Արդյո՞ք կրծքով կերակրող մայրը կարող է օգտագործել…


Կա արդյո՞ք ուտելիք, որից պետք է խուսափի կրծքով կերակրող մայրը:

ՉԿԱ որևէ սննդամթերք, որից կրծքով կերակրող մայրը պետք է խուսափի միայն այն պատճառով, որ կերակրում է կրծքով: Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում, որ դուք ուտեք այն, ինչ ցանկանում եք, այնքան, որքան ցանկանում եք, և երբ ցանկանում եք, քանի դեռ դուք երեխայի մոտ բացահայտ արձագանք ձեր կերածի նկատմամբ չեք նկատել: Չկա արգելված սննդամթերքի ցուցակ, սակայն եթե ձեր ընտանիքում կան սննդային ալերգիաներ, դուք կարող եք խուսափել դրանցից:

Կարո՞ղ է կրծքով կերակրող մայրը ուտել կծու կամ ուժեղ համ ունեցող ուտելիք

Ընդհանուր առմամբ, այո: Շատ մշակույթներ կան, որոնք շատ են օգտագործում կծու և ուժեղ համերով ուտելիք: Սակայն չկա ոչ մի ապացույց, որ այդ երկրներում երեխաները ավելի շատ գազեր կամ այլ խնդիրներ են ունենում մոր կերածի պատճառով: Մենք գիտենք, որ որոշ ուժեղ համեր, օրինակ՝ սխտորի համը, կարող է անցնել կաթի մեջ, սակայն դա միշտ չէ, որ խնդիր է: Դեռ ավելին, հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ երեխաները ավելի լավ են կուրծք ուտում, եթե մայրը սխտոր է կերել:

Որքանո՞վ է գազեր առաջացնող սննդամթերքը ազդում երեխայի վրա

 Շատ տարածված է այն կարծիքը, որ կերակրող մայրը պետք է խուսափի գազեր առաջացնող ուտելիքից, օրինակ՝ բրոկոլիից, ծաղկակաղամբից, կաղամբից, և այլն: Սակայն այդ սննդամթերքի ազդեցության հավանականությունը ձեր երեխայի վրա նույնն է ինչ մյուս սննդամթերքներինը:

Որոշ սննդամթերքներ կարող են մոր մոտ գազեր առաջացնել չմարսված ածխաջրերի՝ շաքարի, օսլաների, լուծվող մանրաթելի նորմալ քայքայման արդյունքում: Սակայն կրծքի կաթը արտադրվում է նրանից, թե ինչ է անցել մոր արյան մեջ, այլ ոչ թե՝ ստամոքս կամ մարսողական համակարգ: Ոչ գազը, ոչ էլ չմարսված ածխաջրերը չեն կարող անցնել մոր արյան մեջ և չեն կարող գազեր առաջացնել երեխայի մոտ:

Սա իհարկե չի նշանակում, որ ձեր երեխան չի կարող զգայուն լինել որոշ տեսակի սննդամթերքի նկատմամբ, բայց սննդամթերքի երեխայի վրա ունեցած ազդեցությունը պայմանավորված չէ մոր մոտ գազեր առաջացնելու հատկությամբ: Մանրամասները կարդացեք “Կրծքով կերակրվող երեխաների զգայունությունը կաթնամթերքի և այլ սննդամթերքի նկատմամբ” հոդվածում:

Կարող է արդյո՞ք թթվաշ սննդամթերքը չափից շատ թթվաշ լինել երեխայի համար:

Ոչ, թթվաշ սննդամթերքը՝ ցիտրուսները, պոմիդորը և այլն, չեն կարող փոխել կրծքի կաթի թթվայնությունը: Բայց այլ սննդամթերքների նման, երեխան կարող է զգայուն լինել այն սպիտակուցների նկատմամբ, որոնք անցնում են կրծքի կաթի մեջ:

Արդյո՞ք շատ քաղցր ուտելը կամ շատ/քիչ ճարպեր օգտագործելը ազդում է կրծքի կաթի վրա

 Ոչ, մոր կերած շաքարի քանակը կրծքի կաթի վրա չի ազդում: Մոր կաթի մեջ պարունակվող ճարպի և կալորիաների քանակը չի պայմանավորվում մոր սննդակարգով: Սակայն, կաթում պարունակվող որոշ ճարպեր կարող են փոփոխվել մոր սննդակարգից: Մանրամասները կարդացեք “Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը” հոդվածում:

Կարող եմ արդյո՞ք գազավորված ըմպելիքներ օգտագործել  (դիետիկ կամ ոչ)

Գազավորված ըմպելիքները պարունակում են կարբոնատ, կոֆեին և/կամ շաքարի արհեստական փոխարինիչ: Դրանց մասին կարդացեք ներքևում:

Կարո՞ղ եմ խմել սուրճ կամ կոֆեին պարունակող ըմպելիք

Կրծքով կերակրելու և կոֆեինի մասին կարդացեք “Ինչ ազդեցություն կարող է ունենալ մոր ընդունած կոֆեինը կրծքով կերակրվող նորածնի վրա” հոդվածում:

Կարո՞ղ եմ օգտագործել շաքարի արհեստական փոխարինիչ

Քննարկեք կրծքով կերակրելու մասնագետի կամ բժիշկի հետ, թե որ փոխարինիչներն են համատեղելի կրծքով կերակրման հետ:

Կարո՞ղ է կրծքով կերակրող մայրը մեղր ուտել

Մեղրը խնդիր չէ: Մեկ տարեկանից մեծ երեխաները և մեծահասակները կարող են պայքարել բոտուլիզմի սպորերի դեմ, որը կարող է լինել մեղրում: Սակայն քանի որ այդ սպորերը կսպանվեն ձեր աղեստամոքսային համակարգում և չեն անցնի արյան մե, ապա չեն կարող անցնել նաև կաթի մեջ:  Փոքր երեխայի ստամոքսը չի կարող պայքարեր բոտուլիզմի հարուցիչների դեմ և դրանք կարող են կոլոնիզացվել և բազմանալ: Սա է պատճառը, որ մինչև մեկ տարեկան երեխաներին մեղր տալ խորհուրդ չի տրվում: Պետք է խուսափել երեխային այնպիսի սննդամթերք տալուց, որը մեղր է պարունակում:

Արդյո՞ք պետք է խուսափել որոշ տեսակի ձուկ ուտելուց

Քանի որ մերկուրիի բարձր քանակը կարող է ազդել դեռ չծնված երեխայի վրա, հղիներին ինչպես նաև կերակրող մայրերին և փոքր երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շատ մերկուրի պարունակող ձկներից, օրինակ՝  շնաձուկից, թրաձուկից և այլն: Այլ տեսակի՝ պահածոյացված, խեցամորթ, աճեցրած կամ փոքր օվկիանոսային ձկներ կարող եք օգտագործել շաբաթական 390 գրամ:

Կարո՞ղ եմ սուշի ուտել

 Այո, ուղղակի համոզվեք, որ ձուկը վստահելի աղբյուրից է: Ինչպես այլ հում սննդամթերք, այնպես էլ սուշին կարող է պարունակել մակաբույծներ կամ Listeria monocytogenes կոչվող բակտերիաներ: Կրծքով կերակրելու մասնագետները եկել են այն համոզման, որ հում ձկով պատրաստված սուշին խնդիր չպետք է առաջացնի կրծքով կերակրվող երեխայի մոտ, սակայն կարող է հիվանդություններ առաջացնել կերակրող մոր մոտ:

Կարո՞ղ է կերակրող մայրը ուտել չպաստերիզացված փափուկ պանիր

Այո, կարող է: Չպաստերիզացված պանիրը և կաթնամթերքն ընդհանրապես կարող են պարունակել Listeria monocytogenes: Չկա ոչ մի ապացույց, որ Listeria-ն անցնում է կաթի մեջ, սակայն  բուժում ստացող մայրը կարող է չկարողանալ կերակրել երեխային:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/nutrition/mothers-diet/mom-foods/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 30 April 2015 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.


Արդյո՞ք կարելի է ալկոհոլ օգտագործել և կրծքով կերակրել երեխային
Կրծքով կերակրվող երեխաների զգայունությունը կաթնամթերքի և այլ սննդամթերքի նկատմամբ