- 66Shares
Առողջ և ժամանակին ծնված կրծքով սնուցվող երեխան իր կյանքի առաջին տարվա ընթացքում սովորաբար հավելյալ վիտամինների կարիք չի ունենում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես հավելումներ տրվող վիտամինները, ֆտորը, երկաթը, ջուրը, հյութը, արհեստական կաթնախառնուրդը և հավելյալ սնունդը առողջարար չեն մինչև վեց ամսական երեխաների համար, իսկ որոշները կարող են նույնիսկ վնասակար լինել:
Իհարկե, սա չի բացառում, որ որոշ դեպքերում վիտամինային հավելումները կարող են անհրաժեշտ լինել կրծքով սնուցվող երեխաների համար: Վաղաժամ և 1500 գրամից ցածր քաշով ծնված երեխաները կարող են հավելյալ վիտամինների և միներալների կարիք ունենալ, որոնք կարող են ավելացվել մայրական կաթին այն երեխային տալուց առաջ: Այսպիսով, անհրաժեշտ է շեշտել, որ այս հոդվածում մենք քննարկում ենք ժամանակին ծնված և առողջ կրծքով կերակրվող երեխաների վիտամինների և միներալների պահանջները:
Հասկանալու համար, թե արդյոք կրծքի կաթում պարունակվում են օպտիմալ քանակի վիտամիններ և միկրոէլեմենտներ, եկեք դրանք բաժանենք երկու պայմանական խմբերի: Որոշ ջրալույծ վիտամինների (B խմբի վիտամիններ և վիտամին C) և առավել քիչ չափով որոշ ճարպալույծ վիտամինների (A, D, E, K) դեպքում՝ կրծքի կաթում դրանց քանակը պայմանավորված է մոր ընդունած քանակով, այսինքն՝ որքան շատ է մայրը դրանք ընդունում՝ սննդով կամ հավելումի տեսքով, այնքան շատ է դրանց քանակը կրծքի կաթում և, հետևաբար, այնքան շատ է այդ վիտամիններից ստանում կրծքով կերակրվող երեխան: Սակայն պետք է նշել, որ նման վիտամինների դեպքում գործում է ստաբիլիզացիոն մեխանիզմ՝ մի որոշ մակարդակից հետո մոր կողմից ընդունած այս վիտամինների քանակը այլևս չի ազդում կրծքի կաթում դրանց քանակի վրա:
Միներալների դեպքում (որոշ բացառություններով), ընդհակառակը, կրծքի կաթում դրանց քանակը պայմանավորված չէ մոր ընդունած քանակով: Սա նշանակում է, որ, օրինակ, կալցիումի հավելումի ընդունումը մոր կողմից չի ազդելու կրծքի կաթով երեխային փոխանցվող կալցիումի քանակի վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մոր օրգանիզմում կալցիումի խիստ պակաս կա: Կրծքի կաթում կալցիումի քանակը հարաբերականորեն ստաբիլ է մոր կալցիումի պաշարների հաշվին, ինչը նշանակում է, որ կալցիումով հարուստ սնունդ ընդունելը կամ կալցիումի հավելում ընդունելը առաջին հերթին կարևոր է մոր առողջության համար, այլ ոչ թե երեխայի:
Բացառապես կրծքով կերակրվող երեխաների մոտ սննդային նյութերի պակաս սովորաբար չի նկատվում: Եթե հղիության և կրծքով կերակրելու ընթացքում մոր օրգանիզում այս սննդանյութերի քանակը բավարար է, բացառապես կրծքով սնուցվող երեխաներին մինչև վեց ամսական դառնալը հավելյալ վիտամիններ կամ միներալներ տալ խորհուրդ չի տրվում: Եթե կա վիտամինների կամ այլ միկրոէլեմենտների պակասի խնդիր, ապա մոր սննդակարգի բարելավումը կամ նրա կողմից հավելյալ վիտամինների ընդունումը կարող է օգտակար լինել ոչ միայն մոր, այլ նաև երեխայի համար:
Ստորև ներկայացված աղյուսակը ձեզ կօգնի հասկանալ, թե կրծքով սնուցման տեսանկյունից որ վիտամինների դեպքում է կարևոր մոր առողջական վիճակը և սննդակարգը, և թե որ սննդամթերքներին պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի կերակրող մայրը:
a
Մոր առողջական վիճակի և սննդակարգի ազդեցությունը կրծքի կաթում պարունակվող սննդային միկրոէլեմենտների մակարդակի վրա | ||
Միկրոէլեմենտներ, որոնց վրա ազդում է մոր առողջական վիճակը և սննդակարգը | ||
Միկրոէլեմենտ | Դրանով հարուստ սննդամթերքներ | Այլ տեղեկատվություն |
Վիտամին A (ռետինոլ) | Քաղցր կարտոֆիլ, գազար, մուգ կանաչ կանաչիներ, փոքր դդում (squash), հազար, ծիրանաչիր, սեխ (կանտալուպ), քաղցր կարմիր պղպեղ, թունա ձուկ, մանգո, պապայա | Կրծքի կաթը վիտամին A-ի բնական և գերազանց աղբյուր է: Կրծքով սնուցման խրախուսումը լավագույն ձևն է վիտամին A-ի պակասի դեմ պայքարելու համար: Կրծքով կերակրվող երեխաների մոտ վիտամին A–ի պակասի դեպքերը շատ հազվադեպ են: |
Վիտամին B1 (թիամին) | Ձուկ (իշխան), խոզ, արևածաղկի սերմ, ընդեղեն (մակադամիա), հաց (ցորեն), կանաչ ոլոռ, փոքր դդում (squash), ծնեբեկ, չորացրած սոյա, լոբի | Եթե մայրը իր սննդակարգի միջոցով բավարար քանակությամբ թիամին է ստանում, ապա նրա կրծքով կերակրվող երեխան հավելյալ թիամինի կարիք չունի: Եթե մայրը, այնուամենայնիվ, ունի թիամինի պակաս, ապա դա կարելի է ուղղել նրա սննդակարգում թիամին պարունակող սննդամթերքներ ավելացնելով, որը և կավելացնի կրծքի կաթում թիամինի քանակը: |
Վիտամին B2 (ռիբոֆլավին) | Պինդ պանիր (պինդ այծի պանիր, ֆետա, կամամբեր, պարմեզան, ժետոստ), նուշ, տավարի միս, գառան միս, խոզի միս, յուղոտ ձուկ (մակարել), ձու (պինդ եփած), սունկ, քունջութի սերմ, ծովամթերք, սպանախ | Զարգացած երկրներում ռիբոֆլավինի պակասը մոր օրգանիզմում հազվադեպ երևույթ է, և այս պատճառով կրծքով կերակրվող երեխաները վիտամին B2-ի հավելումի կարիք չունեն: Ռիբոֆլավինի քանակը կրծքի կաթում կայուն է և կարող է տատանվել միայն մոր կողմից շատ մեծ քանակով հավելյալ ռիբոֆլավին ընդունելու դեպքում: |
Վիտամին B3 (նիացին) | Ձուկ (հիմնականում՝ թունա), հավի միս, հնդկահավի միս, խոզի միս, լյարդ (հիմնականում՝ գառան), գետնանուշ, տավարի միս, սունկ, կանաչ ոլոռ, արևածաղկի սերմ, ավոկադո | Զարգացած երկրներում կրծքով կերակրվող երեխաների մոտ նիացինի պակասը շատ հազվադեպ երևույթ է: Խորհուրդ չի տրվում երեխաների տալ նիացինի հավելում: |
Վիտամին B6 (պիրիդօքսին) | Արևածաղկի սերմ, պիստակ, ձուկ (թունա), հնկահավի միս, հավի միս, խոզի միս, չրեր (հատկապես՝ սալորաչիր), տավարի միս, բանան, ավոկադո, սպանախ | Եթե մայրը բավարար քանակով վիտամին B6 է ստանում, ապա առողջ երեխան այս վիտամինի հավելումի կարիք չունի: Եթե մայրը չի ստանում բավարար քանակի վիտամին B6, ապա կրծքի կաթում դրա քանակը կարելի է կարգավորել մոր սննդակարգի կարգավորման միջոցով: |
Վիտամին B9 (ֆոլաթթու) | Սև լոբի, ոսպ, սպանախ, ծնեբեկ, հազար, ավոկադո, բրոկոլլի, մանգո, նուռ, կիվի, բանան, նարինջ, ամբողջական ալյուրից հաց | Ժամանակին ծված հասուն և առողջ կրծքով կերակրվող երեխաների մոտ ֆոլաթթվի պակաս չի գրանցվել: Ֆոլաթթվի հավելումների կարիք այս երեխաների դեպքում չկա: |
Վիտամին B12 (ցիանոկոբալամին) | Խեցեմորթներ, տավարի լյարդ, ձուկ (մակարել), խեցգետնավորներ (ծովախեցգետին), կարմիր միս, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, պանիր (շվեյցարական, ֆետա, ժետոստ, պարմեզան, մոցարելլա), ձու | Լավ սնվող մոր կրծքով կերակրվող երեխան հավելյալ վիտամին B12-ի կարիք չունի: Սակայն այն մայրերի մոտ, որոնք կենդանական ծագման սնունդ չեն օգտագործում, բարձր է այս վիտամինի պակասի ռիսկը: Նման դեպքերում հղիության և կրծքով սնուցման ժամանակ նրանք ստանում են վիտամին B12-ի հավելում կամ դրանով հարստացված ուտելիք: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին B12-ի պակաս ունեցող մայրերի երեխաները ծննդյան պահին այս վիտամինի ցածր մակարդակ են ունենում: Նման խնդիր ունեցող մայրերի մոտ ցածր է վիտամին B12-ի պարունակությունը նաև կրծքի կաթում: Կրծքով կերակրվող երեխաների մոտ այս վիտամինի պակասը կարող է սկսել զարգանալ 2 – 6 ամսականում, սակայն ի հայտ չգալ մինչև 6 – 12 ամսական դառնալը: Վիտամին B12 պակասի ախտանիշներն են՝ փսխելը, լեթարգիան, սակավարյունությունը, հիպոտոնիան, վատ զարգացումը և զարգացման ռեգրեսը: Վիտամին B12–ի պակաս ունեցող ռիսկային խմբում են գտնվում՝ · Այն բուսակերները և վեգանները, որոնք չեն օգտագործում ձուկ, միս, թռչնի միս, ձու և կաթնամթերք: · Աղեստամոքսային համակարգի այնպիսի հիվանդություն ունեցողները, որոնք պետք է վիտամին B12 ի- հավելում ստանան, սակայն չեն ստանում: · Վիտամին B12-ի յուրացումը օրգանիզմի կողմից նվազեցնող դեղամիջոցներ ընդունողները: · Այն երեխան, որի մայրը եղել է բուսակեր կամ վեգան վերջին երեք տարիների ընթացքում և ունեցել է վիտամին B12-ի պակաս: · Բացառապես կրծքով կերակրվող երեխան, որի մայրը ունի վիտամին B12-ի պակաս: |
Վիտամին C | Պղպեղ (հատկապես՝ քաղցր դեղին պղպեղ), գուավա, կանաչ տերևներով բանջարեղեն (հիմնականում՝ խուճուճ կաղամբ (Kale)), կիվի, բրոքոլլի, հատապտուղ (հատկապես՝ ելակ), ցիտրուսներ, լոլիկ, լոբի, պապայա | Կրծքով կերակրվող երեխաներին չի կարելի տալ հավելյալ վիտամին C, եթե դրա լուրջ պակաս չկա: Կրծքով կերակրվող 18 տարեկանից մեծ մայրը պետք է օրական 120 մգ վիտամին C ստանա, իսկ 18 տարեկանից փոքր մայրը՝ 115 մգ: Եթե դուք ծխում եք, ապա այս քանակին պետք է ավելացնել ևս 35 մգ: Սակայն պետք է հիշել, որ կրծքի կաթում վիտամին C-ի քանակը հարաբերականորեն կայուն է և կախված չէ մորընդունաց վիտամին C-ից: Միայն այն դեպքում, երբ մոր մոտ կա վիտամին C–ի լուրջ պակաս, ապա վիտամինի հավելում ընդունելը կավելացնի դրա քանակը կրծքի կաթում: |
Վիտամին D (կալցիֆերոլ) | Ձողաձկան լյարդի յուղ (cod liver oil), յուղոտ ձուկ, սունկ (հիմնականում՝ պորտաբելլո), վիտամին D- ով հարստացված շիլաներ, տոֆու, ձկան խավիար, կաթնամթերք, խոզի միս, կաթնամթերքի փոխարինողներ (սոյայի կամ նշի կաթ, և այլն) | Վիտամին D –ն չափազանց կարևոր է կրծքով կերակրվող երեխաների համար: Այս վիտամինի մասին կարդացեք մեր ծավալուն հոդվածն այստեղ: Վիտամին D-ն և կրծքով կերակրվող երեխաները |
Վիտամին E (տոկոֆերոլներ) | Կանաչ տերևներով կանաչեղեն, ընդեղեն (հիմնականում՝ նուշ), արևածաղկի սերմ, ավոկադո, խեցեմորթներ, ձուկ (հիմնականում՝ կարմրախայտ իշխան), ձիթապտղի ձեթ, բրոկոլլի, դդում, մրգեր (հիմնականում՝ կիվի, մանգո, դեղձ, ծիրան, ազնվամորի, մոշ, թութ) | Կրծքով կերակրվող առողջ երեխաների մոտ վիտամին E-ի պակաս չի հայտնաբերվել: |
Վիտամին K (ֆիլոքինոններ) | Չորացրած ռեհան, կանաչ տերևներով բանջարեղեն (խուճուճ կաղամբ (Kale), սպանախ, բազուկի տերևներ, և այլն), հազար, նեխուր, կանաչ սոխ, բրոկոլլի, կաղամբ, կարմիր կաղամբ, ծաղկակաղամբ, համեմունքներից՝ քարրի, չիլի, ծնեբեկ, ֆենխել, պրաս | Ծնվելու պահին երեխայի վիտամին K-ի պաշարները շատ ցածր են: Վիտամին K-ն անհրաժեշտ է արյան մակարդելիության համար, և դրա պակասը կարող է հանգեցնել Նորածինների հեմոռարգիկ համախտանիշի: Այս պատճառով, ծնվելուց անմիջապես հետո երեխաներին սրսկում են ներմկանային վիտամին K: Մոր սննդակարգում վիտամին K-ի քանակի ավելացումը ավելացնում է նաև նրա կրծքի կաթում պարունակվող վիտամին K-ի քանակը: |
Յոդ | Չորացրած լոռ (ջրիմուռ), ձողաձուկ, յոդով հարստացված աղ, կեղևով եփած կարտոֆիլ, կաթ, մանր ծովախեցգետին, հնդկահավ, թունա, ձու | Յոդը կարող է կուտակվել կրծքի կաթում, որը կարող է ազդել երեխայի վահանագեղձի աշխատանքի վրա: Այս պատճառով պետք է ուշադիր լինել յոդով հարուստ ուտելիք օգտագործելիս: |
Սելեն | Բրազիլական ընկույզ և այլ ընդեղեն, ծովամթերք, ձուկ (հատկապես՝ թունա), ամբողջ ցորենից հաց, սերմեր (հատկապես՝ արևածաղկի), խոզի միս, տավարի միս, գառան միս, հավի միս, հնդկահավի միս, սունկ, ամբողջական ձավարեղեն (whole grains) | |
Միկրոէլեմենտներ, որոնց վրա ՉԻ ազդում մոր առողջական վիճակը և սննդակարգը | ||
Միկրոէլեմենտ | Այլ տեղեկատվություն | |
Ցինկ | Առողջ և ժամանակին ծնված կրծքով սնուցվող երեխաները հավելյալ ցինկի կարիք չունեն. մինչև վեց ամսական դառնալը նրանք բավարար չափով ցինկ են ստանում մայրական կաթից, իսկ դրանից հետո՝ մայրական կաթից և հավելյալ սննդից: Ցինկի լավ աղբյուր են հանդիսանում կարմիր միսը և յոգուրտը: Ցինկի պակասի նշաններն են՝ ախորժակի անկումը, թուլացած իմունային համակարգը, սահմանափակ ակտիվությունը, աճի հետ կապված խնդիրները: Ցածր քաշով ծնված և իրենց տարիքի համար ցածր քաշ ունեցող երեխաները, ինչպես նաև վաղաժամ ծնված երեխաները, ցինկի պակասի ռիսկային խմբում են: | |
Երկաթ | Կրծքի կաթում երկաթի քանակի, երկաթպակասային սակավարյունության և դրա կարգավորման մասին կարդացեք մեր ծավալուն հոդվածում՝ “Երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ. կանխարգելում և հաղթահարում”: | |
Կալցիում | Կրծքով կերակրվող երեխաները հավելյալ կալցիումի կարիք չունեն: Առաջին վեց ամսվա ընթացքում նրանք բավարար քանակով կալցիում են ստանում կրծքի կաթից, իսկ դրանից հետո՝ կրծքի կաթից և հավելյալ սննդից: | |
Ֆտոր | Չկա ոչ մի ապացույց, որ ֆտորի հավելումը լավացնում է կրծքով կերակրվող երեխայի ատամների առողջությունը: Օրինակ, Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան (ՄԱԱ) այլևս խորհուրդ չի տալիս կրծով կերակրվող երեխաներին հավելյալ ֆտոր տալ, քանի որ մայրական կաթը բավարար չափով ֆտոր է պարունակում, իսկ ֆտորի ավելցուկը կարող է ֆլյուորոզայի հանգեցնել: ՄԱԱ-ն խորհուրդ է տալիս ֆտորի հավելում տալ վեց ամսականից մեծ այն երեխաներին, որոնց մոտ կարիեսի զարգացման բարձր ռիսկ կա և որոնց խմած ջուրը ֆտորի պակաս ունի: |
a
Եկեք ամփոփենք: Ընդհանուր առմամբ կրծքի կաթի “որակը” պայմանավորված չէ մոր սննդակարգով: Սակայն կերակրող մոր առողջության տեսանկյունից, ինչպես նաև որոշ վիտամինների դեպքում երեխայի առողջության տեսանկյունից՝ և՛ մոր, և՛ երեխայի համար կարևոր է, որ մոր սննդակարգը ներառի բազմազան և վիտամիններով հարուստ սնունդ: Հիշե՛ք. երեխաների մեծ մասը ոչ մի խնդիր չունի նրա հետ, թե ինչ է ուտում մայրը: Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում, որ մայրը ուտի այն, ինչ ցանկանում է, երբ ցանկանում է և որքան ցանկանում է՝ հետևելով առողջ սննդակարգի: Նման ձևով կարելի է սնվել, քանի դեռ երեխայի մոտ ձեր սննդակարգի նկատմամբ բացահայտ զգայունություն կամ ալերգիա չեք նկատել:
Հաճախ տրվող հարց. երեխաս հավելյալ սնունդ վատ է ուտում: Արդյո՞ք վիտամինները կօգնեն լավացնել նրա ախորժակը:
Չնայած շատ մարդիկ կարծում են, թե վիտամինները մեծացնում են ախորժակը, շատ քիչ են այս կապը հաստատող գիտական հետազոտությունները: Իրականում, որոշ վիտամինների պակասը կարող է հանգեցնել ախորժակի կորստի, և այս պարագայում այդ վիտամինների ընդունումը կարող է վերականգնել ախորժակը: Ախորժակի կորուստը նաև երկաթպակասային սակավարյունության ախտանիշներից մեկն է:
Վիտամինների երեխաների ախորժակի վրա ունեցած ազդեցության մասին ուսումնասիրությունները քիչ են միանշանակ հետևություններ կատարելու համար: Ուսումնասիրություններից մեկը, որն իրականացվել էր 1938 թվականին, գտել էր, որ վիտամին B-ով հարուստ սնունդը կարող է ավելի կայուն ախորժակ ձևավորել երեխաների մոտ: Սակայն 1958 թվականին Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան մի հայտարարություն արեց, ըստ որի ոչ մի համոզիչ ապացույց չկա, որ վիտամին B1 կամ B12-ը խթանում են փոքր երեխաների ախորժակը:
Այնուամենայնիվ, վիտամիններ A, B1, B7, B12-ի, ինչպես նաև երկաթի պակասը, երեխաների մոտ կարող է հանգեցնել աճի վատ ցուցանիշների և վատ ախորժակի: Եթե դուք կասկածում եք, թե ձեր երեխայի մոտ կա վիտամինի կամ երկաթի պակաս, ապա առաջին հերթին քննարկեք դա երեխայի մանկաբույժի հետ և ձեր երեխային տվեք վիտամինային հավելում միայն դրանց պակասը հետազոտության միջոցով պարզելուց և բժշկից համապատասխան ցուցում ստանալուց հետո:
Կերակրող մոր սննդակարգի և կրծքի կաթի բաղադրության միջև կապի մասին կարդացեք նաև մեր հետևյալ հոդվածներում՝
- Սպիտակ ոսկին. ի՞նչ է պարունակում մայրական կաթը
- Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը
- Յուղոտ և անյուղ կաթի առասպելը
- Կրծքով կերակրվող երեխաների զգայունությունը կաթնամթերքի և այլ սննդամթերքի նկատմամբ
- Ալերգիաները և կրծքով կերակրումը ընտանիքում
- Երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ. կանխարգելում և հաղթահարում
Աղբյուրները՝ http://kellymom.com/nutrition/vitamins/vitamins/; http://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0005/98303/WS_115_2000FE_R.pdf?ua=1; http://gvinfo.ru/voz_kipgdidrv_gv_i_alternativy#vitaminy_i_mineraly; http://kellymom.com/nutrition/vitamins/vitamin-b12/; https://www.healthaliciousness.com http://www.caloriesecrets.net/do-vitamins-increase-appetite/
Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը
- 66Shares