Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները


Feeding a babyԱռողջապահության ոլորտի համաշխարհային փորձագետները և կրծքով կերակրելու մասնագետները  եկել են այն համաձայնության, որ հավելյալ սնունդը սկսելու լավագույն տարիքը երեխայի վեց ամսականն է: Միայն կրծքով կերակրվող երեխային մինչև վեց ամսական բացի մայրական կաթից ուրիշ ոչինչ առաջարկել պետք չէ:

Այս թեմայի շուրջ բազմաթիվ քննարկումներ և հետազոտություններ են իրականացվել, որոնց եզրակացությունների հիման վրա համաշխարհային առողջապահական կազմակերպությունների մեծ մասը վերանայել է իրենց դիրքորոշումը երեխայի սննդակարգի վերաբերյալ: Սակայն, ցավոք, շատ բուժաշխատողներ ինչպես ուսումնասիրությունների, այնպես էլ այս կազմակերպությունների դիրքորոշմանը ծանոթ չեն:

Թվենք այն կազմակերպություններից մի քանիսը, որոնք խորհուրդ են տալիս երեխաներին կերակրել բացառապես կրծքով կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում՝

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

  • Մանկաբույժների ամերիկյան ակադեմիա

  • Ընտանեկան բժիշկների ամերիկյան ակադեմիա

  • Ավստրալիայի ազգալին առողջության և բժշկական հետազոտությունների խորհուրդ

  • Առողջություն Կանադա

Երեխաների մեծ մասը, զարգացման և ֆիզիոլոգիական առումով, հավելյալ սնունդ մարսելուն պատրաստ է դառնում միայն 6-8 ամսականում:

Ինչու՞ սպասել մինչև վեց ամսականը

  • Երեխաները ավելի պաշտպանված կլինեն տարբեր հիվանդություններից: Չնայած երեխաները շարունակում եմ ստանալ իմունային հատկանիշներ ունեցող կրծքի կաթ, ամենամեծ պաշտպանությունը այն ժամանակ է, երբ երեխան բացառապես կրծքով է կերակրվում: Կրծքի կաթը պարունակում է հիսունից ավելի իմունային հատկանիշներ, ինչպես նաև նպաստում է “լավ բակտերիաների” ձևավորմանը, որոնք պաշտպանում են երեխայի ստամոքսը:

  • Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդությունների հավանականությունը ավելի ցածր է կրծքի կաթով սնվելու դեպքում՝ անկախ դրա քանակից: Առաջին երեքից չորս ամիսների դեպքում բացառապես կրծքով կերակրվող երեխաների մոտ, համեմատած նույն տարիքում արհեստական կերով կերակրվող երեխաների հետ, առավել քիչ է շնչառական ուղիների հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, ականջի բորբոքումների թիվը, նեկրոտիզացնող էնտերոկոլիտի հավանականությունը, մանկան հանակարծամահության սինդրոմը, ալերգիաները, գլյուտենային հիվանդությունը, և առաջին տիպի շաքարախտը: Այն երեխաների մոտ, որոնք մինչև վեց ամսական (այլ ոչ՝ 4-6 ամսական) սնվում են բացառապես կրծքի կաթով, նվազում է աղեստամոքսային և շնչառական ուղիների ինֆեկցիաների ռիսկը (AAP 2012, Naylor & Morrow  2001):

  • Երեխայի մարսողական համակարգը բավարար ժամանակ է ունենում հասունանալու համար:

Եթե երեխան սկսում է հավելյալ սնունդ ստանալ ավելի շուտ, քան նրա մարսողական համակարգը պատրաստ է դրանք մարսել, հավելյալ սնունդը վատ է մարսվում և կարող է տհաճ հետևանքների պատճառ դառնալ՝ մարսողական խնդիրներ, գազեր, փորկապություն և այլն: Ճարպերի, սպիտակուցների և բարդ աշխաջրերի մարսումը փոքր տարիքում անկատար է, սակայն կրծքի կաթը պարունակում է էնզեմաներ, որոնք օգնում են դրանք մարսել (Naylor & Morrow  2001), այն դեպքում երբ հավելյալ սնունդը նման էնզեմաներ չունի: Մինչև 4-6 ամսական, երեխաները ունեն այսպես կոչված “բաց ստամոքս”: Բարակ աղիների բջիջների միջև ընկած տարածությունը թույլ է տալիս, որ ամբողջական մակրոմոլեկուլները, սպիտակուցները, ու պատոգենները հեշտությամբ ներթափանցեն արյան մեջ: Սա հրաշալի է կրծքով կերակրելու դեպքում, քանի որ կրծքի կաթը ավելի ուղղակիորեն է անցնում արյան մեջ, սակայն սա նաև նշանակում է, որ այլ տեսակի ուտելիքների սպիտակուցները և ախտածին պատոգենները ևս կարող են միանգամից արյան մեջ անցնել: Մոտավորապես չորսից վեց ամիսներում, երբ երեխայի ստամոքսը դեռ “բաց” է, կրծքի կաթի հակամարմինները պատում են երեխայի մարսողական համակարգը և նրան տալիս են պասիվ իմունային համակարգ՝ նվազեցնելով հիվանդությունների և ալերգիաների հավանականությունը: Երեխան ինքն է սկսում արտադրել այս հակամարմինները մոտավորապես վեց ամսականում, ինչպես նաև ստամոքսն է “փակվում” մոտավորապես նույն ժամանակաշրջանում:

  • Զարգացման տեսանկյունից երեխաները ավելի պատրաստ են մարսել ոչ հեղուկ հավելյալ սնունդ:  Naylor & Morrow (2001) ուսումնասիրությունը եզրակացնում է՝ “ Մինչև 6-8 ամսականը, երեխաների մեծ մասը զարգացման տեսանկյունից պատրաստ չէ հեղուկ կրծքի կաթից անցնել կիսա-չոր կամ չոր հավելյալ ուտելիքներին:”

  • Երեխաները գերքաշի ավելի քիչ խնդիրներ կունենան ապագայում:Շուտ հավելյալի անցնելը կապվում է հասուն հասակում ճարպակալման և գերքաշի խնդիրների հետ (AAP 2012, Wilson 1998, von Kries 1999, Kalies 2005):

  • Վեց ամսականից հետո հավելյալի անցնելը ավելի հեշտ է:

  • Երեխաները ավելի պաշտպանված են երկաթի անբավարարվածությունից:Երկաթի հավելումները և երկաթով հարստացված սնունդը, հատկապես երեխայի առաջին վեց ամիսների ընթացքում, նվազեցնում է երեխայի երկաթ յուրացնելու արդյունավետությունը: Ուսումնասիրություններից մեկը (Pisacane, 1995) ցույց է տալիս, որ ժամանակին ծնված երեխաների մեծ մասը, որոնք մինչև յոթ ամսական միայն կրծքով են սնվել և չեն ստացել երկաթի հավելումներ կամ երկաթով հարուստ հավելյալ սնունդ, մեկ տարեկանում զգալիորեն ավելի բարձր հեմոգլոբին ունեն քան այն երեխաները, որոնք հավելյալը սկսել են յոթ ամսականից շուտ: Հետազոտողները չեն գտել անեմիայի ոչ մի դեպք մեկ տարեկան այն երեխաների մոտ, որոնք յոթ ամիս միայն կրծքի կաթ են կերել:

  • Մայրերին ավելի հեշտ է պահպանել իրենց կաթի քանակը: Վեց ամսական երեխաների մոտ հավելյալը սկսում է փոխարինել կրծքի կաթին: Որքան ավելի շատ հավելյալ է երեխան ուտում, այնքան ավելի քիչ կաթ է նա ստանում մորից: Հետևաբար, նվազում է մոր կաթի քանակը: Այն երեխաները, որոնք շուտ են սկսում հավելյալ ուտել, ավելի շուտ են կտրվում կաթից:

  • Մոր հղիանալու հավանականությունը ավելի ցածր է: Բացառապես կրծքով կերակրելը, երբ երեխայի բոլոր սննդային և ծծելու կարիքները բավարարվում են կուրծք ուտելով, հղիությունից խուսափելու լավագույն մեթոդներից է: Այն մայրերը, որոնք բացառապես կրծքով են կերակրում իրենց երեխաներին առաջին չորսից վեց ամիսների ընթացքում, ավելի երկար են պաշտպանված անցանկալի հղիությունից:  (Kramer & Kakuma, 2012)

  • Մայրերը ավելի արագ են քաշ կորցնում: (Kramer & Kakuma, 2012).

Չնայած այստեղ թվարկված խորհուրդներից շատերը կրծքով կերակրվող երեխաների համար են, սովորաբար մասնագետներըը խորհուրդ են տալիս հավելյալը սկսել վեց ամսականից նաև արհեստական կերով կերակրվող երեխաների դեպքում:

Այլ հետաքրքիր ուսումնասիրություններ

  • Մանկաբույժների ամերիկյան ակադեմիա. Breastfeeding and the Use of Human Milk. Pediatrics. 2012;129(3):e827-41. “Ընդհանուր առմամբ, կապ կա կրծքով կերակրելու երկարության և գլյուտենային հիվանդության նվազող ռիսկերի հետ, երբ հաշվի է առնվում գլյուտենային հակամարմինների առկայությունը: Սակայն հիմնական պաշտպանիչ գործոնը ոչ թե գլյուտենի հետ առնչվել սկսելու ժամանակն է, այլ գլյուտեն ընդունել սկսելու ժամանակ կրծքով կերակրվելը: Այսպիսով, գյլուտեն պարունակող ուտելիք պետեք է սկսել ուտել, երբ երեխան միայն կրծքի կաթ է ստանում, այլ ոչ՝ արհեստական կեր կամ կաթնամթերք: ”

  • Մեծ Բրիտանիայի ՅՈՒՆԻՍԵՖԻ գրասենյակի պատասխանը մամուլում վեց ամսականում հավելյալ սկսելու մասին հրապարակումներին:  UNICEF UK response to media reports questioning the recommendation to introduce solid food to babies at 6 months (2011): “Սկզբնական ամիսներում տրվող հավելյալ սնունդը, ինչպիսին են մրգերը, բանջարեղենը կամ  շիլաները քիչ երկաթ են պարունակում և դրա պատճառով չեն կարող կանխել երկաթի անբավարարությունը: Ինչևէ, եթե դրանք երեխային տրվում են ավելի շուտ քան երեխան իրականում ունի դրանց կարիքը, դրանք կսկսեն փոխարինել մայրական կաթին և այդպիսով կնվազեցնեն մայրական կաթի միջոցով ստացվող երկաթի քանակը”:

  • Kramer MS, Kakuma R. The optimal duration of exclusive breastfeeding: a systematic review. Adv Exp Med Biol. 2004;554:63-77. Այն երեխաները, որոնք առաջին վեց ամիսների ընթացքում ստանում են միայն կրծքի կաթ, ավելի քիչ աղեստամոքսային հիվանդություններ են ունենում, քան այն երեխաները, որոնք կրծքի կաթի և հավելյալի խառը սնունդ են ստանում երեքից չորս ամսականում: Ոչ զարգացած երկրներում, ոչ էլ զարգացող երկրներում, այն երեխաների մոտ, որոնք մինչև վեց ամսական բացառապես կրծքով են կերակրվել, վեց ամսականից հետո հավելյալ սկսելու պատճառով աճի հետ կապված խնդիրներ չեն գրանցվել:

  • Onayade AA, Abiona TC, Abayomi IO, Makanjuola RO. The first six month growth and illness of exclusively and non-exclusively breast-fed infants in Nigeria. East Afr Med J. 2004 Mar;81(3):146-53. Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ուսումնասիրված մինչև վեց ամսական բացառապես կրծքով սնվող երեխաների մեծ մասը պատշաճ աճ է գրանցել: Հավելյալի ժամանակից շուտ ներմուծումը երեխաների աճի տեսանկյունից ոչ մի առավելություն չի ունեցել: Սակայն մայրերի մեծ մասը մինչև վեց ամսականը բացառապես կրծքով կերակրելու հարցում ունի աջակցության և մասնագիտական օժանդակության կարիք:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/nutrition/starting-solids/delay-solids/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Ինչպես սկսել կտորներով (հավելյալ) սնունդը
Ինչպե՞ս սկսել հավելյալ սնունդը

1 thought on “Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները

Comments are closed.