Երեխաս սկսել է անդադար կուրծք պահանջել


p_101528283Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել այսպես կոչված “կտրուկ աճի օրերը”, կամ այն, որ երեխան պայքարում է հիվանդանալու դեմ: Ինչն էլ որ լինի պատճառը, ձեր գործը կհեշտացնեք, եթե գտնեք հարմարավետ մի տեղ և մոտ տարածության վրա ունենաք ուտելիք ու շատ հեղուկ:

Երբեմն կերակրման ավելացած պահանջը կարող է կանխել երեխայի հիվանդանալը: Մեծ հաճախությամբ կերակրումը կարող է ապահովել արժեքավոր պաշտպանություն հիվանդության դեմ, քանի որ երեխան կստանա հակամարմիններ ու իմունիտետ, որ ձեր օրգանիզմն արտադրում է երեխայի համար տվյալ ժամանակահատվածում:

Այլ դեպքերում կերակրման ավելացած պահանջը կարող է ձեր երեխայի ռեակցիան լինել ձեր կերած վիճելի կերակուրի վերաբերյալ: Եթե ձեր երեխան ալերգիայի նշաններ է ցուցաբերում, կամ եթե դուք նկատում եք, որ նա որոշակի վերաբերմունք ունի ձեր կերած կոնկրետ սնունդի հանդեպ, ճիշտ կլինի, որ դուք ավելի խորն ուսումնասիրեք ալերգիաները և կերակուրների ազդեցությունը կաթի և երեխայի վրա: Քերըն Զերեցկեի այս հոդվածը ալերգիկ երեխաների կերակրման մասին կարող է լավ սկիզբ լինել:

Այլ պատճառներ նույնպես կարող են աշխատել որոշ երեխաների դեպքում: Ձեր կյանքում փոփոխություննե՞ր են եղել, օրինակ՝ տեղափոխություն, արձակուրդ, հյուրեր ձեր տանը: Ավելի հաճա՞խ եք երեխայի մոտից բացակայել վերջերս, ատամնե՞րն են սկսել դուրս գալ: Հաճախ ընթացիկ ռեժիմի խախտումը կամ նոր զարգացումները կարող են երեխայի մոտ ավելացնել կերակրվելու ցանկությունը՝ խաղաղվելու և հարմարավետ զգալու նպատակով:

Որպես կանոն կտրուկ աճի շրջանները, որ տևում են մի քանի օր, կարող են սպասվել, երբ ձեր երեխան, երեք շաբաթական է, վեց շաբաթական, երեք ամսական ու վեց ամսական: Այդ օրերն ընդունված է անվանել “կտրուկ աճի օրեր”: Դեռ ճշգրիտ կերպով հայտնի չէ, թե ինչու են երեխաները հենց այս օրերին կերակրվելու մեծացած պահանջ ունենում: Բայց հետազոտությունը ցույց է տվել, որ կաթի պաշարը ճիշտ քանակությամբ պահելու լավագույն ձևը երեխայի պահանջով նրան կերակրելն է: Թույլ տալով երեխային սնվել ավելի շատ այն օրերին, երբ նա դա պահանջում է, դուք երկուսիդ համար էլ կավելացնեք երևույթից ստացած հաճույքն ու բավարարվածությունը: Ձեզ մոտ կմեծանա շատ կաթ ունենալու հավանականությունը և ձեր երեխան ավելի լավ կաճի:

Այն օրերին, երբ ձեզ կթվա, թե ամբողջ օրը միայն կաթ եք տվել, գիտակցեք, թե ինչ կարևոր գործ եք արել. տվել եք ձեր երեխայի պահանջածը՝և սովորեցրել եք նրան վստահել ձեզ:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է ` https://www.llli.org/faq/spurt.html

Թարգմանեց` Լիլիթ Գալաթեա Վահանյանը


Արդյո՞ք ես ունեմ բավարար քանակությամբ կաթ