Երեխայի հագուստը և սենյակի ջերմաստիճանը


12962644_948189801966093_1514923035_oՍովորաբար, ծնողներն առաջնահերթ ուշադրություն են դարձնում երեխայի չմրսելուն: Եթե համաձայն ցուցումների ծննդատան նորածնի պալատի սենյակի օդի ջերմաստիճանը չպետք է լինի 22°С-ից ցածր, ապա նորաթուխ ծնողները կանեն ամեն ինչ, որպեսզի հետագայում էլ երեխայի սենյակի ջերմաստիճանը դրանից ցածր երբեք չդառնա: Ցրտից սարսափած՝ նրանք երբեմն մոռանում են, որ երեխայի մարմնի ջերմաստիճանի կարգավորման մեխանիզմի անկատար լինելը վերաբերվում է ոչ միայն գերսառեցմանը, այլ նաև գերտաքացմանը:

Նորածնի մոտ նյութափոխանակությունը շատ ինտենսիվ է և ուղեկցվում է ջերմության զգալի արտադրությամբ: Այդ ջերմությունից երեխային պետք է ազատվել, որը նա կարող է անել երկու ճանապարհով՝ թոքերի և մաշկի: Մարդու կողմից ներշնչվող օդը հասնելով թոքերին տաքանում է, և եթե երեխան ներշնչում է 18°С տաքության օդ, ապա արտաշնչում է՝ 36,6°С տաքության: Ընդ որում, եթե ներշնչվող օդի ջերմաստիճանը 23°С է, ապա ջերմության կորուստը մարմնի կողմից նվազում է, քանի որ երեխան այն ստիպված ավելի քիչ է տաքացնում: Սակայն երեխային անհրաժե՛շտ է ջերմություն կորցնել: Եթե թոքերի օգնությամբ դա անել չի հաջողվում, ապա երեխան ակտիվացնում է երկրորդ ճանապարհը և սկսում է մարմնի ավելորդ ջերմությունից ազատվել մաշկի միջոցով: Այս դեպքում նա սկսում է քրտնել, որը ոչ միայն թաց է, այլ նաև աղի, որը նշանակում է, որ երեխան կորցնում է իր մարմնի ջրի և աղի պաշարները: Նույնիսկ թեթև ջրազրկումը ազդում է մարմնի բոլոր համակարգերի և օրգանների աշխատանքի վրա:

Չափազանց կարևոր է չշփոթել “երեխան մրսում է” և “երեխայի շնչած օդի ջերմաստիճանը” հասկացությունները: Երեխայի սենյակի օպտիմալ ջերմաստիճանը 18-19°С է: Եվ որքան ավելի բարձր, այնքան ավելի վատ: Այս կանոնը պետք է սկսի աշխատել ոչ թէ հինգ կամ տաս տարեկանում, այլ ծնված օրվանից:

Հիշե՛ք. ավելի լավ է գերսառեցնել, քան գերտաքացնել:

Նորածնի մարմնի ջերմակարգավորման հարցը կարող է լուծվել երկու ձևով՝ կարգավորելով երեխայի սենյակի օդի ջերմաստիճանը և երեխայի հագուստը:

a

Տարածության/սենյակի օդի ջերմաստիճանը

Ամեն կողմից լսում ենք՝ “18°С-ը ցուրտ է:” Հատկապես մեր երկրում գրեթե բոլոր մեծահասակները համոզված են, որ երեխաները շատ զգայուն են ցրտի նկատմամբ, և եթե մայրը և հայրը մրսում են, ապա երեխան նրանցից շատ է մրսում: Իրականում ճիշտ հակառակն է: Ճիշտ հագնվելու դեպքում երեխաների մեծ մասի համար 18 °С ամենահաճելի ջերմաստիճանն է: Ինչպես արդեն նշել ենք, սա պայմանավորված է նրանով, որ երեխան մի քանի անգամ ավելի շատ ջերմություն է արտադրում քան մայրը և հայրը, և որքան երեխան փոքր է, այնքան այս պնդումը ճիշտ է: Եթե մայրը և հայրը մրսում են, ապա երեխան իրեն նորմալ է զգում, եթե մայրը և հայրը շոգում են, ապա երեխան շատ է շոգում:

Սա չի նշանակում, որ երեխան պետք է մրսի: Պարզապես տաք հագցրեք: 18 °С-ի դեպքում երեխային դժվար է գերտաքացնել, քանի որ նա միշտ կկարողանա ազատվել մարմնի ավելորդ ջերմությունից՝ տաքացնելով ներշնչվող և արտաշնչվող օդը: Եթե երեխան այն տարիքում է, երբ կարող է արդեն խոսքով բացատրել իրեն հուզող խնդիրները, լսեք նրան. եթե շոգում է, ավելի թեթև հագցրեք, եթե մրսում է ՝ ավելի տաք:

Շատ են քննարկումները այն մասին, թե շոշափելիս ինչպիսի տաքության պետք է լինեն երեխայի մարմնի որոշ մասեր՝ քիթը, ձեռքերը, ոտքերը, ականջները և այլն: Ճիշտ չէ, երբ երեխայի սառնոտ և գունատ ոտքի թաթերը դիտարկվում են որպես մրսելու կամ հիվանդանալու նշան: Ահա՛, թե ինչու:

Երբ այն տարածությունում, որտեղ գտնում է առողջ երեխան, ցուրտ է, նրա մարմինը նվազեցնում է ջերմության կորուստը: Ջերմության կորսուտը երեխայի մարմինը նվազեցնում է մաշկի արյան անոթները նեղացնելով, որի արդյունքում նվազում է արյան շրջանառությունը և մաշկը շոշափելիս սառն է թվում: Սա նշանակում է, որ երեխայի մոտ ջերմափոխանակությունը ճիշտ է ընթանում: Եթե սենյակում 18°С է, իսկ տկլոր երեխայի ոտքի թաթերը տաք են և վարդագույն, ապա սա կարող է նշանակել, որ նա ջերմություն պահել չի կարողանում:

Ամենալավ մեթոդը հասկանալու համար, թե արդյոք երեխան մրսում է կամ շոգում, նրա մաշկին հետևելն է: Մաշկը պետք է լինի բաց վարդագույն: Կարմիր մաշկը նշանակում է, որ երեխան գերտաքացել է: Երեխայի մարմնի ջերմաստիճանը ստուգելու համար ձեր ափը դրեք նրա վզի հետևի մասում՝ մի փոքր ներքև: Այն պետք է տաք լինի: Եթե զգում եք, որ մաշկը չափից շատ տաք է կամ քրտնել է, հանեք մի շերտ հագուստ կամ ծածկոց: Մի անհանգստացեք, եթե երեխայի ձեռքերը և ոտքերը սառնոտ են, դա նորմալ է:

Առողջ երեխայի առանձնահատկությունն այն է, որ նա շատ լուրջ արձագանքում է ցրտին՝ բարձր գոռում է, շարժվում է, լաց է լինում և այլն: Եթե ձեր երեխան հանգիստ քնել է, ապա նա չի մրսում:

Միջանցիկ քամին (сквозняк): Հետաքրքիր է, թե ինչու են մարդիկ մտածում, որ բնության կողմից ստեղծված այս երևույթը կարող է վտանգավոր լինել որոշ կենսաբանական տիպերի համար: Պետք չէ չարաշահել, սակայն միջանցիկ քամուց վախենալ էլ պետք չէ: Ծննդատնից վերադառնալուց հետո շատ ուշադրություն մի դարձրեք այն բանի վրա, թե արդյոք երեխայի սենյակի դուռը բաց է կամ փակ: Առողջության տեսանկյունից կապ չունի, թե որտեղ է տեղադրված երեխայի մահճակալը և արդյոք դրա ուղղությամբ պատուհանից օդ է փչում: Միջանցիկ քամին կարող է կարևոր լինել հինգ տարեկան բալիկի համար, որը մինչև օրս միջանցիկ քամու հետ չի առնչվել: Նորածնի համար դա շատ ավելի քիչ կարևորություն ունի:

a

Հագուստը

Երեխայի հագուստ կախված է նրանից, թե ինչ ջերմաստիճան է այն տարածությունում, որտեղ նա գտնվում է: Եկեք դիտարկեն երկու աղյուսակ փոքր և ավելի մեծ տարիքի երեխաների հագուստի վերաբերյալ: Այս աղյուսակները կանոն չեն, բայց կարող են օգնել կողմնորոշվել, թե ինչպես կարելի է հագցնել տարբեր տարիքի երեխաներին օդի տարբեր ջերմաստիճանի պայմաններում:

ԻՆՉՊԵՍ ՀԱԳՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ
ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸՀԱԳՈՒՍՏԸՀԱԳՈՒՍՏԻ ՇԵՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ
16-17 °СԲամբակյա ներքնազգեստ, բրդյա կամ հաստ կտորից շրջազգեստ, զուգագուլպաներ կամ վարտիք/կիսավարտիք և վերնաշապիկ, բլուզ, զուգագուլպաներ, կոշիկ կամ տաք հողաթափեր3-4
18-20 °СԲամբակյա ներքնազգեստ, բարակ բրդյա կամ բամբակյա շրջազգեստ կամ վարտիք/կիսավարտիք և շապիկ, զուգագուլպաներ, կոշիկ2-6
21-22 °СԲամբակյա ներքնազգեստ, բարակ կարճաթևք բամբակյա շրջազգեստ կամ կիսավարտիք և կարճաթևք շապիկ, կիսագուլպաներ, կոշիկ կամ ամառային կոշիկ2
23 °С և բարձրԲարակ կարճաթևք բամբակյա շոր կամ կիսավարտիք և կարճաթևք շապիկ (կամ առանց հագուստի), կիսագուլպաներ, ամառային կոշիկ1-2
"Гигиенические Требования К Одежде Детей. Методические Указания." Заместитель Главного государственного врача СССР, 30 сентября 1981 г. N 2452-81
© ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՍԵՆՅԱԿ www.kksenyak.am Կրծքով կերակրելու սենյակ

 

Քնելուց երեխային գլխարկ մի հագցրեք, քանի որ նրանք նաև գլխի միջոցով են ազատվում մարմնի ավելորդ ջերմությունից: Երեխային հագցրեք 100% բամբակյա շորեր, քանի որ արհեստական կտորները չեն թողնում մարմնին շնչել և կարող են գերտաքացման պատճառ դառնալ: Նույնը վերաբերվում է ծածկոցներին և քնապարկերին:

Գարնանային, ամառային և աշնանային սեզոններին երեխաներին հագցնելիս կարող եք կողմնորոշվել հետևյալ աղյուսակով՝

ԻՆՉՊԵՍ ՀԱԳՑՆԵԼ ՆՈՐԱԾՆԻՆ ՔՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ
ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՀԱԳՈՒՍՏԸ ՀԱԳՈՒՍՏԻ ՇԵՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Ցուրտ՝ 16 °С և ցածրԵրեխային քնեցնելուց առաջ տաքացրեք սենյակը: Եթե չեք կարող, երեխային հագցրեք ներքնազգեստ, բամբակյա գիշերանոց, 2.5 ջերմության քնապարկ կամ 2 ծածկոց և գուցե մեկ ծածկոց էլ վրայից:4-5
Օպտիմալ` 16-20 °СԵրեխային հագցրեք ներքնազգեստ և գիշերանոց: Եթե ջերմաստիճանը 20 °С է, կարող եք երեխային դնել 1 ջերմության քնապարկի մեջ կամ ծածկել բարակ ծածկոցով, իսկ եթե 16 °С է, ապա դրեք 2.5 ջերմության քնապարկի մեջ կամ ծածկեք երկու բարակ ծածկոցներով: Մի քանի շերտ ծածկոցով ծածկելու դեպքում ավելի հեշտ է դառնում երեխայի հագուստը ըստ ջերմաստիճանի տատանումների կարգավորելը:3-4
Շատ տաք` 20-24 °СԵրեխային հագցրեք ներքնազգեստ կամ բոդի և կարող եք դնել 0.5 կամ 1 տաքության քնապարկում կամ ծածկել բարակ ծածկոցով:2-3
Շատ շոգ`24 °С և բարձրԵթե երեխան սենյակում է գտնվում, սառեցրեք սենյակի օդը: Երեխային ներքնազգեստ հագցրեք և ծածկեք բարակ սավանով:1-2
http://www.babies.co.uk/sleeping/a/getting-the-temperature-right/
© ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՍԵՆՅԱԿ www.kksenyak.am logo-e1426174636723

Հիշե՛ք. հագուստը միշտ ավելի քիչ նշանակություն ունի, քան օդի ջերմաստիճանը:

a

Հեղուկներ

Երեխայի խմելու ցանկությունը ևս մեկ նշան է, որ նա շոգում է: Երեխային անհրաժեշտ հեղուկի քանակը որոշվում է նրանով, թե որքան հեղուկ է նա կորցնում: Օրգանիզմը հեղուկ կորցնում է խոնավեցնելով արտաշնչվող օդը և քրտնելով: Որպես կանոն, երեխան, որը կրծքով է կերակրվում, հավելյալ ջրի կարիք չունի, սակայն նա կարող է հավելյալ հեղուկի՝ կրծքի կաթի կամ ջրի պահանջ ունենալ, եթե նա չափից շատ հեղուկ է կորցնում գերտաքացման արդյունքում: Հիշե՛ք. ցանկալի է երեխայի մարմնի ջերմակարգավորման հարցը լուծել նրան ավելի թեթև հագցնելով և սենյակի օդի ջերմաստիճանը ու խոնավությունը ճիշտ կարգավորելով, քան շատ հեղուկ տալով, քանի որ քրտինքով երեխայի օրգանիզմից դուրս են գալիս նաև օգտակար շատ նյութեր:

Ամեն դեպքում, հավելյալ հեղուկի կամ ջրի խնդիրը երկրորդային է: Նման խնդիր ուղղակի չի լինի, եթե երեխայի գտնվելու տարածքում ապահովեք ճիշտ ջերմաստիճան՝ 18-19 C° և ճիշտ խոնավություն՝ 50–60%: Եթե սենյակի ջերմաստիճանը չի գերազանցում 20°С, երեխային դժվար է համոզել հավելյալ հեղուկ խմել: Առողջ երեխայի ջուր խմելու ցանկությունը ձեզ կհուշի, թե արդյոք նա շոգում է: Եթե առողջ է, բայց շատ ջուր է խմում, ուրեմն գերտաքացման խնդիր կա: Եթե հրաժարվում է ջրից, ուրեմն դրա կարիքը չունի:

a

Հաճախ տրվող հարց. Երեխաս շատ է քրտնում: Արդյո՞ք դա հիվանդության նշան է:

Քրտնարտադրության համար պատասխանատու է երեխայի վեգետատիվ նյարդային համակարգը, որը կարգավորում է արյան շրջանառության, շնչառության, մարսողության, մարմնի ջերմաստիճանի և այլ համակարգերի համար պատասխանատու օրգանների աշխատանքը: Երեխաների մոտ վեգետատիվ նյարդային համակարգը լավ չէ զարգացած, ինչպես նաև վերջնական ձևավորված չեն քրտնագեղձերը, որոնք սկսում են ակտիվ “աշխատել” 3–4 շաբաթականից, իսկ վերջնական ձևավորվում են 4–5 տարեկանում: Այս պատճառով երեխան որոշ մակարդակից բարձր օդի ջերմաստիճանին դեպքում ունենում է ուժեղ քրտնարտադրություն, և դա նորմալ է:

a

Ուժեղ քրտնարտադրությունը կարող է մի քանի պատճառներ ունենալ.

Արդյո՞ք ձեր բալիկը ունի կամ վերջերս ունեցել է բարձր ջերմություն: Մարմնի բարձր ջերմության ժամանակ քրտնարտադրությունը երեխային օգնում է կարգավորել այն, սակայն քրտնարտադրությունը կարող է շարունակվել մարմնի ջերմության կարգավորումից մի առ ժամանակ հետո: Նման դեպքերում բավարար է երեխայի հիգիենան ապահովելը:

Գուցե չափից տաք եք հագցրել կամ բարուրե՞լ: Շատ ծնողներ մտածում են, որ իրենց երեխան չափազանց փխրուն է և նրան պետք է ամեն ինչից պաշտպանել: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս երեք շաբաթականից սկսած երեխային հագցնել այնպես, ինչպես ծնողներն են հագնվում, իսկ որոշ մանկաբույժներ գտնում են, որ ակտիվ երեխաներին էլ ավելի թեթև է պետք հագցնել: Շատ երեխաներ քրտնում են գիշերը: Գիշերը երեխայի սենյակի օդի ջերմաստիճանը կարգավորեք այնպես, որ այն չլինի +20°C-ից բարձր, իսկ օդի խոնավությունը լինի 50–60%:

Մեծ հուզումներ: Նույնիսկ մեծահասակների մոտ ձեռքերը կարող են քրտնել, երբ նրանք չափից շատ հուզված են: Երեխաները ավելի զգայուն են և ավելի շատ են հուզվում՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով: Նման դեպքերում նրանց մոտ կարող են քրտնել վիզը և գլուխը, այլ ոչ թե ձեռքի ափերը: Նմանապես, հոգնածությունը և քիչ քունը ևս կարող են քրտնարտադրության պատճառ դառնալ, քանի որ երեխան գերհոգնում է:

Գիշերը երեխայի վիզը և գլուխը շատ են քրտնում: Հիշեք, որ նորածինները այնքան չեն շարժվում քնած ժամանակ, որքան մեծահասակները: Նրանց գլուխները սովորաբար նույն դիրքում և բարձի նույն հատվածում են մնում, որի արդյունքում կարող են գերտաքանալ և քրտնել:

Երեխայի գլուխը քրտնում է կրծքով կերակրելիս: Շատ մայրեր գերադասում են երեխային կերակրել դասական օրորոցի դիրքում, որի դեպքում մայրը բռնում է երեխայի գլուխը նույն դիրքում: Ձեր ափը կամ դաստակը հավելյալ տաքացնում է երեխայի գլուխը: Բացի դրանից, հիշեք, որ կերակրելիս երեխայի մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մոր մարմնին և հագուստին հպվելու արդյունքում, ինչպես նաև նրանից, որ ծծելիս ինտենսիվ աշխատում են երեխայի դեմքի և վզի գրեթե բոլոր մկանները:

Արդյո՞ք քրտնարտադրությունը հիվանդության նշան է: Քրտնարտադրության ավելի լուրջ պատճառները բավական հազվադեպ երևույթ են:

Ռախիտ կասկածել կարելի է, եթե՝

  • քրտնարտադրությունը ուժեղանում է քնած ժամանակ, հատկապես քրտնում է դեմքը և գլխի մազածածկույթ ունեցող հատվածը,
  • քրտնարտադրությունը ուժեղանում է մարմնի ցանկացած լարվածության դեպքում, նույնիսկ երբ գործում են երեխայի աղիները: Սովորաբար երեխայի մոտ հաճախանում են փորկապության դեպքերը,
  • երեխայի քրտինքը թթվածի հոտ ունի, գլխի մաշկը գրգռվում է, և նա սկսում է գլուխը քորել բարձի վրա,
  • երեխան շատ անհանգիստ է, դյուրագրգիռ, վեր է թռնում նույնիսկ ցածր ձայներից և ուժեղ լույսի դեպքում, քունը դառնում է անհանգիստ:

Ներվային համակարգի հետ կապված խնդիրներ կարելի է կասկածել, եթե՝

  • երեխան քրտնում է առանց որևէ լուրջ պատճառի և շատ ուժեղ,
  • քրտնում են մարմնի առանձին մասերը, օրինակ՝ ճակատը կամ ձեռքի ափերից մեկը,
  • քրտնած երեխայից սուր և տհաճ հոտ է գալիս,
  • քրտինքը փոխում է խտությունը՝ դառնում ավելի խիտ, կպչուն, կամ, ընդհակառակը՝ ջրիկ և շատ:

Մի փորձեք ինքներդ երեխայի մոտ ախտորոշել որևէ հիվանդություն, քանի որ վերոհիշյալ քրտնարտադրության հետ կապված խնդիրները կրող են բացարձակ այլ, երբեմն նույնիսկ կենցաղային պատճառներ ունենալ: Հիվանդության ախտորոշում կարող է անել միայն համապատասխան բժիշկը: Ցանկացած հիվանդության ախտորոշում պետք է հիմնված լինի հետազոտությունների արդյունքների, այլ ոչ թե միայն քրտնարտադրության հիման վրա կատարված ենթադրություններ վրա: Որևէ լուրջ հիվանդություն կասկածելուց առաջ համոզվեք, որ երեխայի քրտնարտադրությունը պայմանավորված չէ նրա սենյակի օդի ջերմաստիճանի, խոնավության կամ հագուստի սխալ կարգավորմամբ:

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Աղբյուրները՝ http://www.boldsky.com/pregnancy-parenting/baby/2014/four-reasons-your-baby-head-is-sweating-040277.html; http://articles.komarovskiy.net/odevanie.html; http://www.babies.co.uk/sleeping/a/getting-the-temperature-right/; http://www.komarovskiy.net/knigi/vozdux-v-detskoj-komnate.html; http://www.aif.ru/health/children/pochemu_rebenok_silno_poteet

 


Ի՞նչ է ականջի բորբոքումը
Դեղնուկը և կրծքով կերակրումը