Ինչո՞ւ չի կարելի կրծքերը կապել կամ դեղ խմել կաթնարտադրությունը դադարեցնելու համար

  • 60
    Shares

medication-can-affect-milk-supply-300x200Դուք որոշել եք ավարտել կրծքով կերակրումը, սակայն չգիտեք, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ դադարեցնել կրծքերում արտադրվող կաթը: Ծանոթները և բարեկամները խորհուրդ են տալիս կապել կրծքերը, իսկ տեղամասային բժիշկը դեղ է դուրս գրում: Արդյո՞ք սրանք ճիշտ խորհուրդներ են և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ:

Ձեր կրծքերը ամիսներ կամ տարիներ շարունակ կաթ են արտադրել: Կաթնարտադրության համար ձեր մարմնում տեղի են ունեցել հորմոնալ, իսկ կրծքագեղձերում՝ կառուցվածքային փոփոխություններ: Այս ամենը մի քանի օրում հետ փոխել հնարավոր չէ. ձեզ պետք է համբերատար լինել:

Կրծքով կերակրելն ավարտելու լավագույն տարբերակը թե՛ երեխայի, թե՛ մոր առողջության համար աստիճանաբար նվազեցնելն է: Նման մոտեցման դեպքում անհամեմատ քչանում է լակտոստազների և մաստիտի հավանականությունը, և կուրծքը մաքսիմալ վերականգնում է իր նախահղիության ձևը: Երեխան իր սնուցման աղբյուրից կտրուկ կտրվելու պատճառով սթրես չի տանում:

Սակայն որոշ դեպքերում մայրերը ստիպված են լինում կտրուկ ավարտել կրծքով կերակրումը, և նրանց պետք է հասկանալ, թե որոնք են իրենց դեռևս առատ կաթնարտադրությունը դադարեցնելու ճիշտ և սխալ մեթոդները: Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչով են վտագավոր երկու ամենատարածված մեթոդները՝ կրծքերը կապելը և դեղորայքային մեթոդը:

.

Կրծքերը “կապելը”

Ժամանակին կրծքերը “կապելը” կրծքագեղձերը սեղմելու միջոցով կաթնարտադրությունը կանգնեցնելու նպատակով օգտագործվել է հիվանդանոցներում, երբ նորածինը մահացել է կամ մայրը չի կարողացել կերակրել առողջական խնդիրների պատճառով: Կանանց կրծքերը կապել են 1-2 օր, իսկ երբեմն՝ 1-2 շաբաթ:

Կրծքերը “կապելը” կանանց կրծքագեղձերի ուժեղ մեխանիկական սեղմում է, որը կանգնեցնում է արյան շրջանառությունը և, այդպիսով, խոչընդոտում է կաթնարտադրությանը: Այս մեթոդը ունի նաև հոգեբանական կողմ. կրծքերը կապած մորը ավելի դժվար է երեխային կուրծք տալ:

Երբ կրծքերը կապած են, կաթը դժվարությամբ է անցնում կաթնային ուղիներով, սակայն կրծքագեղձը շարունակում է կաթ արտադրել: Սա է պատճառը, որ կրծքերը կապելը կարող է հանգեցնել լակտոստազի և կրծքագեղձի բորբոքման՝ մաստիտի, իսկ որոշ դեպքերում նաև մաստոպատիայի, կրծքում կաթնային կիստաների և այլ գոյացությունների առաջացմանը:

Այսպիսով, կրծքերը “կապել” չի կարելի, քանի որ՝

  • բարձրանում է լակտոստազների և մաստիտի առաջացման հավանականությունը,
  • բարձրացնում է կրծքերում գոյացությունների ձևավորման հավանականությունը,
  • ցավոտ է,
  • տհաճ է և անհարմար,
  • շատ է փչացնում կրծքի ձևը,
  • հնարավոր է կաթնարտադրությունը դադարեցնել այլ անվտանգ մեթոդներով:

Հիշե՛ք. կաթնարտադրությունը դադարեցնելու համար կրծքերը “կապել” ՉԻ ԿԱՐԵԼԻ:

.

Դեղ խմելը

Պետք չէ կաթնարտադրությունը նվազեցնող դեղեր խմել: Նախ և առաջ, դրանք լուրջ հորմոնալ դեղեր են: Չկա կաթի դեմ դեղ: Այն դեղերը, որ ձեզ նշանակում կամ խորհուրդ են տալիս, որոշ հիվանդությունների, օրինակ՝ հիպոֆիզի ադենոմայի բուժման համար նախատեսված դեղեր են, որոնք նշանակվում են այն դեպքերում, երբ օրգանիզմում կտրուկ բարձրանում է պրոլակտին հորմոնի մակարդակը և օրգանիզմը սկսում է հանկարծ կաթ արտադրել: Ի տարբերություն նման խնդիր ունեցող մարդկանց, կերակրող մոր դեպքում պրոլակտինի բարձր մակարդակը ֆիզիոլոգիական նորմա է, այլ ոչ թե հիվանդություն:

Դեղահաբ, որը մեկ-երկու անգամ ընդունելուց հետո “կչորացնի” ձեր մոտ արտադրվող ամբողջ կաթը, գոյություն չունի: Քիչ թե շատ արդյունավետ դեղերն այն դեղերն են, որոնք պետք է խմել 14 օր, իսկ 14 օրում հնարավոր է ավարտել կրծքով կերակրումը առանց այդ դեղերի ու խուսափել դրանց հնարավոր կողմնակի ազդեցություններից, որոնք են՝ գլխացավը, գլխապտույտը, հոգնածությունը, օրթոստատիկ հիպոտոնիան, քթից արյնահոսությունը, հաջորդ երեխային կերակրելու հետ կապված դժվարությունները և այլն:

Ի՞նչ անել, եթե բժիշկն է նման դեղ նշանակել: Առաջին հերթին փորձեք նրանից պարզել, թե արդյոք դրա կարիքը իրոք կա: Խնդրեք բացատրել այդ դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունները: Կարող եք խորհրդակցել մեկ այլ բժշկի հետ: Եթե նման դեղ ձեզ նշանակում է բժիշկը, ապա հենց նա է պատասխանատու այն բոլոր խնդիրների համար, որոնք կարող են առաջանալ դեղն ընդունելու հետևանքով:

Եթե հասցրել եք մի քանի հաբ ընդունել, սակայն հետո փոշմանել եք և ցանկանում եք շարունակել կրծքով կերակրումը, ապա կարող եք միանգամից կերակրել երեխային: Սակայն հիշեք, որ ցանկալի չէ մի քանի շաբաթ կամ ամիս անց ևս մեկ կրծքից “կտրելու” սթրես առաջացնել երեխայի մոտ:

Կրծքով կերակրումը ճիշտ ավարտելու մեթոդների մասին կարդացեք մեր համապարփակ “Ինչպես ճիշտ ավարտել կրծքով կերակրելը. ուղեցույց” հոդվածում: 

Հեղինակներ՝ Նատալյա Ռազախացկայա, կրծքով կերակրելու խորհրդատու, IBCLC, Օքսանա Միխայլեչկո, կրծքով կերակրման խորհրդատու, АКЕВ

Աղբյուրները՝ http://am-am.info/faq/nuzhno-li-perevyazyvat-grud-dlya-otlucheniya/; http://www.akev.info/stati-dlya-mam/10076-dolgokormlenie-i-otluchenie/10422-otluchenie-ot-grudi-sprosi-menya-kak

Թարգմանեց և կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Խմբագրեց՝ Անի Բաղդասարյանը

Ինչպես ավարտել կրծքով կերակրումը. հարաբերությունները երեխայի հետ

  • 60
    Shares