Ինչ՞ու է կրծքի կաթը իդեալական սնունդ


breast is bestԿաթը կաթ է, այնպես չէ՞: Կաթնատուները կաթ են տալիս (մարդիք կաթնատու են), իսկ իրենց ձագերը խմում են այն: Բայց այս պատմությունն ավելի ծավալուն է, քան թվում է: Ամեն տեսակի կաթնատուի կաթը համապատասխանում է իր ձագի կյանքի սկզբի պահանջներին: Յուրաքանչյուր կենդանու կաթն ունի իրեն բնորոշ հատկություններ, որոնք ապահովվում են փոքրերի գոյատեւումն իրենց միջավայրում: Այս սկզբունքը հայտնի է որպես կաթի կենսաբանական յուրահատկություն: Օրինակ՝ մայր ծովարջի կաթը շատ յուղոտ է, քանի որ փոքր ծովարջը շատ ճարպի պահանջ ունի՝ սառը ջրի մեջ կենդանի մնալու համար:Ինչպես հայտնի է, ուղեղի զարգացումը վճռական դեր ունի մարդու գոյատեւման համար, այդ պատճառով մարդկային կաթը պարունակում է սնուցիչներ՝ երեխայի ուղեղի արագ աճի համար:

Անկախ նրանից, թե որ կենդանին է կաթն արտադրել, կաթը պարունակում է հիմնական ճարպեր, սպիտակուցներ, շաքարներ, վիտամիններ և հանքային էլեմենտներ:

Եկեք ուսումնասիրենք մայրական կաթի այս բոլոր բաղադրիչները` համեմատելով դրանք արհեստական և կովի կաթի միջի այդ նույն բաղադրիչների հետ, որպեսզի դուք ավելի շատ գնահատեք, թե ինչքանով է ձեր կաթի բաղադրությունը իդեալական ձեր երեխայի պահանջների համար:

Յուրահատուկ սնունդ՝ յուրահատուկ մարդկանց համար: Երբ հորմոնների քանակը փոխվում է ծննդաբերությունից մի քանի օր անց, մոր մարմինը սկսում է արտադրել մեծ քանակությամբ կաթ: Խեժն աստիճանաբար փոխվում է հասուն կաթի, որն ապահովել է երեխաների զարգացումը հազարավոր տարիներ: Կաթի հիմնական բաղադրիչներն են՝ ճարպը, սպիտակուցները, կաթնաթթուն (լակտոզան), վիտամինները, հանքանյութերը և ջուրը · այս բաղադրիչներն առկա են բոլոր տեսակի կաթնատուների կաթի մեջ: Բայց այս բաղադրիչների հարաբերությունները տարբեր են, ինչպես նաև սպիտակուցի և ճարպի տեսակը: Սրա շնորհիվ է, որ ամեն տեսակի կենդանու կաթը հարմարեցված է իր ձագի համար: Հենց այս նույն պատճառով էլ կովի կաթի և դրա հիման վրա պատրաստված կաթնախարնուրդներն իդեալական չեն մարդու երեխայի համար:

Բարձր որակի սպիտակուցներ

Երեխաների համար մարդկային կաթի առավելագույնը հարմար լինելու ամենավառ օրինակը սպիտակուցն է: Մայրական կաթն աղքատ է սպիտակուցներից, համենայն դեպս, երբ համեմատում ենք այլ կենդանիների կաթի հետ, հատկապես կովի կաթի հետ: Սա սննդարարության պակաս չէ: Չնայած մարդկանց համար էլ է շատ կարևոր ամուր մարմին զարգացնելն, ավելի կարևոր է ուղեղի զարգացումը և սոցիալական կանոնները սովորելը: Կյանքի փորձը, որը թույլ է տալիս ուղեղի ձևավորումը, գալիս է մոր հետ անմիջական շփումից, երբ մայրը գրկում է երեխային: Եթե երեխաները կրկնապատկեին իրենց ծնված քաշը 50 օրում, ինչպես անում են կովի ձագերը, և հետո շարունակեին մեծանալ, ինչպե՞ս կկարողանար մայրը գրկել, զրուցել և իր մարմնին մոտ պահել իր երեխային: Կովի ձագը պետք է սովորի գտնել արոտավայրի ամենալավ խոտը, մարդկային երեխան պետք է սովորի՝ ինչպես աշխատել մնացածի հետ, որպեսզի բոլորի կարիքները բավարարված լինեն:

Չնայած սպիտակուցների քանակն առհասարակ ցածր է մոր կաթում, ամինաթթուները, որոնք կազմում են այդ սպիտակուցները, շատ կարևոր են: Ամինաթթուներից մեկը՝ տորինը, առկա է մայրական կաթում մեծ քանակությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տորինը շատ կարևոր դեր է խաղում ուղեղի և աչքերի զարգացման համար: Մեր մարմինը չի կարող ձևափոխել այլ ամինաթթուները և դարձնել դրանք տորին: Տորինի քանակն այնքան բարձր է մայրական կաթում, որ որոշ արհեստական կաթ արտադրողներ սկսել են ավելացնել այն երեխաների արհեստական կաթի մեջ:

Եթե դուք թողեք կաթը սառնարանից դուրս մինչ նրա փչանալը, կտեսնեք, որ կաթի սպիտակուցները բաժանվում են երկու տեսակի` կաթնաշոռ, որը պարունակում է կազեին սպիտակուցը և շիճուկ` ջրիկ մասը: Կովի կաթի հիմնական մասը բաղկացած է կազեին սպիտակուցից, որը երեխաների ստամոքսում կազմում է դժվարամար ռեզինատիպ կաթնաշոռ: Ի տարբերություն կովի կաթի, մայրական կաթն ունի ավելի շատ շիճուկ, քան կաթնաշոռ, և կազմված կաթնաշոռն ավելի փափուկ է և հեշտ է մարսվում: Կրծքով կերակրվող երեխաներն ավելի շուտ են սովածանում, որովհետև մայրական կաթի սպիտակուցները շատ հեշտ են մարսվում: Բացի դրանից, շատ ավելի քիչ էներգիա է գնում մայրական կաթը մարսելու համար, քան արհեստական կաթը մարսելու համար: Հաճախակի ուտելը նաև ապահովում է մեր և երեխայի հաճախակի շփումը իրար հետ:

Ինքնուրույն մարսվող ճարպեր

Գոյություն ունի նաև երեխաների կողմից այդքան արագ կաթը մարսելու մեկ այլ պատճառ: Մայրական կաթի ճարպերի հետ խառնված կա մի սպիտակուց՝ լիպազ, որը բաժանում է ճարպը փոքրիկ գնդիկների, որպեսզի այս կարևոր մասնիկն ավելի հեշտ մարսվի և անցնի արյան շրջանառություն: Ճարպը կարևոր էներգիայի աղբյուր է երեխաների համար, և այսպիսով լիպազի ներկայությունը դարձնում է մայրական կաթի ճարպերն ավելի հասանելի: Սա պատճառներից մեկն է, թե ինչու մայրական կաթն այդքան կարևոր է վաղաժամ ծնված երեխաների համար, որոնք շատ էներգիայի կարիք ունեն մեծանալու, բայց որոնց մարսողական համակարգը դեռ թերաճ է:

Փոխվող սնունդ՝ փոխվող երեխայի համար: Մայրական կաթի ճարպերի քանակն անընդհատ փոխվում է: Սովորաբար ճարպերի քանակը ցածր է երեխայի ուտելու սկզբում և բարձրանում է ուտելու վերջում: Երեխաները սկզբից արագ-արագ խմում են ցածր յուղայնությամբ ծարավը հագեցնող առաջնային կաթը, հետո ուտելու ընթացքը դանդաղեցնում են և խմում բարձր յուղայնությամբ կաթ: Երեխաները, որոնք ուտելուց մի քիչ անց նորից են ուտում, ստանում են բարձր յուղայնության կաթ: Այսպիսով, այն երեխաները, որոնք հաճախակի են ուտում կտրուկ աճի օրերին, բարձր կալորիականությամբ կաթ են ստանում: Եթե երկու ուտելու արանքում ժամանակը մեծ է, կաթի յուղայնությունը իջնում է: Այս փաստը պատճառներից մեկն է, որը բացատրում է, թե ինչու 3-4 ժամը մեկ ուտելու գրաֆիկը կենսաբանորեն սխալ է:

Ավելի խելացի ճարպեր: Մայրական կաթի հատուկ տեսակի ճարպը կարևոր է ուղեղի զարգացման համար: Նորածինների ուղեղի նյարդերը ծածկվում է միելին կոչվող նյութով, որը օգնում է նյարդերին իրար հաղորդագրություններ ուղարկել ուղեղում և մարմնի այլ մասերում: Բարձր որակի միելին ունենալու համար մարմինը կարիք ունի որոշ տեսակի ճարպերի ՝ լինոլեիկ և լինոլենիկ , որոնց կարելի է մեծ քանակությամբ գտնել մայրական կաթի մեջ:

Վիտամինները և հանքային նյութերը

Արհեստական կաթի մեջ գտնվող վիտամինները և հանքային նյութերը չեն կարող համեմատվել մայրական կաթի մեջ գտվող այդ նույն վիտամինների և հանքային նյութերի հետ, նույնիսկ եթե դրանց քանակը համապատասխանի միլիգրամներով: Երբ արհեստական կաթ մշակողները ցանկանում են իմանալ ինչ-որ վիտամինի կամ հանքային նյութի օրական պահանջը, նրանք առաջին հերթին նայում են, թե ինչքան է այդ տվյալ սննդանյութի քանակը մայրական կաթի մեջ և ինչքան է այդ կաթից խմում երեխան ամեն օր: Բայց քանակից ավելի կարևոր է այն, թե ինչքան է կլանում երեխայի օրգանիզմն այդ սննդանյութից : Կլանելու կարողության վրա կարող են ազդել շատ գործոններ, ինչպիսիք են՝ քիմիական ձևը և այլ սննդանյութերի առկայությունը:

Երեք կարևոր հանքային նյութերը` կալցիումը, ֆոսֆորը և երկաթը առկա են մայրական կաթի մեջ ավելի քիչ քանակով, քան արհեստական կաթի մեջ, բայց մայրական կաթի մեջ այս նյութերն այնպիսի տեսքով են, որ իրանց կլանումը շատ ավելի հեշտ է, քան արհեստական կաթի այս նյութերի կլանումը: Օրինակ, մայրական կաթի երկաթի 50-75 տոկոսը կլանվում է երեխայի կողմից: Արհեստական կաթի երկաթի միայն 4 տոկոսն է կլանվում և անցնում երեխայի արյուն: Այս պակասը լռացնելու համար, արհեստական կաթ արտադրողները ստիպված են ավելացնել երկաթի և այլ նյութերի քանակն արհեստական կաթի մեջ: Սա թվում է խելամիտ, այնպես չէ՞: Եթե ինչ-որ նյութի կեսն է կլանվում օրգանիզմի կողմից, ապա պետք է երկու անգամ ավելի շատ լինի այդ նյութի քանակը: Սակայն այս նյութերի մանիպուլյացիան կարող է աղդել նյութափախության վրա: Երեխայի անհաս աղիները պետք է ազատվեն ավելցուկից: Սակայն, ավելորդ չկլանված հանքային նյութերը (հատկապես երկաթը) կարող են խանգարել “աղիների էկոլոգիային”` միջամտելով առողջ բակտերիաների աճի մեջ և թույլ տալով վնասակար բակտերիաների բարգավաճումը: Սա պատճառներից մեկն է, թե ինչու արհեստական կաթ ուտող երեխաների կղանքն ավելի պինդ է և ավելի վատ հոտ ունի:

Որպեսզի ուժեղացվի նյութերի կլանումը, մայրական կաթի մեջ կան օգնող գործոններ: Օրինակ, մայրական կաթի միջի վիտամին C-ն հեշտացնում է երկաթի կլանումը: Ցինկի կլանումը նույնպես հեշտացվում է այլ նյութերի շնորհիվ:

Մի հետաքրքիր փորձարկում· հետազոտողներն ավելացրել են նույն քանակի երկաթ և ցինկ մայրական կաթի, արհեստական կաթի և կովի կաթի մեջ և մեծահասակ կամավորները խմել են այդ կաթերը: Համեմատած արհեստական և կովի կաթի հետ, ավելի շատ սննդարար նյութեր են անցել արյան մեջ, երբ կամավորները խմել են մայրական կաթը: Այսպիսով, մայրական կաթի սննդարար նյութերը գնում են այնտեղ, որտեղ պետք է լինեն, այսինքն` երեխայի արյան մեջ և ոչ նրա աղիների մեջ:

Հորմոններ և ֆերմենտներ

Ամեն տարի բժշկական ամսագրերը տպագրում են հոդվածներ՝ մայրական կաթի մեջ գտած նոր արժեքավոր նյութերի մասին: Գիտնականները նոր են սկսում գրել կաթի մեջ առկա ուրիշ գործոնների մասին, որոնք կարող են կարևոր լինել երեխայի աճի համար: Օրինակ, բացի լիպազից, կան նաև այլ ֆերմենտներ, որոնք օգնում են երեխային մարսել սնունդը: Էպիդերմային աճման գործոնը, որը մեծ քանակությամբ է ներկա մայրական կաթի մեջ, կարող է օգնել աղիների և այլ օրգանների հյուսվածքների աճին: Այլ հորմոններ կարող են ազդել երեխայի Ազդեցությունը կարող է չերևալ անմիջապես, բայց երկարատև հետք թողնել: Կրծքով կերակրվելու առավելությունները կարող են հասնել մինչև մեծ տարիք: Գիտությունը դեռ նոր է պարզաբանում բոլոր առավելությունները:

Աղբյուրը՝ http://www.askdrsears.com/topics/feeding-eating/breastfeeding/why-breast-is-best/nutrient-nutrient-why-breast-best

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Լիլիթ Գյուլումյանին օգնության համար

Կրծքի կաթի համը
Ի՞նչ է խեժը և ինչո՞վ է այն օգտակար նորածնի համար