Տրորած բանան
Սկզբնական շրջանում տրորած բանանը իդեալական ուտելիք է: Այն դյուրամարս է և հազվադեպ է առաջացնում ալերգիա: Վերցրեք հասած բանանը և տրորեք այն մինչև համասեռ զանգված ստանալը: Եթե պյուրեն շատ պինդ լինի, ավելացրեք մի քիչ ջուր կամ կթած մայրական կաթ, որպեսզի երեխային հեշտ լինի ուտել: (1 չափաբաժին)
Մի քանի օր տրորած բանանով, խաշած խնձորով և բրրնձով պյուրե ուտելը շատ լավ դեղամիջոց է թույլ կամ խանգարված փորիկի համար:
Խնձորի պյուրե
Ընտրեք քաղցր խնձոր: Մաքրեք և կիսեք այն: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք 4-5 ճաշի գդալ ջուր, փակեք կաթսան և եփեք մարմանդ կրակի վրա մինչև խնձորի փափկելը (7-8 րոպե): Կարող եք խնձորը շոգեխաշել` նույնքան ժամանակ: Հարեք մինչև պյուրե դառնալը: Եթե խնձորը շոգեխաշել եք, ավելացրեք մի քիչ հավաքված ջրից` այն նոսրացնելու համար:(1 չափաբաժին)
Տանձի պյուրե
Մաքրեք 2 տանձ և կտրատեք մանր կտորների: Ավելացրեք այնքան ջուր, որ կտորները ծածկվեն և եփեք մարմանդ կրակի վրա` մինչև տանձի փափկելը (մոտ 4 րոպե), կամ եփեք նույնքան ժամանակ բղի վրա: Հարեք մինչև դառնա պյուրե: Մի քանի շաբաթից կարող եք պյուրեն պատրաստել հասած տանձից` առանց եփելու: Համով պյուրե ստացվում է նաև խնձորի և տանձի համադրությամբ: (2 չափաբաժին)
Պյուրե խնձորից, տանձից և բանանից
Այս պյուրեն ձեր երեխային արդեն ծանոթ երեք մրգերի շատ համեղ համադրություն է: Խառնեք մեկական ճաշի գդալ խնձորի և տանձի պյուրե կես բանանի հետ և հարեք: Կարելի է նաև հարել կես հասած տանձը կես բանանի հետ և հետո ավելացնել 1 ճաշի գդալ խնձորի պյուրե: (3-4 չափաբաժին)
Գազարի պյուրե
Մաքրեք և կտրատեք 2 միջին չապի գազար: Դրեք եռացող ջրի մեջ, փակեք կաթսան և եփեք մինչև լավ փափկելը (մոտ 25 րոպե): Կարող եք նաև շոգեխաշել 25 րոպե: Դատարկեք ջուրը, որի մեջ գազարը եփվել է, բայց մի թափեք: Հարեք գազարը` ավելացնելով եփված ջրից այնքան, որ պյուրեն դառնա համասեռ: Երբ երեխան արդեն կարողանա ծամել, քչացրեք եփելու տևողությունը, որպեսզի պահպանեք վիտամին C-ն: (2 չափաբաժին)
Քաղցր կարտոֆիլ
Oգտագործեք 1 մեծ քաղցր կարտոֆիլ կամ 1 փոքր շաղգամ, կամ 2 մեծ վայրի գազար: Լվացեք, կլպեք և կտրատեք փոքր կտորների: Դրեք կաթսայի մեջ, ծածկեք եռման ջրով և եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (15-20 րոպե), կամ շոգեխաշեք նույնքան ժամանակի ընթացքում: Քամեք, բայց եփած ջրից մի քիչ պահեք: Հարեք, որ դառնա համասեր զանգված, ավելացնելով եփած ջրից` պյուրեն նոսրացնելու համար: (4 չափաբաժին)
Կարտոֆիլի պյուրե
Լվացեք, կլպեք և կտրատեք 200գ կարտոֆիլ, ծածկեք եռման ջրով և եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (15 րոպե), կամ շոգեխաշեք 15-20 րոպե: Քամեք, բայց եփած ջրից մի քիչ պահեք: Հարեք մինչև դառնա համասեռ զանգված, ավելացնելով եփած ջրից` պյուրեն նոսրացնելու համար: (4 չափաբաժին)
Դդմիկ
Լվացեք 1 դդմիկ, կտրատեք բարակ տալաշների: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք 0,5 սմ ջուր, ծածկեք և եփեք մինչև փափկելը (7-8 րոպե): Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացրեք: Հարեք բլենդերում կամ տրորեք պատառաքաղով: Հեղուկ ավելացնելու կարիք չկա: Դդմիկը համով է ստացվում նաև քաղցր կարտոֆիլի կամ գազարի հետ: (6 չափաբաժին)
Բրոկկոլի և ծաղկակաղամբ
100գ բրոկկոլին և 100գ ծաղկակաղամբը լվացեք, կտրատեք փոքր մասերի և ավելացրեք 150մլ եռացող ջուր: Եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (մոտ 10 րոպե): Քամեք, բայց ջրից պահեք: Հարեք մինչև դառնա համասեռ զանգված և եթե պետք լինի ավելացրեք պահված ջրից կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական): (4 չափաբաժին)
Կարող եք շոգեխաշել 10 րոպե` օգտակար բաղադրիչները ավելի լավ պահպանելու համար: Բրոկկոլին և ծաղկակաղամբը կարելի է նաև խառնել գազարի կամ քաղցր կարտոֆիլի հետ:
Կանաչ լոբի
Ընտրեք առանց թելի լոբի: Լվացեք, հեռացրեք ծայրերը: Շոգեխաշեք կամ եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (մոտ 12 րոպե): Հարեք բլենդերում, ավելացրեք ջրից, որի մեջ եփվել է լոբին, կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական) մինչև դառնա համասեռ զանգված: Կանաչ բանջարեղենները լավ է խառնել արմատային բանջարեղենների հետ` ինչպիսիք են գազարը և քաղցր կարտոֆիլը:
Կարտոֆիլ, ծաղկակաղամբ, դդմիկ
Կարտոֆիլի պյուրեն` խառնած կանաչ բանջարեղենների հետ, ավելի հաճելի է երեխաների համար: Կլպեք, կտրատեք երկու միջին չափի կարտոֆիլը (200գ) և խաշեք մինչև փափկեն: Առանձին խաշեք կամ շոգեխաշեք 25գ բրոկկոլի և 50գ կտրատած դդմիկ` մինչև բանջարեղենները փափկեն (մոտ 5 րոպե): Քամեք բանջարեղենները` ավելացնելով ջրից, որտեղ դրանք եփվել են, կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական), որպեսզի այն դառնա համասեռ: (4 չափաբաժին)
Մանգո
Կլպեք հասած մանգոն, հանեք կորիզը և հարեք բլենդերում: Եփելու կարիք չկա: Կարելի է խառնել տրորած բանանի հետ: (3 չափաբաժին)
Դեղձ
Դեղձի ներքևի հատվածում խաչաձև կտրվածք արեք և դրեք դեղձը եռացող ջրի մեջ: Եռացրեք մեկ րոպե: Հանեք ջրից, միանգամից դրեք սառը ջրի մեջ, հետո հանեք կլեպը և կորիզը: Հարեք բլենդերում կամ տրորեք պատառաքաղով: Եթե դեղձը հասած է, կարող եք չեռացնել: Դեղձը կարելի է համադրել բանանի հետ: (1-2 չափաբաժին)
Սեխ
Սեխը հարուստ է E վիտամիններով: Ընտրեք հասած սեխ, կիսեք, հանեք կլեպը, թափեք կորիզները և հարեք բլենդերում: Երբ երեխան մեծանա` կարող եք կտորներով տալ: (6 չափաբաժին)
Չորացրած ծիրան, դեղձ կամ սալոր
Ամռանը չորացրած մրգերը կարելի է տալ երեխային տարվա ընթացքում: Չորացրած ծիրանը հատկապես հարուստ է բետակարոտինով և երկաթով: Եթե գնելու եք, ուշադրություն դարձրեք, որ այն չպարունակի E220, որը պահպանում է ծիրանի գույնը, սակայն կարող է բարդացնել ասթմայով հիվանդ երեխաների վիճակը:
Լվացեք միրգը, ծածկեք 100գ միրգը սառը ջրով, հասցրեք ջուրը եռման աստիճանի, թուլացրեք կրակը և եփեք մինչև փափկելը (մոտ 5 րոպե): Քամեք, բայց ջուրը պահեք: Հեռացրեք կորիզները և անցկացրեք միրգը մաղով` կոշտ կլեպը հանելու համար, քանի որ այն դժվարամարս է: Ավելացրեք մի քիչ պահած ջրից` պյուրեն փափկացնելու համար: Կարող եք խառնել բանանի կամ հասած տանձի հետ: (4 չափաբաժին)
Ծիրան և տանձ
Լվացեք 50գ չոր ծիրանը, կտրատեք և դրեք կաթսայի մեջ 2 հասած տանձի հետ` լվացած, կլպած, կորիզները հանած և կտրատած մանր կտորների: Ծածկեք և եփեք 3-4 րոպե: Հարեք բլենդերում: Չոր ծիրանի փոխարեն կարող եք օգտագործել 4 հասած քաղցր ծիրան` կորիզները և կլեպը հանած: (6 չափաբաժին)
Խնձոր և չամիչ
Կաթսայի մեջ տաքացրեք 3 ճաշի գդալ նարնջի հյութ (ջուր կամ որևէ այլ հյութ): Ավելացրեք նախօրոք մաքրած և մանր կտորների կտրատած 2 խնձոր և 15գ լավ լվացած չամիչ: Եփեք մարմանդ կրակի վրա` մինչև մրգերի փափկելը (5 րոպե): Ավելացրեք ջուր` ըստ պահանջի: Շատ փոքր երեխաների համար չամիչը եփեք առանձին և կլեպը հանելու համար անցկացրեք մաղով` այն դժվարամարս է: (6 չափաբաժին)
Ոլոռ
Նախօրոք թրջեք ոլոռը տաք ջրի մեջ: Հաջորդ օրը ջուրը փոխեք և եփեք մինչև փափկելը: Հանեք կլեպները ձեռքով կամ անցկացրեք մաղով:
Քաղցր կարմիր պղպեղ
Հեռացրեք կորիզները, ինչպես նաև պղպեղի միջին մասը և լվացեք այն: Բաժանեք 4 մասի և խորովեք ջեռոցում գրիլի տակ` մինչև պղպեղի վրա փուչիկներ առաջանան: Դրեք պղպեղի կտորները պոլիէթիլենի տոպրակի մեջ և թողեք, որ սառի: Հանեք կլեպը և հարեք բլենդերում: Համադրեք ծաղկակաղամբի և կարտոֆիլի հետ: (2-3 չափաբաժին)
Ավոկադո
Կիսեք հասած ավոկադոն և հանեք կորիզը: Ավոկադոյի մի կեսից հանեք փափուկ մասը և տրորեք պատառաքաղով կամ հարեք բլենդերում: Կարող եք մի քիչ կաթ ավելացնել: Տվեք միանգամից` երբ ավոկադոն մնում է, դառնում է շականակագույն: Համով է ստացվում հասած տրորած բանանի հետ: (2 չափաբաժին)
Սպանախ
Լավ լվացեք 100 գ սպանախի տերևները: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք մի փոքր ջուր և եփեք մինչև տերևների փափկելը (մոտ 3–4 րոպե), կամ շոգեխաշեք: Թեթևակի ճզմեք ավելորդ ջուրը հանելու համար: Սպանախը լավ համադրվում է կարտոֆիլի կամ դդումի հետ: (2 չափաբաժին)
Լոլիկ
Տեղադրեք լոլիկը եռման ջրի մեջ 30 վարկյանի ընթացքում: Հետո անմիջապես դրեք սառը ջրի մեջ, հանեք կլեպը, կորիզները և կտրատեք մեծ կտորների: Կաթսայի մեջ հալացրեք մի փոքր կտոր կարագ և տապակեք լոլիկը մինչև փափկելը: Կարող եք խառնել կարտոֆիլի, ծաղկակաղամբի և դդմիկի հետ: (2-3 չափաբաժին)
Դեղձը բանանի հետ
Այս համով պյուրեն հարուստ է վիտամին С–ով և դյուրամարս է: Վերցրեք մի հատ հասած դեղձ, կլպեք, հանեք կորիզը և կտրատեք փոքր կտորների: Մի բանանը կտրատեք տալաշների: Դրեք դեղձը և բանանը կաթսայի մեջ, ավելացրեք 1 թեյի գդալ խնձորի հյութ կամ ջուր և եփեք մարմանդ կրակի վրա 2–3 րոպե: Հարեք բլենդերում: (1-2 չափաբաժին)
Խնձորը, բանանը նարնջի հյութով
Այս բաղադրատոմսը կարելի է պատրաստել մեծ բալիկների համար` առանց խնձորը եփելու:
1⁄4 խնձոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների,
1⁄4 բանան` կտրատած փոքր կտորների
1 թեյի գդալ նարնջի հյութ կամ ջուր
Եփեք խնձորը կաթսայի մեջ կամ գոլորշու վրա մինչև փափկելը (մոտ 7 րոպե): Տրորեք բանանի հետ և ավելացրեք նարնջի հյութը: (1 չափաբաժին)
Դեղձ, խնձոր և տանձ
– 2 խնձոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների,
– 2 ճաշի գդալ խնձորի հյութ կամ ջուր,
– 2 հասած դեղձ` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների,
– 2 հասած տանձ` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների
– մի քիչ վանիլ
Դրեք խնձորը կաթսայի մեջ, ավելացրեք հյութը, ծածկեք և եփեք մոտ 5 րոպե: Ավելացրեք դեղձը և տանձը և շարունակեք եփել ևս 3–4 րոպե: Հարեք բլենդերում: (6 չափաբաժին)
Եթե դեղձ չունեք, կարող եք պատրաստել այս բաղադրատոմսը միայն խնձորով և տանձով:
Չրերով և մրգերով պյուրե
-50գ չորացրած դեղձ, ծիրան և սալոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների
– 1 խնձոր և 1 տանձ, կամ 1 խնձոր և 3 սալոր` մաքրած, կլպած և կտրատած փոքր կտորների:
Դրեք մրգերը կաթսայի մեջ և ծածկեք եռման ջրով: Եփեք մարմանդ կրակի վրա մոտ 8 րոպե: Քամեք և հարեք բլենդերում` անհրաժեշտության դեպքում ավելացնելով ջրից, որում բանջարեղենները եփվել են: (6 չափաբաժին)
Բանջարեղենի արգանակ
Բանջարեղենի արգանակը կարող եք օգտագործել շատ բաղադրատոմսերոմ` ջրի փոխարեն: Արգանակը կարող եք պահել սառնարանում 1 շաբաթ: Կարող եք նաև այն սառեցնել փոքր չափաբաժիններով և հալեցնել` ըստ պահանջի:
Մոտ 900մլ-ի համար`
– 1 կլպած մեծ սոխ
– 1 միջին գազար` կլպած և կտրատած միջին չափսի կտորների
– 25գ կարագ
– մի քանի ճյուղ խառը կանաչի
– 1 քաղցր պղպեղ
– 900մլ ջուր
Կտրատեք բոլոր բանջարեղենները: Հալեցրեք կարագը, ավելացրեք սոխը և տապակեք մոտ 5 րոպե: Ավելացրեք մնացած մթերքները և ծածկեք ջրով: Եռալուց հետո եփեք ևս 1 ժամ, հետո քամեք: Արգանակը պատրաստ է:
Գազարով և ոլոռով պյուրե
– 200գ գազար` կլպած և կտրատած միջին չափսի կտորների
– 50գ նախօրոք եփած ոլոռ
Գազարը և ոլոռը բնական քաղցրություն ունեն, ինչը սովորաբար դուր է գալիս երեխաներին: Եփեք գազարը եռման ջրի մեջ մոտ 15 րոպե: Ավելացրեք ոլոռը և եփեք ևս 5 րոպե: Հարեք բլենդերում` ավելացնելով ջրից, որում բանջարեղենները եփվել են, որպեսզի պյուրեն դառնա համասեռ: (2 չափաբաժին)
Քաղցր կարտոֆիլը բրոկկոլիի հետ
– 200գ քաղցր կատոֆիլ կամ գազար
–
30գ սոխ
– 50գ բրոկկոլի
-1 թեյի գդալ ձեթ
– 100մլ բանջարեղենի արգանակ կամ ջուր
Կանաչ բանջարեղենները առաջարկելուց, խառնեք ավելի քաղցր բանջարեղենների հետ` քաղցր կարտոֆիլի կամ գազարի:
Կլպեք, կտրատեք և եփեք քաղցր կարտոֆիլը եռման ջրի մեջ` մինչև փափկելը: Տաքացրեք ձեթը և տապակեք կտրատած սոխը մոտ 5 րոպե: Ավելացրեք կտրատած բրոկկոլին շատ քիչ ջրի հետ, ծածկեք և շոգեխաշեք 5 րոպե: Ավելացրեք քաղցր կարտոֆիլը, արգանակը և հարեք բլենդերում` մինչև զանգվածը դառնա համասեռ: Եթե անհրաժեշտ լինի, կարող եք մի քիչ ջուր ավելացնել: (4 չափաբաժին)
Ավոկադոն բանանի հետ
– 1/2 բանան
– 1/2 ավոկադո
Սա շատ հեշտ պյուրե է: Տրորեք բանանը և ավոկադոն պատառաքաղով: Եթե շատ պինդ ստացվի, նոսրացնելու համար կարող եք մի քիչ տաք ջուր ավելացնել: Ցանկալի է ուտել միանգամից, որովհետև պյուրեն կդառնա շականակագույն: (1 չափաբաժին)
Քաղցր կարտոֆիլը ջեռոցում
– 1 քաղցր կարտոֆիլ
Քաղցր կարտոֆիլը ջեռոցում շատ համեղ է ստացվում, քանի որ բարձր տաքությունը կարամելիզացնում է կարտոֆիլի շաքարը:
Տաքացրեք ջեռոցը 200°C: Պատառաքաղով մի քանի անգամ ծակեք կարտոֆիլը: Խորովեք 1 ժամ: Հանեք ջեռոցից և թողեք մի քիչ սառի: Կլեպը պետք է հեշտությամբ դուրս գա: Հարեք կարտոֆիլը բլենդերում կամ տրորեք պատառաքաղով` գդալ առ գդալ ավելացնելով մայրական կամ արհեստական կաթ կամ ջուր` մինչև հարթ պյուրե դառնալը: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել խնձորի պյուրե կամ մի քիչ դարչին: (2 չափաբաժին)
Գազարը ծաղկակաղամբի հետ
Կլպեք, կտրատեք և եփեք 50գ գազարը` մինչև փափկելը (մոտ 20 րոպե): Նույն ջրի մեջ ավելացրեք 200գ ծաղկակաղամբ: Եփեք ևս 10 րոպե, քամեք և հարեք բլենդերում: Ավելացրեք 2 ճաշի գդալ մանկական կաթ կամ ձեր կաթից: (2 չափաբաժին)
Քաղցր կարտոֆիլ, ծաղկակաղամբ, բրոկկոլի
Կլպեք, կտրատեք միջին չափի քաղցր կարտոֆիլը (200գ) և խաշեք մինչև փափկելը: Առանձին խաշեք կամ շոգեխաշեք 50գ բրոկկոլի և 50գ ծաղկակաղամբ` մոտ 5 րոպե, կամ մինչև բանջարեղենները փափկեն: Քամեք բանջարեղենները և կարտոֆիլի հետ հարեք բլենդերում` ավելացնելով ջրից, որում եփվել են, կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական), որպեսզի պյուրեն դառնա համասեռ: (3 չափաբաժին)
Խնձորի պյուրե դարչինով
Եփեք խնձորը` ինչպես նշված է խնձորի բաղադրատոմսում, ուղղակի եփելու ընթացքում ավելացրեք դարչինի մի փոքր ճյուղ: Հարելուց առաջ դարչինը հանեք: (2 չափաբաժին)
Դդում
Տաքացրեք ջեռոցը 200 աստիճանի: Կիսեք մեկ փոքր դդում, հանեք կորիզները: Դրեք ջեռոցը` կտրած մասով դեպի ներքև և եփեք 45 րոպե կամ մինչև փափկելը: Հանեք ջեռոցից, գդալով քերեք փափուկ մասը և տրորեք պատառաքաղով կամ հարեք բլենդերում: Ավելացրեք մի քիչ կաթ` մայրական կամ արհեստական կամ ջուր պյուրեն ավելի համասեռ դարձնելու համար: Կարող եք նույնպես կլպել, կտրատել փոքր կտորների և խաշել կամ շոգեխաշել մինչև փափկելը, մոտ 20 րոպե: (2 չափաբաժին)