Երեխաներին հյութ առաջարկելու ուղեցույց


fruit_juice
Վեց ամսականից փոքր երեխաներ

Հյութը հավելյալ սնունդ է: Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, բացառությամբ եզակի դեպքերի, երեխաները մայրական կաթից բացի ուրիշ ոչնչի, նաև հյութի, կարիք չունեն:

Համաձայն Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի Սնուցման հանձնաժողովի՝ “Չկա ոչ մի սննդային ցուցում մինչև վեց ամսական երեխաներին հյութ տալու վերաբերյալ: Նախքան հավելյալ պինդ սննդի ներմուծումը սննդակարգ՝ երեխաներին հյութ տալը կարող է հանգեցնել նրան, որ նրանց սննդակարգում հյութը սկսի փոխարինել կրծքի կաթին կամ արհեստական կաթնախառնուրդին:” Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի Կրծքով սնուցման բաժանմունքը նշում է՝ “Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, նույնիսկ ամենաշոգ կլիմայական պայմաններում, ջուրը և հյութը երեխաներին անհրաժեշտ չեն, քանի որ կարող են կեղտոտ լինել կամ պարունակել ալերգեններ:” Համաձայն Ավստրալիայի կառավարության Ազգային առողջության և բժշկական հետազոտության խորհրդի՝ “Տասներկու ամսականից փոքր երեխաները մրգային հյութի կարիք չունեն, և նրանց հյութ տալ խորհուրդ չի տրվում:”

Հաճախ տրվող հարց: Երեխայիս աղիները հազվադեպ են գործում: Խորհուրդ են տալիս մի քանի կաթիլ հյութ տալ: Արդյո՞ք կարելի է:

Հյութը բարձր թթվայնությամբ լուրջ գրգռիչ է: Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր: Երեխայի աղեստամոքսային համակարգը չի կարող այն հեշտությամբ մարսել, քանի որ հյութ մարսելու համար նրան անհրաժեշտ են հավելյալ ֆերմենտներ, որոնք երեխայի ենթաստամոքսային գեղձը այդ տարիքում չի արտադրում: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ երբ ածխաջրերը սկսում են գրգռել երեխայի ստամոքսի լորձաթաղանթը, օրգանիզմը հրաման է ստանում՝ հնարավորինս շուտ ազատվել ագրեսորներից և արտադրել ֆերմենտներ հյութի ածխաջրերը քայքայելու համար: Երեխայի աղիները կուտակում են հավելյալ հեղուկ ագրեսիվ շաքարների ազդեցությունը չեզոքացնելու համար և սկսում են գործել՝ գրգռիչ գործոնները դուրս մղելու համար: Սա է պատճառը, որ հյութ խմելուց հետո երեխայի աղիները կարող են բավական արագ գործել: Սակայն հարցը հետևյալն է՝ արժի դեֆեկացիայի հարցը լուծել նման ագրեսիվ և երեխայի օրգանիզմի համար սթրեսային մեթոդով: Հյութը երեխայի օրգանիզմի վրա ազդելու ամենադաժան մեթոդներից մեկն է:

.

Վեց ամսականից մեծ երեխաներ

  • Որոշ հեղինակավոր առողջապահական կազմակերպություններ խորհուրդ չեն տալիս հյութ տալ մեկ տարեկանից փոքր երեխաներին: Ավստրալիայի կառավարության Ազգային առողջության և բժշկական հետազոտության խորհուրդը գրում է՝ “Մինչև մեկ տարեկան երեխաները մրգային հյութերի կարիք չունեն, և խորհուրդ չի տրվում նրանց մրգային հյութ տալ: Քաղցրացրած ըմպելիքները կարող են հանգեցնել կարիեսի: Թեյը, դեղաբույսային թեյերը և այլ ըմպելիքները չունեն հատուկ սննդային առավելություններ փոքր երեխաների համար և նույնիսկ կարող են վնասակար լինել:” Առողջ Կանադան ևս խորհուրդ չի տալի երեխաներին հյութ տալ նրանց կյանքի առաջին տարում: Տասներկու ամսականից մեծ երեխաների դեպքում այն խորհուրդ է տալիս “Սահմանափակել մրգային հյութերը և երեխաներին չտալ քաղցրացրած ըմպելիքներ: Եթե ձեր երեխան ծարավ է, ջուր առաջարկեք:” Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս՝ “Մինչև վեց ամսական երեխաները չպետք է խմեն մրգային հյութեր: Վեց ամսականից մեծ երեխաներին կարելի է տալ 1:10 հարաբերակցությամբ ջրով նոսրացրած հյութեր՝ սննդի հետ միասին:” Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս 6 ամսականից փոքր նորածիններին չտալ հյութ ընդհանրապես, 6 ամսականից մինչև 6 տարեկան երեխաներին տալ օրական առավելագույնը 120-180մլ հյութ, 7 տարեկանից մեծ երեխաներին՝ առավելագույնը 240-360 մլ հյութ:
  • Հյութերը կարող են խանգարել կրծքով կերակրմանը, քանի որ նրանք “լցնում” են երեխայի ստամոքսը և երեխան ավելի քիչ կրծքի կաթ է ստանում:
  • Հյութը պետք է ներմուծել երեխայի սննդակարգ ինչպես հավելյալ սնունդ: Օրինակ, խնձորի հյութը և խնձորի խյուսը պետք է ներմուծել առանձին-առանձին:
  • Երեխային հյութ առաջարկեք բաժակով, այլ ոչ թե շշով: Սննդի հետ առաջարկելը կօգնի նվազեցնել կարիեսի ռիսկը:
  • Նոսրացրեք հյութը: Ինչպես արդեն նշել ենք, Մեծ Բրիտանիայի Առողջության ազգային ծառայությունը առաջարկում է հյութը նոսրացնել ջրի հետ 1:10 հարաբերակցությամբ: Դա նշանակում է, որ դուք ընդամենը ջրին հյութի համ կտաք:
  • Եթե, այնուամենայնիվ, որոշել եք երեխային հյութ տալ, տվեք օրական առավելագույնը 90-120 մլ, որպեսզի հյութը չփակի երեխայի ախորժակը:

.

Մեծ քանակությամբ հյութի հնարավոր վատ ազդեցությունները

  • Չափից շատ հյութ խմելը կարող է հանգեցնել թերսնուցման կամ սակավարյունության, քանի որ երեխան կունենա հիմնական սննդանյութերի՝ սպիտակուցների և բարդ ածխաջրերի պակաս:
  • Շատ հյութ խմելը կարող է փչացնել ատամների էմալը և հանգեցնել ատամների կարիեսի, հատկապես եթե հյութը երեխան խմում է շշով, այլ ոչ թե բաժակով:
  • Շատ հյութ խմելը (հատկապես խնձորի հյութ) կարող է թույլ կղանքի և մշտական լուծի պատճառ դառնալ:
  • Որոշ հետազոտություններ (Դենիսոն և ուրիշներ) կապ են հայտնաբերել օրական 350 մլ-ից շատ հյութ խմելու և կարճահասակության ու գիրության միջև, սակայն այլ ուսումնասիրություններ (Սկիներ և ուրիշներ) նման կապ չեն գտել: Կապ է գտնվել օրական 360մլ–ից շատ հյութ օգտագործելուև երեխայի զարգացման հապաղման միջև (Սմիթ և ուրիշներ, 1994 թ.):
  • Սորբիտով կամ մեծ քանակի ֆրուկտոզայով քաղցրացրած մրգային հյութերը երեխաների մոտ կարող են առաջացնել անհանգստություն, գազեր և ստամոքսի խանգարում (Քոլ և ուրիշներ, 1999 թ.): Այս քաղցրացնող նյութերի պատճառով երեխաները կարող են խնդիրներ ունենալ, քանի որ նրանց օրգանզմը հաճախ դժվարանում է տրոհել ածխաջրերը, այդ թվում շաքարը:
  • Չպաստերիզացված հյութը կարող է պարունակել վնասակար բակտերիաներ՝ աղիքային ցուպիկ և սալմոնելա:

Աղբյուրները՝ http://kellymom.com/nutrition/starting-solids/baby-juice/; http://am-am.info/wp-content/catalog/item4008.html

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Ե՞րբ և ի՞նչ կաթ և կաթնամթերք տալ երեխաներին
Ե՞րբ, ինչքա՞ն և ինչպե՞ս է կարելի երեխաներին ձու տալ