Երեխաս գազեր ունի. ի՞նչ անել


 

gassyԵրեխայի գազերի խնդիրը շատ տարածված խնդիր է: Նորմալ է, եթե երեխան օրվա ընթացքում 13-21 անգամ գազեր է հանում: Եթե ձեր երեխան ընդհանուր առմամբ ուրախ է և նեղվում է միայն մի քանի վայրկյան՝ գազեր հանելիս, ապա ամեն ինչ նրա մոտ նորմալ է: Նույնիսկ եթե նա մի թեթև կարմրում է և ձայներ է հանում, դա դեռ չի նշանակում, որ գազերը նրան շատ են անհանգստացնում: Եթե երեխան, ընդհանուր առմամբ, լարված չէ, իսկ գազ հանելուց շատ չի նեղվում, ապա, ամենայն հավանականությամբ, նա խնդիր չունի:

Ինչպե՞ս օգնել երեխային

Եվ՛ կրծքով, և՛ շշով կերակրվող երեխաները կարող են գազեր ունենալ: Փորձեք գազերը քչացնելու հետևյալ մեթոդները՝

  • Ստուգեք կերակրելու դիրքը: Երբ դուք կրծքով կամ շշով եք կերակրում, երեխայի գլուխը պետք է ստամոքսից ավելի բարձր լինի: Այդ դիրքում կաթը լցվում է ստամոքսի ներքևի հատվածում, իսկ օդը բարձրանում է վերև, և երեխային ավելի հեշտ է գխտալ: Ուշադիր եղեք, որ երեխան կաթ խմելուց օդ կուլ չտա:

  • Գխտացրեք երեխային: Գազերը քչացնելու ամենահեշտ ձևերից մեկը երեխային և՛ կերակրելու ընթացքում, և՛ կերակրելու վերջում գխտացնելն է: Եթե նա չի գխտում, նրան մի քանի րոպե մեջքի վրա պառկացրեք, իսկ հետո նորից փորձեք գխտացնել:

  • Փոխեք կերակրելու ծծակը: Օգտագործեք ավելի դանդաղ հոսքով ծծակ:

  • Վարժություններ արեք: Շատ լավ օգնում են ոտքերով հեծանիվ քշելու վարժությունը, մեծահասակի հսկողությամբ փորիկի վրա դնելը, ինչպես նաև տաք լոգանքը:

  • Ուշադիր եղեք սննդին: Քննարկեք մասնագետի հետ այն սնունդը, որը կարող է գազեր առաջացնել: Որոշ ծնողներ երեխաներին մանկական հյութ են տալիս, որոնք սորբիտ են պարունակում, որը երեխան չի կարողանում մարսել: Կրծքի կաթով անցնող որոշ սնունդ ևս՝ կաթնամթերքը կամ կոֆեինը նույնպես կարող են գազեր առաջացնել: Եթե արհեստական կեր եք տալիս, ապա կարող եք փորձել մեկ այլ ֆիրմայի արհեստական կեր:

Գազեր և կոլիկներ

Կյանքի առաջին չորս ամիսների ընթացքում մանկական կոլիկը սահմանվում է հետևյալ կերպ. շաբաթական երեք անգամ կամ ավելի հաճախ օրվա ընթացքում երեք ժամ անընդմեջ լացելը: Գազերը կոլիկներ չեն առաջացնում, սակայն կոլիկներ ունեցող երեխաները կարող են շատ օդ կուլ տալ, որը և գազերի պատճառ կարող է դառնալ:

Ե՞րբ անհանգստանալ

Միանգամից կապվեք բժիշկի հետ, եթե՝

  • Երեխան ունի փորկապություն, արյունոտ կղանք կամ շատ է հետ տալիս: Սրանք լուրջ մարսողական խնդրի նշան կարող են լինել:

  • Ծայրաստիճան անհանգստություն: Եթե ձեր երեխան ուրախ է, ամենայն հավանականությամբ, անհանգստանալու կարիք չկա: Եթե չեք կարողանում նրան հանգստացնել, պետք է բժիշկի ցույց տալ:

  • Ջերմություն: Եթե երեխան ունի 38 աստիճան կամ ավելի բարձր ջերմություն, ապա պետք է բժիշկը բացառի ինֆեկցիան: Եթե երեխան երկու ամսականից փոքր է, ապա նման ջերմության դեպքում միանգամից պետք է տանել բժշկի: Շատ եզակի դեպքերում գազիկները կարող են լուրջ աղեստամոքսային հիվանդության նշան լինել:

Հիշե՛ք: Երեխաների գազիկները նորմալ երևույթ են, որոնք կարելի է կարգավորել: Երեխայի մարսողական համակարգի զարգացման հետ մեկտեղ՝ գազերի հարցը քչանում է:  

Հեղինակ՝ Թրեյսի Բրաուն, Ռոյ Բենարոչ

Աղբյուրը՝ http://www.webmd.com/parenting/baby/features/infant-gas?page=2

Արդյո՞ք կրծքով կերակրվող երեխաների գազերը կապված են մոր սննդակարգի հետ

Այն գաղափարը, որ երեխայի գազերը կապված են մոր սննդակարգի հետ, չափազանց համառ գաղափար է, որը, իրականում, ապացուցված չէ ուսումնասիրությունների կողմից: Սա դեռ չի նշանակում, որ որոշ ուտելիքներ երեխաներին ընդհանրապես չեն անհանգստացնում: Նման բան երբեմն պատահում է, հատկապես՝ շատ փոքր երեխաների մոտ:

Այնուամենուայնիվ, չկա սննդամթերքների ցուցակ, որից պետք է խուսափի կերակրող մայրը: Որոշ երեխաներ կարող են ավելի շատ գազեր ունենալ, քան մյուսները: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ երեխայի մարսողական համակարգը դեռևս լռիվ ձևավորված չէ:

Գազերի որոշ պատճառներ

  • Շատ երեխաներ գազեր ունեն մարսողական համակարգի անկատար լինելու պատճառով: Երեխաների մեծ մասը ազատվում է գազերի խնդրից, երբ ժամանակի ընթացքում զարգանում է նրանց մարսողական համակարգը: Եթե ձեր երեխան գազերից շատ չի նեղվում կամ որոշ սննդի նկատմամբ զգայունություն չունի, ապա գազերի հարցը լուծվում է ժամանակի ընթացքում:

  • Մոր մոտ չափից շատ կաթի կամ չափից ուժեղ արտահոսքի պատճառով երեխան կարող է ուտելիս չփչփացնել կամ մեծ կումերով կուլ տալ և շատ օդ կուլ տալ: Կարդացե՛ք “Ուժեղ արտահոսք կամ կաթի գերառաջարկ” հոդվածը:

  • Ցանկացած այլ բան, որի պատճառով երեխան շատ է օդ կուլ տալիս: Կուլ տված օդը պետք է ինչ որ կերպով դուրս գա:

  • Լաց լինելը: Երեխաները շատ օդ են կուլ տալիս լաց լինելիս: Աշխատեք ավելի շուտ նկատել երեխայի սոված կամ ինչ որ բանից անհանգիստ լինելու նշանները, որպեսզի գործը լացելուն չհասնի:

  • Շշով կերակրում: Շշից կերակրվող երեխաները սովորաբար ավելի շատ օդ են կուլ տալիս: Փորձեք օգտագործել այնպիսի ծծակներ, որոնք ավելի դանդաղ հոսք ունեն, իսկ կերակրելիս այնպես արեք, որ երեխան օդ կուլ չտա: Մի թողեք, որ երեխան դատարկ շշից փորձի կաթ ծծել:

  • Այն երեխաները, որոնց աղիները մի քանի օր չեն գործում, կարող են ավելի շատ գազեր ունենալ: 6-8 շաբաթականից մեծ երեխաների մոտ աղիները կարող են մի քանի օր չգործել, և սա խնդիր չէ, եթե երեխան իրեն լավ է զգում, իսկ կղանքը՝ փափուկ է:

  • Մոր սննդի նկատմամբ զգայունությունը, ներառյալ՝ վիտամինների, երկաթի հավելումների և այլն: Եթե սա է խնդիրը, ապա գազերի հետ մեկտեղ, դուք կնկատեք սննդային զգայունության այլ նշաններ ևս՝ շատ հետ տալ, կոլիկներ, լուծ, ցան, անընդհատ փակ քիթ և այլն:

  • Ցանկացած այլ բան, որ երեխան ուտում կամ խմում է մոր կաթից բացի՝ վիտամիններ, թեյեր, դեղեր, արհեստական կեր, հյութեր, հավելյալ սնունդ և այլն:

  • Արհեստական կերը ավելի շատ է գրգռում ստամոքսը և ավելի շատ գազեր է առաջացնում: Արհեստական կեր ուտող երեխաները ավելի շատ են հետ տալիս, ավելի հաճախ են փորկապություն ունենում, ավելի շատ են կոլիկներ ունենում, քան կրծքով կերակրվող երեխաները:

Կրծքի կաթը ձևավորվում է նրանից, թե ինչ է անցնում մոր արյան մեջ, այլ ոչ թե՝ ստամոքսի մեջ կամ մարսողական համակարգ:

Կարո՞ղ են գազավորված ըմպելիքները երեխայի մոտ գազեր առաջացնել: Ոչ: Որպեսզի ինչ որ բան անցնի կաթի մեջ, այն պետք է անցնի արյան մեջ: Գազավորված ըմպելիքների պղպճակները չեն կարող անցնել կաթի մեջ և ազդել երեխայի վրա: Եթե նման բան հնարավոր լիներ, ապա մենք պետք է ունենայինք նաև գազավորված արյուն և գազավորված կաթ:

Մոր գազերը չեն կարող անցնել կաթի մեջ:

Ինչպե՞ս լուծել գազերի խնդիրը

Ժամանակ

Երեխաների մեծ մասի դեպքում գազերի հարցը լուծում է ԺԱՄԱՆԱԿԸ: Երեխաները ծնվում են անկատար աղեստամոքսային համակարգով, և պետք է համբերել, որ այն զարգանա: Քանի դեռ այն չի զարգացել, երեխաները ունենալու են գազեր՝ անկախ նրանից, թե դուք ինչ միջոցներ կձեռնարկեք: Եթե գազերի հարցը այլ մեթոդներով չեք կարողանում լուծել, ամենայն հավանականությամբ պետք է պարզապես համբերեք:

Սամիթի ջուր, թեյ, թե՞ այլ դեղաբույսեր

Ցանկալի է, որ փորձեք խուսափել երեխային թեյեր տալուց հետևյալ մի քանի պատճառներով՝

  • Առողջ երեխայի մոտ մայրական կաթից բացի ցանկացած այլ բան կարող է օգնելու փոխարեն շատացնել խնդիրները:

  • Կրծքի կաթից բացի այլ հեղուկներ կարող են փոխել երեխայի ստամոքսի միկրոֆլորան և այն դարձնել ավելի զգայուն հիվանդությունների կամ ալերգիաների նկատմամբ:

  • Թեյերից շատերը բացի բույսերից պարունակում են նաև այլ նյութեր: Ուշադիր կարդացեք նման թեյերի բաղադրությունը:

  • Այդ թեյերից շատերի արդյունավետությունը ապացուցված չէ:

  • Ավելի ճիշտ է հասկանալ, թե որն է գազերի պատճառը, այլ ոչ թե գործ ունենալ հետևանքների հետ:

Նշում. Աստղ անիսոնը ասոցիացվում է որոշ վատ հետևանքների հետ՝ լուրջ նյարդաբանական ազդեցությունից սկսած մինչև հետ տալը, և այլն:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/parenting/parenting-faq/gassybaby/

Գազերից ազատվելու վարժությունները կարող եք դիտել այս տեսանյութում:


Կղանքի հետ կապված խնդիրներ 0-6 ամսական երեխաների մոտ
Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան փորկապություն ունի: Կա արդյո՞ք լուծողական տալու կարիք: