Ինչպե՞ս կազմակերպել կրծքով կերակրման ժամանակավոր դադարեցումը


 

imagesԿյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մայրիկին և կրծքով կերակրվող երեխային անհրաժեշտ է երկար ժամանակով՝ մի քանի օրով կամ շաբաթով, իրարից հեռանալ (կամ առանց հեռանալու դադարեցնել կերակրումը): Կերակրող մայրերի մեծամասնությունը ձգտում է խուսափել նման իրավիճակներից և անել ամեն ինչ, որպեսզի բաժանումը մաքսիմալ կարճատև լինի կամ ընդհանրապես չլինի: Ինչպե՞ս է դա հնարավոր: Եվ ի՞նչ անել, երբ բաժանումն անխուսափելի է:

ԳՈՒՐԾՈՒՂՈՒՄ

Օրինակ կան մայրիկներ, որ վերցնում են իրենց հետ երեխային և էլի ինչ-որ մեկին, ով այդ ընթացքում կխնամի երեխային (օրինակ՝ տատիկին, դայակի, հորը): Այս դեպքում գործուղումը կարող է ավելի թանկ լինել, բայց փոխարենը չեք կարոտի փոքրիկին, չեք անհանգստանա՝ ինչպես է նա այնտեղ, գիշեր-ցերեկ չեք կթի կաթը, նաև վերադառնալուց հետո պայքարի, որպեսզի երեխան չհրաժարվի կրծքից: Ստիպված չեք լինի լուծել այն խնդիրները, որոնք պոտենցիալ կերպով կարող են ի հայտ գալ երեխայի սննդակարգը փոխելուց հետո: Ինչ-որ իրավիճակներում (օրինակ՝ երեխան շատ փոքր է) կարելի է միջոցառումների մի մասին երեխային անգամ վերցնել ձեզ հետ՝ սլինգի մեջ դնելով:

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ

Երբեմն ծնողները երազում են մեկնել հանգստանալու և մտածում կերակրման դադարեցման (կամ ժամանակավոր դադարեցման) մասին: Սակայն շատերը որոշում են երեխային իրենց հետ վերցնել՝ գուցե նախապես տատիկի հետ համաձայնության գալով, որ նա ևս մեկնի իրենց հետ, որպեսզի հետևի երեխային/երեխաներին: Այս դեպքում ծնողները չեն անհանգստանա այն մասին, թե ինչպես է փոքրիկն այնտեղ, միաժամանակ էլի շատ ժամանակ ունենալով միմյանց հետ շփվելու, քան սովորական օրերին: Շատերն էլ արձակուրդ են մեկնում երեխաների հետ առանց ավելորդ անձանց, ովքեր կհետևեին երեխաներին, և դա ընտանիքի համար ընդունելի են համարում:

 

ՄԱՅՐԻԿԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Եվս մեկ հնարավոր խնդիր՝ մայրիկի բուժումը, որը համատեղելի չէ կրծքով կերակրման հետ: Բավականին հաճախ են բուժաշխատողները մորն առաջարկում հրաժարվել երեխային կրծքով կերակրելուց, որպեսզի բուժում իրականացնեն: Բայց իրականում, ավելի ճշգրիտ տվյալներով, շատ քիչ հիվանդություններ գոյություն ունեն, որոնց դեպքում բուժումն իրոք անհամատեղելի է կրծքով կերակրելու հետ: Գոյություն ունեն բազում հակաբիոտիկներ, որոնք համատեղելի են կերակրման հետ: Ինչ-որ պրոցեդուրաներ կարելի է ամբուլատոր կերպով անցկացնել. անգամ, երբ կնոջը վիրահատում են, կրծքով կերակրել թույլատրվում է անմիջապես, հենց թմրաքնեցումն անցնում է (բժշկին խնդրեք կրծքով կերակրման հետ համատեղվող դեղորայք դուրս գրել. գոյություն ունեն տեղեկագրքեր, ուր նշված են ԿԿ ժամանակ դեղերի ընդունման ռիսկի չափերը, ինչպես նաև առաջարկվում են փոխարինիչ պրեպարատներ): Այսպիսով, հաճախ հաջողվում է համատեղել բուժումն ու կրծքով կերակրումը:

 

ԱՎԱԳ ԵՐԵԽԱՅԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Լինում է նաև, որ բուժում պահանջվում է ավագ երեխային, և ինչ-որ մեկը պետք է վերջինիս հետ պառկի հիվանդանոց: Այսպիսի իրավիճակում կարելի է մտածել այն մասին, որ հայրիկը պառկի երեխայի հետ հիվադանոց, կամ տատիկը, կամ բարեկամ, կամ որևէ մտերիմ մարդ, իսկ մայրիկը մնա տանը և միայն այցելի իր ավագ երեխային հիվանդանոցում:

a

ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ Է

Սակայն միշտ չէ, որ նմանատիպ ելքն ընդունելի է ընտանիքի համար, երբ մայրիկը որոշում է կայացնում, որ անհրաժեշտ կլինի ԿԿ երեխայի հետ երկարատև բաժանում: Ինչ-որ մեկն արձակուրդ է մեկնում ՛՛առանց երեխաների՛՛, ինչ-որ մեկը՝ հեռավոր գործուղման, ուր հնարավոր չէ տանել ուղեկցող մեկին, ինչ-որ մեկը հիվանդանոց է պառկում: Կշռադատելով բոլոր ՛՛կողմ՛՛ և ՛՛դեմ՛՛-երը՝ ամեն ընտանիք կոնկրետ իրավիճակում իր որոշումն է կայացնում: Ինչպիսի՞ք են երկարատև բաժամնան ժամանակ ընդհանուր առաջարկները:

Կանգ չենք առնի բաժանման հոգեբանական տեսանկյունի վրա. չէ՞ որ ոչ միայն կրծքով կերակրումը, այլև մայրիկի պետք լինելն ու նրան անընդհատ կողքին տեսնելու սովորությունը բերում են նրան, որ և՛ կերակրվող, և՛ կրծքով չկերակրվող երեխան կարոտում և սպասում է մայրիկին: Բաժանման հոգեբանական ասպեկտը այլ հոդվածի թեմա է: Քննարկենք միայն այն պահերը, որոնք անմիջականորեն առնչվում են կրծքով կերակրմանը:

Բնականաբար, դա կախված է նաև փոքրիկի տարիքից:

Հիմնահարցերը, որոնք պետք է վերլուծել, հետևյալն են.

  1. Ինչո՞վ կերակրել երեխային մայրիկի բացակայության ժամանակ;
  2. Ինչպե՞ս կերակրել երեխային մայրիկի բացակայության ժամանակ;
  3. Ինչպե՞ս նրան քնեցնել;
  4. Ինչպե՞ս վարվի մայրիկը կրծքի հետ, որքա՞ն հաճախ այն կթի, ինչպե՞ս պահի կաթը;
  5. Ի՞նչ անել վերադառնալուց հետո: 
  1. Ինչո՞վ կերակրել երեխային մայրիկի բացակայության ժամանակ. Իհարկե, լավագույնն այն է, որ կերակրել երեխային մայրական կաթով այն նույն քանակով, ինչպես այն ժամանակ, երբ մայրիկը կողքին էր: Եթե երեխան փոքր է (մոտ մինչև 6 ամսական), ապա նրան կարելի է միայն մայրական կաթ տալ (բնականաբար կթած, հնարավոր է՝ սառեցրած) կամ կաթնային խառնուրդ: Որքան փոքր է երեխան, այնքան նրա առողջության համար կարևոր է, որպեսզի այն լինի հենց մայրական կաթը: 6 ամսականից մեծ երեխաների համար, ովքեր արդեն լրացուցիչ սնունդ են ստանում, հնարավոր է՝ կրծքի կաթի մի մասը փոխարինել հենց սննդով: Բայց իմաստ չունի այս պրոցեսը դիտավորյալ արագացնելը, քանի որ ակտիվ և չափից շուտ լրացուցիչ սնունդը կարող է վատ ազդեցություն թողնել երեխայի առողջության վրա: Պետք չէ գերազանցել կերակրման տարիքային նորմերը: Երևի ավելի անվտանգ է նույնքան կթած կաթ+խառնուրդ տալը, որքան երեխան ստանում էր մեկնելուց առաջ: Սովորաբար, որքան մեծ է երեխան, այնքան ավելի քիչ պրոբլեմներ են լինում կապված կերակրման հետ: Մեկ տարեկանից հետո, մեկուկես տարեկան երեխաները հաճախ արդեն շատ են ՛՛սովորական՛՛ ուտելիք ուտում, ինչպես նաև կաթնամթերք: Հնարավոր է՝ կթած կաթ կամ խառնուրդ արդեն պետք չլինեն:

Նախապատրաստում. Եթե դուք որոշել եք, որ ձեր բացակայության ընթացքում երեխան պետք է նախօրոք պատրաստված կաթ ուտի, կարելի է արդեն հիմա սկսել նախապատրաստել և սառեցնել: Շատ կանայք էֆեկտիվ կթում են կաթը երեխային կերակրելիս (մյուս կուրծքը), ոմանք էլ դա անում են կերակրելուց առաջ կամ հետո: Մի քանի շաբաթների ընթացքում կարելի է կաթի պաշար հավաքել, որը երեխան կուտի ձեր բացակայության ընթացքում: Նաև ցանկալի է բժշկի հետ խառնուրդ ընտրել, իհարկե եթե կաթի ավելցուկ չունեք, որը երեխան կուտի անհրաժեշտութայն դեպքում (խնդիրն այն է, որ կաթնախառնուրդ ուտելուց այնպիսի ռեակցիաները, որոնք են փորկապությունը, լուծը, ծակոցները, հազվադեպ չեն, այդ պատճառով հնարավոր է՝ ավելի հանգիստ լինեք, եթե նախօրոք գտնեք համապատասխան ԿԽ): Կարդացեք Ամեն ինչ կթած կաթի մասին հոդվածը:

  1. Ինչպե՞ս կերակրել երեխային. Որպեսզի քչացնել կրծքից հրաժարվելու ռիսկը և հեշտացնել կերակրմանը վերադառնալը, ավելի լավ է շշով չկերակրել: Մեծ երեխաների հետ հեշտ է. նրանք արդեն կարողանում են խմել բաժակով կամ կոշտ քթով հատուկ բաժակից: Ավելի փոքր երեխաների հետ դժվար է. հնարավոր է՝ ինչ-որ մեկի մոտ ծծելու կարիքը շատ մեծ լինի: Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, մինչև մեկուկես, երկու տարեկան երեխաներին սովորաբար անհրաժեշտ է ծծելը: Սակայն դրա կարիքը կարելի է բավարարել ծծակի օգնությամբ: Ոմանք անգամ թողնում են, որ երեխան ծծի մեծահասակի մատը (բայց վտանգ կա, որ հետո երեխան կսկսի իր մատիկները ծծել): Իսկ կերակրելն ավելի անվտանգ է բաժակից կամ գդալից (կան նաև հատուկ, փափուկ գդալներ): Ավելի մեծ է հրաժարվելու և ավելի շատ ծծելու հնարավորությունը մատով կերակրման ժամանակ, որը, սակայն, ունի նաև իր դրական կողմերը. երեխան ծծում է, զգում է մաշկի հետ շփումը և ավելի մեծ է բացում բերանը: Վերջին տեղում է շշով կերակրումը: Եթե ընդհանրապես հնարավոր չէ խուսափել շշից, գուցե ստացվի դրանով կերակրել միայն գիշերը, իսկ ցերեկը կերակրել գդալով կամ բաժակով:

Նախապատրաստում. Վատ չի լինի, որ այն անձինք, ովքեր պետք է խնամեն երեխային ձեր բացակայության ժամանակ, փորձեր կատարեն ոչ շշից կերակրելու: Այդ հմտությունը միանգամից չի ստացվում, փորձարկումներ անհրաժեշտ են և՛ երեխային, և՛ նրան կերակրողին: Ավելի լավ է սկսել այն ժամանակ, երբ երեխան լավ տրամադրություն ունի, շատ քաղցած չէ և պատրաստ է նորն ընդունելուն: Հնարավոր է, որ երեխան չցանկանա ձեզ հետ կաթ ուտել ոչ կրծքից, իսկ ընտանիքի այլ անդամի մոտ դա ավելի հեշտ ստացվի: Երբ դուք սովորեք, կտեսնեք, որ հնարավոր է երեխային արագ մեծ քանակության կաթով կերակրել (շատ մայրիկներ գրում են, որ սովորելու վրա մի քանի ինտենսիվ պրակտիկայի օր է ծախսվում): Քանի որ շատ երեխաներ հրաժարվում են կերակրման այս կամ այն ձևերից, հրաշալի կլինի, եթե դուք նախապես գտնեք հարմար եղանակը: Անգամ եթե դուք դա չանեք, այնուամենայնիվ, նրանք, ովքեր մնալու են երեխայի հետ, կկերակրեն նրան:

  1. Ինչպե՞ս քնեցնել երեխային. Երեխային քնեցնելու շատ ձևեր կան: Ոմանք երեխային քնեցնում են սայլակի մեջ, մյուսները՝ մահճակալին, կամ ձեռքին օրորելով, ոմանք նստում կամ պառկում են կողքին, երգում, շոյում, հեքիաթներ կարդում: Որոշ երեխաների օգնում է, երբ նրանք նայում են ինչ-որ միատոն շարժումի (օրինակ՝ ամանորի լույսերի թարթումը, մեքենաների հոսքը, ձկների լողալը): Կարող է օգնել մեղմ երաժշտությունը կամ սպիտակ աղմուկը: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինեն լրացուցիչ թմրեցնող պրոցեդուրաներ, օրինակ՝ ակտիվ զբոսանքը, լողացնելը: Սովորաբար 1 կամ 1.5 տարեկանից հետո հաջողվում է առանց դրանց քնեցնել, 2-ից հետո՝ համարյա միշտ (խոսքը տևական բաժանման մասին է, ոչ թե մեկանգամյա):

Նախապատրաստում. Հրաշալի կլինի, որ երեխան նախօրորք սկսի պատրաստվել առանց մայրիկի քնելուն: Դրա համար ցանկալի է նրան թողնել քնելու այն մարդկանց հետ, ովքեր հետո նրա հետ են լինելու: Իհարկե, շատ մայրիկներ ավելի հանգիստ են, երբ կողքին են և կարող են ՛՛ապահովագրել՛՛ քնեցնողին, բայց այստեղ մի թաքնված թերություն կա. բանն այն է, որ երբ մայրիկը կողքին է, փոքրիկը կհրաժարվի ուրիշի մոտ քնելուց և մայրիկին կպահանջի: Իսկ երբ մայրիկը չկա ոչ մի սենյակում, ապա երեխան, եթե վստահում է իր հետ մնացողին, կուշտ է և ցավող տեղ չունի, կքնի նաև առանց մայրիկի: Եւ հաստատ ավելի հեշտ է, երբ երեխան նախապես սովորի քնել ուրիշի մոտ, մինչև ձեր բաժանումը:

  1. Ինչպե՞ս վարվի մայրիկը. Կրկին դրությունը կախված է երեխայի տարիքից և կերակրման հաճախականությունից: Եթե երեխան հաճախ չի կերակրվում, օրը մեկից երկու անգամ, նշանակում է, որ կուրծը գտնվում է ուշ կաթնարտադրաման փուլում: Այն գրեթե չի լցվում և ընդհանրապես չի քարանում, բայց այնուամենայնիվ, ծծելուց կաթ  ՛՛գալիս՛՛ է նորմալ քանակությամբ: Այս տարիքում մայրիկը կրծքի հետ ոչինչ կարող է չանել: Շատերը, ովքեր մեկնում են երեխայի 2 և ավելի տարեկանի դեպքում, ոչ մի անհարմարություն չեն զգում (ամենաշատը՝ մեկ կթում) և հանգիստ վերականգնում են կերակրումը վերադառնալուց հետո: Հնարավոր է՝ առաջին րոպեներին կաթն աղի լինի, բայց եթե երեխան շարունակի ծծել, կհոսի նաև ՛՛քաղցրը՛՛: Եթե կերակրումը մեկից ավելի անգամ է, հնարավոր է՝ անհրաժեշտ լինի պարբերաբար կթել: Իսկ այն դեպքում, երբ երեխան փոքր է, երբեմն կարելի է մտածել նաև կթած կաթը փոխանցելու մասին, օրինակ՝ սառնարան-պայուսակի միջոցով: Ավելի լավ է կթել այնքան հաճախ, որքան կերակրում եք երեխային: Եթե երեխան միայն կրծքով է կերակրվում, դա նվազագույնը կլինի 3 ժամը մեկ: Գիշերային կթելը մեծ դեր է խաղում կաթի քանակի համար, բայց այն բավականին տանջալի է, այդ պատճառով երկարատև բաժանումների ժամանակ մայրիկները սովորաբար քնում են գոնե 6 ժամ անընդմեջ և գիշերը չեն կթում: Չնայած պարբերաբար կթումներին՝ կաթը կարող է քչանալ, թեկուզ այն պատճառով, որ դուք երեխայից հեռու եք գտնվում, դուք կարող եք շատ գործեր ունենալ և քիչ հնարավորություն կթելու: Կարևոր է համարվում հոգեբանական գործոնը. ավելի շատ կաթ կհոսի կրծքից, երբ այն ծծում է ձեր սիրելի, տաքուկ փոքրիկը, այլ ոչ անզգա սարքը: Դրա համար շատերը երեխայի նկարն են օգտագործում, նրա ձայնագրությունը, տեսագրությունը, թուլանալու տեխնիկա են կիրառում և այլ խորամանկություններ: Հիշեք, որ կաթնարտադրության խթանման և խցանումներից խուսափելու համար շատ կարևոր է պարբերաբար կթումը: Սակայն անգամ եթե կաթը քչանա, դուք կարող եք այն վերականգնել, երբ վերադառնաք տուն. ամենակարևորը, որպեսզի երեխան կուրծքը վերցնի, իսկ հետո նա ինքն իր համար բավարար քանակությունը կվերադարձնի:

Նախապատրաստում. Վերջինս իր մեջ ներառում է կաթը փոխանցելու և պահելու սխեման և թե ինչպես պետք է կատարվի կթումը: Եթե դուք պլանավորում եք օգտվել կթիչ սարքից, գնեք այն և փորձարկեք, քանի որ ոչ բոլոր սարքերն են բոլոր մայրիկներին գալիս: Եթե ձեռքերով, ապա պարապեք ձեռքով կթելը, չնայած երևի մայրիկների մեծամասնությանն այս հմտությունը ցանկացած դեպքում պետք է գալիս. չէ՞ որ ձեռքերը միշտ ձեզ հետ են: Լավ կլինի, որ հեռախոսահամարներ պահպանեք ձեզ մոտ ԿԿ կոնսուլտանտներից, եթե հանկարծ կրծքի խցանում ունենաք, քանի որ այն ավելի հեշտ է հաղթահարել հենց սկզբում, քան այն վերաճի մաստիտի: Եթե դուք տնից և հարազատներից հեռու եք մեկնում, երևի արժե ձեզ հետ վերցնել այնպիսի միջոցներ, որոնք կօգնեն պրոբլեմների ժամանակ:

  1. Վերադառնալուց հետո. Տուն վերադառնալուց հետո ամեն ինչ որոշում է ձեր կայուն տրամադրվածությունը: Եթե դուք մինչև այստեղ կարդացել եք հոդվածը, ուրեմն՝ ամեն ինչ կստացվի: Մաշկը մաշկին առավելագույն շփում (նորածինների համար՝ ինքնամոտեցումը կրծքին և թուլացնող կերակրումը), երեխայի հետ առավելագույն շփում, նվազագույն շշեր և ծծակներ: Երբեմն միանգամից չի հաջողվում լրիվ վերացնել ծծելու առարկաները, այդ դեպքում պետք է երկարացնել կուրծքը ծծելու ժամանակահատվածը՝ առավելագույն չափով փոխարինելով ծծակին և շշին: Բայց դատելով այն պատմություններից, որ մայրիկներն են պատմում, ավելի հաճախ օգնում է հենց ծծելու առարկաներից կտրուկ հրաժարվելը, բացի կրծքից: Սովորաբար մի քանի օր պայքարելով կրծքից հրաժարվելու և այն վատ բռնելու կամ կաթը քչանալու դեմ՝ ձեր երեխան կրկին նուրբ կգրկի կուրծքը, ուրախությամբ կծծի նրանից հոսող տաք կաթիկը, և բոլորը գոհ կմնան:

 

Թարգմանեց Աննա Հայկազունին

Աղբյուրը` http://akev.info/stati-dlya-mam/10067-problemy-s-gv-chto-delat/11166-vremennoe-prekrashchenie-grudnogo-vskarmlivaniya-kak-organizovat

Սնուցում բացառապես կթած կրծքի կաթով
Ժանգոտած խողավակի սինդրոմը և արյունոտ կաթի այլ պատճառները