Ինչպես լողացնել երեխային


baby bathԵրեխաների մեծ մասին լողացնում են ավելի հաճախ, քան դրա կարիքը կա: Իրականում, նորածինները շատ կեղտոտ չեն լինում. մինչև կեղտոտ ջրափոսում խաղալը դեռ ահագին ժամանակ կա:

Թե երբ է պետք առաջին անգամ լողացնել նորածնին, շատ վիճելի հարց է: Ընդունված պրակտիկան նույնն է՝ մինչև պորտի ընկնելը երեխային սրբել սպունգով, այլ ոչ թե լողացնել: Որոշ մանկաբույժներ վիճարկում են այս մոտեցումը՝ համարելով, որ մանկական տաշտակում երեխային լողացնելը չի ավելացնում պորտի բորբոքման հավանականությունը: Որոշումն ընդունեք ձեր մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո: Այս հոդվածի հեղինակ հանրահայտ ամերիկացի մանկաբույժ Ու. Սիրսը խորհուրդ է տալիս երեխային սրբել սպունգով մինչև պորտի ընկնելը:

Ինչպես նորածնին սրբել սպունգով

Եկեք քայլ առ քայլ պատկերացնենք, թե ինչպես եք առաջին անգամ երեխային սպունգով սրբելու: Այսպիսով, նախևառաջ հարմար տեղ ընտրեք: Սենյակը կամ լոգարանը պետք է լինի տաք՝ առանց միջանցիկ քամու: Հարմար դասավորեք երեխային սրբելու համար անհրաժեշտ հետևյալ պարագաները՝

  • երկու փոքր մանկական սրբիչ և մանկական սպունգ,
  • փափուկ օճառ և մանկական շամպուն,
  • բամբակե փայտիկներ,
  • տակդիրներ,
  • մաքուր հագուստ

Չնայած շատ երեխաներ սիրում են մերկ լինել՝ մեծ մասը չի սիրում: Կարող եք հանել երեխայի հագուստը՝ թողնելով վրան միայն տակդիրը, և երեխային փաթաթել սրբիչի մեջ: Նստեք այն սեղանին մոտիկ, որի վրա երեխային սրբելու համար անհրաժեշտ պարագաներն են: Երեխային դրեք ձեր ծնկներին կամ սեղանին՝ փափուկ և հաստ սրբիչի վրա: Կարող եք դնել նաև դատարկ տաշտակի մեջ, որի հատակին նախապես փռել եք փափուկ կտոր:

Ամենասկզբում տաք ջրով լվացեք երեխայի դեմքը, լավ սրբեք ականջների ետևը և վզի ծալքերը: Եթե երեխայի մաշկը շատ քրտնած կամ կեղտոտ չէ, բավական է հասարակ ջրով սրբելը:

Մարմնի և գլխի համար օգտագործեք փափուկ օճառ և շամպուն: Սպունգից մի փոքր ջուր լցրեք երեխայի գլխին, ավելացրեք մի քանի կաթիլ շամպուն և զգուշությամբ մերսեք ամբողջ գլուխը: Գաղթունը լվալիս պետք չէ չափազանց գույշ լինել. ներսում այն շատ պինդ է: Լվացեք երեխայի գլուխը և լավ չորացրեք սրբիչով:

Ացնենք մարմինը սրբելուն: Երեխան շարունակում է մնալ սրբիչի մեջ փաթաթված՝ բացի գլխից և դեմքից, և չի մրսում: Շուռ տվեք երեխային, հանեք տակդիրը և սրբեք մարմնի մնացած մասերը: Բացեք թևատակերը, ծնկների ետևի մասերը, արմունկի ներսը և մնացած այլ շուտ ճարպոտվող մասերը և լավ սրբեք:

Շուռ տվեք երեխային փորի վրա և սրբեք հետույքի վերևի հատվածի ներս ընկած մասերը, ինչպես նաև հետանցքի շուրջը: Կարող եք երեխային թողնել մեջքի վրա, բարձրացնել երկու ոտքերը և սրբել երեխայի մեջքի ստորին հատվածը և հետույքը: Որպեսզի երեխան չմրսի և չնեղվի, ծածկեք նրան, քանի դեռ լվանում եք հետույքը:

Լվացեք սեռական օրգանները: Բացեք երեխայի ոտքերը գորտի ոտքերի նման: Աղջիկ երեխաներին սրբելիս՝ բացեք սեռական օրգանի շուրթերը և թրջած բամբակե փայտիկով սրբեք դրանց արանքը: Հեշտոցի շուրջ սրբելիս միշտ շարժվեք դիմացի հատվածից դեպի հետևի հատվածը: Դուք կարող եք նկատել, որ արտադրությունը և քսուների մնացորդները հավաքվում են մեծ և փոքր շրթունքների միջև: Այս հատվածը պետք է ավելի ուշադիր և լավ մաքրել: Մեծ և փոքր շրթունքների միջև կուտակվող ձվի սպիտակուց հիշեցնող հեշտոցային արտադրությունը սովորական երևույթ է:

Տղա երեխաների դեպքում լվացեք ձվիկների տակի ծալքերը, սեռական օրգանի և հետույքի մաշկը, ինչպես նաև առնանդամի հիմքը: Մի հեռացրեք առնանդամի ծայրի մաշկը: Տղա երեխաների առնանդամի հիգիենայի մասին ավելի մանրամասն կարդացեք “Երեխայի առնանդամի հիգիենան
հոդվածում:

Երեխային արագ տակդիր և ներքնաշոր հագցրեք, որ չմրսի և չլարվի:

Հավելյալ խորհուրդներ.

  • Մարմնի մի հատվածից մյուսին անցնելիս փոխեք սպունգի հատվածները:
  • Սպունգը պարզապես հպեք երեխայի մաշկին, այլ ոչ թե սրբեք: Մարմնի սրբած հատվածը լավ չորացրեք: Մի տրորեք երեխայի մաշկը ո՛չ սպունգով, ո՛չ սրբիչով:
  • Եթե երեխան լողանալ չի սիրում կամ չի սիրում, երբ իր ամբողջ մարմինն են սրբում, սրբեք նրա մարմնի այն հատվածները, որոնք ավելի շատ են կեղտոտվում:
  • Սրբեք երեխայի աչքերը անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե մարմինը սրբելուց: Աչքերը լվալիս շատ երեխաներ նեղվում են: Թրջեք բամբակյա տամպոնները տաք ջրով և կաթացրեք ձեր դաստակի ներսի հատվածին՝ ջրի ջերմաստիճանը ստուգելու համար: Յուրաքանչյուր աչքը սրբեք առանձին տամպոնով:
  • Մի փորձեք մաքրել ականջին անցքը ներսից, քանի որ կարող եք այն վնասել:

Ինչպես լողացնել երեխային

Պորտը ընկնելուց հետո երեխային լողացնելը իսկական հաճույք է: Առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ ընտրել տաշտակը: Այն պետք է լինի անվտանգ և հարմար: Որոշ մայրիկներ երեխային լողացնում են խոհանոցի լվացարանում, քանի որ այն հարմար բարձրության է: Լվացարանում լողացնելու դեպքում պետք է համոզվել, որ այն անվտանգ է:

Երեխային լողացնելուց առաջ ստուգեք, որ ջուրը հաճելի տաք լինի, բայց ոչ շատ տաք: Մի մտածեք, որ նորածինները անհամբեր սպասում են լողանալուն: Լողանալու ժամանակ երգելը, աչքերի մեջ նայելը կամ նուրբ մերսումը երեխային կօգնեն թուլանալ և հանգստանալ:

Հաճախ տրվող հարցեր նորածիններին լողացնելու մասին

Հարց. որքա՞ն հաճախ է պետք լողացնել երեխային:

Լողանալը առաջին հերթին հաճելի պրոցես է: Նորածինները այնքան չեն կեղտոտվում, որ ամեն օր լողանան: Զբաղված ծնողների համար լավ նորություն կլինի այն, որ շաբաթական երկու անգամը բավարար է, հատկապես ձմռանը, եթե դուք երեխայի հետույքը ամեն տակդիրը փոխելուց լավ լվանում եք: Երեխայի մարմնի որոշ հատվածներ՝ ականջի ետևը, վզի և մարմնի այլ հատվածների ծալքերը, սեռական օրգանները և հետույքը, պետք է մաքրել ամեն օր:

Հարց. ե՞րբ լողացնել երեխային՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան

Դա ընտրության հարց է: Ընտրեք անպիսի ժամ, երբ տանը հանգիստ է, և դուք կարող եք երեխային լողացնել առանց շտապելու: Որոշ ծնողներ նախընտրում են երեխային լողացնել առավոտյան, երբ երեխաները արթուն են և առույգ, իսկ մյուսները երեխային լողացնում են երեկոյան՝ նախապատրաստելով գիշերային երկար քնին: Եթե երեխային կերակրելուց հետո եք լողացնում, ապա մի փոքր սպասեք, որ նա կերածը մի քիչ մարսի:

Հարց. որքա՞ն տաք պետք է լինի ջուրը

Տաք ջուրը հաճելի է: Ջրի լավագույն ջերմաստիճանը նորածիններին լողացնելու համար 37-380C է:

Հարց. ինչպիսի՞ տաշտակ ընտրել երեխային լողացնելու համար

Շատ ծնողներ նախընտրում են հատուկ նորածինների համար նախատեսված մի փոքր թեքություն ունեցող լոգարանակոնքեր: Այլ ծնողներ նորածիններին լողացնում են տաշտակների համար նախատեսված հատուկ աթոռակներում: Երրորդները երեխաներին լողացնում են լոգարանակոնքի մեջ: Իրականում այս ամենը կարևոր չէ. կարևոր է պահպանել անվտանգության կանոնները՝ անկախ տաշտակի տեսակից: Երբե՛ք միայնակ մի թողեք երեխային ջրի մեջ:

Հարց. ինչպիսի՞ օճառ օգտագործել:

Երեխայի, հատկապես նորածնի, մաշկը շատ զգայուն է, և ցանկացած օճառ այն գրգռելու է: Օճառի նպատակը մաշկի մակերեսին կեղտի և մաշկի յուղի խառնուրդ ձևավորելն է, որը հեշտ կլինի հեռացնել մաշկից: Յուրաքանչյուր երեխայի մաշկ տարբեր է, և կարող է տարբեր զգայունություն ունենալ տարբեր տեսակի օճառների նկատմամբ, այնպես որ օճառի տեսակ խորհուրդ տալ դժվար է: Սակայն կան որոշ ընդհանուր կանոններ.

  • Օճառ օգտագործեք մարմնի միայն այն մասերում, որոնք շատ են կեղտոտվում մաշկի կողմից արտադրվող յուղերից և քրտինքից, որոնք հեռացնելու համար հարկ կլիներ մաշկը տրորել: Երեխայի դեմքը օճառով մի լվացեք:
  • Առաջին անգամ օճառի որևե տեսակ օգտագործելիս՝ սկզբում այն փորձեք մարմնի մի փոքր հատվածի վրա: Եթե մի քանի ժամվա ընթացքում մարմնի այդ մասը չի կարմրում կամ չափից շատ չի չորանում, ապա կարող եք շարունակել օգտագործելը:
  • Օգտվեք փափուկ օճառներից: Մանկական օճառը հասարակ օճառ է, որը ավելի քիչ հավելումներ, օրինակ՝ հակաբատերիալ բաղադրիչներ է պարունակում:
  • Օճառը երեխայի մարմնի վրա հինգ րոպեից ավելի երկար մի թողեք: Լվացեք որքան հնարավոր է լավ:
  • Խուսափեք օճառով մարմնի որևէ հատվածը տրորելուց: Եթե ձեր երեխան էկզեմաների կամ դերմատիտի խնդիր ունի, ապա օգտվեք խոնավեցնող օճառից:

Շամպունները իրենց բաղադրությամբ մոտ են օճառին և շատ օգտագործելու դեպքում կարող են գրգռել գլխի մաշկը և մազերի վրայից հանել դրանց բնական յուղերը: Շաբաթը մեկ անգամ մազերը շամպունով լվալը լռիվ բավարար է երեխաների մեծ մասի համար: Փորձեք փափուկ մանկական շամպուններ օգտագործել, որոնք մեծահասակների շամպունների համեմատ քիչ հավելումներ են պարունակում: Կարիք չկա շամպունով տրորել գլուխը: Մաշկախտի դեպքում երեխային լողացնելուց առաջ գլխի մաշկը խնամեք այնպես, ինչպես նկարագրված է մեր “Նորածնի մաշկի համառոտ ուղեցույց” հոդվածում:

Հարց. արդյո՞ք կարիք կա օգտագործել մանկական փոշի:

Անցել են այն ժամանակները, երբ երեխային ամեն լողացնելուց հետո մանկական փոշի էին քսում: Դա ավելորդ է, քանի որ ցանկացած անտեղի օգտագործված միջոց կարող է գրգռել երեխայի մաշկը: Փոշին կարող է գնդվել և ցան առաջացնել: Կրախմալը կարող է լավ միջավայլ ստեղծել սնկերի համար, իսկ ներշնչելու դեպքում կարող է գրգռել շնչառական ուղիները:

Հարց. ինչպե՞ս լողացնել լողանալ չսիրող երեխային:

Եթե ձեր երեխան ամեն անգամ ջուրը մտնելիս լաց է լինում, դա նշանակում է, որ նա կա՛մ սոված է, կա՛մ ջուրը շատ տաք/սառն է, կա՛մ ձեր երեխան այն երեխաներից է, որը մենակ լողանալ չի սիրում, քանի որ իրեն ապահով չի զգում: Լոգանք ընդունեք ձեր երեխայի հետ միասին: Դրա համար լոգարանակոնքի մեջ ձեզ համար սովորականից մի փոքր ավելի սառը ջուր լցրեք, հանեք ձեր և երեխայի հագուստը, ջուրը մտնելիս երեխային պինդ սեղմեք ձեր մարմնին, նստեք լոգարանակոնքի մեջ, հենվեք և թուլացեք: Հաճույք ստացեք երեխայի հետ մաշկը մաշկին շփումից: Եթե ձեր երեխան շարունակում է դիմադրել, սկզբում ջրի մեջ մտեք դուք և ցույց տվեք երեխային, թե որքան հաճելի է ջրի մեջ գտնվելը: Ապա խնդրեք հարազատներից որևէ մեկին ձեզ փոխանցել երեխային: Մի զարմացեք, եթե այդ պահին երեխան կուրծք պահանջի: Կարող եք նաև լոգարանակոնք մտնել երեխայի հետ, սակայն երեխային ջրի մեջ մտցնել աստիճանաբար: Եթե երեխան կուրծք պահանջի, ապա ջրի մեջ մտցրեք կերակրելով: Միասին լոգանք ընդունելու դեպքում մաքսիմում զգույշ եղեք, որ չսայթաքեք: Սկզբնական շրջանում ցանկալի է համատեղ լոգանք ընդունել ձեր ամուսնու ներկայությամբ, որ նա ձեզ օգնի այն կազմակերպել և հետևի ձեր և երեխայի անվտանգությանը: Լոգանք ընդունել չսիրող երեխաներին կարելի է լոգանքից հետո մերսել, որպեսզի լոգանքը նրանց մոտ ասոցացվի հաճելի ավարտի հետ:

Որո՞նք են երեխային լողացնելու անվտանգության կանոնները

Երեխաներին լողացնելիս հետևեք անվտանգության հետևյալ կանոններին.

  • Երբեք, երբեք չթողնե՛ք երեխային առանց ուշադրության: Երեխաները կարող են խեղդվել, նույնիսկ եթե ջրի խորությունը ընդամենը 2.5 սմ է:
  • Համոզվե՛ք, որ երեխային լողացնելու սենյակը հաճելիորեն տաք է (24 0C):
  • Եթե երեխային լողացնում եք ընդհանուր լոգարանակոնքում, համոզվե՛ք, որ այն անվտանգ է և երեխան չի սայթաքի:
  • Երեխային մի՛ դրեք լոգատաշտակում, եթե դեռ ջուր եք լցնում:
  • Լոգատաշտակի ջուրը չպե՛տք է լինի 5-10 սմ-ից բարձր:
  • Արդեն նստող երեխաների դեպքում կարող եք նրան լողի օղակ հագցնել, սակայն դա չի նշանակում, որ երեխային կարելի է լոգարանում մենակ թողնել:
  • Սովորեցրե՛ք երեխային, որ չի կարելի կանգնել լոգարանակոնքում:
  • Մի՛ օգտագործեք լոգանք ընդունելու փրփուր, քանի որ այն կարող է գրգռել երեխայի սեռական օրգանների մաշկը:
  • Հիշե՛ք, որ ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 49 0C-ն. 60 0C տաքության ջրից երեխան կարող է երրորդ աստիճանի այրվածք ստանալ:
  • Թույլ մի՛ տվեք, որ երեխան ձեռք տա ջրի ծորակներին. կգա մի տարիք, որ նա կկարողանա դրանք շարժել և փոխել ջրի ջերմաստիճանը:

Հեռու պահեք էլեկտրական սարքերը երեխայի լոգատաշտակից

Աղբյուրները՝ http://www.mayoclinic.org/healthy-lifestyle/infant-and-toddler-health/in-depth/healthy-baby/art-20044438?pg=1

http://www.babycentre.co.uk/a553837/bathing-your-newborn

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ինչպե՞ս մաքրել երեխայի ականջները