Ինչու՞ օգտագործել մանկական նստատեղ

  • 122
    Shares

Ինչու՞ օգտագործել նստատեղ

Երբ մեքենայի ամրագոտիները չեն օգտագործվում,  վթարի ժամանակ երեք տեսակի հարված է տեղի ունենում.

  1. Մեքենան բախվում է մեկ այլ մեքենայի, պատի, ծառի, անձի,
  2. Ուղևորները բախվում են մեքենայի սրահին` ղեկին, դիմացի նստարանին, դռանը,
  3. Ներքին օրգանները բախվում են կրծքավանդակին, իսկ ուղեղը` գանգին։

Վնասվածքներ ստանալու առումով ամենից վտանգավորն երկրորդ տեսակի հարվածն է։ Այդ ժամանակ ուղևորը շարունակում է շարժվել նույն արագությամբ, որով շարժվում էր մեքենան հարվածից առաջ, և այդ արագությամբ բախվում է մեքենայի սրահին։ Բարեբախտաբար, վնասվածքներ ստանալու ռիսկը կարելի է զգալիորեն նվազեցնել՝ամրագոտիներ և մանկական նստատեղ օգտագործելով։ Դիմացից հարվածի դեպքում ամենից հաճախ վնասվում է գլուխը, ապա՝ կրծքավանդակը և որովայնը։

Պատահում է նաև, որ հարվածից ուղևորները դուրս են թռչում մեքենայից, որը կտրուկ բարձրացնում է լուրջ վնասվածքների և մահվան ռիսկը։ Այս դեպքում ուղևորների 75 տոկոսը մահանում է։

 

Ամրագոտիները և նստատետեղերը նվազեցնում են լուրջ վնսվածքներ ստանալու ռիսկը կանխելով՝

  • Ուղևորի՝ մեքենայի սրահին բախվելը,
  • Մեքենայից ուղևորի դուրս թռչելը,
  • Վթարի ժամանակ հետևի նստատեղին նստած ուղևորի հարվածելը դիմացը կամ կողքին նստած ուղևորին։ Շատ անգամ հետևի նստարանին նստած ուղևորները իրենց պաշտպանված են զգում կամ համարում են, որ ամրագոտին չկապելը միայն իրենց է վերաբերում, սակայն հետևյալ տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես նրանք կարող են վնաս հասցնել այլ ուղևորներին վթարի դեպքում. https://www.youtube.com/watch?v=kPiUNakAkfo  https://www.facebook.com/trendru.info/videos/1886032338359469/UzpfSTcwMzY0MTEzNjoxMDE1NjE1MTM4NzgzMTEzNw/

 

 

Հատկապես երեխաների դեպքում

Մեքենայի մեջ  անհրաժեշտ է օգրագործել մանկական նստատեղ, որն իր հատկանիշներով կհամապատասխանի երեխայի կառուցվածքին։ Չնայած շատերը կարծում են՝ վթարի ժամանակ կկարողանան երեխային պահել իրենց գրկում, սակայն իրականում դա անհնար է: Հարվածի դեպքում 9 կգ կշռող երեխայի քաշը 50 կմ/ժ արագությամբ բազմապատկվում է 30-ով` հավասարվելով 270 կգքաշի։ Այս քաշին գումարած արագությունը դարձնում է երեխային բռնելը անհնար։ Մեծահասակների հետ համեմատ, երեխաների վնասվածքները շատ ավելի լուրջ են լինում։ Փոքր քաշի և չափերի պատճառով հարվածի դեպքում նրանք ավելի հեշտությամբ կարող են տեղից թռչել առաջ և հարվածել մեքենայի սրահի կոշտ մասերին կամ մեքենայից դուրս թռչել։ Այս հոլովակում կարող եք տեսնել թե ինչ է կատարվում երբ երեխան նստատեղի մեջ չէ https://www.facebook.com/mediastealer/videos/1034648426670475/?hc_location=ufi ։

Բացի քաշից և հասակից, երեխաները տարբերվում են նաև իրենց մարմնի կառուցվածքով: Երեխայի գլուխը կազմում է նրա մարմնի 1/4ը, ի տարբերություն մեծահասակների, որոնց գլուխը կազմում է մարմնի 1/8ը։ Բացի այդ, երեխայի ոսկորերը դեռ փափուկ են, իսկ մկանները՝40 անգամ ավելի փխրուն։ Այս պատճառով  ցանկալի է, որ մինչև առնվազն 9կգ կշռող երեխաները միշտ ճամփորդեն երթևեկությանը հակառակ ուղղությամբ նախատեսված նստատեղերում, այլապես հարվածի դեպքում պարանոցի հատվածում վնասվածքները կլինեն շատ լուրջ։

Մեքենայի ամրագոտին չպետք է օգտագործվի անգամ դպրոցական տարիքի երեխաների համար, քանի որ այն բավականաչափ չի կարող ապահովել երեխայի անվտանգությունը: Մինչև 135 սմ, անգամ 150 սմ հասակ ունեցող երեխաների համար պետք է օգտագործել մանկական նստատեղ իր ամրագոտիներով, իսկ ավելի բարձր հասակ ունեցող երեխաների համար արդեն մանկական նստատեղ՝մեքենայի ամրագոտիներով։ Առանց նստատեղի մեքենայի ամրագոտին կարող է սխալ անցնել, կոնքերի վրայով անցնելու փոխարեն անցնելով  որովայնի վրայով կամ պարանոցին կիպ: Սա կարող է չափազանց վտանգավոր լինել, քանի որ վթարի ժամանակ գոտին կսեղմի որովայնին՝ հանգեցնելով ներքին օրգանների արյունահոսության։

Բացի այն, որ մանկական նստատեղերը ապահովում են երեխաների անվտանգությունը, հարկ է նշել նաև, որ երեխաները շատ հաճախ սիրում են նստել իրենց նստատեղում, որովհետև, նախ, դա իրենցն է, հարմար է, ապա թույլ է տալիս լավ տեսնել պատուհանից։

 

Թվերը

71% – մինչև 1 տարեկան երեխաների դեպքում նստատեղ օգտագործելը նվազեցնում է վթարի հետևանքով մահվան ռիսկը 71 տոկոսով:

54% – 1-4 տարեկան երեխաների դեպքում նստատեղ օգտագործելը նվազեցնում է վթարի հետևանքով մահվան ռիսկը 54 տոկոսով:

45% – 4-8տարեկան երեխաների դեպքում նստատեղ օգտագործելը նվազեցնում է լուրջ վնասվածքների ռիսկը 45 տոկոսով՝ համեմատած մեքենայի ամրագոտիներն օգտագործելու հետ:

50% – 8-12 տարեկան երեխաների դեպքում նստատեղ օգտագործելը նվազեցնում է վթարի հետևանքով լուրջ վնասվածքների ռիսկը 50 տոկոսով:

 

Նստատեղ չօգտագործելու որոշ պատճառները և մտավախությունները

  • Շատ ծնողներ գտնում են, որ նստատեղի գինը բարձր է։ Սակայն երեխայի առողջության համար գումար խնայել չարժե։ Հիշեք, որ վթարի դեպքում հիվանդանոցի և հետագա ծախսերը հեշտությամբ կգերազանցեն նստատեղի գինը։ Նստատեղը պետք է ներառված լինի նախքան երեխայի ծնունդը կատարվող գնումների ցանկում։ Եթե նախատեսում եք մեկից ավելի երեխաներ ունենալ, ապա հաշվի առեք, որ նստատեղը ձեզ կծառայի տարիներ շարունակ։ Բացի դա, եթե մեքենան վթարի չի ենթարկվել, իսկ նստատեղը զգուշորեն եք օգտագործել, ապա կկարողնաք հետագայում վերավաճառել այն։

 

  • Ծնողների մի մասը գտնում է, որ մանկական նստատեղն անհրաժեշտություն չէ, քանի որ երեխան հազվադեպ է նստում մեքենա կամ երկար ճանապարհ չի գնում` դպրոց, մանկապարտեզ։ Սակայն ըստ վիճակագրության, վթարների մեծ մասը տեղի է ունենում տանից 10 րեպեի (3 կիլոմետր) հեռավորության վրա և ցածր արագությամբ։ Այնպես որ հատկապես կարճ տարածություն գնալու համար, պետք է ունենալ նստատեղ։

 

  • “Ես զգույշ կվարեմ”, – կարելի է լսել ծնողների կողմից։ Սակայն որքան էլ լավ վարեք, չեք կարող երաշխավորել մյուս վարորդների զգույշ կամ, ինչն ավելի ավելի վատ է, սթափ վարելը։

 

  • Արդյո՞ք կարելի է նորածնին դնել այս նստատեղերի մեջ։ Արդյո՞ք այն չի վնասի երեխայի ողնաշարը,_կարելի է լսել մայրերից։ Մայրերը կարող են համոզված լինել, որ նորածինների համար նախատեսված նստատեղերը չեն վնասի փոքրիկի մեջքը, եթե նստատեղն օգտագործվի միայն որպես մեքենայով երեխային ապահով փոխադրամիջոց, այլ ոչ որպես նստարան կամ մահճակալ:

 

  • Որոշ ծնողներից կարելի է լսել, որ փորձել են օգտագործել նստատեղ, սակայն երեխան նստատեղում չի ուզում մնալ։ Այս խնդիրը չի առաջանա, եթե երեխան ծնվելուց անմիջապես հետո տեղափոխվի միայն իր նստատեղով։ Ավելի մեծ երեխաների դեպքում որոշ հնարքների կարելի է դիմել: Ինքներդ մշտապես օրինակ ծառայեք՝ կապելով ձեր ամրագոտին։ Նաև թույլ տվեք, որ երեխան իր հետ որևէ փափուկ խաղալիք վերցնի։ Հեքիաթ պատմեք, երաժշտություն լսեք և անընդհատ գովեք երեխային։ Հիշեք, եթե դուք տրամադրվեք, որ երեխան պետք է նստի նստատեղին, և չզիջեք, երեխան կհարմարվի այդ մտքին և այլևս չի վիճի ձեզ հետ։

 

  • Մենք ունենք երեք երեխա, սակայն մեքենայի հետևի նստարանին երեք նստատեղ չի տեղավորվում։ _Իմացեք, որ այս դեպքում նստատեղերից մեկը կարող եք տեղադրել դիմացի նստարանին։ Եթե դա լինի նորածնի նստատեղը, ապա նստատեղը երթևեկության ընթացքին հակառակ տեղադրված կլինի։ Այս դեպքում  պետք է ապաակտիվացնել անվտանգության բարձիկը։ Եթե տեղադրեք մեծ երեխայի նստատեղը, որը կտեղադրվի երթևեկության ուղղությամբ, ապա մեքենայի նստարանը պետք է տանել հնարավորինս հետ՝առանց անվտանգության բարձիկն ապաակտիվացնելու։

Բարի և անփորձանք ճանապարհ:

 

 

Կազմել է ` Լիանա Ղազարյանը

Խմբագրել է` Ժաննա Մինասյանը

Աղբյուրներից`

http://www.who.int/roadsafety/projects/manuals/seatbelt/seat_belt_manual_module_1.pdf

https://www.asecurelife.com/car-seat-facts-and-stats/


  • 122
    Shares