- 59Shares
Եթե Ձեր երեխան հանկարծ սկսում է հետ տալ, կամ լուծում է, կամ բողոքում է փորի ցավից, հնարավոր է, որ նրա մոտ աղիքային վարակ է (ինֆեկցիա)՝ գաստրոնէնտերիտ:
Սնունդը և ջուրը, որ օգտագործում ենք, ստերիլ չեն: Միլիարդավոր բակտերիաներ անընդհատ ընկնում են մեր օրգանիզմ, սակայն սովորաբար վնաս չեն հասցնում: Թուքը, ստամոքսահյութը և մեր օրգանիզմում պարունակվող բազմաթիվ “լավ” բակտերիաներ պայքարում են այդ “վատ” բակտերիաների դեմ: Սակայն, չնայած մեր օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմներին, գոյություն չունի որևէ մեկը, ով երբևէ չի հիվանդացել աղիքային վարակիչ հիվանդությամբ:
Վիրուսները աղիքային բորբոքումների հիմնական պատճառն են: Աղիքային վարակները երբեմն պայմանավորված են լինում նաև բակտերիաներով (Shigella, Salmonella, E.coli, Campylobacter, և այլն): Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը հանգեցնում են մարսողության խանգարման և ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման: Աղիքային վարակների տիպիկ ախտանիշը լուծն է. մնացած ախտանիշները՝ սրտխառնոց, փսխում, ստամոքսի ցավ, ջերմություն, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, կարող են հանդիպել, սակայն ոչ միշտ:
Սովորաբար, աղիքային վարակն ինքն իրեն անցնում է 10 օրում՝ առանց դեղամիջոցների: Առաջին մի քանի օրերն ամենադժվարն են, սակայն Դուք կարող եք մի քանի միջոց կիրառել Ձեր երեխային օգնելու համար:
Պետք է հիշել, որ թե՛ լուծը, թե՛ փսխումը մեր օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմներն են, քանի որ դրանց միջոցով է մեր օրգանիզմն ազատվում հիվանդության հարուցիչներից: Այս պատճառով շատ բժիշկներ խորհուրդ չեն տալիս ընդունել դեղամիջոցներ, որոնք կկանգնեցնեն այս պրոցեսները:
Բուժումը
Հեղուկներ
Աղիքային վարակիչ հիվանդությունների բարդությունը գնահատվում է ոչ թե կղանքի հաճախականությամբ, գույնով կամ հոտով, այլ օրգանիզմի ջրազրկման աստիճանով: Բարդության աստիճանը կարող է գնահատել միայն բժիշկը:
Ձեր երեխային շատ հեղուկներ տվեք: Գաստրոէնտերիտի հիմնական վտանգը ջրազրկումն է: Հետ տալու և լուծի արդյունքում Ձեր երեխայի մարմինն ավելի շատ հեղուկ է կորցնում, քան ստանում է: Սա է պատճառը, որ աղիքային վարակի դեպքում Ձեր ամենակարևորը գործը երեխային շատ հեղուկով ապահովելն է:
Սակայն ոչ բոլոր հեղուկներն են օգտակար: Ջուրը լավ է, բայց որոշ դեպքերում կարող է բավարար չլինել: Այն չի պարունակում էլեկտրոլիտներ՝ աղ, շաքար, հանքանյութեր, որոնք Ձեր բալիկը կորցնում է ջրազրկման արդյունքում: Նման դեպքերում բժիշկները կարող են նշանակել ջրազրկման դեմ հատուկ՝ էլեկտրոլիտներով հարուստ հեղուկներ, որոնք վաճառվում են դեղատներում:
Երեխային մի՛ տվեք կովի կաթ: Այն կարող է ավելի վատթարացնել վիճակը: Բարձր թթվայնություն ունեցող հեղուկները, օրինակ նարնջի հյութը կամ կոֆեին պարունակող խմիչքները, կարող են ավելորդ դիսկոմֆորտ ավելացնել երեխայի մոտ: Նույնիսկ “ճիշտ” հեղուկը կարող է ուժգնացնել որձկալը, եթե այն տրվում է միանգամից մեծ քանակությամբ: Երեխային տվեք 1 թեյի գդալ հեղուկ յուրաքանչյուր 4-5 րոպեն մեկ: Հեղուկի ջերմաստիճանը պետք է լինի մարմնի ջերմաստիճանի չափ, որպեսզի այն մաքսիմալ արագ անցնի արյան մեջ:
Կրծքի կաթ
Երբեմն մայրերը կասկածում են, թե արդյոք երեխային կարելի է կրծքի կաթ տալ, եթե նա լուծում է կամ փսխում: Կրծքով կերակրվող երեխաների մոտ կղանքը սովորաբար ավելի թույլ է, քան արհեստական կաթնախառնուրդ կամ պինդ հավելյալ սնունդ ուտող երեխաներինը: Կրծքով կերակրվող երեխաների մոտ լուծ համարվում է 24 ժամում 12-16 անգամ աղիների գործելը, ջրիկ կղանքը և լուծին հատուկ հոտը:
Լուծող կամ փսխող երեխաների դեպքում՝ կրծքով կերակրման խորհրդատուները հետևյալ խորհուրդներն են տալիս՝
- Եթե երեխան ընդհանրապես կարողանում է որևէ բան բերանով խմել կամ ուտել, Ձեր առաջին ընտրությունը պետք է լինի կրծքով կերակրումը: Կրծքի կաթը դյուրամարս է և շատ արագ է մարսվում: Նույնիսկ եթե ձեր երեխան ուտելուց հետո փսխում կամ լուծում է, նա միևնույն է կաթի որոշ մաս կհասցնի մարսել:
- Եթե Ձեր կրծքով կերակրվող երեխան հիվանդ է, կերակրեք ավելի հաճախ: Եթե երեխան հաճախ է փսխում, կարող եք շարունակել հաճախ կերակրել, բայց նաև սահմանափակել կերակրման տևողությունը: Մեկ այլ տարբերակ է մի թեթև կթել կրծքերը կերակրելուց առաջ կաթի հոսքը դանդաղեցնելու համար:
Հիշեք. եթե լուծող և փսխող երեխան կրծքով կերակրվում է ըստ պահանջի, նրա ջրազրկվելու հավանականությունը շատ ցածր է:
Պինդ սնունդ
Դանդաղ ներմուծեք պինդ սնունդը: Երբ Ձեր երեխան արդեն կարողանում է խմել և հետ չտալ, կարող եք ներմուծել պինդ սնունդ: Սկսե՛ք բանանից, բրնձից, խնձորի խյուսից: Երբ Ձեր երեխան սկսում է լավ մարսել այս ուտելիքները, կարող եք անցնել անյուղ մսի և եփած բանջարեղենի: Հավով ապուրը ևս կարող է լավ տարբերակ լինել: Երեխային մի՛ տվեք տապակած, յուղոտ, կծու կամ շատ թթու սնունդ:
Դեղամիջոցներ
Գաստրոէնտերիտի լավագույն “դեղամիջոցը” ժամանակն է: Ձեր մոտ կարող է մեծ ցանկություն առաջանալ դեղերի միջոցով թեթևացնել երեխայի վիճակը, սակայն փորձեք զսպել Ձեզ: Դեղամիջոցները կարող են էլ ավելի վատթարացնել վիճակը: Փսխումը և լուծը օգնում են երեխայի օրգանիզմին պայքարել վարակի դեմ: Պարզապես համոզվեք, որ երեխան չի ջրազրկվում: Երեխային տվեք մանկական ջերմիջեցնող միջոց՝ պարացետամոլ կամ իբուպրոֆեն, միայն, եթե նա բարձր ջերմում է:
Հիշեք. հակաբիոտիկները չեն կարող օգնել հաղթահարել հիվանդությունը, եթե դրա հարուցիչը վիրուսն է: Լուծի և փսխումների դեմ միջոցները կարող են երկարացնել ինֆեկցիայի տևողությունը:
Երբ դիմել բժշկի
Դիմեք բժշկի, եթե երեխայի մոտ լուծը կամ փսխել մի քանի օրից չեն անցնում կամ եթե նկատում եք ջրազրկման հետևյալ նշանները՝
- Մեզի բացակայություն
- Բերանի չորություն (թուքի բացակայություն)
- Լաց առանց արցունքների
- 38.5 C0-ից բարձր ջերմություն
- Էներգիայի պակաս
- Կամակորություն
- Երեխայի գաղթունը ներս է ընկել
- Կղանքի կամ փսխածի պարունակության մեջ կա արյուն կամ թարախ, կամ երեխայի կղանքը շատ մուգ է կամ ձյութանման է
- Երեխան ունի այլ խնդիրներ, օրինակ շաքարախտ, որոնք կարող են ջրազրկման հավանականությունը:
Կանխարգելումը լավագույն բուժումն է
Աղիքային վարակների կանխարգելման միջոցներն են՝
- Պարտադիր լվացեք ձեռքերը օճառով և տաք ջրով զուգարանից օգտվելուց հետո, տադկիրը փոխելուց հետո, սնունդ պատրաստելուց և՛ առաջ, և՛ հետո:
- Ուտելուց առաջ լավ լվացեք մրգերը և բանջարեղենը: Լավ եփեք միսը: Լավ լվանալը և եփելը կօգնեն խուսափել բակտերիաներով պայմանավորված աղիքային վարակներից:
- Եթե լուծը չի անցնում, կամ կղանքի մեջ արյուն կա, կամ եթե ձեր երեխան վերջերս այլ երկրներ է այցելել, Ձեր բժիշկը կարող է նշանակել բժշկական հետազոտություններ: Եթե հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ աղիքային վարակը բակտերիալ պայմանավորվածություն ունի, բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ:
* Ավելացված է թարգմանչի կողմից
Աղբյուրը՝ https://www.webmd.com/children/features/the-truth-about-stomach-flu#1; http://articles.komarovskiy.net/kishechnye-infekcii.html
Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը
Խմբագրեց՝ Անի Բաղդասարյանը
- 59Shares