Երեխան ունի բարձր ջերմություն (տենդ). ի՞նչ անել


 

Երեխայի մոտ բարձր ջերմությունը՝ տենդը ծնողի անհանգստության հիմնական պատճառներից է: Շատերը նորմայից բարձր ջերմությունն ընկալում են որպես հիվանդ լինելու համար մեկ նշան: Շատ մայրիկներ երեխայի մոտ 37.5 օC ջերմություն տեսնելուն պես շտապում են նրան ջերմիջեցնող տալ: Սակայն արդյո՞ք սա ճիշտ քայլ է: Այս հոդվածը ձեզ կօգնի հասկանալ, թե ինչ պետք է անի ծնողը, եթե երեխայի մոտ բարձր ջերմություն է:

.

Ի՞նչ է տենդը

Առողջ վիճակում մեր օրգանիզմի ջերմակարգավորման կենտրոնը մեր մարմինը պահում է օպտիմալ ջերմաստիճանում՝ 35,5-37,4°C, սակայն օրգանիզմ ներթափանցող մանրէները կատարում են ջերմածին ֆունկցիա: Նրանք ազդում են ջերմակարգավորման կենտրոնի վրա, որն իր հերթին բարձրացնում է մարմնի ջերմաստիճանի նորմայի շեմը. այն արդեն 36,6°C-ն չէ, այլ 38°C, 39°C կամ նույնիսկ 40°C: Նման ջերմությունը շարունակվում է պահպանվել քանի դեռ ջերմածին մանրէները չեն դադարում ազդել ջերմակարգավորման համակարգի վրա և չի սկսվում առողջացումը:

Տենդն ինքնին հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պաշտպանողական արձագանք: Մարմնի բարձր ջերմությունը նվազեցնում է վիրուսների և բակտերիաների կենսունակությունը, ուժեղացնում է իմունիտետը:

Հենց տենդի շնորհիվ է տեղի ունենում օրգանիզմի պաշտպանողական ուժերի մոբիլիզացումը:

Ըստ մարմնի ջերմաստիճանի մակարդակի տարբերում ենք`

  • 37-38 օC՝ սուբֆիբրիլ ջերմություն (ենթատենդ)
  • 38-39 օC ` չափավոր տենդ
  • 39-41 օC ` բարձր տենդ
  • 41 օC – ից բարձր` հիպերպիրետիկ տենդ (գերտենդ):

Միֆեր և փաստեր տենդի մասին

«Սովորեցնել» ծնողներին չվախենալ տենդից և այն ընկալել որպես «ընկեր» բժիշկների ամենադժվար գործերից մեկն է: Խնդիրը նրանում է, որ տենդի մասին ոչ բոլոր պատկերացումներն են ճիշտ. եկեք քննարկենք դրանցից մի քանիսը:

Միֆ 1. Տենդի դեմ պետք է պայքարել, քանի որ այն հաղթելով մենք կհաղթենք հիվանդությունը (ինֆեկցիան):
Փաստ 1. Երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև կապը միանշանակ ուղիղ չէ: Երբեմն բարձր ջերմություն ունեցող երեխան ունի ընդամենը վիրուսային ինֆեկցիա, իսկ պնևմոնիա ունեցող երեխան կարող է ունենալ ընդամենը ենթատենդ՝ 37-38օC: Տենդն ախտանիշ է, այլ ոչ թե հիվանդություն: Նույնիսկ եթե տենդ հարուցող հիվանդությունը վտանգավոր հիվանդություն է, բժշկությունը չունի տենդի առողջության համար վտանգավոր լինելու մասին փաստեր:
Միֆ 2. Տենդը վնասում է ուղեղը, իսկ 40 օC-ից բարձր ջերմության դեպքում արյունը սկսում է եռալ:
Փաստ 2. Ինֆեկցիաների մեծ մասի դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կանգնում է և կայունանում է 39,5-40,0 օC սահմաններում առանց ջերմիջեցնող ընդունելու: Այս ջերմաստիճանը վտանգավոր չէ առողջության համար: Գերտենդը (41 օC-ից բարձր) հազվադեպ երևույթ է և առավել կարևոր է դրա պատճառի բացահայտումը, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր լինել, քանի ինքը գերտենդը:
Միֆ 3. Տենդը վնասում է օրգանիզմին:
Փաստ 3. Տենդը ինֆեկցիայի դեմ հինավուրց ֆիլոգենետիկ պատասխան է: Ջերմությունը պաշտպանիչ բնույթ ունի. շատ բակտերիաներ և վիրուսներ մահանում են բարձր ջերմության դեպքում, իսկ 38,0օC ից բարձր ջերմության դեպքում օրգանիզմի կողմից հիվանդության նկատմամբ հակամարմիններ արտադրող գամմա-ինտերֆերոնի արտադրությունն ուժգնանում է: Եթե ինֆեկցիոն հիվանդության ժամանակ երեխան ունի բարձր ջերմություն, ուրեմն երեխայի առողջության մակարդակը բարձր է:
Միֆ 4. Ցանկացած տենդ պետք է պարտադիր բուժել ջերմիջեցնող միջոցներով և հակաբիոտիկներով:
Փաստ 4. Գոյություն ունեն հստակ չափանիշներ, որոնց մասին կխոսենք ավելի ուշ, թե երբ է պետք իջեցնել ջերմությունը: Մնացած բոլոր դեպքերում այն կնվազի ինքնուրույն՝ առանց միջամտության: Կայուն կարծիք կա, որ երեք օր բարձր ջերմելու դեպքում պետք է ընդունել հակաբիոտիկ: Ո՞վ է որոշել այդ երեք օրը, պարզ չէ: Շատ վիրուսային ինֆեկցիաների դեպքում ջերմությունը կարող է բարձր մնալ երեք օրից ավելի երկար, իսկ հակաբիոտիկների ընդունումը վիրուսային ինֆեկցիաների դեպքում ռացիոնալ չէ, քանի որ դրանք չեն օգնում պայքարել և կարող են ավելորդ ինտոքսիկացիայի հանգեցնել: Գոյություն ունեն հակաբիոտիկային բուժման նշանակման հատուկ չափանիշներ, որոնք հիմնված են ԱՀԿ խորհուրդների վրա, և որոշումը պետք է ընդունվի բժշկի հետ համատեղ:
Միֆ 4. Մարմնի ջերմաստիճանը գնալով կբարձրանա, եթե չմիջամտել:
Փաստ 4. Ոչ, հիվանդությունների մեծ մասի դեպքում ջերմությունը, հասնելով 39,7 – 40,0օC, այլևս չի բարձրանում:

Ե՞րբ դիմել բժշկի 

  • Եթե ձեր երեխան երեք ամսականից փոքր է և նրա ջերմությունը 38,0օC-ից բարձր է, անմիջապես դիմեք բժշկի: Այդքան փոքր երեխայի դեպքում հիվանդության ծանրությունը պետք է գնահատի բժիշկը:
  • Եթե երեխան երեք ամսականից մեծ է, ապա կարևոր է գնահատել նրա արտաքին տեսքը և վարքը: Եթե նա իրեն լավ է զգում և նորմալ հեղուկ է խմում, եթե ջերմությունը շատ բարձր չէ և սկսում է իջնել 24 ժամ հետո, բժշկի դիմելու կարիք չկա: Սակայն որոշ մանկաբույժներ կարող են պահանջել, որ անկախ սիմպտոմներից կամ երեխայի ինքնազգացողությունից, երեխայի մոտ 40օC և ավելի ջերմության դեպքում մայրը կապվի իրենց հետ:
  • Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան առաջարկում է, որ ծնողները դիմեն բժշկի, եթե երեքից վեց ամսական երեխայի մոտ 38.3 օC կամ ավելի բարձր ջերմություն է, վեց ամսական երեխայի մոտ 39.4 օC ջերմություն է, և երեխան ունի ախորժակի կորուստ, հազ, ականջացավի նշաններ, անսովոր անհանգստություն կամ քնկոտություն, փսխում կամ լուծ:

Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը, անմիջապես դիմեք բժշկի՝ անկախ օրվա ժամից և այլ պայմաններից՝

  • Մաշկի գունատություն, որն ուղեկցվում է երկարատև դողով:
  • Կղանքի մեջ արյուն:
  • Արցունքների կամ լացի բացակայություն:
  • Անսովոր թուլություն՝ երեխային դժվար է արթնացնել, իսկ արթնանալուն պես, նա քնում է:
  • Գիտակցության շփոթմունք:
  • Տենդ, որն ուղեկցվում է հեղուկի զգալի կորստով՝ փսխումներով, լուծով և այլն, և որի արդյունքում երեխան ջրազրկվում է (ջրազրկման նշանների մասին կարդացեք այստեղ)
  • Երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձր է 41,0օC-ից:
  • Ցանկացած տենդի դեպքում, եթե երեխան երեք ամսականից փոքր է:
  • Եթե տենդին զուգահեռ ցավում է նաև երեխայի փորը:
  • Եթե հիմքեր կան կասկածելու, որ տենդի պատճառը ինֆեկցիան չէ, այլ գերտաքացումը, վնասվածքը կամ թունավորումը, երեխային անմիջապես տարեք հիվանդանոց:
  • Թույլ կամ չընդհատվող լաց:
  • Երեք օր անընդմեջ բարձր տենդ:
  • Դժվար (ձայնով) կամ հաճախացած շնչառություն (մինչև 2 ամսական` 60 և ավելի շնչառական շարժում մեկ րոպեում, 2-12 ամսականում՝ 50 և ավելի, 1-5 տարեկան՝ 40 և ավելի:)

37օC ջերմությունը «նորմալ» ջերմություն չէ բոլորի համար: «Նորման» շատ պայմանական է, քանի որ 37 օC միջին վիճակագրական ջերմությունն է: Շատ մարդկանց մոտ նորման ավելի բարձր է կամ ավելի ցածր: Սա հատկապես ճիշտ է երեխաների համար:

Հետազոտությունները պարզել են, որ բացարձակ առողջ երեխաների մեծ մասի մարմնի ջերմությունը տատանվում է 35,9–37,5օC սահմաններում և ընդամենը մի փոքր մասի մոտ է լինում ուղիղ 37օC:

Օրվա ընթացքում երեխայի մոտ կարող է մարմնի ջերմաստիճանի զգալի տատանում լինել. սովորաբար, երեկոյան այն մի ամբողջ աստիճան բարձր է, քան առավոտյան: Ջերմության պատճառը կարող է հիվանդությունը չլինել, այլ, օրինակ՝ շատ և դժվարամարս ուտելիք մարսելը, դեռահաս աղջիկների մոտ օվուլյացիան, բժշկի կողմից նշանակված հակահիստամինի և այլ դեղերի կողմնակի ազդեցությունը և այլն:

Ե՞րբ և ինչպե՞ս տալ ջերմիջեցնող դեղ

Կարևոր է իմանալ, որ ջերմիջեցնող միջոցների օգտագործումը ոչ մի կերպ չի ազդում հիվանդության տևողության և հնարավոր բարդացումների վրա, իսկ որոշ մանկաբույժներ նույնիսկ կարծում են, որ այն կարող է երկարացնել հիվանդության տևողությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան խորհուրդ են տալիս ջերմիջեցնող տալ միայն ինքնազգացողությունը լավացնելու և երեխայի վիճակը թեթևացնելու համար, այլ ոչ թե հենց ջերմությունն իջեցնելու համար: Այլ կերպ ասած՝ եթե երեխան չի նեղվում կամ քիչ է նեղվում, ապա ջերմիջեցնողի կիրառումն արդարացված չէ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մարմնի ջերմությունն իջեցնել հետևյալ դեպքերում՝

  • Առողջ երեխաներին ջերմիջեցնող է տրվում, եթե ջերմությունը 39,0-39,5 °С-ից ցածր չէ:
  • Ռիսկային խմբերում գտնվող այն երեխաներին, որոնք ունեն սրտի քրոնիկ հիվանդություն, նյութափոխանակության խանգարում, նյարդաբանական պաթոլոգիա, ջերմիջեցնող տրվում է 38,0-38,5°С ջերմության դեպքում:
  • Անամնեզում ֆիբրիլ ցնցումներ ունեցող երեխաներին՝ 38,0-38,5°С դեպքում:
  • Կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում երեխաներին տրվում են ջերմիջեցնողներ 38,0-38,5°С ջերմության դեպքում, սակայն նաև պետք է դիմել բժշկի:
  • Եթե երեխայի մոտ կա ցավային սինդրոմ՝ գլխացավ, ականջացավ, մկանային ցավ, ջերմիջեցնող նշանակում են 38 օC-ից բարձր ջերմության դեպքում՝ բացառությամբ փորացավի, որի դեպքում պետք է դիմել բժշկի:

Եթե ջերմությունը երեխային շատ է անհանգստացնում և ձեր բժիշկը խորհուրդ է տալիս նրան ջերմիջեցնող տալ, ապա երեխային կարող եք տալ ացետամինոֆեն/պարացետամոլ կամ իբուպրոֆեն (կամ դրանք որպես հիմնական բաղադրիչ պարունակող ջերմիջեցնողներ), որոնք նախատեսված են հենց երեխաների համար: Այլ պրեպարատներ՝ անալգին, ասպիրին, նիմեսուլիդ տալ խորհուրդ չի տրվում դրանց տոքսիկության և անարդյունավետության պատճառով: Երբեք երեխային մի տվեք ասպիրին, քանի որ այն կարևող է հրահրել Ռեյեի համախտանիշը:


ՀԻՇԵ՛Ք.

  • Պարացետամոլի և իբուպրոֆենի չափաբաժինը հաշվարկվում է ոչ թե ըստ երեխայի տարիքի, այլ քաշի:
  • Միշտ հետևեք բաղադրատոմսի մեջ նշված չափաբաժիններին: Եթե բաղադրատոմս չկա կամ կասկածում եք, դիմեք երեխայի մանկաբույժին կամ ցանկացած այլ մանկաբույժի: Եթե չի հաջողվում, զանգահարեք շտապ օգնություն և հարցրեք:
  • Երեխային մի տվեք մեծահասակների համար նախատեսված ջերմիջեցնող. այդ դեպքում դուք չեք կարողանա ճշգրիտ հաշվարկել երեխայի համար թույլատրելի չափաբաժինը:
  • Երեխային մի տվեք ջերմիջեցնող ավելի հաճախ, քան կարելի է: Պարացետամոլ կարելի է տալ 4 ժամը մեկ, 24 ժամում` առավելագույնը 5 անգամ: Իբուպրոֆեն կարելի է տալ 6 ժամը մեկ, 24 ժամում` առավելագույնը 4 անգամ:
  • Խորհուրդ չի տրվում երեխային տալ իբուպրոֆեն մինչև նրա վեց ամսական դառնալը, կամ եթե նա ունի ջրազրկման խնդիր, կամ եթե անընդհատ փսխում է:
  • Հեղուկ ջերմիջեցնողների դեպքում միշտ օգտվեք չափաբաժինը ճիշտ չափելու համար նախատեսված գդալից կամ ներարկիչից:

Պարացետամոլի դեպքում երեխաներին ցանկալի է տալ հեղուկ տարբերակները՝ սիրոպներ, լուծվող հաբեր և լուծույթներ պատրաստելու համար հաբեր, որոնք սկսում են ազդել 30-60 րոպեի ընթացքում և որոնց ազդեցությունը տևում է 2-4 ժամ: Լուծույթները կարելի է ավելացնել կաթի կամ հյութի մեջ: Եթե հարկավոր է, որ ազդեցությունն ավելի երկար լինի, ապա ցանկալի է օգտագործել պարացետամոլի մոմիկներ:

Ջերմիջեցնողի տարիքային դեղաչափի գերազանցումը և դրա հետևանքով թունավորումը բավական տարածված երևույթներ են: Պարտադիր գրանցեք օրվա ընթացքում երեխայի ընդունած ջերմիջեցնողի քանակը: Եթե երեխային հոսպիտալացնելու կարիք լինի, ապա ձեզ այդ տվյալը պետք կգա:

Եթե երեխան հեղուկ է կորցնում փսխելու և լուծի պատճառով, սակայն բավարար քանակով հեղուկ չի խմում 24 ժամվա ընթացքում, երեխային պարացետամոլ տվեք իր տարիքի համար նախատեսված չափաբաժնից քիչ չափաբաժնով: Բավարար քանակով հեղուկ չստանալու դեպքում պարացետամոլի և իբուպրոֆենի տարիքային չափաբաժնով օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի հետ կապված խնդիրների:

Ի նկատի ունեցեք, որ մրսածության կամ հազի դեմ շատ դեղամիջոցներ, որոնք ձեզ կարող են խորհուրդ տալ դեղատներում, պարունակում են այն ջերմիջեցնողից, որից դուք արդեն տալիս եք երեխային: Նման դեպքերում ջերմիջեցնողի գերդոզավորման հետևանքով երեխայի թունավորման ռիկսը բավական բարձր է:

Պետք է խուսափել ռիսկային խմբում գտնվող երեխաներին, օրինակ նրանց, ովքեր ունեն սպաստիկ պարալիզ, իբուպորֆեն տալուց, քանի որ բարձր է ստամոքսի արյունահոսության և խոցի առաջացման հավականությունը:

ԿԱՐԵՎՈՐ Է. Դեղաչափը գերազանցելու դեպքում՝ իբուպորֆենը կարող է հանգեցնել լյարդի անբավարարության, իսկ պարացետամոլը՝ տոքսիկ լինել լյարդի համար: Գերդոզավորման ցանկացած կասկածի դեպքում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, քիչ կամ մուգ գույնի մեզ, անհապաղ դիմեք շտապ օգնության բժշկի: Դեղաչափը գերազանցող քանակով դեղն ընդունելուց հետո մի ժամվա ընթացքում երեխային տվեք ակտիվացված ածուխ կամ առաջացրեք փսխում:

Ջերմությունն իջեցնելու այլընտրանքային միջոցներ

Առաջին հերթին սրանք քրտնարտադրությունը խթանող միջոցներն են: Հիմնականում դրանք են ազնվամորին, մուգ բնական մեղրը կամ լորենու տերևից պատրաստված թուրմը: Քրտնարտադրությունը խթանող որևէ բան տալուց առաջ երեխան պետք է խմի առնվազն 100 – 300մլ հեղուկ (կրծքով կերակրվող երեխային բավարար է կրծքով կերակրելը): Ամենալավը չրերից պատրաստված տնական կոմպոտն է: Միայն դրանից հետո կարելի է տալ ազնվամորուց պատրաստված հեղուկը: Երբ այն սկսի գործել, մարմնից դուրս կգա նախորոք խմած հեղուկը: Եթե երեխան ոչինչ չի խմել, ազնվամորին կհանգեցնի մարմնի էլ ավելի ջրազրկման:
Քրտնարտադրություն խթանող միջոց տալուց հետո երեխային հագցրեք բամբակյա հագուստ և ծածկեք բարակ սավանով: Քրտինքը սրբել պետք չէ. գոլորշիանալով այն կսառեցնի մարմինը: Երբ ամբողջ քրտնարտադրությունը կավարտվի, փոխեք երեխայի հագուստը և քնացրեք:

Ջրով մարմինը շփելն իջեցնում է ջերմությունը միայն շփելու ընթացքում. կան գիտական ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս այդ մեթոդի ոչ արդյունավետ լինելը:

Բացի դրանից, այս պրոցեդուրան տհաճ է այն մարդու համար, որի ջերմությունը չի հասել մաքսիմումին և դեռ բարձրանում է:

Ահա մի քանի պատճառ երեխայի ջերմությունը ջրով շփումով իջեցնելուց խուսափելու համար.

  • Չկան ապացույցներ, որ այս մեթոդը կայուն կերպով իջեցնում է երեխաների ջերմությունը;
  • Շփելը կարող է հանգեցնել մաշկի անոթների սպազմի, որի հետևանքով կարող է դժվարանալ ջերմահեռացման պրոցեսը;
  • Շփումը կարող է դող առաջացնել, բարձրացնել նյութափոխանակության ինտենսիվությունը, որը կհանգեցնի ջերմության էլ ավելի բարձրանալուն:

Ջերմությունը իջեցնելու և երեխայի ինքնազգացողությունը լավացնելու համար կարող եք փորձել նրան լողացնել լոգատաշտակի մեջ, որի ջրի ջերմաստիճանը մեկ աստիճան (միայն մեկ) ցածր է երեխայի մարմնի ջերմաստիճանից: Կարող եք միասին լոգանք ընդունել և միաժամանակ կերակրել կրծքով:

ՀԻՇԵՔ. Չի կարելի երեխայի մարմինը շփել ալկոհոլով: Այն կարող է կտրուկ բարձրացնել երեխայի մարմնի ջերմությունը և նույնիսկ առաջացնել ալկոհոլային թունավորում:

Երեխաների խնամքը տենդի դեպքում 

Տենդ ունեցող երեխաները պետք է հագնված լինեն թեթև և գտնվեն լավ օդափոխվող, սակայն առանց միջանցիկ քամու սենյակում: Ջերմությունը բարձրանալու ժամանակ կարելի է ավելացնել հագուստը, իսկ երբ ջերմությունը հասնի իր մաքսիմումին, ավելի լավ է հանել ավելորդ հագուստը:

Սնունդը կարևոր է ցանկացած հիվանդություն հաղթահարելու համար: Բարձր ջերմությունը և դրան հատուկ ախտանիշները կարող են հանգեցնել հեղուկի կորստի և ջրազրկման: Երեխան կարող է հրաժարվել սննդից, բայց նա պետք է շատ հեղուկ խմի: Թող դրանք լինեն երեխայի համար սիրելի, բայց նաև սննդարար հեղուկներ: Ջերմիջեցնող տալուց հետո երեխային առաջարկեք տաք կամ գոլ հեղուկ. ցանալի է, որ 24 ժամում երեխան խմի 100մլ հեղուկ իր քաշի յուրաքանչյուր մեկ կգ-ի համար:

Երեխան պետք է հանգստանա. Մի արթնացրեք նրան նույնիսկ եթե ջերմությունը 38,0°С-ից բարձր է: Քունը շատ լավ դեղ է:

Ի՞նչ անել ցնցումների ժամանակ

Շատ մայրեր վախենում են երեխայի բարձր ջերմությունից՝ ենթադրելով, որ բարձր ջերմությունը կարող է ցնցումներ առաջացնել: Այդ մայրիկներին կարելի է հասկանալ. դժվար է տեսնել, թե ինչպես է ցնցվում սեփական երեխան: Սակայն բարձր ջերմությունը ցնցում չի առաջացնում, ցնցում առաջացնում է ջերմության կտրուկ բարձրացումը:

Ֆիբրիլ ցնցումներ ունենալուն հակված են մինչև հինգ տարեկան երեխաները: Այն երեխաները, որոնք փոքր հասակում նման ցնցումներ են ունեցել, մեծանալուց հետո հազվադեպ են նույն խնդիրն ունենում:

Հիշեք, որ ցնցումները երեխայի կյանքին չեն սպառնում և անդառնալի հետևանքներ չեն ունենում:

Եթե ձեր երեխայի մոտ բարձր ջերմությամբ պայմանավորված ցնցումներ են սկսվել, փորձեք չկորցնել ինքնատիրապետումը: Առաջին հերթին համոզվեք, որ ցնցումի ժամանակ երեխան իրեն չի վնասի: Մի փորձեք ցնցումի ժամանակ երեխային տալ ջերմիջեցնող դեղ: Երեխային շրջեք կողքի վրա, որպեսզի նա չխեղդվի թուքից: Հետևեք, որ նրա գլխի մոտ չլինեն կոշտ և սուր իրեր: Այդ ամենը անելուց հետո զանգահարեք բժշկին:

Հիմնականում ցնցումները տևում են մի քանի րոպե: Եթե դրանք ավելի երկար են տևում, անհապաղ զանգահարեք շտապ օգնություն: Երեխային չի կարելի տալ ջուր և սնունդ ցնցումներն ավարտվելուց հետո մեկ ժամվա ընթացքում, քանի որ քնկոտության պատճառով նա կարող է դրանցով խեղդվել:

Նշում. իրականացված լայնամասշտաբ հետազոտությունները ցույց են տալիս, որ ջերմիջեցնողնեը չեն կանխում ֆիբրիլ ցնցումները այն երեխաների մոտ, որոնց մոտ նախկինում արդեն եղել են նման ցնցումներ: Եթե երեխայի մոտ կան ֆիբրիլ ցնցումներ, բժշկի կոնսուլտացիան պարտադիր է:

Ամփոփում

Փորձառու մանկաբույժները ուշադրություն են դարձնում առաջին հերթին երեխայի ընդհանուր վիճակին, այլ ոչ թե ջերմաչափի ցուցանիշին: Երեխան չի՞ հանգստանում: Նա թու՞յլ է և անտարբե՞ր: Չի՞ կարողանում խմել: Ահա սրանք են այն նշանները, որոնց օգնությամբ գնահատվում է իրավիճակի լրջությունը: Տենդը, որոշ սահմաններում, դա երեխայի օրգանիզմի «նորմալ և առողջ» արձագանքն է ինֆեկցիային:

Հեղինակներ՝ Յուլիա Լավրիշևա, մանկաբույժ; Աննա Տաժերովա, մանկաբույժ, նեոնատալոգ, Ե. Ա. Շերբինա, մանկաբույժ

Աղբյուրները՝ https://www.babyblog.ru/user/imranbeslan/3097349; http://www.babycenter.com/0_fever-in-babies_84.bc; http://lib.komarovskiy.net/pravda-i-mify-o-lixoradke.html

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Հակաբիոտիկներ. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողը
Ատամ հանել, թե հիվանդություն. ինչպես տարբերել դրանք