Ինչպես խոսել երեխաների հետ. 25 խոսելու եղանակ, որ երեխաները կլսեն


how to talk to kicsԿարգապահության հիմնական մասը երեխաների հետ խոսել սովորելն է, խոսել այնպես, որ նրանք լսեն: Այնպես ինչպես դուք խոսում եք ձեր երեխայի հետ, այնպես նա խոսում է մյուսների հետ: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք մենք սովորել ենք մեր երեխաների հետ.


1 – Կապ հաստատեք, նախքան հրահանգելը – 
Նախքան ձեր երեխային հրահանգներ տալը, նրա ուշադրությունը գրավելու համար, կռացեք այնքան, որ հասնեք երեխայի աչքերի մակարդակին և գրավեք նրա ուշադրությունը՝ հաստատելով «աչք աչքի» կոնտակտ: Սովորեցրե՛ք նրան, թե ինչպես կենտրոնանալ. «Մարի, ինձ պետք են քո աչքերը», «Բիլլի, ինձ պետք են քո ականջները»: Առաջարկեք նույն մարմնի լեզուն, երբ դուք եք լսում ձեր երեխաներին: Նայեք երեխայի աչքերի մեջ այնպես, որպեսզի դուք վստահ լինեք, որ երեխան դա կընկալի որպես կոնտակտ, այլ ոչ թե ղեկավարելու հայացք:

2 – Դիմեք ձեր երեխային – Սկսեք ձեր հարցադրումը երեխայի անունով՝ «Լոռա, դու կ……, խնդրեմ»:

3 – Խոսեք հակիրճ – Մենք օգտագործում ենք «մեկ նախադասության» կանոնը. հիմնական հրահանգը դրեք առաջին նախադասության մեջ: Որքան երկար խոսեք, այնքան ավելի հավանական է, որ ձեր երեխան կդառնա ծնողին չլսող: Որևէ հարցի քննարկման ժամանակ չափից շատ խոսելը ծնողների ամենատարածված սխալն է: Դրանից երեխայի մոտ զգացողություն է լինում, որ դուք ինքներդ այնքան էլ վստահ չեք, թե դուք ինչ եք ուզում ասել: Եթե նա կարողանա ձեզ երկար խոսեցնել, նա կարող է ձեր ուշադրությունը շեղել:

4 – Պարզ մնացեք – Օգտագործեք միավանկ բառերով պարզ նախադասություններ: Լսեք, թե ինչպես են երեխաներն իրար հետ հաղորդակցվում և հաշվի առեք դա: Երբ ձեր երեխայի հայացքը դառնում է անտարբեր և սառած, դուք այլևս անհասկանալի եք նրա համար:

5 – Խնդրեք երեխային կրկնել այն, ինչ դուք իրեն ասացիք – Եթե նա չի կարողանում, ապա ձեր ասածը կամ շատ երկար էր կամ շատ բարդ:

6 – Արեք այնպիսի առաջարկություն, որից երեխան չի կարող հրաժարվել – Դուք կարող եք այսպես տրամաբանել երկու կամ երեք տարեկան երեխայի հետ, հատկապես իշխանության պայքարից խուսափելու համար. «Հագնվիր, որպեսզի կարողանաս գնալ դուրս և խաղալ»: Ձեր խնդրանքում առաջարկեք երեխային այնպիսի պատճառ, որը նրան կհետաքրքրի և դժվար կլինի դա մերժել: Դա առիթ կտա նրան դուրս գալ իր իշխանության դիրքից և անել այն, ինչ դուք ուզում եք, որ նա անի:

7 – Մնացեք լավատես և դրական: – «Մի՛ վազիր» -ի փոխարեն փորձեք ասել. «Ներսում մենք քայլում ենք, դրսում դու կարող ես վազել»:

8 – Սկսեք ձեր հրահանգները «ես ուզում եմ» բառերով: – «Ցա՛ծ իջիր» -ի փոխարեն ասեք «Ես ուզում եմ, որ դու ցած իջնես»: Դա աշխատում է այն երեխաների հետ, որոնք ցանկանում են հաճոյանալ, սակայն չեն սիրում, երբ իրենց հրամայում են: Ասելով «ես ուզում եմ»՝ դուք երեխային զիջելու պատճառ եք տալիս, այլ ոչ թե պարզապես հրահանգ:

9 – «Երբ ….այն ժամանակ» – «Երբ դու ատամներդ լվանաս, այն ժամանակ մենք կսկսենք պատմությունը»: «Երբ քո աշխատանքն ավարտվի, այն ժամանակ դու կարող ես գնալ դուրս և խաղալ»: «Երբ»-ը ենթադրում է, որ դուք ակնկալում եք երեխայի հնազանդությունը: Դա ավելի լավ է աշխատում, քան «եթե»-ն, ինչը ենթադրում է, որ երեխան ունի ընտրություն, որը դուք չէիք ցանկանում տալ նրան:

10 – Առաջինը ոտքերը, բերանը՝ երկրորդը – «Հավաքի՛ր խաղալիքներդ, ճաշի ժամն է» գոռալու փոխարեն՝ գնացեք այն սենյակը, որտեղ երեխան խաղում է, ցածր, սակայն հաստատակամ ձայնով ասեք երեխային, որ ճաշի ժամն է, ապա ներգրավվեք երեխայի հետաքրքրություններով մի քանի րոպե: Երեխայի մոտ ձեր գնալը ցույց է տալիս, որ ձեր հրահանգը շատ լուրջ է, հակառակ դեպքում երեխան կարող է ձեր ասածն ընկալել, որպես նախապատվության իրավունք:

11 – Ընտություն տվեք – «Դու ուզում ես նախ քո գիշերանոցը հագնել, թե՞ ատամները լվանալ»:

12 – Խոսեք երեխայի հետ, ըստ նրա զարգացվածության – Որքան փոքր է երեխան, այնքան պարզ և կարճ պետք է լինեն ձեր հրահանգները: Հաշվի առեք ձեր երեխայի հասկանալու կարողության մակարդակը: Օրինակ, շատ տարածված սխալ է, երբ ծնողները երեքամյա երեխային հարցնում են. «Ինչու՞ դու դա արեցիր:» Շատ չափահասներ միշտ չեն կարող պատասխանել իրենց պահվածքին վերաբերվող այդ հարցին: Դրա փոխարեն փորձեք ասել. «Արի խոսենք քո արածի մասին:»

13 – Խոսեք սոցիալապես ճիշտ – Անգամ երկու տարեկան երեխան կարող է սովորել «խնդրեմ»-ը: Ակնկալեք, որ ձեր երեխան կլինի քաղաքավարի: Երեխաները չպետք է զգան, որ քաղաքավարության կանոնները պարտադիր չեն: Խոսեք ձեր երեխաների հետ այնպես, ինչպես կուզեք նրանք խոսեն ձեզ հետ: 

14 – Խոսեք հոգեբանորեն ճիշտ – Սպառնալիքներն ու քննադատական բացահայտումները ստիպում են երեխային անցնել պաշտպանության: «Դու» -ով հանձնարարությունները լռեցնում են երեխային, իսկ «Ես» -ով հանձնարարությունները քննադատող չեն: «Դու ավելի լավ է անես դա…» կամ «Դու պետք է…» -ի փոխարեն փորձեք ասել «Ես կցանկանայի…» կամ «Ես այնքան շոյված ինձ կզգամ, երբ դու…»: «Դու պետք է մաքրես սեղանը» -ի փոխարեն ասեք. «Դու ինձ պետք ես սեղանը մաքրելու համար»: Երբ բացասական պատասխան չեք ակնկալում, մի տվեք առաջատարի հարց: «Կվերցնե՞ս քո վերարկուն, խնդրում եմ» -ի փոխարես պարզապես ասեք «Վերցրու քո վերարկուն, խնդրեմ»:

15 – Գրառումներ արեք – Հիշեցումները շատ հեշտությամբ կարող են վերածվել դժգոհությունների, հատկապես իննից տասներկու տարեկան երեխաների համար, ովքեր կարող են չարձագանքել, երբ դուք շարունակաբար ասեք նրանց ինչ-որ բաներ անել: Առանց որևէ բառ ասելու դուք կարող եք հաղորդել ինչ ձեզ պետք էր նրանց ասել: Խոսեք թղթով և մատիտով: Թողեք հումորային գրառումներ ձեր երեխայի համար: Հետո թուլացեք և հետևեք, թե ինչ կլինի:

16 – Ցածր խոսեք երեխայի հետ – Որքան բարձր է ձեր երեխան գոռում, այնքան փափուկ պատասխանեք: Թույլ տվեք ձեր երեխային արտահայտվել, մինչ դուք ժամանակին մեկնաբանում եք՝ ասելով «ես հասկանում եմ» կամ «կարող եմ ես օգնել»: Երբեմն, միայն հոգատար ունկնդիր ունենալը, կարող է փոթորիկը հանդարտացնել: Եթե դուք էլ խոսեք բարձրաձայն, դուք գործ կունենաք երկու փոթորկի հետ: Եղեք մեծահասակ նրա համար:

17 – «Տրամադրեք» ունկնդրին – Մինչ հրահանգներ տալը, վերականգնեք հուզական հավասարակշռությունը, հակառակ դեպքում դուք վատնում եք ձեր ժամանակը: Երբ ձեր երեխան էմոցիոնալ ճնշված է, ոչինչ նրան դաս չի լինի:

 18 – Կրկնեք ձեր հրահանգը – Մանուկներին պետք է նույն բանը կրկնել հազար անգամ: Մինչև երկու տարեկան երեխաները, ձեր հրահանգները յուրացնելիս, դժվարություններ են ունեն: Շատ երեք տարեկանները սկսում են յուրացնել ձեր հրանհանգներն այնպես, որ ձեր խնդրանքը սկսում է ընկալվել: Երեխայի աճին զուգընթաց պետք է ավելի ու ավելի քիչ կրկնել: Ութից տասներկու տարեկաները կրկնությունը համարում են «գլխին ավետարան կարդալ»:

19 – Թողեք ձեր երեխան վերջացնի միտքը – «Մի՛ թող սենյակդ խառնաշփոթ վիճակում» -ի փոխարեն փորձեք ասել «Արեգ, մտածիր, թե որտեղ դու կուզենայիր պահել քո ֆուտբոլային իրերը»: Երեխային ինքնուրույն բացթողումները լրացնել թույլ տալը առավել հավանական է դարձնում ձեր ասածի երկարաժամկետ դաս լինելը:

20 – Օգտագործեք հանգավորված կանոններ – «Ով աշխատի նա կուտի»: Այնպես արեք, որ երեխան կրկնի դրանք:

21 – Տվեք հաճելի այլընտրանքներ – «Դու չես կարող մենակ գնալ զբոսայգի, բայց դու կարող ես խաղալ հարևան բակում»:

22 – Նախօրոք հուշում տվեք – «Մենք շուտով գնում ենք: Ասա ցտեսություն խաղալիքներին, ցտեսություն աղջիկներին…»:

23 – Բացահայտեք ինքնամփոփ երեխային – Զգուշորեն ընտրված արտահայտությունները բացում են փակված փոքրիկ մտքերը և բերանները: Խոսեք այն թեմաների շուրջ, որոնցից, դուք գիտեք՝ ձեր երեխան ոգևորվում է: Տվեք այնպիսի հարցեր, որոնց հնարավոր չէ պատասխանել միայն «այո» կամ «ոչ»: Հետաքրքրվեք մանրամասներով: «Այսօր լա՞վ օր էր դպրոցում» – ի փոխարեն փորձեք ասել «Ո՞րն է ամենազվարճալի բանը, որ դու այսօր արել ես»:

24 – Օգտագործեք «Երբ դու… Ես կզգամ… որովհետև…» –  «Երբ դու խանութում մայրիկից հեռու վազես, ես կանհանգստանամ, որովհետև հնարավոր է՝ դու կորես»:

25 – Փակեք քննարկումը – Եթե հարցը իսկապես վերածվում է քննարկման, ասեք այսպես. «Կներես, սակայն ես իմ կարծիքն այս հարցում չեմ փոխի»: Այսպես դուք կխնայեք և՛ ձեր, և՛ ձեր երեխայի նյարդերն ու արցունքները: Դա անելիս պահեք ձայնի գործնական տոնը:

 

Աղբյուրը՝  http://www.askdrsears.com/topics/parenting/discipline-behavior/25-ways-talk-so-children-will-listen

Թարգմանեց՝ Հասմիկ Դեմիրխանյանը:

Բաժանման անհանգստություն
Ի՞նչ անել երբ մանուկները իրեր են նետում