծ կրծքում կաթ շատ հավաքվի, կարող է առաջանալ ծորանների խցանում և կաթնագեղձի բորբոքում:

Ահա մի քանի միջոցներ, որոնք կարող են ձեզ օգնել հավասարեցնել կուրծքերը (պետք չէ անել այս բոլորը միանգամից, սկսեք ձեզ համար ամենահեշտից):

▪     Մի քանի օրվա ընթացքում ամեն կերակրելուց առաջին հերթին երեխային առաջարկեք փոքր կուրծքը (երեխան սովորաբար ավելի լավ է ուտում առաջին հերթին առաջարկած կուրծքը):

▪     Կերակրեք փոքր կրծքով երկու անգամ ավելի հաճախ: Օրինակ, եթե ամեն կերակրելուց երեխան ուտում է մի կուրծքը, ապա կերակրեք իրեն փոքր կրծքով, հաջորդ ուտելուց նորից առաջարկեք փոքր կուրծքը, հաջորդ ուտելուց առաջարկեք մեծ կուրծքը, հետո՝ նորից 2 անգամ փոքրը , իսկ հետո՝ 1 անգամ մեծը և այլն:

▪     Օրվա ընթացքում մի քանի անգամ երեխայի ուտելուց 5-10 րոպե հետո կթեք փոքր կուրծքը`:

▪     Կթեք փոքր կուրծքը (10-20 րոպե միայն փոքր կուրծքը) երեխայի 2 կերակրումների միջև:

Եթե մեծ կուրծքը շատ լցվի, կթեք այն այնքան, մինչև ճնշումը քչանա: Մայրերի մեծ մասը զգում է, որ կրծքերը որոշ չափով հավասարվել են այս մեթոդները փորձելուց 3-5 օրվա ընթացքում: Նրանց մեծ մասը օգտագործում են այս մեթոդները կարճ ժամանակահատվածում, մինչև արդյունք տեսնելը, բայց կան մայրեր, որոնք շարունակում են կիրառել երկար ժամանակի ընթացքում:

Կրծքերը կարող են միշտ որոշ չափով տարբեր մնալ հատկապես ձեր աչքերում: Եթե տարբերությունը զգալի է, դուք կարող եք կերակրման ներդիրներ օգտագործել կրծքերը հավասարեցնելու համար: Սովորաբար չափի մեջ տարբերությունը շատ ավելի ակնհայտ է ձեզ համար, քան շրջապատի:

Ինչպե՞ս համոզել երեխային ուտել «չսիրած» կողմից

  • Սկսեք երեխային կերակրել իր սիրած կրծքով, իսկ հետո, երբ արագ արտահոսքը սկսի, հանեք կուրծքը երեխայի բերանից և երեխային տեղափոխեք մյուս կրծքի մոտ՝ առանց փոխելու երեխայի դիրքը:
  • Շարունակեք փորձել կերակրման տարբեր դիրքեր:
  • Առաջարկեք փոքր կուրծքը, երբ երեխան նոր է սկսում արթնանալ, բայց երբ դեռ լավ արթուն չէ կամ էլ երբ արդեն քնաթաթախ է: Երեխան կարող է բնազդաբար սկսել ուտել այդ կուրծքը:
  • Կերակրեք մութ և հանգիստ սենյակում:
  • Առաջարկեք փոքր կուրծքը շարժվելիս: Այսինքն՝ քայլելուց, օրորելուց, մինչև երեխան սկսի լավ ուտել:
  • Եթե կաթի արտահոսքը չսիրած կրծքում արագ է կամ դանդաղ՝ հետևեք «Ուժեղ արտահոսք և կաթի գերառաջարկ» և «Շատ դանդաղ արտահոսք» հոդվածներում նշված խորհուրդներին(շուտով):
  • Եթե կաթի քանակը չսիրած կրծքում ավելի քիչ է՝ հետևեք «Ինչպես ավելացնել կաթը» հոդվածում նշված խորհուրդներին:
  • Կարդացեք նաև «Օգնե՛ք, երեխաս հրաժարվում է կրծքից» հոդվածը:
  • Համբերությունն ու հետևողականությունն առաջնային են: Շարունակեք գովել ու խրախուսել երեխային, երբ լավ է ուտում. ժամանակի հետ երեխան կսկսի ուտել նաև չսիրած կրծքից:

Եթե երեխան հրաժարվում է մի կողմից, երբեմն պետք կլինի կթել այդ կողմը նույն հաճախականությամբ, ինչ երեխան ուտում է սիրած կրծքից, մինչև երեխան կսկսի ուտել երկու կողմից ` կաթի քանակը պահպանելու համար:

Արդյո՞ք երեխան կստանա իրեն անհրաժեշտ կաթի քանակը

-Այո՛, ձեր երեխան կստանա իրեն անհրաժեշտ կաթի քանակը, եթե թույլ տաք երեխային ուտել այնքան հաճախ, որքան ինքը ցանկանում է, անգամ եթե դուք կերակրում եք միայն մեկ կրծքով:

Այն կուրծքը, որով հրաժարվում է ուտել երեխան, կաթի «կտրվելուն» պես կլինի չափով ավելի փոքր, որի հետևանքով կրծքերի մեջ չափի տարբերություն կլինի (չնայած կարող է չերևալ), բայց երկու կրծքերը կհավասարվեն, երբ երեխան կդադարի կրծքի կաթ ուտելը:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝  http://kellymom.com/bf/got-milk/lopsided/

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը: Շնորհակալություն Գոհար ԻսկանդարյանինԹամար Միրզոյանին և Աստղիկ Աֆյանին օգնության համար

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

 

 


Ինչպես է սթրեսն ազդում կրծքով կերակրելու վրա
Մազաթափությունը ծննդաբերությունից հետո