Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները


baby sleep nightՍա երևի կերակրող մամաներին ամենաշատ հուզող հարցերից մեկն է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերը ավելի հաճախ արթնանալ: Մոտեցումները կարող են շատ տարբեր լինել՝ ամենակտրուկ միջոցներից մինչև “դիմացեք, ժամանակի հետ կանցնի” մոտեցումը, սակայն մայրերի մեծամասնությունը ցանկանում է այս հարցը լուծել մեղմորեն՝ առանց երեխայի և իր սթրեսների: Արդյո՞ք սա հնարավոր է: Եկեք սկսենք սկզբից:

Առաջին հերթին հիշենք, որ երեխայի համար գիշերը մի քանի անգամ արթնանալը նորմալ երևույթ է: Անկախ սնուցման ձևից՝ մինչև 3-4 տարեկան երեխաներն առանց արթնանալու կարող են քնել 6 ժամ և ավելի քիչ: Առանց արթնանալու քնելը, որը մեծահասակների մոտ նորմա է, նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում ֆիզիոլոգիական նորմա չէ. եթե մեծահասակների մոտ մակերեսային քունը կազմում է քնի 20%-ը, ապա նորածինների մոտ՝ 80%-ը, մեկուկես տարեկան երեխաների մոտ՝ 50%-ը, իսկ երկու-երեք տարեկանների մոտ՝ մոտավորապես 30%-ը: Մակերեսային քունը հեշտ է ընդհատվում, հատկապես, եթե անհանգստացնող բան կա: Հայտնի հոգեբան Վինիկոտն ասում է, որ հենց մակերեսային քնի ժամանակ է տեղի ունենում ուղեղի ակտիվ զարգացումը:

Բնության տեսանկյունից գիշերային կերակրումները լավ հիմնավորված են. կաթնարտադրության համար պատասխանատու պրոլակտին հորմոնը ամենաշատն է արտադրվում գիշերը ժամը 2-ից մինչև առավոտյան 7-ը: Նորածինը, որն արգանդում անդադար սնուցվելուց հետո դեռ չի կարողանում երկար ժամանակ սոված մնալ, հենց այս ժամերին արթնանում է ուտելու համար:  Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են սկսել գիշերը հաճախ արթնանալ, քանի որ ցերեկը քիչ են ուտում, կամ ատամ ծակելու խնդիր ունեն, կամ այլ պատճառներով:

a

Եթե երեխան մեկ տարեկանից փոքր է…

Մոտավորապես հինգ ամսականում, իսկ երբեմն ավելի շուտ, երեխաները սկսում են արթնանալ ատամ ծակելու հետ կապված անհանգստությունից: Կաթնախառնուրդով կերակրող մայրերը կարող են նկատել, որ երեխան սկսում է դժվարությամբ քնել և պետք է լինում նրան ավելի երկար օրորել: Կրծքով կերակրող մայրերը երեխային հանգստացնում են ավելի հաճախ կերակրելով: Եթե կասկածում եք, որ գիշերային հաճախ կերակրումները ատամ ծակելուց են, կարող եք փորձել հետևյալը.

  • Երեխայի լնդերին քսեք հատուկ նախատեսված տեղային քսուկներ (ցանկալի է օգտագործել միայն գիշերը):
  • Երեխային դրեք Вибуркол մոմիկներ, որոնք հանգստացնում են երեխայի լնդերի ցավը:
  • Եթե երեխան արդեն հավելյալ սնունդ է ուտում, ապա կարելի է փորձել քնելուց առաջ հավելյալ սնունդ տալ: Սակայն կան երեխաներ, որոնք ավելի վատ են քնում հավելյալ սնունդ ուտելուց հետո, այնպես որ այս մեթոդը կիրառելիս լսեք ձեր երեխային:
  • Երեխային կրծքով կերակրեք ձեր քնելուց անմիջապես առաջ: Շատ երեխաներ լավ ուտում են քնած ժամանակ և չեն արթնանում:
  • Փորձեք այնպես կազմակերպել երեխային լողացնելը, որ դա նրան օգնի ավելի երկար քնել: Եթե լոգանքը երեխային հանգստացնում է, լողացրեք քնելուց անմիջապես առաջ, եթե արթնացնում է՝ լողացրեք ցերեկը:

Որոշ դեպքերում գիշերային կերակրումների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ երեխաները ցերեկը սկսում են ավելի քիչ կուրծք ուտել: Պատճառները կարող են տարբեր լինել՝ մտավոր և ֆիզիկական զարգացման որոշ փուլերում երեխաները ցերեկը հեշտ են շեղվում և քիչ են ուտում, մայրերը սկսում են աշխատել և բացակայում են տնից և այլն: Ի՞նչ անել նման դեպքերում:

  • Փորձեք ցերեկը կերակրել հանգիստ միջավայրում: Անհանգիստ երեխաներին կուրծք առաջարկեք կիսամութ և անաղմուկ սենյակում:
  • Փորձեք շեշտը դնել քնելուց առաջ և քնելուց անմիջապես հետո կերակրումների վրա, երբ երեխան կա՛մ քնկոտ է, կա՛մ դեռ լռիվ չի արթնացել:
  • Հնարավորինս շատ մաշկային շփում ունեցեք երեխայի հետ ցերեկը: Շփվեք, շոյեք, գրկեք, խաղացեք նրա հետ: Սա հատկապես կարևոր է, երբ երեխան նոր զարգացման փուլ է հաղթահարում՝ սկսում է չոչ անել, քայլել և այլն:

Եվս մեկ խորհուրդ. երեխայի քնելուց հետո սպասեք ևս քսան րոպե և նոր հեռացեք, որպեսզի երեխան մակերեսային քնից մտնի խորը քուն: Շատ մայրեր երեխայի մոտ թողնում են իրենց հագուստը, որից նրանց հոտն է գալիս, և երեխան արթնանալիս մտածում է, թե մայրը դեռ իր կողքին է:

 

Եթե երեխան մեկ տարեկանից մեծ է…

Մեկ տարեկանից մեծ երեխան սովորաբար արթնանում է ոչ թե կրծքով կերակրվելու համար, այլ կրծքով կերակրվում է հանգստանալու և նորից քնելու համար: Շատ հաճախ գիշերային կերակրումների թիվը պայմանավորված է լինում երեխայի բնավորությամբ, նրա զարգացման պայմաններով և առանձնահատկություններով:

Հաճախ կերակրումները բնորոշ են պահանջկոտ երեխաներին: Դա ասես սիրելի ռեստորան գնալու պես մի բան լինի՝ հաճելի մթնոլորտ, համեղ ուտելիք, ընտիր խոհանոց, և արագ ու բարեհամբույր սպասարկում: Կյանքը հիասքանչ է….

Այս խնդրին լուծում գտնելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք գիշերային կերակրումները ձեզ համար լուրջ խնդիր են: Կգա մի պահ, երբ դրանք կվերջանան, և դուք կկարողանաք ամբողջ գիշեր քնել: Սակայն եթե գիշերային կերակրումներից դուք շատ եք հոգնում, չեք կարողանում օրվա ընթացքում ակտիվ լինել, սկսում եք ատել գիշերը և “գիշերային ծնող լինելը,” դրա պատճառով վատթարանում են ձեր հարաբերությունները ընտանիքի այլ անդամների հետ, ապա պետք է իրավիճակը փոխել:

Եթե չի հաջողվում հանել բոլոր գիշերային կերակրումները, կարելի է փորձել գոնե նվազեցնել դրանց թիվը: Փորձեք հետևյալ 11 տարբերակները.

  1. Ավելի հաճախ կերակրեք ցերեկը: Մեկ տարեկանից բարձր երեխաների խելքը իրենցը չի կրծքի կաթի համար, սակայն ցերեկը նրանք կարող են այնքան “կարևոր” գործեր ունենալ, որ մոռանան կրծքով կերակրման մասին: Կամ մայրը կարող է շատ զբաղված լինել: Իսկ գիշերը մայրը երեխայի կողքին է, և երեխան ուզում է լրացնել այն, ինչ ցերեկը չի ստացել:
  1. Ավելացրեք մաշկային շփումը երեխայի հետ ցերեկը: Կրեք նրան սլինգի մեջ կամ պարզապես ավելի շատ գրկեք և սիրեք: Մեծանալուն զուգահեռ նա ինքը կմեծացնի ձեր միջև հեռավորությունը: Հաճախ գիշերային կերակրումները կարող են նշանակել, որ երեխան դեռ պատրաստ չէ ձեզնից այնքան հեռու կամ “ազատ” լինելուն, որքան դուք եք որոշել:
  1. Արթնացրեք և լավ կերակրեք երեխային ձեր քնելուց առաջ: Շատ երեխաներ հեշտությամբ են արթնանում կերակրվելու համար, իսկ որոշները նույնիսկ կարող են չարթնանալ և ուտել քնի մեջ:
  1. Սովորեցրեք երեխային քնելու այլ ձևերին: Կարող եք քնացնել սլինգի մեջ, իսկ հետո տեղափոխել մահճակալի մեջ: Կարող եք նաև սայլակով հանել զբոսանքի: Այս ամենը կարող է անել նաև հայրը:
  1. Կուրծքը չպետք է հեշտ հասանելի լինի երեխայի համար: Քնեք այնպիսի գիշերանոցով, որի դեպքում դժվար է գտնել կուրծքը:
  1. “Ծիծին/կաթիկը” ևս քնած է: Երբ երեխան 12-18 ամսական է, նա արդեն կարող է հասկանալ պարզ նախադասություններ: Բացատրեք երեխային, որ գիշերը նրան չեք կարող կերակրել: Կարող եք ասել՝ “Ես կկերակրեմ քեզ, երբ արևը դուրս գա” կամ “ՙՄաման քնում է, պապան քնում է, դու քնում ես, կաթիկը քնում է:” Կարևորը, որ երեխան հասկանա, որ մութ ժամանակ “խոհանոցը” փակ է: Կարող եք նույնիսկ մի քանի երեխայի նկար տպել, որոնք առանց կրծքի են քնած, և ձեր բալիկին ցույց տալ:
  1. Այլընտրանք առաջարկեք: Հիշեք, որ բացի կրծքով կերակրելուց երեխային գուրգուրելու կամ սիրելու այլ ձևեր կան: Թող հայրը ձեզ օգնի այդ հարցում և փորձի զարգացնել երեխային հանգստացնելու իր հմտությունները: Նա կարող է դա անել հանգստյան օրերին:
  1. Մեծացրեք ձեր և երեխայի մարմինների միջև ֆիզիկական տարածությունը: Կարող եք նրանք քնացնել այլ սենյակում՝ քրոջ կամ եղբոր հետ, կերակրել այդ սենյակում և հետո վերադառնալ ձեր ննջարան:
  1. Ուղղակի ասեք “ոչ”՝ հանգիստ և ինքնավստահ:
  1. Քնեք այլ սենյակում: Եթե երեխան շարունակում է հաճախ կուրծք պահանջել, թող նրա “խոհանոցը” տեղափոխվի այլ սենյակ՝ թողնելով երեխային հայրիկի հետ: Հնարավոր է, որ երեխան սկսի ավելի քիչ արթնանալ, եթե կրծքով կերակրվելու հնարավորություն չլինի, այլ լինի միայն հայրիկի ներկայությունը: Այս մեթոդը թող լինի գիշերային կերակրումների հարցը լուծելու ամենավերջին տարբերակը:
  1. Եթե վերոհիշյալ մեթոդներից որևէ մեկի դեպքում զգում եք, որ այն վատ է անդրադառնում երեխայի ցերեկային վարքի վրա, փոխեք մեթոդը: Եթե գիշերային կերակրումները հանելու ընթացքում ցերեկը երեխան իրեն նորմալ է զգում, ապա կարող եք շարունակել: Եթե զգում եք, որ երեխան ցերեկը ձեզ ավելի “կպած” է դառնում, ապա փորձեք նվազեցնել գիշերային կերակրումները հանելու արագությունը: Հիշեք, որ կրծքով կերակրումը ձեր և երեխայի համատեղ կյանքում մի կարճ ժամանակահատված է, որը, սակայն, դուք ջերմությամբ եք հիշելու ձեր ամբողջ կյանքի ընթացքում:

Աղբյուրները՝ http://new-degree.ru/articles/mother/night/; http://gvinfo.ru/node/14

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Երեխայի քնելու սովորություններն։ Խռռացնել, քրտնել, գլուխը այս ու այն կողմ շարժել և այլն
Մանկական հանկարծամահության համախտանիշը և կապը փորի վրա քնելու հետ