Իմ կթած կաթը տարօրինակ համ և հոտ ունի: Ի՞նչ կարող եմ անել:


scolding

Մարդկային կաթը, որը թթվել է, շատ հստակ թթված համ ու հոտ ունի` կովի թթված կաթի պես: Եթե ձեր կաթը թթվածի հոտ չունի, ապա կարող եք նրանով կերակրել ձեր երեխային:

Առաջին հերթին ստուգեք, թե արդյո՞ք կթած կաթը պահելու ճիշտ եղանակ եք ընտրել:

Եթե դուք պարբերաբար նկատում եք, որ ձեր կթած կաթը թարմ հոտ ու համ չունի, փորձեք վերանայել պահպանման եղանակը և հասկանալ, թե ինչ կարող եք ձեռնարկել կաթի համն ու հոտը լավացնելու համար:

  • Պահպանման տարաները: Սովորական ապակյա կամ պլաստմասե շշերը (կամ սննդի պահպանման համար նախատեսված չծորացող այլ տարաները) ընդունելի են մայրական կաթը պահպանելու համար: Նույնը վերաբերվում է պահպանման տոպրակներին կամ շշի միանգամյա օգտագործման միջադիրներին: Ամենալավ նյութերն են համարվում ապակին կամ սննդի համար նախատեսված պոլիպրոպիլեն կամ պոլիբութուլեն (կոշտ) պլաստմասաները: Պոլիէթիլեն տոպրակները, որոնք օգտագործվում են միանգամյա օգտագործման շշի միջադիրների համար, այնքան լավ չեն պահպանում կաթի սննդարար և իմմունային հատկությունները, որքան ապակին կամ պլաստմասսան (Jones & Tully 2005):
  • Եթե օգտագործում եք սովորական շշի միջադիրները, փորձեք դրանց փոխարեն օգտագործել մայրական կաթը պահպանելու համար հատուկ մշակված տոպրակներ:
  • Եթե օգտագործում եք պլաստմասե տարաներ, փորձեք դրանք փոխարինել ապակյա տարաներով:
  • Պահպանման պայմանները:
  • Պատրաստվու՞մ եք արդյոք սառեցնել կաթը: Եթե չեք պատրաստվում օգտագործել սառնարանում գտնվող կթած կաթը 5-8 օրվա ընթացքում, ապա սառեցրեք այն կթելուց անմիջապես հետո: Հալեցնելուց հետո կաթը օգտագործեք հնարավորինս շուտ՝ 24 ժամվա ընթացքում:
  • Սառնարան կամ սառցարան դնելուց առաջ համոզվեք, որ բոլոր տարաները հերմետիկ փակ են և չեն կլանի այլ սննդային հոտեր: Ի դեպ, սառնարանում կամ սառցարանում դրված սոդայի տուփը կարող է կլանել սննդային հոտերը
  • Պահպանեք ձեր կաթը սառնարանի կամ սառցարանի հետևի մասում, այլ ոչ թե դռան վրա: Մի՛ դրեք կաթը ինքնուրույն հալվող սառցարանի պատին կպած:
  • Արդյո՞ք լավ է սառեցնում ձեր սառցարանը: Եթե ձեր սառցարանում պաղպաղակը պինդ է մնում, ուրեմն սառցարանը լավ է սառեցնում:

Ձեր կաթը օճառի համ ու հոտն ունի
Որոշ մայրեր նկատում են, որ սառեցնելուց հետո իրենց կաթը օճառի համ ու հոտ է ձեռք բերում` չնայած պահպանման բոլոր կանոններին հետևելուն: Ըստ Lawrence & Lawrence-ի (էջ. 781), այս մայրերը իրենց կաթի մեջ լիպազ սպիտակուցի ավելցուկ ունեն, որը կթելուց հետո սկսում է քայքայել մայրական կաթի ճարպերը: Նման կաթը բացարձակ անվնաս կաթ է: Երեխաների մեծամասնությանը կաթի համի մի փոքր փոփոխությունը չի անհանգստացնում, սակայն որքան ավելի շատ է փոխվում կաթի համը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ երեխան այն չի խմի: Լիպազը մայրական կաթում պարունակվող սպիտակուց է, որը մի շարք օգտակար ֆունկցիաներ ունի, մասնավորապես՝

  • Լիպազն օգնում է, որ մայրական կաթի ճարպային և շիճուկային մասերը իրար լավ խառնված մնան: Լիպազի շնորհիվ ճարպային գնդիկները լինում են փոքր և ճարպը հեշտ է մարսվում (Lawrence & Lawrence, էջ. 156):
  • Լիպազը նաև օգնում է քայքայել կաթում պարունակվող ճարպերը, որպեսզի ճարպերի մեջ լուծվող սննդանյութերը, օրինակ՝ A և D վիտամինները, և ազատ ճարպային թթուները, որոնք պաշտպանում են երեխային հիվանդություններից, ավելի հեշտ մարսվեն (Lawrence & Lawrence, էջ. 156):
  • Մարդկային կաթի առաջնային լիպազը նաև չեզոքացնում է պարզագույն միաբջիջ միկրոօրգանիզմները (Lawrence & Lawrence, էջ. 203).

Ըստ Lawrence & Lawrence-ի (էջ. 158), լիպազի քանակը չի փոխվում երեխայի ուտելու ժամանակ, օրվա ընթացքում կամ կերակրման տարբեր փուլերին: Թերսնուցվող մայրերի մոտ լիպազի քանակը կարող է քչանալ:

Լիպազի հետ կապված խնդիր ունեցող շատ մայրեր, որոնց անհրաժեշտ է սառեցնել կաթը, փորձում են քչացնել լիպազի քանակը իրենց սնունդը կարգավորելու միջոցով: Դրա մասին կարող եք կարդալ այստեղ (անգլերենով) :

Ի՞նչ կարող եք անել, եթե լիպազի ավելցուկը խնդիր է դարձել: Այլևս ոչինչ, եթե կաթը արդեն փոխել է համը և/կամ հոտը: Սակայն կարող եք թարմ կթած կաթը պահպանելուց առաջ նախապես տաքացնել, որի հետևանքով լիպազը կկորցնի իր ակտիվությունը և ճարպերի քայքայման պրոցեսը կդադարի: Կաթը պետք է տաքացնել կթելուց հետո որքան հնարավոր է շուտ:

Կաթը տաքացնելու համար՝

  • Կաթը տաքացրեք մինչև 180 F (82 C) աստիճան կամ մինչև կաթսայի եզրին փոքր պղպջակներ հայտնվելը: Ոչ մի դեպքում մի՛ եռացրեք կրծքի կաթը:
  • Արագ սառեցրեք սառցեջրի մեջ և դրեք սառցարան:

Նման ջերմային մշակման արդյունքում կաթի որոշ հակաինֆեկցիոն և սննդային հատկանիշներ կկորեն: Սակայն սա խնդիր չէ, եթե նման ջերմային մշակման չեք ենթարկելու երեխային տրվող կաթի բոլոր չափաբաժինները: Ըստ Lawrence & Lawrence-ի, լիպազը կարելի է նաև չեզոքացնել, եթե կաթը մեկ րոպե պահեք 144.5 F (62.5 C) կամ 15 վարկյան 163 F (72 C) աստիճան տաքությամբ (էջ. 771):

Իսկ ի՞նչ անել, եթե կաթը թթված կամ նույնիսկ կծված համ և/կամ հոտ ունի, այլ ոչ թե՝ օճառի

Եթե ձեր կաթը ունի թթված կամ կծված համ ու հոտ, դա կարող է քիմիական օքսիդացման հետևանք լինել, այլ ոչ թե՝ լիպազի (Mohrbacher, p. 461): Քիմիական օքսիդացման պատճառ կարող են հանդիսանալ մայրիկի կերած բազմաչհագեցած (polyunsaturated) ճարպաթթուների քանակը կամ ջրի մեջ եղած պղնձի և երկաթի իոնները: Նման դեպքերում Մոհրբաչերն առաջարկում է՝

  • Խուսափել սովորական ջուր խմելուց:
  • Խուսափել ձկան յուղի և կտավատի սերմի հավելումներից, ինչպես նաև այնպիսի սննդամթերքներից, որոնք կծվահամ ճարպեր են պարունակում, օրինակ անձրուկից (анчоус):
  • Սննդակարգում ավելացնել հակաօքսիդանտների քանակը, նեռարյալ՝ բետա կարոտինի և E վիտամինի:

Եթե սառցարանում ունեք սառեցված կաթ, որը ձեր երեխան հրաժարվում է խմել

Կարող եք փորձել՝

  • Խառնել սառեցված կաթը թարմ կթած կաթի հետ: Սկսեք 1:1 հարաբերակցությամբ, ապա հարմարեցրեք ըստ երեխայի նախասիրության:
  • Եթե ձեր երկրում կա մայրական կաթի բանկ, ապա կարող եք կաթը հանձնել, քանի որ լիպազը կամ այլ համային խնդրիները պրոբլեմ չեն կաթի բանկերի համար: Կարող եք նաև կաթը նվիրել մեկ այլ մայրիկի, ով պաստերիզացնելուց հետո կարող է ձեր կաթով կերակրել իր երեխային:

Աղբյուրը http://kellymom.com/bf/pumpingmoms/milkstorage/lipase-expressedmilk/

Թարգմանեց Լիանա Ղազարյանը

Ժանգոտած խողավակի սինդրոմը և արյունոտ կաթի այլ պատճառները
Ամեն ինչ կթած կաթի մասին

Leave a Comment