Ինչպես ավարտել կրծքով կերակրումը. հարաբերությունները երեխայի հետ

  • 93
    Shares

Ե՞րբ ավարտել

Սովորաբար կրծքով կերակրման խորհրդատուները հարգում են մոր իրավունքը՝ որոշելու, թե երբ ավարտել կրծքով կերակրումը: Նրանց միակ խնդիրը համոզվելն է, որ մայրն այդ որոշումն ընդունում է կրծքով կերակրման մասին բավարար տեղեկատվություն ունենալով:

Կրծքով կերակրման խորհրդատուները խորհուրդ են տալիս կրծքով կերակրումն ավարտել ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ, չնայած կտրուկ դադարեցման անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օգնել պրոցեսն անցնել առանց բարդությունների և՛ մոր, և՛ երեխայի համար:

 

Ինչպե՞ս պետք ՉԷ ավարտել կրծքով կերակրումը

Մի քանի օրով երեխայից հեռանալը, որը կրծքով կերակրումն ավարտելու ամենատարածված ճանապարհներից է, սթրեսային է թե՛ մոր (անհանգստություն, ապրումներ), թե՛ երեխայի համար (չկա մայրիկը, չկա կաթիկը): Եթե կրծքով կերակրումն ավարտելու համար մայրը որոշում է այս ճանապարհն ընտրել, դա նշանակում է, որ երկուսն էլ պատրաստ չեն: Որոշ դեպքերում այս մեթոդը կարող է ընդունելի լինել կրծքով կերակրման խորհրդատուների համար, սակայն պետք է համոզվել, որ այլ տարբերակների հնարավորություն չկա և երեխան վստահում է նրան, ում հետ մնալու է:
Խուսափեք երեխայի մոտ կրծքի մասին բացասական պատկերացում կազմելուց: “Ծիծին/կաթիկը փչացել է”, “քո տարիքում ամոթ է կրծքով կերակրվելը,” և այլն: Դրանով դուք կարող եք երեխայի մոտ ստեղծել մի պատկերացում, որ այն, ինչը առաջ լավ, բնական, տաք ու երջանիկ բան էր, հանկարծ միանգամից կարող է դառնալ վատը: Երեխան կարող է շարունակել նման կերպ ընկալել աշխարհը:

Նույնը վերաբերվում է կրծքերին որևէ դառը կամ կծու բան քսելուն: Երեխային դժվար է հասկանալ, թե ինչու մի բան, որն առաջ սնուցում էր նրան ու հանգստացնում, կարող է դառնալ տհաճ ու զզվելի:

ՉԻ կարելի կապել կրծքերը և պետք չէ խմել լակտացիան նվազեցնող դեղեր: Դրանք կարող են վնաս հասցնել ձեր առողջությանը: Կապելու և դեղերի հետևանքների մասին մանրամասն կարդացեք այս հոդվածում:

a

Ինչպե՞ս խնամել կրծքերը կրծքով կերակրումն ավարտելու ժամանակ. տեխնիկական հարցեր  

Մի՛ սկսեք կրծքով կերակրումն ավարտելու պրոցեսը առանց կրծքերի խնամքի մասին բավարար տեղեկատվություն ձեռքբերելու: Կրծքով կերակրումն ավարտելու ընթացքում կրծքերի խնամքի մասին կարդացեք մեր ծավալուն հոդվածն այստեղ Ինչպես ճիշտ ավարտել կրծքով կերակրելը. ուղեցույց:

a

Ո՞րն է կրծքով կերակրման բնական ավարտը: Ի՞նչ է նշանակում երեխայի կրծքից նուրբ հեռացում: 

Կրծքով կերակրման բնական ավարտը գալիս է այն ժամանակ, երբ երեխան դադարում է արթնանալ գիշերը կերակրվելու համար, կուրծք է պահանջում առավոտյան արթնանալուց հետո, սակայն կարող է դրա մասին հեշտ մոռանալ, եթե մայրն արդեն արթնացել է և վեր կացել: Մայրը հանկարծ հասկանում է, որ արդեն 2-3 օր է, ինչ երեխան կուրծք չի պահանջել: Նման դեպքերում երեխայի վրա ոչ մի ճնշում չի գործադրվում կրծքից հեռացնելու համար, իսկ մոր մոտ բացակայում է մեղքի զգացումը: Կրծքերն այլևս չեն լցվում, իսկ երեխան կուրծք չի պահանջում:

Չնայած մայրերի մեծամասնությունը չի սպասում կրծքով կերակրման բնական ավարտին, նրանք կարող են համաձայնվել շարունակել կերակրել մինչև այն պահը, երբ կրծքից հեռանալը երեխայի համար կդառնա քիչ սթրեսային: Կրծքով կերակրումն ավարտելու համար ճիշտ պահ ընտրելը կօգնի, որպեսզի երեխան լաց չի լինի և ավելի հեշտ շեղվի կրծքից:

Իրականում, ճիշտ տրամադրվելու դեպքում մորը հեշտ է տեսնել և հասկանալ, թե երբ է երեխան ավելի պատրաստ կրծքից հեռանալուն: Մայրը կարող է երեխայի հետ բանակցել՝ համոզելու համար, որ պետք է հետաձգել կամ կարճացնել կրծքով կերակրման տևողությունը: Եթե մայրը տեսնում է, որ պրոցեսը դժվարությամբ է առաջ գնում, նա կարող է մի փոքր հետաձգել հաջորդ փուլը:

Այսպիսով, ե՞րբ է հեշտ ավարտել կրծքով կերակրումը: Առաջին հերթին, երբ երեխան քիչ է կուրծք պահանջում:

Ինչպե՞ս սկսել. քայլերի հերթականությունը

  1. Հաշվեք, թե օրական քանի անգամ եք կերակրում: Հասկացեք, թե կերակրումներից որոնք են երկարատև կամ երեխայի համար կարևոր: Ամենայն հավանականությամբ դուք կնկատեք, որ ցերեկային կերակրումները կարճ են, իսկ երեկոյան քնելուց առաջ կերակրումը՝ երկար: Ցերեկայինները կարող են անկանոն և առանց պատճառի լինել. մայրը նստեց, մայրը համակարգչի մոտ է, մայրը հեռախոսով է խոսում, իսկ երեխան անելու բան չունի, ինչու՞ կուրծք չպահանջել:
  1. Հանեք անկանոն կերակրումները: Կրծքով կերակրվելու ցանկություն մի ստեղծեք երեխայի մոտ ձեր արտաքինով. հնարավորինս փակ պահեք կրծքերը: Երեխային զբաղեցրեք հետաքրքիր գործնեությամբ՝ զբոսնեք, հաճախեք նրա համար հետաքրքիր վայրեր կամ միջոցառումներ: Այս փուլում ձեզ պետք է ազատվել երեխայի տհաճ կամ անհարմար սովորություններից՝ կերակրվելուց կրծքերին ձեռք տալուց, կերակրվելու համար մոր հագուստը խառնելուց, հանրային վայրերում կերակրվելուց և այլն:
  1. Սովորեցրեք ցերեկը քնել առանց կրծքով կերակրվելու: Հասկացեք երեխայի քնելու պրոցեսը: Ավելի հեշտ է, եթե երեխան արդեն ունի ցերեկը առանց կերակրվելու քնելու փորձ՝ քնել է հոր, տատիկի, դայակի օգնությամբ: Այս տարիքում երեխան արդեն պետք է սովորած լինի տանը մնալ ուրիշների հետ, իսկ մորն անհրաժեշտ է սկսել տնից բացակայել: Եթե նման փորձ դեռ չունեք, ապա ցանկալի է այս փուլում այն ձեռքբերել: Կարևորը համոզվելն է, որ երեխան վստահում է այն մարդուն, ով պետք է նրան քնեցնի: Նույնիսկ եթե հայրիկը զբաղվի այս հարցով միայն հանգստյան օրերին, մայրը կհասկանա, որ իր երեխան ի վիճակի է քնել առանց կրծքով կերակրվելու և նրա հետ ոչինչ չի պատահի:

Իհարկե միշտ չէ, որ ուրիշներին հաջողվում է երեխային քնեցնել: Եթե մայրն ինքը պետք է դա անի, ցանկալի է փոփոխություն մտցնել երեխայի քնելու պրոցեսի մեջ: Օրինակ, կարող եք սկսել կրծքով կերակրման տևողությունը սահմանափակել կամ պահը փոխել: Պահը փոխել նշանակում է, որ կարող եք կրծքով լավ կերակրել ավելի շուտ, իսկ քնեցնելուց ասել, որ նա արդեն ամբողջ կաթիկը խմել է, իսկ հիմա նրան համբուրելու և գրկելու ժամանակն է: Կարող եք նաև կերակրելուց հետո կանչել հայրիկին կամ տատիկին քնեցնելու համար:

Երբեմն օգնում է նաև քնելու հին և նոր “ծիսակատարությունները” համադրելը: Օրինակ, կերակրում եք գիրք կարդալով: Երեխայի մոտ ձևավորվում է կապ՝ կարդում ենք, ուտում ենք, քնում ենք: Մի որոշ ժամանակ անց սկսում եք այդ կապը թուլացնել՝ քչացնելով կերակրման տևողությունը մինչև այն պահը, երբ մնում է “կարդում ենք, քնում ենք”-ը:

  1. Առավոտյան արթնանալու կերակրումները հանելու համար ուղղակի վեր կացեք փոքրիկից շուտ և արագ նախաճաշ պատրաստեք:
  1. Հանում ենք գիշերային քնից առաջ կերակրումը: Ինչպես ցերեկային քնի դեպքում՝ փոխում ենք քնելու պրոցեսը: Երեխային լողացնելուց հետո նրան տալիս ենք կաթ կամ կոմպոտ, գնում են լուսավորված սենյակ և երեխայի հետ պառկում ենք մեծ մահճակալին: Գրկում, համբուրում են բալիկին, երգում ենք կամ կարդում, մերսում ենք մեջքը կամ ոտքերը: Գուցե չստացվի առաջին իսկ փորձի ժամանակ, բայց մեծ է հավանականությունը, որ երեխան դրանից հետո կսկսի քնել առանց կրծքի:
  1. Հանում ենք գիշերային կերակրումները: Սովորաբար, եթե երեխան սովորել է երեկոյան քնել առանց կրծքի, նա հեշտությամբ կքնի առանց կրծքի նաև գիշերը, եթե նորից շոյեք, գրկեք կամ մերսեք: Ցանկալի է մի որոշ ժամանակ շարունակել կերակրել գիշերը:

Նշում.

Կրծքով կերակրման խորհրդատուները թույլատրելի են համարում այնպիսի արտահայտություն օգտագործելը, ինչպիսին է՝ “ծիծին/կաթիկը հիվանդացել է:” Երեխան ընկել է, ծունկը ցավացրել է և գիտի, որ մարմնի մասերը կարող են ցավել: Մայրը կարող է կրծքին ցուցադրաբար, օրինակ, Բեպանտեն քսել, որը քսել է երեխայի ծնկին: Այնպես որ, կարող եք երեխայի հետ բանակցել, որ ցերեկը “ծիծին/կաթիկը” կլավանա, իսկ երեկոյան նոր երեխան այն կստանա: Եթե դուք որոշել եք այլևս կուրծք չտալ, ապա մի խոստացեք, որ երեկոյան կերակրելու եք:

a

Հուսահատության և անհաջողությունների մասին 

Ձեզ երբեմն կարող է թվալ, որ այս խորհուրդներին հնարավոր չէ հետևել, սակայն խնդրում ենք գոնե փորձել դրանք: Հնարավոր է, որ կրծքով կերակրելու ավարտի այս ուղին ձեր համար ընթանա “երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ” տարբերակով. ամեն օր չէ, որ երեխան պատրաստ է անցնել հաջորդ քայլին:

a

Ինքնավստահության մասին

Երբ մայրը չի կարողանում որոշում ընդունել՝ ավարտել, թե չավարտել, նա տանջում է և՛ իրեն, և՛ երեխային: Նման դեպքերում կողքից որևէ մեկի միջամտությունը, օրինակ՝ բժշկի, կարող է օգնել մորն ավելի ինքնավստահ դառնալ: Եվ հրաշքով, այն երեխան, որը մի քանի օր առաջ պատրաստ չէր կրծքից “կտրվելուն,” հանկարծ դրան պատրաստ է դառնում:

Երեխաները հակված են վստահել մորը, քանի որ մայրը նրանց համար ուղղորդող էակ է: Հաճախ երեխան չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում. մեկ մայրը համաձայն է նրան կուրծք տալ, մեկ՝ ոչ: Երեխաների անհանգստության հիմնական պատճառը ոչ ինքնավստահ մոր կողքին ունեցած անապահովության զգացումն է:

a

Ի՞նչ են վարքագծային նորմերը

Կրծքով կերակրումը, որպես մոր և երեխայի հարաբերությունների մի ոլորտ, ունի իր փուլերը և վարքագծային նորմերը: Որոշ բաներ, որոնք թույլատրելի են նորածնին, թույլատրելի չեն մեկ տարեկանին, իսկ երկու տարեկանի դեպքում ուղղակի անթույլատրելի են:

Եթե ձեր երեխան գոռում է, լաց է լինում ու հիստերիկայի մեջ է ընկնում կամ սկսում է ձեր հագուստը խառնել, երբ նրան կուրծք չեք տալիս, պետք է հասկանալ, թե ինչու է երեխան իրեն նման կեպով պահում: Եթե նա լաց է լինում սոված լինելու կամ մրսելու կամ նման այլ կարևոր պատճառով, դա մի բան է: Եթե երեխան փորձում է ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, ապա դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նա այլ կերպ չի կարողանում իր համար կարևոր խնդիրները լուծել: Գուցե դուք շատ արագ տեմպերով եք ավարտում կրծքով կերակրումը կամ այդ ընթացքում շատ հեռու եք ձեզնից պահում երեխային: Կրծքով կերակրվելն ավարտելը և միաժամանակ երեխային ձեզնից հեռու պահելը կարող են նրան էլ ավելի “կպչուն” դարձնել:

 

Ի՞նչ անել: Փորձեք վերականգնել վստահությունը երեխայի մոտ: Թողեք, որ նա ձեզ հետ շփվի այնքան, որքան ցանկանում է: Նա կհանգստանա և ձեզ “կպած” լինելը կթուլանա: Երբ նկատեք, որ երեխան հանգստացել է, նորից փորձեք՝ հաշվի առնելով նախորդ փորձի սխալները:

 

Հեղինակ, Օքսանա Նիխայլեչկո, ԱԿԵՎ կրծքով կերակրման խորհրդատու

Աղբյուրը՝ http://www.akev.info/stati-dlya-mam/10076-dolgokormlenie-i-otluchenie/10422-otluchenie-ot-grudi-sprosi-menya-kak

Թաևգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ինչու՞ չի կարելի կրծքերը կապել կամ դեղ խմել կաթնարտադրությունը դադարեցնելու համար
Ե՞րբ է ավարտվում կաթնարտադրությունը

  • 93
    Shares