Երրորդ-չորրորդ ամսվա կրծքով կերակրելու ճգնաժամը


 Կա կարծիք, որ երեխաների “մեծ մասը” չորրորդ ամսում հրաժարվում է կրծքից, և մայրերը ստիպված են լինում արհեստական կեր տալ: Սակայն, սովորաբար երեխաները կրծքից ինքնակամ չեմ հրաժարվում մինչև երկու տարեկան դառնալը: Եթե ձեր երեխան նորմալ կուրծք էր ուտում, սակայն հանկարծ սկսում է հրաժարվել կրծքից, ամենայն հավանականությամբ, նա ոչ թե ինքնակամ հրաժարվում է կրծքից, այլ՝ բոյկոտում է կուրծքը: Այս բոյկոտը երբեմն անվանում են կրծքից կեղծ հրաժարում:

Բոլոր մայրերը և երեխաները չեն, որ նման ճգնաժամ են ունենում: Սակայն, եթե փորձեք հիշել, գուցե ձեր ընկերուհիներից շատերը հենց չորրորդ ամսում են սկսել երեխաներին արհեստական կեր տալ: Մանկաբույժներից շատերը ևս հորդորում են “ձգել” մինչև չորս ամսականը: Նույնիսկ գիտական համաժողովների փաստաթղթերում կարդում ենք՝ հասնել նրան, որ երեխաների 80% կերակրվի կրծքով մինչև չորս ամսականը:

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում, երբ երեխան դառնում է չորս ամսական:

Նորածինների վարքը ուսումնասիրող պերինատալ հոգեբանների տվյալներով՝ 3-4-րդ ամսում երեխաների մոտ կարող է դիտարկվել երեխայի մորից անջատվելու առաջին փուլը. երեխան սկսում է իրեն պահել ինչպես անհատականություն՝ օգտագործելով իրեն հասանելի մեթոդները, օրինակ՝ մոր ձեռքերի վրա գտնվելով հանդերձ փորձում է դուրս պրծնել նրա գրկից, ձեռներով և ոտքերով հրում է մորը, դիմադրում է կրծքով կերակրելուն և գլուխը թեքում կրծքից, լացում է կուրծքը բռնելուց և մի քանի անգամ ծծելուց հետո բաց է թողնում, ուտում է մի կրծքից, բայց հրաժարվում է մյուսից, և այլն: Երեխան ասես ստուգում է, թե ինչպես է մայրն իրեն պահելու նման իրավիճակում: Արդյո՞ք նրա վրա կարելի է հույս դնել:

Եթե որպես նման վարքի պատասխան, մայրը երեխային “ապացուցում” է իր վստահելի լինելը՝ շարունակում է կուրծք առաջարկել, կերակրում է գիշերը, չի տալիս շիշ կամ ծծակ, ջուր կամ արհեստական, կերակրում է երեխային տարբեր՝ երեխային հարմար դիրքերով, ճգնաժամը շատ արագ է անցնում: Ամենակարևորը՝ երեխային պետք է խնամի միայն մայրը, իսկ ընտանիքի անդամները պետք է խնամեն մորը: Այս շրջանը նպաստում է մոր և երեխայի հոգևոր շփմանը, որի կարիքը երեխան այս ժամանակ շատ սուր է զգում: Սակայն, եթե մայրը չգիտի 3-4 ճգնաժամի մասին, չի հասկանում երեխայի վարքը կամ կրծքով կերակրման հենց սկզբից դժվարություններ է ունեցել, կրծքից կեղծ հրաժարումը կարող է վերածվել իսկականի: Այս ճգնաժամը կարող է ուղեկցվել երեխայի մարսողական համակարգի խնդիրներով, իսկ առանց երեխայի հետ հոգևոր շփման, ցանկացած բուժում կարող է քիչ արդյունավետ լինել: Մանկաբույժները միշտ չէ, որ ծանոթ են նորածնի հոգեբանությանը:

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս շրջանը:

  1. Աշխատեք հանգիստ լինել. ձեր տրամադրությունը փոխանցվում է ձեր երեխային: Խոսեք երեխայի հետ, երգեք նրա համար: Շոյեք և գուրգուրեք երեխային:

  2. Թողեք, որ երեխան գտնի իրեն հարմար կերակրելու դիրք: Տարբեր դիրքեր փորձեք: Երեխային ցույց տվեք, որ հոգում եք նրա մասին:

  3. Անընդհատ կուրծք առաջարկեք: Մի փոխարինեք կուրծքը արհեստական շշով կամ ծծակով, հրաժարվե՛ք արհեստականից: Վերջիվերջո, եթե երեխան այլընտրանք չունի, հաճույքով կուտի այն, ինչ կտան:

  4. Եթե երեխան սոված է, կերակրեք նաև գիշերը: Մի թողեք, որ նա հոգնի լաց լինելուց: Հետևե՛ք ձեր սննդակարգին:

Այս ճգնաժամի ժամանակ ուշադիր եղեք երեխայի քաշին և համոզվեք, որ երեխան բավարար չափով կաթ է ստանում: Եթե մայրը բավարար չափով համբերատար է, կաթնարտադրության ճգնաժամը անցնում է արագ և հեշտ: Այն մայրերը, որոնք հաղթահարում են այս շրջանը, շարունակում են երեխայի կերակրել կրծքով, ինչպես նաև օգնում են նրա մոտ ձևավորել ճիշտ հոգեբանություն. երեխան հասկացել է, որ կարելի է վստահել մորը:

Կրծքից կեղծ հրաժարումը հաղթահարելու հարցում ձեզ կօգնի “Օգնե’ք. երեխաս հրաժարվում է կրծքից” հոդվածը:

Աղբյուրը՝ http://www.babyblog.ru/user/chernavik/3052251 ; http://godovastik.ru/krizis-3-4-mesyacev-laktacionnyj-krizis/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Կերակրելու ժամանակ երեխան քաշքշում է երկրորդ կուրծքը: Ի՞նչ անել:
Ի՞նչ անել, եթե երեխաս կուրծք ուտելուց կծում է