Արդյո՞ք պետք է դադարեցնել կերակրելը, եթե երեխան ատամ է հանում


square_TeethingՄայրերին հաճախ հետաքրքրում է, թե ինչպես ատամ հանելը կարող է ազդել կրծքով կերակրելու վրա: Նրանք անհանգստանում են, որ երեխան կարող է կծել կուրծքը կամ կերակրելը կարող է տհաճ դառնալ: Որոշ մայրերը նույնիսկ կարող են որոշել կտրել երեխային կրծքից: Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) խորհուրդ է տալիս կրծքով կերակրել մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, իսկ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (ՄԱԱ) խորհուրդ է տալիս կերակրել ամենաքիչը մեկ տարի, իսկ դրանից հետո այնքան երկար, որքան մայրը և երեխան կցանկանան: Որոշ մայրեր փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է հետևել այս խորհուրդներին, եթե երեխաների մեծ մասը իր առաջին ատամն է հանում կյանքի առաջին տարվա ընթացքում:

Կարևոր է հասկանալ, որ երբ երեխան ճիշտ է կուրծք բռնում, նրա շրթունքները բացված են դեպի դուրս, իսկ լնդերը բռնում են պտուկի կողքի մուգ գույնի հարպտկային դաշտը: Երեխայի ներքևի ատամները ծածկվում են լեզվով և չեն կպնում հարպտկային մասին: Այս պատճառով, այն երեխան, որը ճիշտ է կուրծք բռնում և ակտիվ ծծում է, չի կարող կծել: Ամեն դեպքում, եթե երեխան բռնում է միայն պտուկը, նա կարող է պտուկը ցավացնել: Ճիշտ դիրքը և կուրծքը ճիշտ բռնելու տեխնիկան կարող են կանխել կծելը:

Երբեմն իրական խնդիրները սկսվում են ակտիվ ատամ հանելու շրջանում, այլ ոչ երբ ատամը արդեն դուրս է եկել: Երեխաները կարող են լուրջ անհանգստություն ունենալ ատամ հանելու ժամանակ և կարող են ուտելիս բերանում կրծքի դիրքը փոխել այնպես, որ կրծքի պինդ մասերը չդիպչեն լնդերին: Սա կարող է առաջացնել պտուկի ցավ կամ տհաճ զգացում: Ահա մի քանի խորհուրդ նման իրավիճակների համար:

Կերակրել սկսելուց առաջ՝

  • Երեխային տվեք սառը թաց կտոր կամ սառեցրած ատամ քորելու խաղալիք, որ նա ծամի: Եթե երեխան հավելյալ սնունդ է ուտում, առաջարկեք պինդ և սառը ուտելիք: Ուշադիր եղեք, որ նա այդ ուտելիքից կտոր չպոկի և խեղդվի: Վերցրեք ձեռքից ուտելիքը, եթե այն փափկել է կամ սկսել է փոքր մասերի բաժանվել:

  • Մաքուր մատով մերսեք երեխայի լնդերը:

  • Նախքան ազատ վաճառքում գտնվող ատամ հանելու քսուկներ օգտագործելը, խորհրդակցեք մանկաբույժի հետ: Այդ քսուկները կարող են դմրեցնել երեխայի լեզուն, ինչպես նաև հարպտկային մասը՝ դժվարեցնելով կերակրելը:

Կերակրելու ընթացքում՝

  • Փորձեք կերակրելու տարբեր դիրքեր և համոզվեք, որ երեխայի քաշը հարմար բաշխված է կուրծք բռնելիս:

  • Ամեն անգամ կերակրելուց համոզվեք, որ երեխան լավ է բռնել կուրծքը: Նրբորեն համոզեք, որ երեխան լայն բացի բերանը կուրծք բռնելուց առաջ:

  • Նախքան բերանը պտուկի վրա սահեցնելը, երեխան պետք է այնպես տեղաշարժի իր լեզուն, որ ինքն իրեն չկծի: Ուշադիր մայրը կարող է հարմար պահի մատը դնել երեխայի բերանի անկյունում, որպեսզի երեխան լնդերը իջեցնի ոչ թե պտուկի այլ մատի վրա:

Կերակրելուց հետո՝

  • Լվացեք պտուկները գոլ ջրով, եթե զգում եք, որ երեխայի ատամ հանելու պատճառով առատացած թքարտադրությունը գրգռում է պտուկների մաշկը:

  • Որոշ մայրեր նկատում են, որ 100 տոկոսանոց լանոլինի քսուկը օգնում է թեթևացնել պտուկի ցավը:

Որոշ դեպքերում երեխայի նոր ատամը կարող է այլ տեսակի տհաճություն պատճառել: Եթե նկատում եք, որ երեխայի ատամը փոքր կտրվածք կամ քերծվածք է թողնում կրծքի վրա, կարող եք՝

  • համոզվել, որ երեխան լայն է բացում բերանը կուրծք բռնելուց առաջ,

  • երեխան լավ է դիրքավորված և նրա քաշը հարմար բաշխված է: Որոշ դեպքերում, եթե երեխայի քաշը նրան թեքում է մի կողմի վրա, նա քաշում է պտուկը և ցավացնում:

Մոտավորապես այն տարիքում, երբ երեխան սկսում է ատամ հանել, մայրերը երեխաներին տալիս են հատուկ չթափվող բաժակներ (sippy cups): Երեխաները սկսում են ծամել այդ բաժակների սիլիկոնե գլխիկները և հետո նույն բանը անում կուրծք ուտելիս:  Եթե նման բան եք կասկածում, փորձեք հետևյալը՝

  • Միառժամանակ մի օգտագործեք բաժակը:

  • Փորձեք օգտագործել հասարակ բաց բաժակ:

  • Փորձեք տալ կափարիչով և ձողիկով բաժակ:

Շատ մայրեր նկատում են, որ կրծքով կերակրելը ատամ հանելու ժամանակ անգնահատելի է, երբ սկսվում են մանուկ տարիքի խնդիրները:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/advantages.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ի՞նչ անել, եթե երեխաս կուրծք ուտելուց կծում է
Օգնե՛ք. երեխաս հրաժարվում է կրծքից