Երեխայի առնանդամի հիգիենան


penis

Նորածին երեխայի առնանդամը բաղկացած է գլանաձև մարմնից՝ կլորավուն եզրով, որը կոչվում է գլխիկ: Մարմինը և գլխիկը բաժանված են իրարից ճեղքվածքով, որը կոչվում է ակոս: Ամբողջ առնանդամը`մարմինը և գլխիկը, ծածկված են շարունակական մաշկի շերտով: Մաշկի հատվածը, որը ծածկում է գլխիկը, կոչվում է ծայրային թլիպ: Ծայրային թլիպը կազմված է երկու շերտից` արտաքին և ներքին:

Ծնվելուց առաջ ծայրային թլիպը և գլխիկը զարգանում են որպես մեկ հյուսվածք: Ծայրային թլիպը ամուր կպած է (իրականում սերտաճած է) գլխիկին: Տարիների ընթացքում ծայրային թլիպը անջատվում է գլխիկից և հնարավոր է դառնում այն հետ քաշել գլխիկի վրայից դեպի որովայնը:

 

Ծայրային թլիպի դերը

Նորածնի մոտ գլխիկը նուրբ է և հեշտությամբ կարող է գրգռվել մեզի և կղանքի հետ շփվելու արդյունքում: Ծայրային թլիպի դերն է պաշտպանել գլխիկը: Թլպատումից հետո (երբ ծայրային թլիպը հեռացվում է վիրահատական միջամտությամբ) գլխիկը և հատկապես միզային բացվածքը կարող են բորբոքվել և ախտահարվել: Այս խնդիրները շատ հազվադեպ են հանդիպում, եթե առնանդամը թլպատված չէ):

 

Ծայրային թլիպի հետ քաշվելը

Ինչպես արդեն նշվել է, ծայրային թլիպը և գլխիկը ձևավորվում են որպես մեկ հյուսվածք: Դրանք կանջատվեն ժամանակի ընթացքում: Երբեք մի՛ հետ քաշեք թլիպը, քանի որ դրանով Դուք ավելի շատ կվնասեք, քան կօգնեք: Պետք չէ միջամտել, բնությունը ամեն ինչ նախատեսել է: Որպես կանոն, ծնվելուց հետո երեխայի, իսկ երբեմն նույնիսկ պտղի մոտ, ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել էրեկցիա, որի նպատակներից մեկն է ձգել ծայրային թլիպի մաշկը և այդպիսով օգնել ծայրային թլիպի անջատմանը գլխիկից: Բացի այդ, բոլոր երեխաները մեծանալուց «հայտնաբերում են» իրենց սեռական օրգանները և կարող են հետ քաշել ծայրային թլիպը: Եթե ծայրային թլիպը հեշտությամբ հետ չի քաշվում երեխայի մոտ փոքր տարիքում, կարևոր է գիտակցել, որ սա շեղում չէ և ի վերջո դա տեղի կունենա ինքնստինքյան: Երբեք մի՛ թողեք, որ ինչ-որ մեկը հետ քաշի ձեր երեխայի առնանդամի թլիպը: Ձեր երեխան պետք է լինի առաջին անձը, որ հետ կքաշի թլիպը (մոտ 10 տարեկանում):

Շատ փոքր երեխաները կարող են խաղալ և քաշել ծայրային թլիպը դեպի դուրս: Սա շատ բնական է և անհանգստանալու կարիք չկա․ երեխան չի վնասի ինքն իրեն:

 

Ե՞րբ տեղի կունենա անջատումը:

Չկա հստակ տարիք: Բոլոր երեխաները տարբեր են: Անջատումը կարող է տեղի ունենալ անգամ երեխայի ծնվելուց առաջ, ինչը հազվադեպ երևույթ է: Այն կարող է տեղի ունենալ երեխայի ծնվելուց օրեր, շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց: Սա բնական է: Չնայած տղաների 50%-ի մոտ ծայրային թլիպը անջատվում է գլխիկից մինչև երեխայի 5 տարեկանը, կարիք չկա անհանգստանալ, եթե անջատումը ավելի երկար տևի (նույնիսկ 10 տարի և ավել): Քանի որ ծայրային թլիպի լայնանալու և հետ քաշվելու մեջ կարևոր դեր են խաղում հորմոնները, որոնք սկսում են մեծ քանակությամբ արտադրվել սեռական հասունացման շրջանում, հետևաբար նորմալ է, որ այս պրոցեսը տևի մինչև տղաների սեռական զարգացման ավարտը (18 տարեկան): Որոշ տղամարդիկ առանց որևէ խնդրի իրենց կյանքը վարում են չանջատված թլիպ ունենալով (տղամարդկանց 2 տոկոսը): Սա նույնպես նորմալ է:

Եթե տղամարդը ցանկանա դրդել անջատումը, բժիշկը կարող է ստերոիդներ պարունակող քսուկ նշանակել կամ ցույց տալ՝ ինչպես ձգել մաշկը: Այս դեպքում թլպատումը ցանկալի չէ, քանի որ հասուն տարիքում այն կարող է բազում խնդիրներ առաջացնել: Ցավոք, դա շատ հաճախ նշանակվում է բժիշկների կողմից՝ ինֆորմացիայի բացակայության պատճառով:

 

Ի՞նչ են սպիտակ գնդերը (թլպաճարպ կամ սմեգմա), որոնք հավաքվում են տղայիս ծայրային թլիպի տակ

Գլխիկի էպիթելային շերտի բջիջները և ներսային թլպային շերտը ծածկող բջիջները անընդհատ փոխարինվում են, ոչ միայն մանուկ հասակում, այլև ամբողջ կյանքի ընթացքում: Մահացած բջիջները, ազատվելով և խառնվելով ճարպագեղձերի արտազատուկի հետ, կազմում են սպիտակ պանրանման գնդրկներ: Այս սպիտակ զանգվածը կոչվում է սմեգմա: Կարիք չկա մաքրել սմեգման ծայրային թլիպի տակից: Սմեգման աստիճանաբար շարժվում է և դուրս գալիս թլիպի ծայրով: Եթե Դուք տեսնեք սպիտակ գնդեր երեխայի ծայրային թլիպի տակ, դա կնշանակի, որ անջատումը տեղի է ունենում բնական ճանապարհով:

 

Թլիպի հիգիենան

Թլիպի մաքրելը շատ հեշտ է: Ոչ մի հատուկ միջոց անհրաժեշտ չէ: Կարիք չկա հատուկ մաքրող հեղուկներով մաքրել, մանրէազերծել կամ թլիպը հետ քաշել՝ ներսը բամբակով մաքրելու համար: Առնանդամը պետք է լվանալ ինչպես դուք լվանում եք ամբողջ տակդիրի շրջանը. դրսից օճառաջրով մաքրելը լրիվ բավարար է:

 

Ի՞նչ կարող է պատահել եթե ինչ որ մեկը ժամանակից շուտ հետ քաշի Ձեր տղայի ծայրային թլիպը

Ժամանակից շուտ թլիպը հետ քաշելը կարող է լինել ցավոտ է և խնդրիներ առաջացնել

  • Պատռման հետևանքով առաջացած վերքը կարող է բորբոքվել շփվելով կղանքի բակտերիաների հետ
  • Պատռված մասի մակերեսը կարող է լավանալուց կպում առաջացնել, ինչի հետևանքով ծայրային թլիպը ամուր կկպնի գլխիկին ` առաջացնելով մշտական խնդրիներ հետ քաշվելու հետ
  • Ծայրային թլիպի բացվածքի մոտ առաջացած փոքր պատռվածքները կարող են վերածվել չձգվող հյուսվածքի (սպի) և հնարավոր է, որ հանգեցնեն ֆիմոզի
  • Պարաֆիմոզ – Եթե թլիպը հետ քաշվի ժամանակից շուտ (երբ այն դեռ նեղ և ձիգ է), այն կարող է «ընկնել» ակոսի մեջ և ամուր սղմել ակոսը: Ինչպես մատի վրա ձիգ փաթաթված ռետինե օղակը կարող է կտրել արյան շParaphimosis Reduction Emergency Medicine Practice-cropրջանառությունը և հանգեցնել մատի ծայրի ուռելուն, այդպես էլ ծայրային թլիպը կարող է կտրել այրյան շրջանառությունը և ուռչել: Այս դեպքում անհնարին կլինի վերադարձնել թլիպը իր նախնական դիրքին: Սա չափացանց վտանգավոր է գլխիկի համար և պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկվեն: Ձեր երկու բութ մատներով մեղմ բայց ամուր և շարունակ սեղմեք գլխիկի ծայրին, մինչև որ գլխիկը ներս մտնի (ինչպես բութ մատներով կսեղմեիք գինու շշի խցանը շշի մեջ մտցնելու համար https://www.youtube.com/watch?v=w4C021WOymk): Սեղմելուց առաջ կարող եք սառեցնել առնանդամը սառը մի իրի օգնությամբ կամ սառը ջրի տակ: Կամ անմիջապես տարեք երեխային բժշկի, որը կարող է ասեղով ծակել ուռած զանգվածը՝ հավաքված հեղուկը դուրս հանելու համար, ինչից հետո կփորձի թլիպը հետ բերել իր բնական դիրքին: Որոշ դեպքերում բժիշկը ստիպված կլինի թլպատել առնանդամը,  քանի որ հակառակ դեպքում արյունը կդադարի շրջանառել գլխիկի մեջ, ինչը չափազանց վտանգավոր է:

 

Ինչու՞ է տղայիս ծայրային թլիպը կարմրել (բալանիտ)

Ծայրային թլիպի կարմրելը հաճախակի հանդիպող խնդրի է (ծայրի բաց վարդագույն լինելը խնդիր չէ): Սա ցույց է տալիս, որ առնանդամը գրգռված է, և թլիպը իր գործն է անում՝ զգայուն գլխիկը և միզային բացվածքը պաշտպանելու համար: Եթե երեխան դեռ տակդիր է հագնում, հնարավոր է որ խնդիրը առաջացել է տակդիրից: Կղանքի բակտերիաները մեզի ներկայությամբ արտադրում են ամոնիում, որը վառում է մաշկը և առաջացնում մաշկի գրգռվածություն: Ծայրը կարող է կարմրել նաև, եթե առնանդամը լվանալուց թլիպը հետ է քաշվել և մեջը օճառ է մնացել: Ծայրային թլիպը հետ տանելը նույնպես կարող է բալանիտ առաջացնել:

Մաշկի գրգռվածությունը կանխելու համար կարող եք

  • փոխել տակդիրը երեխայի կեղտոտելուց անմիջապես հետո
  • թողնել երեխային առանց տակդիր՝ մաշկի բուժվելն արագացնելու համար
  • խուսափել մաշկի գրգռիչներից (փրփուրով լոգանք, օճառ, քլորով ջուր, որոշ լվացքի փոշիներ)
  • ոչ շատ տաք լոգանքը կարող է մեղմացնել գրգռված մաշկը
  • խրախուսել երեխայի հաճախակի հեղուկ խմելը՝ մեզը նոսրացնելու համար
  • հակաբորբոքային քսուկ օգտագործել

Եթե ծայրային թլիպը կարմիր է, ցավոտ կամ ուռած, խորհրդակցե՛ք Ձեր բժշկի հետ՝ համապատասխան բուժում ստանալու համար: Այս դեպքում նույնպես վիրահատական միջամտության կարիք չկա:

 

Իսկ եթե իմ տղային ծայրային թլիպը հնարավոր չի հետ քաշել (ֆիմոզ)

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ոչ մի գանգատ չունեցող երեխայի մոտ ֆիմոզը դա ֆիզիոլոգիական նորմա է, այլ ոչ թե խնդիր:

Ֆիմոզը վերաբերում է ծայրային թլիպին, որը հնարավոր չէ հետ քաշել, որովհետև թլիպի բացվածքը շատ փոքր է և չի կարող ընդարձակվել գլխիկի վրայով: Եթե բժիշկը ախտորոշի Ֆիմոզ տղայի մոտ և առաջարկի վիրահատական միջամտությամբ բացել ծայրային թլիպը, խորհդակցե՛ք մեկ այլ բժշկի հետ, քանի որ այս բժիշկը ինֆորմացիայի պակաս ունի: Երեխաների մոտ ֆիմոզը խաղում է պաշտպանիչ դեր` ծածկելով միզային բացվածքը և խոչընդոտելով բակտերիաների կամ սնկերի բազմացմանը միզուղինեում: Հետևաաբար, այն բուժելու ոչ մի իմաստ կամ կարիք չկա: Բացի այդ, ինչպես նշվել է վերևում, ֆիմոզ ախտորոշելու համար բժիշկը պետք է հետ քաշի ծայրային թլիպը, ինչը չի կարելի անել:

Ֆիմոզը որպես բժշկական խնդիր կարող է առաջանալ օրինակ, եթե ծայրային թլիպի բացվելուց հետո, այն նորից փակվի, որը կարող է պատահել եթե երեխան ունի օրինակ էկզեմա, ինչպես նաև, եթե սեռական հասունացումից հետո ծայրային թլիպը դեռ չի անջատվել և խանգարում է տղամարդուն սեռական հարաբերությունների ժամանակ հաճույք ստանալուն: Այս դեպքերում բուժումները կարող են տարբեր լինել: Բժիշկը կարող է առաջին հերթին նշանակել ստերոիդներ պարունակող քսուկ և սովորեցնել ինչպես ծայրային թլիպի մաշկը ճիշտ ձգել այն ընդլայնելու համար: Վիրաբույժի կարիքը կունենան տղամարդկանց 0,05 %-ը (1-ը 2000-ից) կամ երեխաները, որոնց մոտ թլիպը հաճախակի է բորբոքվում: Բժիշկը կարող է առաջարկել վիրահատել և անջատել թլիպի այն զանգվածները, որոնք կպած են մնացել գլխիկին: Թլպատման դիմում են, երբ բոլոր այլ միջոցները փորձվել են և արդյունք չեն տվել:

 

Ինչու՞ է միզելուց տղայիս ծայրային թլիպի մեջ «փուչիկ» առաջանում

Սա մեկ այլ նշան է, որ ծայրային թլիպի բնական անջատումը գլխիկից տեղի է ունենում, բայց ծայրային թլիպի բացվածքը դեռ նեղ է: Փուչիկի նման ուռչելը սովորաբար չի անհանգստացնում երեխաներին. հակառակը զվարճացնում է նրենց: Այս երևույթը ինքն իրեն կանցնի, երբ ծայրային թլիպը ավելի շատ անջատվի գլխիկից, և թլիպի բացվածքը լայնանա: Սակայն եթե ուռչելն այնքան մեծ է, որ չի թողնում կամ չափազանց սահմանափակում է մեզի հոսքը, դուք պետք է դիմեք ձեր բժիշկին:

 

Ինչպե՞ս խնամել առնանդամը ծայրային թլիպի անջատումից հետո

Առաջին մի քանի տարիների ընթացքում բավական կլինի պարբերաբար հետ քաշել ծայրային թլիպը՝ գլխիկը մաքրելու համար: Երբ Ձեր երեխան բավականին մեծանա, սովորացրե՛ք նրան՝ ինքնուրույն լվանալ առնանդամը

  • հետ քաշել ծայրային թլիպը գլխիկի վրայից,
  • օճառաջրով լվանալ գլխիկը և ծայրային թլիպի ներքին մաշկը,
  • զգուշությամբ նորից ծայրային թլիպը վերադարձնել գլխիկի վրա:

Շատ կարևոր է միշտ ծայրային թլիպը վերադարձնել իր բնական դիրքին` լուրջ խնդիրներից խուսափելու համար:

 

Ե՞րբ դիմել բժշկի

Դուք պետք է ժամանակ առ ժամանակ նայեք, թե ինչպես է Ձեր երեխան միզում` համոզվելու, որ պրոպուցիալ բացվածքը բավականին լայն է՝ մեզի նորմալ հոսք ունենալու համար: Եթե հոսքը շատ բարակ շիթով է, խոսացե՛ք ձեր մանկաբույժի հետ: Դիմեք բժշկի եթե.

  • երեխան նեղվում է միզելուց
  • ծայրային թլիպը փուչիկի պես ուռչում է միզելուց և խանգարում է մեզի հոսքին,
  • ծայրային թլիպը դառնում է կարմիր, ուռած կամ քոր է պատճառում երեխային,
  • առնանդամից սմեգմայից բացի այլ արտադրություն է դուրս գալիս,
  • թլիպը հետ է քաշվել, բայց չի ստացվում այն բերել իր նախնական դիրքի (պարաֆիմոզ):

 

Ամփոփում: Երեխայի առնանդամի խնամքը բավականին հեշտ է: «Հանգիստ թողեք այն» լավ խորհուրդ է: Պարզապես պետք է դրսից լվանալ այն օճառաջրով և ցայել երեխայի լոգանքի ժամանակ: Մի՛ հետ քաշեք ծայրային թլիպը, քանի որ այն գրեթե միշտ կպած է գլխիկին: Թլիպը հետ քաշելը, երբ այն դեռ կպած է գլխիկին, կարող է վնաս հասցնել առնանդամին` երեխային պատճառելով ցավ, արյունահոսություն, կպում և այլ խնդրիներ: Ծայրային թլիպի բնական անջատվելը գլխիկից կարող է տարիներ տևել: Մեծ հասակում տղային պետք է սովորեցնել՝ ինչպես ինքը հետ քաշի թլիպը և մաքրի թլիպի տակ:

Թարգմանեց և մշակեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Արաքս Պողոսյանին և Պրաքսյա Նազարեթյանին օգնության համար:

Աղբյուրներ` https://www.healthychildren.org/English/ages-stages/baby/bathing-skin-care/Pages/Caring-For-Your-Sons-Penis.aspx
http://www.cirp.org/library/normal/aap/
http://www.mayoclinic.org/healthy-lifestyle/infant-and-toddler-health/expert-answers/uncircumcised-penis/faq-20058327
http://www.babycentre.co.uk/a115/caring-for-your-babys-genitals http://www.drmomma.org/2010/01/basic-care-of-intact-child.html

 

Ինչպե՞ս մաքրել երեխայի ականջները