Երեխաս գլուխը հարվածել է. ի՞նչ անել (0-3 տարեկան)


Ի՞նչ անել, եթե երեխան գլխի վնասվածք է ստացել (0-3 տարեկան)

Ի տարբերություն չափահասների՝ գլխի վնասվածքները երեխաների մոտ հաճախ պատահող երևույթ են, սակայն դրանց մեծ մասը սովորաբար լուրջ հետևանք չի ունենում: Գրեթե բոլոր երեխաներն էլ հարվածում են իրենց գլուխը, հատկապես ֆիզիկական նոր հմտություններ ձեռքբերելու՝ մարմնով պտտվել, նստել, քայլել, չոչել, ցատկել կամ վազել սովորելու շրջանում: Սա պայմանավորված է մի քանի գործոններով.

  • Երեխաները չեն կարողանում լավ կառավարել իրենց գլխի շարժումները:
  • Նրանց պարանոցի մկանները թույլ են զարգացած:
  • Երեխաների մարմինը համաչափ չէ՝ գլուխն ավելի մեծ է, քան մարմինը, իսկ ոտքերը ավելի կարճ են, որի արդյունքում հավասարակշռության կետը ավելի մոտ է գլխին, քան չափահասի մոտ:

Գլխի և դեմքի այտուցները, վնասվածքները և քերծվածքները սովորաբար արագ են լավանում և մշակվում են այնպես, ինչպես մարմնի այլ մասերի վնասվածքները: Գլխի մակերեսային վնասվածքը կարող է ավելի շատ արնահոսել, քանի որ դեմքի և գլխի հատվածում արյան անոթները մաշկին ավելի մոտ են տեղակայված: Արնահոսությունը, իհարկե, անհանգստացնող երևույթ է, սակայն եթե վնասվածքը խորը չէ, այն կարելի է կանգնեցնել տան պայմաններում: Եթե ինքնուրույն տան պայմաններում չեք կարողանում կանգնեցնել արնահոսությունը, անմիջապես դիմեք բժշկի:

Գլխի վնասվածքների ամենատարածված պատճառները ընկնելը և այլ անձանց կողմից հասցրած վնասն են, ինչպիսին է, օրինակ, թափահարված երեխայի համախտանիշը: Գլխի լուրջ վնասվածքները կարող են ենթադրել նաև գլխուղեղի վնասվածք: Որքան ավելի ուժեղ է եղել հարվածը, այնքան ավելի հավանական է, որ գլխուղեղը ևս վնասվել է:

Հարվածից անմիջապես հետո դժվար է հասկանալ վնասվածքը աննշան է, թե լուրջ:

Հետևեք երեխային հարվածից հետո 24 ժամվա ընթացքում հասկանալու համար, թե արդյոք նրա մոտ առկա են գլխի լուրջ վնասվածքի ախտանիշներ:

Եթե երեխան գլխի վնասվածք է ստացել, ստուգեք մարմնի մնացած մասերը ևս: Գլխի վնասվածքի դեպքում ծնողների ուշադրությունը կարող է կենտրոնանալ հենց գլխի վրա, և նրանք կարող են չնկատել մարմնի այլ հատվածների վնասվածքները: Դժվարացած շնչառությունը, շոկը, ողնաշարի վնասվածքները, ուժեղ արնահոսությունը՝ բոլորն էլ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են, որոնք կարող են առաջանալ գլխի վնասվածքի հետ միաժամանակ և պահանջել անհապաղ բժշկական միջամտություն: Գլխի վնասվածքի դեպքում բարձր է  ողնաշարի կամ պարանոցի վնասվածքի հավանականությունը: Համոզվե՛ք, որ ստուգել եք երեխայի դեմքը, բերանը և ատամները:

 

Կանչե՛ք շտապ օգնություն, եթե՝

  • Երեխան անգիտակից վիճակում է (մի քանի վայրկյան և ավելի երկար):
  • Չեք կարողանում կանգնեցնել կամ թուլացնել ուժեղ արնահոսությունը վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելով, կամ եթե բոլոր վիրակապերը անմիջապես ամբողջությամբ թրջվում են արյամբ:
  • Երեխայի մոտ ցնցումներ են:
  • Երեխան թույլ է կամ նրա մարմնի մի հատվածը թմրած է:
  • Երկակի տեսողությունը կամ խոսքի կորուստը շարունակվում է մի քանի րոպեից ավելի երկար:
  • Երեխան մոլորված է թվում, չի հիշում, թե ինչպես է վնասվել, կամ կրկնում է նույն հարցը:
  • Չեք կարողանում արթնացնել երեխային հարվածից հետո 24 ժամվա ընթացքում:

 

Կապվե՛ք բժշկի հետ, եթե՝

  • Երեխան մի քանի վայրկյան գունատվել է և հիմա արթուն է:
  • Վնասվածքից հետո երեխան փսխել է երկու կամ ավելի անգամ:
  • Երեխան սուր գլխացավ ունի:
  • Երեխայի քթից կամ ականջից արյուն կամ այլ հեղուկ է գալիս:
  • Երկու աչքերի շուրջ կամ մի ականջի հետևում կապտուկ է առաջացել:
  • Երեխայի մոտ նկատում եք գանգի դեֆորմացիա:
  • Վնասվածքից առաջացած վերքերը կարելու կարիք կա:

 

Առաջին օգնությունը գլխի վնասվածքի դեպքում

Տան պայմաններում գլխի վնասվածքի բուժումը ենթադրում է այտուցի կամ կապտուկի խնամք և գլխի թույլ վնասվածքից առաջացած ցավի թեթևացում:

Եթե Ձեր երեխան ստացել է գլխի վնասվածք, փորձեք հանգիստ լինել և հանգիստ տոնով խոսել Ձեր երեխայի հետ: Ձեր հանգստությունը կնվազեցնի երեխայի վախը, իսկ ձեզ կօգնի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը:

Արնահոսությունը կանգնեցնելու համար մաքուր կտորով կամ վիրակապով 15 րոպե ուղիղ ճնշում գործադրեք արնահոսող հատվածի վրա: Եթե վերքը խորն է և վնասել է գանգը, պետք է դիմել շտապ օգնության:

Ստուգեք երեխայի մարմնի այլ մասերը հնարավոր վնասվածքներ հայտնաբերելու համար:

Եթե երեխան թույլ տա, սառույց կամ սառը կոմպրես դրեք այտուցված հատվածին: Հարվածի հատվածում կարող է միանգամից կոշտուկ առաջանալ, բայց սառը կոմպրեսը կօգնի մեղմացնել ցավը: Եթե սառույց եք դնում, ապա այն փաթաթեք մաքուր կտորի մեջ:  Սառը կոմպրեսը մի պահեք 15-20 րոպեից ավելի երկար, և թույլ մի տվեք, որպեսզի երեխան քնի սառը կոմպրեսով:

 

Եթե Ձեր երեխային զննել է բժիշկը

Հետևե՛ք բժշկի ցուցումներին: Նա կհուշի, թե որ նշաններին ուշադիր լինեք 24 ժամվա ընթացքում:

Երեխային մի տվեք որևէ դեղամիջոց, ներառյալ ցավազրկող, առանց բժշկի համապատասխան նշանակման:

Կապվե՛ք բժշկի հետ, եթե տնային բուժման դեպքում նկատել եք հետևյալ նշանները՝

  • Նոր գլխացավ,
  • Նոր փսխումներ կամ փսխումների ուժգնացում,
  • Ձգումներ, թուլություն կամ թմրություն մարմնի ցանկացած մասում,
  • Երեխան սկսել է վատ/սխալ քայլել,
  • Երեխան մոլորված է կամ իրեն տարօրինակ է պահում,
  • Արնահոսությունը կամ այտուցվածությունը ուժեղացել է,
  • Ախտանիշները ուժգնացել են կամ ավելի հաճախակի են դարձել:

Հիշե՛ք, որ մեր կայքում առկա տեղեկատվությունը ունի ճանաչողական բնույթ և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը: Երեխայի գլխի և մարմնի այլ մասերի վնասվածքների հետ կապված Ձեր բոլոր անհանգստությունները քննարկեք բժշկի հետ:

 

Աղբյուրը՝ http://www.webmd.com/children/tc/head-injury-age-3-and-younger-topic-overview#1

 

Թարգմանեց (կրճատումներով)՝ Քրիստինե Բարսեղյանը

9 քայլ դեպի առավել արդյունավետ ծնող դառնալը