Ես հղի եմ և դեռ կերակրում եմ իմ մանկահասակ երեխային: Պե՞տք է արդյոք նրան կտրել կրծքից:

  • 5
    Shares

10-Benefits-and-Side-Effects-of-Green-Coffee-Bean-Extract6Իմանալ, որ հղի եք չի նշանակում, որ պետք է դադարեցնեք կերակրել ձեր երեխային: Շատ մայրեր որոշում են շարունակել կերակրելը հղիության ընթացքում, իսկ մյուսները որոշում են կտրել: Ստորև ներկայացված ինֆորմացիան կօգնի ձեզ որոշել, թե որն է ձեր ընտանիքի համար ճիշտ որոշումը:

Հարազատները, ընկերները և բժշկության ոլորտի մասնագետները կարող են կասկածել հղիության ընթացքում կերակրելու նպատակահարմարության վրա: Նրանց անհանգստությունը կարող է լինել նաև այն, որ դուք կարող եք վտանգել ձեր դեռևս չծնված երեխայի առողջությունը: Սակայն չկա ոչ մի ապացույց, որ կերակրել շարունակելը կարող է ձեր չծնված երեխային զրկել իրեն անհրաժեշտ սննդանյութերից: Դեռ ավելին, La Leche League International կազմակերպության <<Կրծքով կերակրելու մասին հարցերի գրքի>> 2003թ. երրորդ հրատարակության  407-րդ էջում գրված է՝ <<Չնայած կրծքով կերակրելու ժամանակ արգանդի կծկումներին՝ դրանք հղիության ժամանակ նորմալ երևույթ են: Արգանդի կծկումներ լինում են նաև սեռական ակտի ժամանակ, որը շատ զույգեր շարունակում են ունենալ հղիության ընթացքում:>> Նույն գրքի 408-րդ էջում գրված է՝ <<Ներկայումս չկա ոչ մի բժշկական ուղեցույց, որը կսահմանի, թե որ իրավիճակում կերակրել շարունակելը կարող է ռիսկային լինել, և նախածննդյան մասնագետները շատ տարբեր մոտեցումներ ունեն այս հարցի շուրջ>>:

Հավելյալ հանգստի կարիքը հղիության ընթացքում նորմալ է: Կրծքով կերակրելը կարող է օգնել ստանալ այդ հանգիստը, եթե կերակրեք երեխային պառկած վիճակում: Կարող եք հատուկ մատրաս գցել երեխայի սենյակի հատակին, որը թույլ կտա շարունակել հանգստանալ, երբ երեխան ուտելուց հետո որոշում է խաղալ: Միգուցե երկուսդ էլ մի փոքր ննջեք կերակրելուց հետո:

Որոշ մայրեր հղիության ընթացքում ունենում են զգայուն պտուկներ: Երեխային ճիշտ դիրքավորելը կարող է այս հարցում օգնել: Ճիշտ շնչելը կարող է օգնել հանգստանալ կերակրելիս: Եթե երեխան բավական մեծ է, դուք կարող եք նրան խնդրել կուրծք ուտել ավելի նրբորեն կամ ավելի կարճ, որը կհանգստացնի  պտուկները և կմեղմի անհանգստության զգացումը:

Հղիության ժամանակ կերակրող մայրերը զգում են, որ իրենց կաթը պակասում է հղիության չորրորդ կամ հինգերորդ ամսում: Եթե ձեր կուրծք ուտող երեխան մեկ տարեկանից փոքր է, ուշադիր եղեք, թե ինչպես է նա քաշ հավաքում և համոզվեք, որ բավարար չափով ուտում է: Ձեր կաթի հոտը կարող է փոխվել, որի պատճառով տարիքով ավելի մեծ երեխաները կարող են ավելի քիչ ուտել կամ ընդհանրապես հրաժարվել կրծքից:

Եթե որոշել եք կրծքից կտրել երեխային, ամենաճիշտ ձևը դա աստիճանաբար անելն է: <<Մի առաջարկիր, մի մերժիր>> մոտեցումը աշխատել է շատ մայրերի համար: Փորձեք արդյոք հասկանալ, թե երբ է երեխան կուրծք ուզում և նրա ուշադրությունը շեղեք կամ առաջարկեք որևիցե ուտելիք կրծքի փոխարեն: Մի նստեք այն աթոռին, որում սովորաբար կերակրել եք: Հիշե՛ք, որ մանկահասակ երեխային կրծքից կտրելը կարող է դժվար գործ լինել և երբեմն մոր համար ավելի հեշտ է շարունակել կերակրելը:

Երբ նոր երեխան ծնվում է, կարող է մեծը ցանկանալ փորձել այն կաթը, որը փոքրն է ուտում կամ նորից սկսել կուրծք ուտել: Որոշները կարող են մոռացած լինել, թե ինչպես է պետք ծծել, մյուսները կբողոքեն համից, իսկ երրորդները երջանիկ կլինեն նորից կրծքով կերակրելու կապը զգալով: Եթե չեք ուզում կերակրել մեծ երեխային, առաջարկեք ձեր կաթը բաժակով կամ գդալով:

Եթե շարունակում եք կերակրել հղիության ընթացքում, կարող է ստացվել, որ վերջում կերակրեք և՛ նորածնին, և՛ մեծին: Շատ մայրեր այս տարբերակը, որը կոչվում է տանդեմ կերակրում, լավ տարբերակ են համարում երկու երեխայի կարիքները հոգալու համար:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/bfpregnant.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ինչպես ճիշտ ավարտել կրծքով կերակրելը. ուղեցույց
Մինչև ե՞րբ պետք է երեխային կրծքով կերակրել

  • 5
    Shares