Դեղնուկը և կրծքով կերակրումը


jaundiceՆորածինների մոտ դեղնուկը հիմնականում անվտանգ է և հանդիսանում է ֆիզիոլոգիական նորմա, սակայն հանդիպում են դեղնուկի վտանգավոր դեպքեր, որոնք կարող են երեխային լուրջ վնաս հասցնել: Կարելի՞ է արդյոք դեղնուկի ժամանակ երեխային կերակրել կրծքով և ինչպե՞ս կազմակերպել կրծքով կերակրումը դեղնուկի ժամանակ:

Ժամանակին ծնված նորածինների 60 տոկոսը իր կյանքի առաջին շաբաթում ունենում է դեղնուկ, որը պայմանավորված է նրանց օրգանիզմում էրիթրոցիտների քայքայմամբ և բիլիռուբինի կապման և դուրս բերման գործընթացի խաթարմամբ: Բիլիռուբինը մարդու արյան մեջ պարունակվող մի նյութ է, որը դուրս է բերվում օրգանիզմից լյարդի օգնությամբ: Ներարգանդային շրջանում պտղի բիլիռուբինը դուրս է բերվում մոր լյարդի կողմից: Ծննդաբերությունից հետո երեխայի լյարդը դեռ ի վիճակի չէ ինքնուրույն լուծել բիլիռուբինի դուրս բերման հարցը, որն էլ երեխայի մաշկին տալիս է դեղին գունավորում:

Նախկինում համարվում էր, որ կրծքով կերակրումը (հատկապես դեղնուկի ծանր դեպքերի ժամանակ) կարող է նպաստել բիլիռուբինի մակարդակի բարձրացմանը, և երեխայի արյան մեջ բիլիռուբինի բարձր մակարդակի դեպքում մայրերին արգելում էին կրծքով կերակրել: Այսօր մոտեցումը կտրուկ փոխվել է: Նորագույն հետազոտություններն ապացուցում են ուղիղ հակառակը՝ կրծքով կերակրումը կանխարգելում է նորածնային դեղնուկը:

Արդյո՞ք դա այդպես է: Այս հարցին պատասխանելու համար մեզ պետք է հասկանալ, թե ինչպես են տարբերվում դեղնուկի ձևերը և դրանց բուժումը:


Ֆիզիոլոգիական դեղնուկ

Ֆիզիոլոգիական դեղնուկը հայտնվում է կյանքի երկրորդ-երրորդ օրը և անցնում է երկու-երեք շաբաթվա ընթացքում՝ առանց որևե բուժման: Ֆիզիոլոգիական դեղնուկի դեպքում անհանգստության կարիք չկա. բիլիռուբինի դուրս բերման արագությունը պայմանավորված է սնուցման որակով՝ բավարար քանակի կալորիաների ընդունմամբ, քանի որ բիլիռուբինը լուծվում է ճարպի օգնությամբ և դուրս է գալիս օրգանիզմից մեզով և կղանքով:


Կրծքով կերակրմամբ պայմանավորված դեղնուկ

Կրծքով սնուցվող երեխաների մոտ դեղնուկի պահպանումը մինչև երեք շաբաթական դառնալը ֆիզիոլոգիական դեղնուկի բնական շարունակությունն է: Այդ դեղնուկը պայմանավորված է կրծքի կաթում պարունակվող գործոնով, որը կոչվում է “կրծքի կաթի դեղնուկ”: Դեղնուկի այս ձևի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ գործոնի ազդեցության տակ աղիներից բիլիռուբինը հետ է ներծծվում:

Կրծքով կերակրմամբ պայմանավորված դեղնուկը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին շաբաթվա վերջում և տևում է երկուսից երեք ամիս: Սովորաբար այն բացարձակ անվնաս է, սակայն անհրաժեշտ է բացառել դեղնուկի այլ հնարավոր պատճառները և բուժել, եթե կարիքը կա:

“Կրծքով կերակրման դեղնուկի” մեկ այլ ձև է առանձնացնում բժիշկ Լոուրենս Գարտները՝ հիմնվելով այն բանի վրա, որ կրծքով կերակրվող երեխան կարող է ստանալ ոչ բավարար քանակի սնունդ՝ կալորիաներ, որի հետևանքով բիլիռուբինի մակարդակը կարող է վտանգավոր բարձր լինել: Այս դեղնուկը ավելի ծանր դեպք է, հետևաբար, նորածնի սնուցմանը հարկավոր է առանձնահատուկ և առաջնային ուշադրություն դարձնել:

Ոչ բավարար սնուցման հնարավոր պատճառներն են՝

  1. Հազվադեպ կերակրումները: Սովորաբար նորածինը կրծքով կերակրվում է օրական 10-12 անգամ: Առաջին օրերին նա կարող է կերակրվել նույնիսկ 20 անգամ: Եթե կերակրումները երեք ժամը մեկ են, ապա մայրը պետք է սկսի անհանգստանալ:
  1. Ոչ արդյունավետ կրծքով կերակրումը: Նման դեպքերում երեխան բավական հաճախ է կուրծք պահանջում, սակայն չի ստանում իրեն անհրաժեշտ քանակի կաթ: Երբեմն երեխան շատ թույլ է, որպեսզի կարողանա արդյունավետ կերպով կուրծք ծծել: Այս թուլությունը հատուկ է վաղածին կամ հիվանդ երեխաներին, սակայն պատահում է նաև ժամանակին ծնված առողջ երեխաների մոտ, եթե նրանք սխալ են կուրծք բռնում:

Կրծքով կերակրման որակի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ՝

– սխալ կուրծք բռնելը կամ կրծքով կերակրման սխալ դիրքը,

– ծծակների և շշերի օգտագործումը,

– երեխայի կրծքից սնվելու տևողության սահմանափակումը մոր կողմից,

– կրկնապտուկի օգնությամբ կերակրումը,

– քարացած կրծքի հետևանքով կուրծքը սխալ կամ ոչ արդյունավետ բռնելը,

– երեխայի լեզվի կարճ սանձիկը,

– երեխայի մկանների նորմայից բարձր կամ ցածր տոնուսը,

– մոր և երեխայի հիվանդանոցային սենյակի ջերմաստիճանի բարձր լինելը,

– երեխային չափից տաք հագցնելը:

 

  1. Նորածնին հավելյալ ջուր տալը: Կրծքի կաթը 87 տոկոսով բաղկացած է ջրից և պարունակում է նորածնի օպտիմալ զարացման և աճի համար անհրաժեշտ հեղուկ և սննդարար նյութեր: Հավելյալ ջուրը կամ հեղուկը նվազեցնում է նորածնի ախորժակը և կրճատում է նրա կրծքով կերակրվելու հաճախականությունը, որն իր հերթին նվազեցնում է մոր կրծքի ստիմուլյացիան և, հետևաբար, կաթնարտադրությունը: Ջրի նույնիսկ փոքր չափաբաժինը երեխայի կողմից որպես սնունդ է ընկալվում: Բացի դրանից, ջուրը կամ գլյուկոզան չեն օգնում կանխարգելել դեղնուկը:
  1. Բուժանձնակազմի և հարազատների կողմից աջակցության բացակայությունը: Մայրության բարդություններին հանդիպելիս կինը կարող է դառնալ ավելի խոցելի և զգայուն: Որպեսզի մայրը կարողանա կրծքով կերակրել, նրան անհրաժեշտ է լինել ինքնավստահ և հավասարակշռված: Նրան շրջապատող անձանց աջակցությունը շատ կարևոր է: Բուժանձնակազմի աջակցությունը կայանում է նրանում, որ թույլ տան երեխային կրծքով կերակրվել որքան հնարավոր է շուտ, սովորեցնել մորը ճիշտ կուրծք տալ, խրախուսել ըստ պահանջի կրծքով կերակրումը, ինչպես նաև մորը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կրծքով կերակրումը արդյունավետ կազմակերպելու համար:

Դեղնուկի կանխարգելման համար մորը և բուժանձնակազմին անհրաժեշտ է հետևել հետևյալ կանոններին՝

–  Ծննդաբերությունից հետո հնարավորինս շուտ սկսել կրծքով կերակրումը, իդեալականը՝ մեկ ժամվա ընթացքում:

–  Առաջին իսկ կերակրումների ժամանակ ընտրել կերակրման ճիշտ դիրք և սովորել ճիշտ կուրծք տալ

–   Երեխային կերակրել ըստ պահանջի:

 

Կանոններ մոր համար.

  • Երեխային կերակրել կրծքով այնքան հաճախ, որքան պահանջում է, նույնիսկ եթե նա կուրծք է պահանջում ուղղակի մոր գրկում հայտնվելու համար:
  • Երեխան պետք է կերակրվի կրծքով օրական առնվազն 8-­12 անգամ: Եթե նա քնում է երեք ժամից ավելի երկար, ապա կարելի է արթնացնել և կուրծք առաջարկել: Արթնացնելու համար փորձեք երեխայի վրայից հանել շորերը, փոխել տակդիրը, շոյել մեջքը, ձեռքերը և ոտքերը: Որոշ երեխաներ կարող են ուտել շատ հաճախ՝ 15-­20 րոպեն մեկ: Գիշերը երեխան կարող է քնել հինգ ժամ անընդմեջ, սակայն առաջին ամիսներին երեխաների մեծ մասը գիշերը սնվում է նույն հաճախականությամբ, ինչ ցերեկը:
  • Մի սահմանափակեք մի կուրծքը ծծելու տևողությունը մյուսով կերակրելու համար: Կերակրման ընթացքում աշխատեք հնարավորինս լավ դատարկել կրծքերը, քանի որ կաթի յուղայնությունը բարձրանում է կերակրման վերջում:
  • Եթե չկա հատուկ բժշկական ցուցում, պետք է խուսափել երեխային ջուր և կաթնախառնուրդ տալուց:

 

Արդյունավետ կրծքով կերակրման նշաններն են՝

  • Կերակրելու ընթացքում երեխան դանդաղ ծծելու շարժումներ է անում, իսկ դրանց ընդմիջումների ժամանակ լսվում է կուլ տալու ձայն: Արտահոսքի ժամանակ կուլ տալու ձայնը ավելի հաճախ է լսվում: Երբեմն երեխաները սկսում են խեղդվել կաթի ուժեղ հոսքից, որի դեպքում կերակրեք կիսապառկած կամ հետ թիկնած դիրքով:
  • Կերակրելու ընթացքում չի լսվում “չփչփացնելու” ձայն, այսինքն երեխան խորն է բռնել կուրծքը, դունչը հպտվում է կրծքին, իսկ շրթունքները ծալված են դեպի դուրս:
  • Առաջին օրերին երեխայի միզելու հաճախականությունը հավասար է երեխայի կյանքի օրերին, սակայն 4-6-րդ օրը թաց տակդիրների թիվը պետք է հասնի 6-8-ի՝ աստիճանաբար հասնելով առնվազն12-ի: Մեզը պետք է լինի բաց գույնի:
  • Չորրորդ օրը երեխայի կղանքը պետք է լինի դեղին կամ կանաչադեղնավուն և թույլ: Մինչև վեց շաբաթական դառնալը երեխայի աղիները պետք է գործեն օրական առնվազն երեք անգամ, իսկ միջինում՝ 6-12 անգամ՝ գրեթե ամեն կերակրելուց հետո:
  • Եթե երեխան լավ է սնվում, ապա երրորդ օրը երեխան պետք է կորցրած լինի ծննդյան քաշի 10 տոկոսից ոչ ավելին, իսկ չորրորդ օրը սկսի վերականգնել քաշը՝ օրական ավելացնելով մոտավորպես 25-30 գրամ: Տասնչորսերորդ օրը երեխան պետք է վերականգած լինի իր ծննդյան քաշը: Միչև վեց ամսական դառնալը երեխան շաբաթական պետք է հավաքի նվազագույնը 125 գրամ:

Երեխայի առաջին օրերի և շաբաթների մասին մանրամասն կարդացեք մեր “Ի՞նչ ակնկալել առաջին շաբաթներին” հոդվածում:

Եթե կա սննդի ծավալի ավելացման հարց, կարելի է երեխային կերակրել նաև լրացուցիչ կթած կաթով: Արհեստական կաթնախառնուրդ կամ այլ հեղուկ պետք է երեխային նշանակել ծայրահեղ դեպքերում: Նորածինների դեղնուկը ինքնին արհեստական կաթնախառնուրդի նշանակման համար բժշկական ցուցում չէ:

 


Ախտաբանական դեղնուկ

Ի տարբերություն ֆիզիոլոգիական դեղնուկի՝ ախտաբանական դեղնուկը ի հայտ է գալիս ծննդաբերությունից հետո առաջին օրերին, տևում է ավելի երկար և ենթադրում է բիլիռուբինի ավելի բարձր մակարդակ: Ախտաբանական դեղնուկի ամենատարածված պատճառն է մոր և երեխայի արյան խմբերի կամ ռեզուսների տարբերությունը: Կան նաև այլ գործոններ, որոնք մեծացնում են ախտաբանական դեղնուկի հավանականությունը, օրինակ՝ երեխայի ժամանակից շուտ ծնվելը, նախորդ երեխաների մոտ դեղնուկը և այլն:

Ախտաբանական դեղնուկները որոշակի միջամտություն են պահանջում բժշկից՝ բիլիռուբինի մակարդակի վտանգավոր աստիճանի բարձրացումը կանխելու համար: Բժիշկը առաջին հերթին պետք է պարզի դեղնուկի պատճառները և նշանակի համապատասխան բուժում:

  • Բիլիռուբինի բարձր մակարդակի դեպքում նշանակվում է ֆոտոթերապիա:
  • Երբեմն, բայց շատ հազվադեպ, կարող է պահանջվել արյան փոխներարկում:
  • Բիլիռուբինի մակարդակը վերահսկվում է ամենաքիչը 24 ժամը մեկ:

Ֆոտոթերապիայի ազդեցությունը կայանում է նրանում, որ մաշկում գտնվող բիլիռուբինը լույսի ազդեցության տակ վերածվում է ջրալույծ իզոմերի, որն անվտանգ է երեխայի համար և օրգանիզմից դուրս է բերվում մեզով և կղանքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ ֆոտոթերապիայի ժամանակ երեխայի սնուցման լավագույն ձևը կրծքով կերակրումն է: Ֆոտոթերապիայի ժամանակ չպետք է դադարեցնել կրծքով կերակրումը: Հարաբերականորեն ցածր բիլիռուբինի դեպքում կարելի է ընդմիջումներ անել, որոնց ընթացքում հնարավոր է կրծքով կերակրել երեխային: Նույնն էլ վերաբերվում է արյան փոխներարկմանը, որից հետո կարելի է կերակրել երեխային:

Ախտաբանական դեղնուկի բուժման ժամանակ կաթնախառնուրդ տալ պարտադիր չէ: Դրա փոխարեն հնարավոր է երեխային կերակրել կթած կաթով՝ զոնդի միջոցով:

 

Ինչու՞ է մայրական կաթը նախընտրելի:

  • Շատ կարևոր է, որ երեխայի առաջին սնունդը լինի մայրական խեժը, քանի որ այն անցումային կերակուր է հանդիսանում ներարգանդային սնուցման ձևից կրծքով սնուցմանն անցում կատարող նորածնի համար: Խեժը հարուստ է վիտամին А-ով, իմունոգլոբուլիններով, աճի գործոններով, ինչպես նաև ունի թուլացնող հատկություն, որն օգնում է երեխայի աղիներին հաճախ գործել՝ օրգանիզմից հանելով բիլիռուբինը:
  • Արհեստական կաթնախառնուրդ ստացող երեխաները ավելի հակված են ունենալ աղիքային ինֆեկցիաներ:
  • Կաթնախառնուրդը եռապատիկ շատ է ծանրաբեռնում երեխայի աղեստամոքսային համակարգը:
  • Մայրական կաթի ցանկացած փոխարինիչ ավելի վատ է մարսվում:
  • Հավանականությունն ավելի մեծ է, որ կաթնախառնուրդը կարող է լինել փչացած, կեղծված կամ սխալ պատրաստված:

Նույնիսկ եթե ստիպված եք կաթնախառնուրդ տալ, մի՛ հուսահատվեք: Մայրական կաթի ամենափոքր քանակն էլ օգտակար է երեխայի համար:

 

Ինչու՞ են հաճախ մորը և երեխային բաժանում իրարից, որը դժվարեցնում է կրծքով կերակրումը

Սովորաբար դա լինում է այն պատճառով, որ երեխան պետք է ֆոտոթերապիա ստանա: Կրծքով կերակրման հակացուցում չկա, կան դժվարություններ, քանի որ երեխան գտնվում է հատուկ լամպերի տակ և դժվար է նրան գրկել ու կերակրելը: Կերակրել հնարավոր է, եթե՝

  • Ֆոտոթերապիայի սարքը տեղադրվում է մոր և երեխայի գտնվելու սենյակում և օգտագործվում են հատուկ միջոցներ՝ BiliBlanket-ներ (բիլի-ծածկոցներ): Այս մեթոդը կիրառվում է, երբ երեխայի բիլիռուբինի մակարդակը թույլ է տալիս, որպեսզի նա չլուսավորվի բոլոր կողմերից:
  • Ցանկացած դեպքում երեխային անհրաժեշտ է կերակրել և դա հնարավոր է անել կթած կաթով:

Եթե երեխային արյան փոխներարկում են արել, ապա սկզբում նա հատուկ վերահսկողության կարիք կունենա, սակայն շուտով նրան հնարավոր կլինի կերակրել կրծքով:

 

Ի՞նչ կարող է անել մայրը, եթե կրծքով կերակրումը հարցականի տակ է դրված

  • Քննարկել իրավիճակը բժշկի հետ:
  • Բարձրաձայնել իր ցանկությունը կրծքով կերակրելու մասին:
  • Հայտնել արհեստական կաթնախառնուրդով կերակրելու մասին իր անհանգստությունները:
  • Հիմնավորել կրծքով կերակրման կարևորությունը՝ հղումներ կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
  • Պնդել, որ հնարավորության դեպքում թույլ տան երեխային կերակրել կրծքով, երբ նա կուրծք է պահանջում: Եթե դա հնարավոր չէ, ապա կերակրել երեխային կթած կաթով՝ գդալից, բաժակից կամ ներարկիչից: Նման ձևով կերակրելը կօգնի խուսափել շշին սովորելուց:
  • Խնդրել բուժանձնակազմին երեխային չկերակրել շշով և չտալ ծծակ:
  • Եթե երեխան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժնում, խնդրել թույլատրել երեխային հաճախ այցելել, շփվել նրա հետ, խոսել, հանգստացնել և գրկել: Երբեմն նման բաժանմունքներում մայրերին թույլատրում են նաև կերակրել:

 

Ժամանակավոր բաժանումը երեխայից

Նման դեպքերում կաթնարտադրության պահպանման համար պետք է կրծքերը կթել երեք ժամը մեկ: Յուրաքանչյուր կուրծքը պետք է կթել 10-15 րոպե՝ անկախ նրանից, թե որքան կաթ է կթվում: Կթած կաթը պահպանելու պայմանների մասին կարդացեք մեր “Ամեն ինչ կթած կաթի մասին” ծավալուն հոդվածը:

Այն պահից սկսած, երբ մորը թույլ կտան կերակրել երեխային, առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել կուրծք բռնելուն. կրծքով կերակրվելու արդյունավետությունից է կախված, թե որքան արագ կվերականգնվի ձեր երեխան:

Եթե մայրը չունի բավարար քանակով կաթնարտադրություն կամ երեխան չի ցանկանում կրծքով կերակրվել, պետք է դիմել կրծքով կերակրման խորհրդատուի, ով կօգնի կազմակերպել կերակրումը և ավելացնել կաթը: Նախքան արհեստական կաթնախառնուրդ տալը՝ համոզվե՛ք , որ դա իրոք անհրաժեշտ է: Հիշե՛ք, որ շատ քիչ են այն դեպքերը, երբ չի կարելի կերակրել կրծքով:

 

Հեղինակ՝ Եկատերինա Դենիսովա, կրծքով կերակրման խորհրդատու

Աղբյուրը՝ http://www.s-meridian.com/parents/breastfeed/icterus.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

Երեխայի հագուստը և սենյակի ջերմաստիճանը
Ինչ անել երբ երեխան հիվանդանում է - քիթ, կոկորդ...