Դաշտանը կրծքով կերակրող մայրերի մոտ. հաճախ տրվող հարցեր


mensԵ՞րբ է վերականգնվում դաշտանը կերակրող մոր մոտ

Յուրաքանչյուր կնոջ մոտ դաշտանային ցիկլի վերականգման ժամկետն անհատական է: Վերականգնումը պայմանավորված է կնոջ օրգանիզմի հորմոնալ ֆոնով, և ժամանակային նորմերը կարող են տատանվել: Կերակրող մայրերի մեծամասնության մոտ դաշտանը վերականգնվում է ծննդաբերելուց հետո 6-24 ամսվա ընթացքում:

Կրծքով կերակրելու ժամանակ մակուղեղի (հիպոֆիզի) կողմից արտադրվում է պրոլակտին հորմոնը, որն արգելափակում է ձվաբջջի զարգացումը և, հետևաբար, ձվազատումը (օվուլյացիան), որի արդյունքում դաշտան չի լինում: Սակայն, եթե կրծքով կերակրման կազմակերպման մեջ տեղի են ունենում փոփոխություններ, օրինակ՝ մայրը սկսում է երեխային կերակրել օրական 8-12 անգամից ավելի քիչ, տալիս է լրացուցիչ կաթնախառնուրդ համ հավելյալ սնունդ, ապա արյան մեջ պրոլակտինի մակարդակը նվազում է, որի արդյունքում ձվազատման և դաշտանի վերականգման հավանականությունը մեծանում է:

La Leche League International կրծքով կերակրելու միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ ըստ պահանջի կրծքով կերակրող և երեխայի սննդակարգում հավելյալ սնունդը ճիշտ ժամանակին ներմուծող մայրերի մոտ դաշտանային ցիկլը սովորաբար վերականգվում է ծննդաբերությունից 8-9 ամիս հետո: Ընդ որում, նոր դաշտանային ցիկլը կարող է տարբերվել նախահղիության ցիկլից և կարող է լինել ավելի երկար կամ կարճ: Դաշտանը կարող է նաև որակական փոփոխություններ ունենալ, օրինակ՝ դառնալ ավելի քիչ ցավոտ, որը պայմանավորված է հղիությունից հետո արգանդի փոփոխված ֆիզիոլոգիական դիրքով և այլն:

Հետծննդաբերական շրջանում առաջին դաշտանից հետո կարելի է ակնկալել դաշտանային ցիկլի վերականգնում: Յուրաքանչյուր մոր մոտ այս պրոցեսը անհատական ձևով է ընթանում. որոշ մայրերի մոտ լիաժեք և պարբերական ցիկլը վերականգնվում է 2-3 ամիսների ընթացքում, իսկ այլ մայրերի մոտ՝ ավելի երկար ժամանակահատվածում: Ծննդաբերությունից հետո դաշտանային ցիկլի հետ կապված ցանկացած անհանգստություն պետք է քննարկել գինեկոլոգի հետ:

 

Կերակրում եմ կրծքով և ունեմ անկանոն դաշտանային ցիկլ. պե՞տք է անհանգստանալ

Նորմալ է, եթե կրծքով կերակրելու ժամանակ ձեր դաշտանային ցիկլը անկանոն է: Դուք կարող եք մի ամիս դաշտան ունենալ, և հետո դաշտան չունենալ երկու ամիս և այլն: Շատ կանանց մոտ դաշտանային ցիկլը որոշ ժամանակ մնում է անկանոն կրծքով կերակրելն ավարտելուց հետո: Սովորաբար մի քանի ամիս է պահանջվում, որպեսզի կերակրելն ավարտելուց հետո ձեր մարմինը վերադառնա այն հորմոնալ վիճակին, որը եղել է նախքան հղիանալը և ծննդաբերելը: Սակայն, եթե ձեր դաշտանային ցիկլը երկար ժամանակ մնում է անկանոն կրծքով կերակրելն ավարտելուց հետո, ցանկալի է քննարկել իրավիճակը գինեկոլոգի հետ:

a

Ազդու՞մ է արդյոք դաշտանը կաթի քանակի վրա

Դաշտանի ժամանակ կերակրող մոր օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների պատճառով որոշ կանայք կարող են նկատել կաթի քանակի նվազում: Երեխաները կարող են կրծքի մոտ դառնալ ավելի ահանգիստ, քանի որ այդ օրերին կաթը կարող է սովորականից ավելի դանդաղ հոսել: Բարեբախտաբար, այս փոփոխությունները ժամանակավոր են, և դաշտանը սկսվելուց 2-3 օր անց կաթնարտադրությունը նորից շատանում է: Բացի դրանից, շատ երեխաներ մոր դաշտանային ցիկլի վերականգման ժամանակ արդեն հավելյալ սնունդ են ուտում, որն օգնում է հաղթահարել կաթի ժամանակավոր քչությունը:

La Leche League International կազմակերպության տվյաների համաձայն՝ բժշկի նշանակմամբ դաշտանային ցիկլի կեսից մինչև դաշտանի առաջին օրերը օրական 500-1000 մգ կալցիում և մագնեզիում ընդունելը կարող է օգնել նվազագույնի հասցնել կաթնարտադրության հետ կապված խնդիրները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մայրերի և երեխաների մեծ մասին դաշտանի վերականգնումը չի անհանգստացնում և կաթնարտադրության վրա չի ազդում:

 

Արդյո՞ք դաշտանի ժամանակ փոխվում է կրծքի կաթի համը և հոտը

Այս հարցը շատ մայրերի է հուզում: Կան դիտարկումներ, որոնց համաձայն որոշ երեխաներ այդ օրերին կրծքի մոտ ավելի անհանգիստ են լինում և կարող են կրծքից հրաժարվել: Բժշկության դոկտոր Ռութ Լոուրենսը գրում է՝ “Կրծքից բացարձակ հրաժարում հնարավոր է դաշտանի վերսկսման դեպքում: Մայրը կարող է նկատել, որ դաշտանի օրերին իր երեխան մեկ կամ երկու օր հրաժարվում է կրծքից:” Սակայն չկա ոչ մի ապացույց, որ կրծքի կաթի համը և հոտը փոխվում են դաշտանի ժամանակ: Այդ պատճառով մենք կարող են եզրակացնել, որ երեխան կրծքի մոտ անհանգիստ է դառնում այլ՝ վերը նշված պատճառներով:

a

Արդյո՞ք դաշտանի վերսկսումը նշանակում է կաթնարտադրության ավարտ

Դաշտանային ցիկլի վերականգնումը կրծքով կերակրելու ժամանակ նորմալ երևույթ է: Անցյալում, որպես կանոն, կանանց մոտ դաշտանը չի վերսկսել կրծքով կերակրելու ընթացքում: Սակայն վերջին տասնամյակներին հորմոնալ հակաբեղմնավորիչների, սթրեսի, էկոլոգիայի փոփոխության և այլ պատճառներով դաշտանային ցիկլը սկսել է վերականգնվել մինչև կրծքով կերակրման ավարտը: Չնայած դաշտանի վերսկսմանը՝ կերակրող մայրերի մոտ կաթնարտադրությունը շարունակվում է, և նրանք կարողանում են բավարար չափով կաթ արտադրել իրենց կրծքով կերակրվող երեխայի սննդային կարիքները հոգալու համար:

 

Արդյո՞ք դաշտանի ժամանակ փոխվում են կրծքով կերակրելու հետ կապված զգացումները

Որոշ մայրեր հայտնում են, որ դաշտանի ժամանակ կրծքով կերակրելիս իրենց ավելի թույլ են զգում, որը, սակայն, անցնում է մեկ-երկու օրվա ընթացքում: Այլ մայրիկներ հայտնում են, որ դաշտանից առաջ մեծանում են կրծքերը, իսկ ձվազատման օրերին կերակրելիս պտուկները ցավոտ են դառնում: Կրծքերը կարող են նաև լիքը, պինդ և գերզգայուն թվալ, քանի որ այդ ժամանակ կրծքերը լցվում են արյունով և ավիշով: Շատ մայրերի համար սա լռիվ նորմալ զգացում է, որն անցնում է դաշտանը սկսվելուց հետո:

 

Հեղինակներ՝ Ալյոնա Կորոտկովա, կլինիկական հոգեբան, կրծքով կերակրելու խորհրդատու; Ալյոնա Լուկյանչուկ, հոգեբան, կրծքով կերակրելու խորհրդատու

Աղբյուրը՝ http://www.milkyfairies.ru/menses.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Կրծքով կերակրող կնոջ կուրծքը. մոնթհոմերյան գեղձերը
Սրտխառնոցը կրծքով կերակրելու ժամանակ