Ինչպես արձագանքել կրծքով կերակրելու մասին քննադատությանը


 

Ցավոք, կրծքով կերակրելու մասին որոշում ընդունած մայրերին շատ են քննադատում: Եթե անծանոթների քննադատությունը ավելի հեշտ է լսել, քանի որ թե՛ պատասխանելն է հեշտ, թե՛ նրանց այլևս երբեք չտեսնելը, ընտանիքի անդամների և հարազատների քննադատությունը ավելի ցավոտ է:

Եթե դուք ծնողավարության մի մեթոդ եք ընտրել, որը կտրուկ տարբերվում է ժամանակին ձեր հարազատների կամ ծնողերի ընտրած մեթոդներից, նրանք հակված են մտածել, որ դուք կասկածի տակ եք դնում նրանց՝ որպես ծնող ընդունած որոշումների ճիշտ լինելը: Ձեր ծնողները կամ հարազատները կարող են անկեղծորեն մտածել, որ եթե համաձայնվեն ծնողավարության ձեր մեթոդի հետ, ապա ավտոմատ կընդունեն, որ իրենց մեթոդը սխալ է եղել: Փորձեք նրանց բացատրել, որ ձեր այլ դիրքորոշում ընտրելը բացարձակ չի նշանակում, որ քննադատում եք նրանց մոտեցումները. ձեր որոշումները հիմնված են այն տեղեկատվության և գիտելիքի վրա, որը գուցե իրենց ժամանակ չի եղել:

Կարևոր է հիշել, որ ձեր ընտանիքի անդամները և ընկերները, նույնիսկ եթե նրանք բացասական մեկնաբանություններ են անում կրծքով կերակրելու մասին, ձեր երեխային միայն լավն են ցանկանում, իսկ քննադատությունը գուցե քիչ տեղեկացված լինելու հետևանք է:

Այս հոդվածում մենք կքննարկենք կրծքով կերակրելուն ուղղված քննադատությանը արձագանքելու մի քանի եղանակներ, որոնք կարող են կիրառվել այլ իրավիճակներում ևս:

 

Կրթեք քննադատողին: Շատերը պարզապես տեղյակ չեն երկարատև կրծքով կերակրման առավելություններից: Նրանք երբեք չեն լսել այն հետազոտությունների մասին, որոնց եզրակացությունները կոչ են անում երկար կերակրել առողջական նկատառումներից ելնելով: Փորձեք ձեզ քննադատող մարդկանց օգնել ծանոթանալ երկարատև կերակրման դրական ազդեցությունը հաստատող գիտական հիմնավորումների հետ: Տպեք մի քանի հոդված և թողեք ձեր տանը: Խնդրեք ձեզ քննադատողին կարդալ դրանք ոչ թե որպես ձեր դիրքորոշումը արդարացնող հերթական փաստարկ, այլ որպես տեղեկատվություն, որը կօգնի ավելի ճիշտ խնամել ձեր երեխային:

Քննարկեք նրանց անհանգստությունները առանձին-առանձին: Փորձեք պարզել, թե նրանք կոնկրետ ինչն են խնդիր համարում: Այդպես ավելի հեշտ կլինի ուղղել նրանց սխալները և լրացնել տեղեկատվության պակասը: Արդյո՞ք նրանք կարծում են, թե կրծքով կերակրումը ոչ մի դրական բան չունի երեխայի համար: Գուցե նրանք պարզապես անհանգիստ են, թե ինչ կմտածեն ուրիշները: Արդյո՞ք կարդացել են այս խնդրի վերաբերյալ ուսումնասիրությունների եզրակացություններ կամ հանդիպել են երկար կրծքով կերակրելու փորձ ունեցող այլ ընտանիքների հետ:

Ասեք, որ քննադատությունը ձեզ ցավ է պատճառում: Գուցե կարելի է մի օր մտերմիկ զրույց ունենալ այն մարդու հետ, որը չափից շատ բացասական վերաբերմունք ունի կրծքով կերակրման նկատմամբ: Միգուցե անհրաժեշտ է, որ այդ մարդը ձեզնից լսի, որ իր մեկնաբանությունները ձեզ և ձեր երեխային ցավ են պատճառում, հատկապես, եթե երեխան մեծ է: Երեխաները հաճախ շատ ավելի բան են հասկանում, քան մենք կարծում ենք, և նման բացասական կարծիքները կարող են նրանց ևս ցավ պատճառել: Ձեր զրույցը կարող է օգնել, որ այդ մարդը գոնե երեխայի ներկայությամբ չքննադատի կրծքով կերակրումը:

Մեջբերեք հեղինակավոր աղբյուրներից: Որոշ մարդիկ, որոնք ձեզ չեն լսում, հաճույքով լսում են բժիշկներին և այլ մասնագետներին: Ասեք նրանց, որ ձեր բժիշկը խորհուրդ է տվել շարունակել կրծքով կերակրումը: Եթե ձեր բժիշկը կրծքով կերակրման կողմնակից է, հաջորդ այցելության գնացեք ձեզ քննադատողի հետ միասին, որպեսզի նա հենց բժշկից լսի, թե որքան կարևոր է կրծքով կերակրումը երեխայի համար: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս՝ “կրծքով կերակրել նվազագույնը 12 ամիս և շարունակել կերակրել այնքան երկար, որքան ցանկանում են մայրը և երեխան:” Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխաների կերակրել կրծքով առնվազն երկու տարի:

Վերածեք ծիծաղի: Որոշ մարդիկ նախընտրում են քննադատությանը հակադարձել հումորով: Կարող եք պատասխանել՝ “Մի անհանգստացեք: Չեմ կարծում, թե ամուսնանալուց հետո ինձ կթողնեն նրան կերակրել:”

Խուսափեք այդ հարցը քննարկելուց: Քննադատությունից խուսափելու մեկ այլ տարբերակ է խուսափել այդ թեման քննարկելուց: Եթե շոշափվում է կրծքով կերակրելու թեման, քաղաքակիրթ ձևով փոխեք խոսակցության թեման: Կերակրեք մեկուրիշ սենյակում և մինիմումի հասցրեք ձեր երեխային ուղղված մեկնաբանությունները:

Փակեք թեման: Որոշ ծնողներ նախընտրում են պարզապես հրաժարվել քննարկել կրծքով կերակրելու թեման: Եղեք քաղաքակիրք, բայց հաստատակամ. “Սա ի՛մ երեխան է և ծնողավարության ի՛մ մոտեցումը, որը ես չեմ ցանկանում քննարկել:” Եթե նրանք շարունակում են, կրկնեք նույն նախադասությունը այնքան, մինչև կհասկանան, որ այդ թեման չի քննարկվելու: Եթե չի ստացվում, հեռացեք:

Ի՞նչ անել, եթե ոչինչ չի օգնում: Երբեմն կրծքով կերակրելու թեման քննարկելու ձեր պատրաստակամությունը ուրիշներն օգտագործում են որպես ձեզ սխալ հանելու հնարավորություն: Նրանց չի հետաքրքում ձեր կարծիքը կամ ձեր փաստարկները, քանի որ նրանց նպատակը ձեզ իրենց մոտեցումը պարտադրելն է: Նման դեպքերում փոխեք ձեր մոտեցումը՝ վերածեք հումորի, խուսափեք հարցը քննարկելուց կամ ուղղակի ավարտեք քննարկումը:

Եղեք ինքնավստահ, բայց նաև քաղաքակիրթ և դիվանագետ: Երբ քննադատողները համոզվեն, որ չեն կարող ձեզ մտափոխ անել, ամենայն հավանականությամբ այլևս այդ թեման այլևս չեն քննարկի:

 

Ինչպե՞ս են քննադատությանը պատասխանել այլ ծնողներ.

  • “Հետաքրքիր կարծիք է…Ինչու՞ եք այդպես մտածում:”
  • “Ես իմ երեխային մեծացնում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում:”
  • “Հարգում եմ ձեր կարծիքը և խորհուրդը, սակայն ես շատ եմ մտածել և շատ եմ ուսումնասիրել այս հարցը որոշում ընդունելուց առաջ: Ես ուրախ եմ, որ կարող եմ հարգել ձեր կարծիքը ու լսել ձեր խորհուրդները, սակայն ակնկալում եմ, որ դուք ևս կհարգեք իմ որոշումը, քանի որ դա ի՛մ որոշումն է:”
  • “Որպես այս երեխայի ծնող, և քանի որ ես հասկացել եմ, որ կրծքով կերակրումը կարևոր է նրա համար, ես ամբողջ սրտով ցանկանում եմ կերակրել երեխայիս: Եթե դուք մեզ երկուսիս սիրում եք, աջակցե՛ք ինձ:”
  • “Երևի գիտեք, որ բժշկությունը անընդհատ փոխում է իր մոտեցումները: Այսօր այն սա է խորհուրդ տալիս, և ես ցանկանում եմ շարունակել կերակրելը: Ես լավ կարծիքի եմ կրծքով կերակրման մասին: ”
  • “Մենք կամաց-կամաց ավարտում ենք կրծքով կերակրումը:” Իրականում, սկսելով հավելյալ սնունդը, դուք սկսել եք կրծքով կերակրելն ավարտելու պրոցեսը, որը, սակայն, կարող է տարիներ տևել:
  • “Սա մեր ընտանիքի համար ճիշտ է: Քանի դեռ այն խնդիր չի դարձել, մենք ոչինչ չենք փոխելու:”
  • “Ինչու՞ ես պետք է փոխարինեմ կրծքով կերակրումը մի բանով, որը ավելի քիչ սննդարար ու առողջարար է և ավելի թանկ է:”

 

Պատասխաններ ծնողներին.

  • “Որպես ծնող ես այլ կերպ եմ գնահատում այն, թե դուք իմ համար ինչ եք արել: Ես շնորհակալ եմ, որ կարող եմ ձեզնից խորհուրդ հարցնել: Շատ ավելի կարևոր է, որ դուք աջակցում եք ինձ կրծքով կերակրման վերաբերյալ իմ ընդունած որոշման հարցում. կրծքով կերակրելն այնքան կարևոր բան է իմ համար:”
  • “Սա ամենևին չի նշանակում, որ ես ձեզ քննադատում եմ ինձ կրծքով չկերակրելու համար: Ես չե՛մ քննադատում: Դուք ընդունել եք մի որոշում, որը ճիշտ եք համարել ձեր և իմ՝ ձեր երեխայի համար: Այժմ ես մի որոշում եմ ընդունում, որը ճիշտ է մեր համար:”

 

Օգտագործեք սենդվիչի մեթոդը.

  • Սկզբում հաճելի բան ասեք. “Ես այնքան ուրախ եմ, որ դու հիմա իմ երեխաների հետ ես: Սիրող տատիկ ունենալը շատ լավ բան է: Դու հրաշալի տատիկ ես, ճիշտ այնպես, ինչպես ես պատկերացնում էի:”
  • Հետո ասեք այն, ինչ ուզում եք ասել. “Ես ինձ վատ եմ զգում, երբ դու քննադատում ես իմ ընտրությունը և մանկաբույժի խորհուրդը կրծքով կերակրելու մասին: Քո քննադատության պատճառով ես արդեն խուսափում եմ այցելել քեզ:”
  • Հետո նորից հաճելի բան ասեք. “Ես շատ եմ տխրում, քանի որ գիտեմ, որ սիրում ես երեխաներիս: Ուզում եմ, որ լինես նրանց կյանքում, քանի որ դու անփոխարինելի ես:”

 

Կարդացեք նաև մեր “Փորձենք հասկանալ տատիկներին” հոդվածը:

 

Աղբյուրը՝ http://kellymom.com/ages/older-infant/criticism/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ի՞նչն է լավ երեխայի ուղեղի զարգացման համար
Խուսափում ենք նորաթուխ մայրիկների համեմատական թակարդներից