Ինչպես է սթրեսն ազդում կրծքով կերակրելու վրա

  • 59
    Shares

stress

Հաճախ, երբ մայրը շատ լարված է, նա կարող է նկատել, որ իր կաթը պակասել է: Կուրծքը այլևս չի լցվում, իսկ կաթի արտահոսքի ժամանակ այլևս ծակծկոցներ չկան: Երեխան սկսում է նեղվել, ավելի հաճախ է կուրծք պահանջում, սական ոչինչ չստանալով, թողնում է կուրծքը, լաց լինում և հետ ձգում մարմինը: Հարազատները և ընկերները սկսում են եզրակացություններ անել՝ “սթրեսից կաթդ կտրվել է”:

Այս հոդվածում մենք կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է սթրեսն ազդում կաթնարտադրության վրա և ինչ կարելի է նման դեպքերում անել:

Ինչու՞ է սթրեսն ազդում կաթնարտադրության վրա 

Եկեք նախ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ֆիզիոլոգիական մակարդակում: Կաթնարտադրության համար պատասխանատու են երկու հիմնական հորմոններ՝ պրոլակտինը և օքսիտոցինը: Պրոլակտինը պատասխանատու է կաթի արտադրության համար, իսկ օքսիտոցինը՝ կաթը կրծքից հեռացնելու, որպեսզի երեխան այն կարողանա ավելի հեշտ ստանալ: Երբ մայրը լարված է, նրա օրգանիզմում բարձրանում է մեկ այլ հորմոնի՝ ադրենալինի մակարդակը:

Ադրենալինը և օքսիտոցինի փոխադարձ անտագոնիստ՝ հակառակ ֆունկցիա իրականացնող հորմոններ են: Այսինքն, այս երկու հորմոնները նվազեցնում են մեկը մյուսի ազդեցությունը: Սա պայմանավորված է նաև բնությամբ: Պարզ բացատրությունը հետևյալն է. երբ մայրերը իրենց երեխաների հետ ստիպված են եղել փախչել, օրինակ, վայրի կենդանիներից, նրանց օրգանիզմում սթրեսի հորմոնների՝ ադրենալինի, կորտիզոլի և մյուսների կտրուկ աճը նրանց ստիպել է երեխային գրկած արագ վազել, մյուս կողմից էլ, իջեցնելով օքսիտոցինի մակարդակը, դադարեցնել կաթի հոսքը, որպեսզի կենդանիները կաթի հոտի օգնությամբ նրանց չգտնեն: Ավտանգ վայր հասնելուց հետո ադրենալինի մակարդակը իջել է, իսկ օքսիտոցինինը՝ նորից բարձրացել: Ի տարբերություն ադրենալինի և օքսիտոցինի, պրոլակտին հորմոնը այս պրոցեսներում չի մասնակցում:

Ի՞նչ է սա նշանակում: Սթրեսի ժամանակ կրծքում կաթի քանակը մնում է նույնը, պարզապես երեխային ավելի դժվար է լինում այն հեռացնել մոր կրծքից, քանի որ օքսիտոցին հորմոնը նրան այս հարցում չի կարողանում օգնել:

 

 

Չնայած ժամանակակից կանայք վայրի կենդանիներից փախչելու խնդիր չունեն, բայց ունեն սթրեսի այլ աղբյուրներ: Սթրեսի ազդեցությունը մոր հորմոնալ համակարգի վրա մնացել է նույնը: Երբեմն սթրեսային իրավիճակները կարող են ազդել կաթի քանակի վրա, բայց ոչ ամիջական ձևով քչացնելով կաթի արտադրությունը այլ հետևյալ ձևերով՝
  • Ոչ ճիշտ գործողություններ օքսիտոցինային ռեֆլեքսի նվազման ժամանակ: Մենք արդեն նշել ենք, որ երեխային պարզապես ավելի դժվար է դառնում մոր կրծքից կաթ ստանալը: Եթե երեխան սկսում է ուժեղ լաց լինել և դիմադրել, ապա մայրը կարող է չդիմանալ և տալ կաթնախառնուրդ: Կաթնախառնուրդը կարող է ազդել մայրական կաթի քանակի վրա:
  • Օրվա ընթացքում կերակրելու հաճախականության նվազումը: Մարդու համար շատ բնական է սթրեսի ժամանակ ավելի ինքնամփոփ դառնալը, մտքերով և հուզումներով ընկնելը և արտաքին աշխարհի հետ ավելի քիչ շփվելը: Կերակրող մայրերը բացառություն չեն: Նրանք կարող են երեխային ավելի քիչ ուշադրություն դարձնել, կերակրել միայն այն ժամանակ, երբ երեխան սկսում է լաց լինել՝ բաց թողնելով սոված լինելու նախնական նշանները, և նվազեցնել կերակրելու հաճախականությունը: Սա նշանակում է, որ երեխան սկսում է ավելի քիչ կաթ ուտել օրվա ընթացքում:
  • Մայրն ավելի քիչ ուշադրություն է դարձնում երեխային: Մեր մտքերը և զգացմունքները սերտ կապված են հորմոնների հետ: Կաթնարտադրությունը ամբողջովին հորմոնալ պրոցես է: Որքան ավելի շատ է մայրը հեռացած իր երեխայից, այնքան ավելի քիչ է նրա ուղեղը ստանում ազդակներ այն մասին, որ երեխան այստեղ է և նրան պետք է կերակրել և խնամել:

 

Ինչպե՞ս “վերադարձնել” կաթը

Շատ հաճախ նման իրավիճակներում չլարվելու և հանգստանալու մասին խորհուրդները չեն օգնում: Եկեք ավելի հստակ հասկանանք, թե ինչ կարող է անել մայրը, որը հայտնվել է նման իրավիճակում և ցանկանում է արագ ազատվել սթրեսից:

  • Ստուգեք, թե արդյոք երեխան ճիշտ է կուրծք բռնում: Երբեմն մոր լարվածությունը փոխանցվում է երեխային, և նա սկսում է այնպես բռնել կուրծքը, որ կաթը քաշել չի ստացվում: Նույնիսկ եթե նախկինում երեխան ճիշտ է կուրծք բռնել, ստուգեք, թե արդյոք երեխան այժմ էլ է ճիշտ բռնում: Երբեմն մի թեթև կերակրելու դիրքը փոխելը օգնում է երեխային ավելի արդյունավետ քաշել կաթը: Եթե շատ հակիրճ նկարագրենք, ապա երեխան կուրծքը ճիշտ է բռնել, եթե երեխայի բերանը բացված է լայն, շրթունքները ծալված են դեպի դուրս, դունչը սեղմված է մոր կրծքին, իսկ քիթը հազիվ է կրծքին դիպչում, դնչի կողմից երեխան ավելի խորն է բռնել կուրծքը քան քթի կողմից, մայրը չի լսում չփչփացնելու ձայն և ցավ չի զգում: Եթե երեխան սխալ է բռնում և դուք չեք կարողանում բռնելն ուղղել, ցանկալի է դիմել կրծքով կերակրելու մասնագետի օգնությանը:
  • Լավացրեք կաթի արտահոսքը: Եթե երեխան ճիշտ է բռնում, ինտենսիվ ուտում է, բայց կուլ չի տալիս, ապա կարող եք փորձել կթել կուրծքը Ջ. Նյումանի մեթոդով: Այդ մեթոդը ենթադրում է այնպես սեղմել կուրծքը հիմքի մոտ, որ կրծքի ձևը երեխայի բերանի մոտ չփոխվի և դուք ցավ չզգաք: Կարող եք նաև ավելի հաճախ փոխել կրծքերը, մեկ կերակրման ընթացքում տալ երկու կուրծքն էլ՝ մի քանի անգամ փոխելով: Տաք հեղուկ խմելը լավացնում է կաթի հոսքը:
  • Պառկեք երեխայի հետ անկողմում և “հանգստյան” օր վերցրեք կերակրելու համար: Երբեմն մայրերին ընդամենը պետք է պառկել երեխայի հետ նույն անկողնում, խաղալ նրա հետ: Շարունակել կերակրել և մնալ անկողնում նույնիսկ երբ երեխան արդեն քնել է: Կարելի է օգտագործել այն փաստը, որ օքսիտոցինը նվազեցնում է ադրենալինի ազդեցությունը: Երկար կերակրելը կօգնի ձեզ միառժամանակ մոռանալ պրոբլեմների մասին: Պատկերացրեք, որ գտնվում եք հանգիստ և խաղաղ վայրում: Պատկերացրեք այդ վայրում լսվող ձայները, մարմնի ինքնազգացողությունը, շնչառությունը, շրջապատող հոտերը: Դա կօգնի ձեզ թուլանալ: Հնարավոր է, որ նման հանգիստ իրավիճակում ոչ միայն “գա” ձեր կաթը, այլ նաև գտնեք ձեր խնդրի լուծումը:
  • Խոսեք ձեր անհանգստությունների մասին: Խնդիրը երբեմն դառնում է ավելի պարզ ու հեշտ լուծելի, երբ դրա մասին բարձրաձայն ես խոսում: Երբեմն հարազատների հետ խոսելը կամ որևէ ֆորումում գրելը բավական է:
  • Ավելի շատ ուշադրություն դարձրեք երեխային: Նայեք, դիպչեք, շոյեք նրան, նրա ամեն մի թերթերունքը, շարժումը: Դա ձեզ կօգնի մոռանալ սթրեսի մասին և սկսել մտածել երեխայի մասին: Մոր օրգանիզմը կսկսի ավելի շատ ազդանշաններ ստանալ, որ երեխան իր կողքին է, որ նա հրաշք է, և որ նրան անհրաժեշտ է տալ մոր մարմնից մի փոքր մասնիկ՝ կաթի ձևով: Սա կօգնի ձեզ բարձրացնել օքսիտոցինի մակարդակը և նվազեցնել ադրենալինը:

 

Ինչ ՉՊԵՏՔ Է անել սթրեսի ժամանակ կրծքի կաթը շատացնելու համար

  • Սկսել տալ լրացուցիչ կաթնախառնուրդ: Եթե երեխան նորմալ քաշ է հավաքում, սակայն մոր անհանգստության պատճառով երեխան ևս անհանգիստ է, ապա ավելի լավ է կարգավորել կաթի արտահոսքը: Կաթնախառնուրդի վատն այն է, որ դրա պատճառով երեխան ավելի քիչ է մայրական կաթ ուտելու և, հետևաբար, մոր մարմինը սկսելու է ավելի քիչ կաթ արտադրել:
  • Սպասել, որ կրծքերում կաթը “լցվի” և չկերակրել երեխային ըստ պահանջի: Երբ կուրծքը շատ է լցվում կաթով, այն ազդանշան է ուղարկում գլխուղեղին, որ կաթը շատ է և պետք է քիչ արտադրել: Ուղեղը “հրաման” է տալիս դադարեցնել կաթնարտադրությունը: Այսպիսով, կաթ “հավաքելը” հանգեցնում է կաթնարտադրության նվազմանը:
  • Ընդունել հանգստացնող միջոցներ, որոնք անհամատեղելի են կրծքով կերակրման հետ: Եթե ինքնուրույն չեք կարողանում կարգավորել սթրեսը, և բժիշկը նշանակում է հանգստացնող միջոցներ, ապա անպայման զգուշացրեք նրան, որ կրծքով եք կերակրում: Նա պետք է նշանակի կրծքով կերակրելու հետ համատեղելի դեղամիջոց: Եթե բժիշկն ասում է, որ նման միջոցներ գոյություն չունեն, խնդրեք նրա մի քանի տարբերակներ առաջարկել, իսկ հետո կարող եք դրանց համատեղելիությունը ճշտել կրծքով կերակրման մասնագետի հետ: Նա կարող է յուրաքանչյուր միջոցի համար գտնել համապատասխան տեղեկատվություն և առաջարկել ընդունել այն միջոցը, որն առավել անվտանգ է երեխայի համար:
  • Ցանկացած դեպքում հիշեք, որ սթրեսը պայմանավորված է ժամանակավոր դժվարություններով, որոնք մի օր վերջանալու են: Իսկ երեխան և կրծքով կերակրումը, դրանց հետ կապված երջանիկ պահերը և մանկության մասին հիշողությունները մնալու են ամբողջ կյանում: Երեխան արդեն ձեզ հետ է, ձեր ընտանիքի անդամ է և մասնակցում է ձեր կյանքին: Թույլ տվեք նրան լինել ձեր կողքին, սովորել հաղթահարել դժվարությունները, օգնել ձեզ այնքանով, որքանով որ ձեր փոքրիկը իր տարիքում կարող է:

 

 

Հեղինակ՝ Գերա Պոեգլե, AKEB խորհրդատու, Մոսկվա

Տպագրվել է “Լիզա. իմ երեխան” ամսագրում 2015 թվականի մարտին

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

 

 

Մարզվելը և կրծքով կերակրելը
Անհավասար կրծքեր

  • 59
    Shares

Leave a Comment