Երեխայի գաղթունը


test

Երեխայի գլուխը կազմված է 7 ոսկորից գանգի հատվածում և 14 ոսկորից` երեսի հատվածում: Այն հատվածները, որտեղ գանգի ոսկորները կպնում են իրար, կոչվում են գանգի կարաններ: Ծնվելուց առաջ ոսկորները դեռ ամուր կպած չեն իրար, քանի որ գանգային կարանները դեռ ճկուն են: Այս ճկունության շնորհիվ երեխայի գլուխը կարողանում է դուրս գալ ծննդաբերության խողովակով: Ծնվելուց երեխայի գլուխը իր ամենամեծ օրգանն է, և ոսկորների տեղաշարժ լինելը թույլ է տալիս ժամանակավորապես փոքրացնել այն: Երեխան, որը շատ ժամանակ է մնում խողովակի մեջ, կարող է ձվաձև գլուխ ունենալ, սակայն այն նորից կդառնա կլոր ծնվելուց հետո մի քանի շաբաթվա մեջ:

Բացի այդ, ճկունության շնորհիվ ուղեղը կարողանում է աճել ծնվելուց հետո և դրանով ընդլայնել գանգը, որն ինքնուրույն աճելու ունակություն չունի: Ժամանակի ընթացքում հանքային նյութերը ավելացվում են կարաններին, որոնք պնդանում են և ոսկորներն իրար ամուր կապում:

Երեխայի գլխի վրայի փափուկ հատվածները կոչվում են գաղթուններ: Երեխան ունի վեց գաղթուն, որից երկուսն են շոշափելի՝ առաջնայինը և հետինը և չորս հատ կողքերը, որից երկուսը դիմացի հատվածում և երկուսը՝ հետևում: Ռոմբի ձև ունեցող առաջնային գաղթունը գտնվում է երկու գագաթոսկրերի և երկու ճակատոսկրերի միացման հավածում և ամենամեծն է:

Ուշադիր եղեք ձեր երեխայի առաջնային գաղթունի հանդեպ: Այն կարող է կարևոր ինֆորմացիա տալ երեխայի առողջության վերաբերյալ:

Գաղթունը պետք է լինի ձիգ, շատ թեթևակի ներս ընկած: Երբ երեխան պարկած է, լացում է, հազում, կամ հետ է տալիս, գաղթունը կարող է դուրս եկած լինել, բայց այն պետք է վերադառնա իր սովորական դիրքին, երբ երեխան լինի հանգիստ և նստած:

Թեև գաղթունը շատ փխրուն է թվում, և շատ ծնողներ վախենում են այն ձեռք տալ, կամ վախենում են, որ տան փոքր երեխաները կարող են այն ծակել, սակայն վախենալու կարիք չկա: Գաղթունը ծածկված է ամուր ֆիբրոզային հյուսվածքով, որը նրան պաշտպանում է և մեղմ ձեռք տալով կամ թեթևակի սղմելով հնարավոր չի այն ծակել կամ տակի ուղեղը վնասել: Դուք պետք է գաղթունին վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերվում եք գլխի այլ հատվածներին: Եթե պատահաբար գաղթունը շատ է սղմվել, ապա հետևեք երեխային: Եթե նա ձեզ թվա շատ քնկոտ, բժժած և ալյն, ապա անհապաղ դիմեք ձեր մանկաբույժին:

Գաղթունի չափը

Նորմալ հետին գաղթուն
Ծննդյան պահին հետին գաղթունը 0,5-0,7 սմ է: Սովորաբար այն ամբողջովին փակվում է մինչև երեխայի 2 ամսականը:

Նորմալ առաջնային գաղթուն
Նորմալ առաջնային գաղթունի գլխավոր հատկությունն այն է, որ այն տարբեր է: Ծնվելուց հետո երեխայի գաղթունը կարող է լինել 0,6 – 3,6 սմ, միջինում 2,1 սմ: Գաղթունի չափը կարող է տատանվել էթնիկական խմբերի միջև: Օրինակ, սևամորթ երեխաների գաղթունը ավելի լայն է (1,4 – 4,7 սմ): Վաղաժամ և ժամանակին ծնված երեխաների առաջնային գաղթունները հավասարվում են, երբ վաղաժամ ծնված երեխաները հասնում են իրենց թեորապես ծվնելու ժամանակին:

Երբ է փակվում գաղթունը

Կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում առաջնային գաղթունը սովորաբար լայնանում է, հետո նոր սկսում փակվել: Միջինում գաղթունը փակվում է 13,8 ամսականում: 1 տոկոս երեխաների մոտ առաջնային գաղթունը փակվում է մինչև 3 ամսականը, 38 տոկոսի մոտ` մինչև 12 ամսականը, 96 տոկոսի մոտ` մինչև 24 ամսականը: Առաջնային գաղթունը ավելի շուտ է փակվում տղաների, քան աղջիկների մոտ: Գաղթունի սկզբնական չափը չի կարող կանխագուշակել փակման ժամանակը:

Գաղթունի շուտ փակվելը (նույնիսկ 3 ամսականում) կարող է լինել նորմալ, բայց կարող է նաև վտանգավոր լինել, քանի որ այն կարող է չթողնել, որպեսզի ուղեղը աճի: Այս դեպքում պետք է ուշադիր հետևել գլխի աճին: Եթե գաղթունը փակ է, բայց գլուխը շարունակում է ճիշտ մեծանալ, ապա խնդիր ունենալու հավանականությունը շատ փոքր է: Եթե պարզվի, որ գլուխը չի մեծանում, ձեր բժիշկը միջոցներ կառաջարկի հետագա խնդիրները կանխելու համար:

Եթե գաղթունը 2 տարեկանում չի փակվում, խոսեք ձեր բժիշկի հետ: Ուշ փակվելը շատ հաճախ լինում է վիտամին D-ի և կալցիումի պակասից և արտահայտվում է ռախիտի դեպքում:

Գաղթունի մեծ կամ փոքր լինելը

Առաջնային գաղթունի չափը արտացոլում է ուղեղի աճի և գանգի միջև գոյություն ունեցող բալանսը: Գաղթունի մեծ կամ փոքր լինելը կարող է խնդիր չլինել, եթե գանգի չափերը համապատասխանում են երեխայի տարիքին:

Առաջնային գաղթունը սպասվածից ավելի փոքր կարող է լինել օրինակ միկրոցեֆալիայի (փոքրագլխություն) դեպքում, ուղեղի թերզարգացվածության և այլ խնդիրների դեպքում, որոնց ժամանակ ուղեղը դանդաղ է աճում: Բացի այդ, առաջնային գաղթունի չափը կարող է արտացոլել ոսկրային խնդիրները: Վահանագեղձի հորմոնները մասնակցում են ոսկորների աճին և, օրինակ, հիպերթիրեոզի դեպքում ոսկորների աճը կարող է ավելի արագ լինել, և առաջնային գաղթունը փոքր լինel: Բացի այս նշվածները, դաունի սինդրոմը, ախոնդրոպլազիան, վիտամին D-ի պակասը և բազում այլ բժշկական խնդիրներ կարող են ազդել չափի վրա: Եթե ձեզ թվում է, որ երեխայի գաղթունը չափից շատ մեծ կամ փոքր է, խոսեք ձեր բժիշկի հետ: Ամենայն հավանականությամբ դուք անհանգստանալու կարիք չեք ունենա, քանի որ լուրջ խնդիրները հաճախ նկատելի են նորածնի մոտ:

Դուրս և ներս ընկած գաղթուն

Գաղթունի դուրս կամ ներս ընկած լինելն արտացոլում է գլխում հեղուկի քանակը: Ներս ընկած գաղթունը հեղուկի պակասի նշան է, դուրս եկած գաղթունը` հեղուկի ավելցուկի, ինչի հետևանքով գանգում ճնշումը բարձրանում է: Հաճախ դա լինում է մենինգիտի, էնցեֆալիտի, հիդրոցեֆալիայի, վնասվածքների (թափահարված երեխայի սինդրոմ) և այլ խնդիրների պատճառով: Ինչպես նշվեց վերևում, դուրս եկած գաղթունը կարելի է նկատել, երբ երեխան պարկած է, կամ լացում է և այլն, բայց այս դեպքերում, երբ երեխան հանգստանա, կամ նստի, գաղթունը պետք է նորից թեթևակի ներս ընկնի: Եթե դուք նկատեք, որ երեխայի գաղթունը դուրս եկած է, հատկապես, եթե այդ պահին երեխան ջերմություն ունի և հիվանդ է, անհապաղ պետք է դիմել բժիշկի:

Ներս ընկած գաղթունը ջրազրկման և թերսնման նշան է: Խոսեք ձեր բժիշկի հետ, հատկապես, եթե երեխան այդ պահին փորլուծություն ունի, լավ չի սնվում կամ հաճախակի է փսխում:

Արդյո՞ք նորմալ է երբ առաջնային գաղթունը բաբախում է

Այո, դա ուղղակի արյան զարկերակն է, որն անցնում է գաղթունի տակով: Անհանգստանալու կարիք չկա: Ի դեպ, գաղթուն բառը ծագում է ֆրանսերեն fontaine բառից և կարող է թարգմանվել փոքր առու:

Ինչ է պետք է հիշել

1 – Առաջնային գաղթունը կարող է շատ տարբեր չափեր ունենալ
2 – Նորմալ գաղթունը լինում է փափուկ և թեթևակի ներս ընկած
3 – Շատ ներս ընկած գաղթունը ջրազրկված լինելու նշան է
4 – Դուրս եկած գաղթունը գանգում բարձր ճնշման նշան է և բժիշկի խորհրդատվություն է պահանջում, բացառությամբ, եթե այն նկատվում է լացող, հազացող, պարկած երեխայի մոտ:
5 – Գաղթունի չափը պետք է համեմատել գանգի չափի հետ
6 – Խնդիրների գերակշռող մասը երևում է նորածնի ֆիզիկական տեսքից

Թարգմանեց և մշակեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Մելանիե Մելքոնյանին օգնության համար:

Աղբյուրներ` http://www.aafp.org/afp/2003/0615/p2547.html
http://contemporarypediatrics.modernmedicine.com/contemporary-pediatrics/content/tags/cerebrospinal-fluid-dynamics/evaluating-fontanels-newborn-skull?page=full
http://www.drgreene.com/qa-articles/anterior-fontanel-soft-spot/

Դիսբակտերիոզը կրծքով կերակրվող երեխաների մոտ
"Կույս" մարսողական համակարգը