Առաջնային և հետին կաթ


Ես չեմ հասկանում, թե որոնք են առաջնային և հետին կաթերը, ինչպես է աշխատում այդ մեխանիզմը

Առաջնային կաթը ( սովորաբար քիչ յուղայնությամբ ), այն կաթն է, որը գալիս է կերակրման սկզբում, իսկ հետինը` կերակրման վերջում, և այն ավելի շատ յուղայնություն է պարունակում, քան առաջնայինը: Առաջնային և հետին կաթերի մեջ չկա հստակ սահման, այն փոխվում է աստիճանաբար: Փիթեր Խարմանի խմբի հետազոտությունների համաձայն, կաթի յուղայնությունը որոշվում է կրծքի դատարկվածության աստիճանով, ինչքան քիչ է կրծքում կաթը, այնքան այն յուղալի է: Կնոջ կուրծքը իրականում արտադրում է միայն մեկ տեսակի կաթ` յուղալի, որը մենք անվանում ենք հետին: Կախված նրանից, թե ինչքան կաթ են արտադրում կաթնագեղձերը, յուղի մոլեկուլները կպնում են միմյանց և գեղձիկների (ալվեոլների) պատերին:

Կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում կաթը հավաքվում է կրծքում և հոսում դեպի առաջ` դեպի պտուկը, հետևում թողնելով յուղայնությունը` ծորաններում 《խցանված》: ինչքան երկար է կերակրումների միջև ընկած ժամանակահատվածը, այնքան քիչ յուղալի կաթ է ստանում երեխան կերակրման սկզբում: Կերակրման կամ կթելու ժամանակ, երբ սկսում է արտահոսքը, կաթը ծորաններով հոսում է դեպի պտուկ: Մեկ կերակրման ժամանակ կարող են լինել մի քանի արտահոսքեր, չնայած հիմնականում կանայք զգում են միայն առաջինը: Կրծքի դատարկվելուն զուգահեռ, յուղի մոլեկուլները պոկվում են գեղձերի պատերից ու շարժվում դեպի պտուկ ( դրան խթանում է կաթի արտադրման ռեֆլեքսը ): Հետևաբար ինչքան երկար լինի կերակրումները, այնքան ավելի յուղալի կաթ կստանա երեխան, քանի որ ավելի ու ավելի շատ յուղի մոլեկուլներ կպոկվեն: Արդյունքում, կերակրելու ընթացքում կաթը դառնում է ավելի յուղալի:

Կուրծքը հստակ պահի չի սկսում արտադրել հետին կաթ` առաջնայինի փոխարեն: Պատկերացրեք, որ դուք բացել եք տաք ջրի ծորակը: Սովորաբար սկզբում ծորակից գալիս է սառը ջուր, աստիճանաբար ջուրը դառնում է ավելի ու ավելի տաք: Նույնը կատարվում է նաև կաթի հետ` այն դառնում է ավելի ու ավելի յուղալի կերակրման ընթացքում 

Քանի որ կաթում պարունակվող յուղալիությունը ուղղակիորեն կախված է կրծքի լցվածությունից, ուստի մի կերակրման սկզբում կաթը կարող է ավելի յուղալի լինել, քան մյուս կերակրման վերջում` կախված կերակրման միջև ընկած ժամանակահատվածից և կրծքերի առաջարկման հերթականությունից:

 

Հիմա կրկին պատկերացրեք տաք ջրով ծորակը: Եթե երկար ժամանակ ծորակը չեն բացել, ապա այնտեղից կրկին կհոսի սառ ջուր, բայց եթե այն բացել են ոչ շատ վաղուց, ապա ջուրը կլինի կամ բավական տաք, կամ լրիվ տաք` կախված այն բանից, թե ինչքան ժամանակ է անցել վերջին օգտագործումից: Նույնը կատարվում է և մայրական կաթի հետ` ինչքան երկար է կերակրումների միջև ընկած ժամանակահատվածը, այնքան ավելի քիչ յուղալի կլինի կաթը հաջորդ կերակրման սկզբում :

Եթե կերակրումների միջև ընկած ժամանակահատվածը կարճ է, ապա կաթը կլինի ավելի յուղալի: Կերակրման ընթացքում կաթում պարունակվող յուղալիությունը բարձրանում է, կաթի քանակն ու հոսքի արագությունը քչանում է, իսկ կաթի արտադրությունը արագանում: Քանի որ բոլոր երեխաները ծծում են տարբեր արագություններով, և յուրաքանչյուրին անհրաժեշտ է իր ժամանակահատվածը, որպեսզի ստանա իր համար անհրաժեշտ յուղալի կաթի քանակը կերակրման վերջում, շատ կարևոր է չփոխել կուրծքը, քանի դեռ երեխան ակտիվ ծծում է:

Կարդացեք նաև Առաջնային և հետին կաթերը

 

Աղբյուրը` http://gvinfo.ru/p_z_moloko

Թարգմանեց Աննա Մարգարյանը

Կրծքի կաթի բաղադրությունը - Մաս 1