Ինչպե՞ս խնամել նորածնի պորտը


Հղիության ժամանակ երեխաները թթվածին և սնուցում են ստանում մոր ընկերքից, որին ամրացված են պորտալարի միջոցով: Ծնվելուց հետո երեխայի պորտալարը այլևս նրա պետք չէ. այն կապում են և կտրում: Պորտի մնացած փոքր հատվածը ընկնում է 7-21 օրվա ընթացքում, իսկ վերքը լավանում է մի քանի օրում:

 

Ինչպե՞ս խնամել երեխայի պորտը

 Երբ պորտն ընկնում է, կարող եք մի փոքր արյուն նկատել, որը նորմալ է: Երբեմն պորտը ընկնելուց հետո կարող է թափանցիկ կամ դեղնավուն հեղուկ դուրս գալ, կամ կարող են մարմնի մսի փոքր գնդիկներ մնալ: Այդ գնդիկները կարող են կա՛մ ինքնուրույն անհետանալ, կա՛մ վերացվել մանկաբույժի կողմից, որը լուրջ միջամտություն չէ և երեխային ցավ չի պատճառում:

 

Ինչպես չի՛ կարելի մշակել երեխայի պորտը

  • Չի կարելի երեխայի պորտը կամ պորտի վերքը մշակել ադամանդափայլ կանաչի (зеленка)լուծույթով, քանի որ դրա տակից չի երևում, թե ինչ վիճակում է պորտը:
  • Դնել երեխային փորի վրա, եթե երեխայի պորտը չի ընկել, իսկ պորտը մշակված է պլաստիկ ամրակով: Այդ դիրքը կարող է երեխայի համար տհաճ լինել:
  • Երեխայի պորտի վրա լցնել կամ կաթեցնել հականեխիչ նյութեր՝ ջրածնի պերօքսիդ (перекись водорода), կալիումիպերմանգանատ (марганцовка) և այլն:
  • Մշակել պորտի կողքի մաշկը սպիրտ պարունակող հեղուկներով:
  • “Փորփրել” պորտը, փորձել այն պոկել, նույնիսկ եթե թվում է, թե այն արդեն պոկվել է:

 

Ինչպես պե՛տք է խնամել երեխայի պորտը

  • Պահեք պորտը մաքուր և չոր: Տակդիր հագցնելիս ուշադիր եղեք, որ այն չծածկի պորտը: Սա կարևոր է, որպեսզի երեխայի պորտը շփում ունենա օդի հետ և հեռու լինի երեխայի մեզից:
  • Երկու օրականից երեխային ամենօր լողացրեք: Ցնցուղի փոխարեն երեխային լողացրեք փափուկ մանկական սպունգով: Թե ինչպես է պետք լողացնել սպունգով, կարդացե՛ք այստեղ:
  • Տաք եղանակին երեխային հագցրեք բարակ վերնաշապիկ և տակդիր, որպեսզի պորտի հատվածը շփում ունենա օդի հետ և վերքը արագ չորանա: Խուսափեք երեխային բոդի հագցնելուց:
  • Եթե պարտադիր ցանկանում եք խնամել պորտը, ապա նախ քննարկեք դա երեխայի մանկաբույժի հետ: Մշակելու դեպքում կարող եք անել հետևյալը. մինչև պորտը ընկնելը մշակեք այն օրական 2 անգամ, պորտը ընկնելուց հետո պորտի վերքը մշակեք 2-3 օր՝ օրական 2 անգամ, իսկ դրանից հետո՝ մինչև պորտի վերքի լրիվ լավանալը՝ օրական 1 անգամ: Մշակել կարող եք ջրածնի պերօքսիդով (перекись водорода) կամ կալիումի պերմանգանատի (марганцовка) պինդ լուծույթով:

    ՀԻՇԵ՛Ք. պերօքսիդը կամ կալիումի պերմանգանատը չի՛ կարելի լցնել պորտի անցքի մեջ:

  • Մի՛ օգտագործեք սպիրտային լուծույթ նորածնի պորտը մաքրելու համար: Հետազոտությունները պարզել են, որ սպիրտային լուծույթները ուշացնում են վերքերի լավանալը և չեն նվազեցնում բորբոքման հավանականությունը:

 

Որո՞նք են պորտի բորբոքման նշանները

Խորհրդակցեք բժշկի հետ, եթե՝

  • Երեխան լաց է լինում, երբ ձեռքով շոշոփում եք պորտը կամ դրա շուրջ գտնվող մաշկը:
  • Պորտի հիմքի շուրջ գտնվող մաշկը կարմրել է:
  • Պորտից կամ պորտի վերքից դեղնավուն արտադրություն կա և/կամ հոտ է գալիս: Նման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
  • Պորտից անընդհատ արյուն է գալիս:
  • Նորածնի պորտի կողքի մաշկը տաք է:
  • Եթե պորտը կամ պորտի վերքը թաց են:
  • Եթե դուք կամ ընտանիքի որևէ այլ անդամ անհանգստություն ունեք երեխայի պորտի հետ կապված:

 

 

Աղբյուրները՝ http://www.babycenter.com/0_caring-for-your-newborns-umbilical-cord-stump_127.bc ; Анна Тажерова. Новорожденный. “Я родился.” https://www.facebook.com/groups/422375071234179/permalink/789889981149351/

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 


Քրտնախաշ, մաշկի ջերմահարում