Ե՞րբ է ցանկալի երեխային սկսել տալ հավելյալ սնունդ


Մայրական կաթը միակ սնունդ է, որ առողջ, ժամանակին ծնված  (доношенный) երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը  փոփոխվում է օրվա տարբեր ժամերին եւ երեխայի  տարիքից կախված, այնպես որ յուրաքանչյուր մայր  ունի  այն  կաթը, որը համապատասխանում է իր երեխայի յուրահատուկ կարիքներին: Մայրական կաթն ապահովում է երեխայի համար իմունիտետի տարրեր,  եւ քանի դեռ երեխան կերակրվում է,  երեխայի առողջությանը կրծքով կերակրման տված օգուտները  շարունակվում են ամբողջ մանկության ընթացքում եւ ավելի:

Շատ պինդ սնունդներ ավելի  ցածր կալորիականություն  եւ ցածր սննդային արժեք ունեն, քան մայրական կաթը, եւ կարող են դժվարամարս լինել նորածինների համար: Դրանք կարող են առաջացնել ոչ ցանկալի  ռեակցիա եւ նույնիսկ ալերգիա:  Այս խնդիրներից կարելի է խուսափել սպասելով,  մինչեւ ձեր երեխան պատրաստ լինի  պինդ սննդին: Որոշ ծնողներ սկսում են տալ երեխաներին պինդ սնունդ ավելի վաղ, քան երեխան  պատրաստ է դրան՝ վատնելով ավելորդ  ժամանակ, էներգիա եւ գումար:

Կրծքով կերակրվող երեխաներին պետք չէ տալ լրացուցիչ սնունդ մինչեւ մոտավորապես կյանքի առաջին կես տարվա ընթացքում: Մինչ այդ դուք կտեսնեք որոշ նշաններ, որ ձեր երեխան փոխվում է, զարգանում եւ նախապատրաստվում է  մի քանի ամիս անց պինդ սնունդ ընդունելուն:  Դուք կարող եք նկատել, որ՝

  • նա դառնում է ավելի մարդամոտ, խաղում եւ «զրուցում» ձեզ հետ կերակրման ընթացքում,

  •  նա ունի աճի պոռթկում եւ ավելի հաճախ է սնունդ պահանջում,

  • նա ընդօրինակում է ծամելու ընդունակությունը, նա փորձ է ձեռք բերում:

Դուք կհասկանաք, որ նա, իրոք, պատրաստ է սկսել պինդ սնունդ երբ երեխան՝

  • մոտ վեց ամսական է,

  • կարող է նստել առանց որեւէ աջակցության,

  •  քաղցած է մնում, չնայած ավելի հաճախակի կերակրելուն, ինչը  կապ չունի հիվանդության կամ ատամ հանելու հետ,

  • կորցրել է լեզվով ետ մղելու ռեֆլեքսը եւ պինդ սնունդը բերանից դուրս չի հանում,

  • կարող է բռնել  իրեր ցուցամատով եւ բութ մատով (ունելու էֆեկտ):

Երեխաները, ովքեր պատրաստ են պինդ սննդին, սովորաբար կարողանում են ինքնուրույն ուտել: Մայրերը հաճախ նշում են, որ իրենք հասկանում են, որ իրենց երեխաները պատրաստ են, երբ նրանք վերցնում են սնունդը ափսեից, ծամում, կուլ տալիս եւ ցանկանում  էլի:

Լսե՛ք ձեր երեխային: Ալերգիաներին հակում ունեցող երեխաները կարող են հրաժարվել պինդ սննդից ավելի երկար՝  մինչեւ իրենց առաջին տարին գրեթե լրանալը: Քանի դեռ նրանք աճում են, երջանիկ ու առողջ են, կարիք չկա անհանգստանալու:

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/solids.html

Թարգմանեց՝ Արփինե Սիրեկանյանը


Ուղեցույց հղիների, կերակրող մայրերի և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ
Ինչպես սկսել կտորներով (հավելյալ) սնունդը