Ինչպես ճիշտ ավարտել կրծքով կերակրելը. ուղեցույց


Ցանկացած կերակրող մայր կրծքով կերակրելը ավարտելու խնդիր է ունենում: Այս հոդվածի նպատակն է կերակրող մայրերին տալ ավելի համապարփակ պատկերացում այն իրավիճակների մասին, որոնք կարող են առաջանալ, երբ անհրաժեշտ է ավարտել կրծքով կերակրելը:

 Կրծքով կերակրելը դադարացնելու ամենատարածված ձևերն են՝

  • Կրծքով կերակրման բնական դադարեցում: Սա մայրերի համար ամենահեշտ, իսկ երեխաների համար ամենաքիչ սթրեսային տարբերակն է: Երեխան մեծանում է, իսկ ծծելու կարիքը նվազում է այնքան, որ երեխան այևս կրծքի կարիք չի ունենում:
  • Մոր նախաձեռնությամբ կրծքով կրակրելու ավարտ: Մայրը դադարեցնում է կերակրելը տարբեր պատճառներով:
  • «Ինքնահրաժարում» կրծքից: Երեխան մոր համար հանկարծակի հրաժարվում է կրծքից: Նման հրաժարումը կոչվում է բոյկոտ կամ կրծքից կտրուկ հրաժարում:
  • Կրծքով կերակրելու հարկադրված կամ կտրուկ դադարեցում: Նման դադարեցումը սովորաբար պայմանավորված է լինում բժշկական նկատառումներով:

Կրծքով կերակրելու և կաթնարտադրության դադարեցման մասին La Leche League-ի սկզբունքն է՝ դանդաղ և սիրով: Սա նշանակում է, որ պետք է հարգանքով և սիրով վերաբերվել ոչ միայն երեխայի կարիքներին, այլ նաև ձեզ և ձեր օրգանիզմին:

a

Անմիջապես ծննդաբերությունից հետո

 Մայրը առողջական պատճառներով չի կարող կերակրել իր երեխային: Նորածինը չի կարող կուրծք ուտել հիվանդության պատճառով: Մայրը որոշում է չկերակրել մեկ այլ պատճառով: Երեխան մահացած է ծնվել, կամ ծնվելուց հետո մահացել է:

Ի՞նչ է սպասվում

  • Առաջին մի քանի օրը կրծքում արտադրվում է խեժ:
  • Ծննդաբերությունից հետո 3-7 օրվա ընթացքում, նույնիսկ եթե երեխան կուրծք չի ծծում, կուրծքը լցվում է կաթով:
  • Կուրծքը կարող է քարանալ, ուռչել, տաքանալ, ցավել և կարմրել:
  • Կաթնարտադրությունը վերջանում է 2-3 շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում երեխան այլևս կրծքով չի կերակրվում, չնայած կրծքերում դեռ երկար կարող է լինել կաթ, որը մորը նեղություն չի տալիս:
  • Եթե կաթը շարունակում է կրծքից հոսել ավարտելուց երեք ամիս հետո, դիմեք բժշկի՝ պատճառները պարզելու համար:

Ի՞նչ անել

  • Ծննդաբերելուց հետո կրծքով կերակրել չպատրաստվող մոր հիմնական նպատակն է տհաճության նվազեցումը և կաթնարտադրության ճնշումը: Կաթնարտադրության բնական ավարտը ամենաառողջ և անվտանգ տարբերակն է:
  • Օրվա ողջ ընթացքում պետք է կրել հարմար, ձիգ, բայց ոչ սեղմող կրծկալ:
  • Կրծքերին պետք է դնել սառը թրջոց՝ ուռածությունը, ցավը և վառող զգացումը մեղմելու համար: Նման թրջոց կարող է լինել սրբիչով փաթաթած սառույցի տոպրակը:
  • Ձեռքով կամ մեխանիկական/էլեկտրական կթիչով կթելը այնքան, որքան անհրաժեշտ է կրծքի լցվածության զգացումից ազատվելու համար: Առաջին օրերին հաճախ կթելու կարիք կլինի: Կրծքերը դատարկելու կարիք չկա: Կթելուց առաջ կարող եք կրծքերին տաք թրջոց դնել կամ տաք ցնցուղ ընդունել: Տաքության ազդեցության տակ կաթը ավելի հեշտ է կթվում:
  • Կարող եք խմել ացետամինոֆեն/պարացետամոլ (թայլենոլ, պանադոլ և այլն) կամ իբուպրոֆեն (ադվիլ, մոտրին, նուրաֆեն, ակտրեն) ցավը մեղմելու համար: Խորհրդակցե՛ք բժշկի հետ դեղ ընդունելուց առաջ:
  • Կրծկալի մեջ՝ կրծքի վրա, դրեք կաղամբի սառը տերևներ: Դրանք օգնում են մեղմել ցավը և իջեցնել կրծքերի ուռածությունը:
  • Եղեսպակի (шалфей) թուրմը, մաղադանոսը և անանուխը օգնում են քչացնել կաթնարտադրությունը:
  • Եթե կրծքում կոշտուկ է առաջացել, խորհրդակցեք բժշկի հետ: Դա կարող է լակտոստազ լինել: Լատոստազի դեպքում պետք է լռիվ դատարկել կուրծքը այնքան, որ կոշտուկը վերանա: Դրանից հետո նորից կարող եք կթել միայն լցվածությունը թեթևացնելու, այլ ոչ թե դատարկելու համար:
  • Շարունակեք նորմալ սնվել և հեղուկներ խմել:

Այլ մեթոդներ

  • Դեղորայքային մեթոդը: Նախկին ԽՍՀՄ երկրնելում մինչև այսօր մայրական կաթի արտադրությունը դադարեցնելու համար հաճախ օգտագործվում է  Bromocriptine mesylate (ապրանքանիշներն են՝ Парлодел, Бромолактин, Криптон): Այս դեղամիջոցը ճնշում է պրոլակտին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է կաթի արտադրության համար: ԱՄՆ-ում այս դեղամիջոցը չի նշանակվում՝ լուրջ կողմնակի ազդեցությունների պատճառով: Այդ ազդեցություններն են՝ սրտխառնոցը, որձկալը, գլխացավը, գլխապտույտը, հիպոտոնիան, ցնցումները,  ծայրամասային անոթների նեղացումը, սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը և մահը: Պարտադի՛ր է բժշկի հետ խորհրդակցելը, եթե ցանկանում եք ընդունել այս դեղը:
  • Cabergoline-ը (ապրանքանիշը՝ Dostinex)-Bromocriptine mesylate այլընտանքային պրեպարատ է:  Որոշ եվրոպական երկրներում այն օգտագործվում է լակտացիայի ճնշման համար: Կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավը, գլխապտույտը, հոգնածությունը, օրթոստատիկ հիպոտոնիան, քթից արյունահոսությունը: Քննարկե՛ք կկ մասնագետների և բժիշկների հետ դեղորայքային միջոցի առավելությունները և թերությունները: Հիշե՛ք, որ դուք ստիպված եք լինելու շարունակել խնամել երեխային, նույնիսկ եթե վատ ինքնազգացում ունենաք:
  • Կանանց մեծ մասի մոտ կուրծքը կապելը չի կանխում կրծքի քարացումը, բայց կարող է մեծացնել լակտոստազի և մաստիտի ռիսկը:
  • Սննդի սահմանափակումը չի ազդում կաթի արտադրության վրա:
  • Հեղուկի սահմանափակումը ևս չի նվազեցնում կաթի քանակը: Հեղուկը քչացնելու դեպքում դուք ուղղակի ավելի քիչ զուգարան կգնաք, բայց ձեր կաթը չի քչանա:

 Մտածելու բաներ

  • Եթե դուք ձեր ցանկությամբ որոշել եք չկերակրել, իսկ երեխայի մոտ կա արհեստական կերի նկատմամբ ալերգիա, մտածեք կրծքով կերակրելը վերսկսելու հնարավորության մասին:
  • Եթե դեռ վերջնական չեք որոշել կերակրել, թե՝ ոչ, պահպանեք կաթնարտադրությունը ձեռքով կամ կթիչով կթելով:
  • Եթե որոշեք էիք կերակրել, սակայն ծննդաբերելուց հետո չեք կարող կերակրել հոգեբանական պատճառներով, կթեք կաթը և այդպես կերակրեք երեխային: Դիմե՛ք կրծքով կերակրելու մասնագետին՝ կրծքով կերակրելու հարցում աջակցության համար:
  • Եթե ձեր փոքրիկը մահացել է, ձեր կաթը կարող է պետք գալ այլ բալիկների: Ժամանակից շուտ ծնված կամ հիվանդ երեխաներ դոնորային կաթի կարիք ունեն:
  • Եթե ցանկանում եք կերակրել, սակայն բժշկական պատճառներով չեք կարող և այս պատճառով լուրջ հոգեբանական ապրումներ ունեք, դիմե՛ք մասնագետի:
  • Եթե դուք լավ եք մտածել և վերջնական որոշել եք չկերակրել, իսկ ինչ-որ մեկը ձեր որոշումը հարցականի տակ է դնում, հասկացրեք նրանց, որ ձեր այդ որոշումը քննարկել չեք ցանկանում:

a

Մեկ տարեկանից փոքր երեխաներ

Կրծքի կաթը հանդիսանում է մինչև մեկ տարեկան երեխաների հիմնական սնունդը, որը վեց ամսականից համալրվում է հավելյալ սննդով: Կյանքի առաջին տարվա վերջում կրծքի կաթը շարունակում է հանդիսանալ երեխայի սննդի 75%: Կրծքով կերակրելու դադարեցումը այս տարիքում հիմնականում լինում է մոր նախաձեռնությամբ կամ հարկադրված: Ինքնակամ հրաժարումներ լինում են, սակայն դրանք ավելի շուտ բոյկոտներ են, որից հետո երեխան վերադառնում է կրծքով կերակրմանը:

Ի՞նչ ակնկալել

  • Կերակրելը և կաթնարտադրությունը ավարտելու վրա որոշ ժամանակ պետք է ծախսել:
  • Կախված երեխայի արձագանքից, դուք կարող եք կարգավորել կերակրելը ավարտելու ընթացքը:
  • Եթե ձեր երեխան հիվանդանում է, լուրջ սթրես է տանում կամ էլ զարգացման նոր փուլ է հաղթահարում, փորձե՛ք մի փոքր հետաձգել կերակրելու ավարտը:
  • Կրծքի կաթը ժամանակի հետ քչանալու է:
  • Կրծքով կերակրելը ավարտելուց մի ամսից մինչև մի քանի տարվա ընթացքում կրծքում կարող է դեռ կաթ լինել:
  • Կրծքով կերակրելը ավարտելուց երեք ամիս հետո, եթե առանց կրծքերը սեղմելու կրծքից կաթ է հոսում, դիմեք բժիկի՝ պատճառները պարզելու համար:
  • Այս ընթացքում դուք կարող եք կա՛մ կորցնել, կա՛մ հավաքել քաշ:

Ի՞նչ անել

  • Տաք, բարեկամական և ինքնավստահ տրամադրությունը օգնում են ավարտել կերակրելը: Չկերակրել չի նշանակում չսիրել երեխային:
  • Փորձեք սկզբում փոխարինել այլ սննդով այն կերակրումը, որից երեխան ավելի հեշտ է հրաժարվում: Երեխայի համար ամենակարևոր կերակրումը հանեք ամենավերջում: Եթե երեխան ձեր ձեռքից շշով չի ուտում, խնդրեք տատիկին կամ հորը ձեր փոխարեն կերակրել:
  • Հնարավորության դեպքում՝ մինչև հաջորդ կերակրումը հանելը սպասեք մի քանի օր կամ մի քանի շաբաթ: Այսպիսով երեխան ավելի դանդաղ կսովորի շշին, իսկ դուք աստիճանաբար կքչացնեք կաթնարտադրությունը՝ նվազեցնելով լակտոստազի և մաստիտի ռիսկը:
  • Եթե կերակրումների արանքում կրծքերը լցվում են, կրծքերը կթեք այնքան, որ ազատվեք լցվածության զգացումից, այլ ոչ թե դատարկելու համար:
  • Եթե աստիճանաբար ավարտելու հնարավորություն չունեք, ապա հետևեք այն խորհուրդներին, որոնք վերաբերում են ծննդաբերությունից հետ միանգամից կրծքով կերակրելն ավարտելուն:
  • Եթե կրծքում կոշտացումներ են ձևավորվել կամ ձեր ջերմությունը բարձրացել է, ապա պետք է կրծքերը կթել այնքան, որ դատարկվեն: Եթե ջերմությունը չի իջնում 24 ժամվա ընթացքում, խորհրդակցե՛ք բժշկի հետ:

Մտածելու բաներ

  • Եթե երեխայի մոտ արհեստական կերի նկատմամբ կա ալերգիա, մտածեք կերակրելը վերսկսելու մասին:
  • Շատ մասնագիտական ընկերակցություններ, օրինակ՝ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան, խորհուրդ են տալիս կերակրել մինչև մեկ տարեկան և դրանից հետո, եթե դա ցանկանում են և՛ մայրը, և՛ երեխան:
  • Երեխային կրծքից կտրելու որոշումը կարող է հոգնածության, լարվածության, ընկճախտի կամ ցածր ինքնավստահության հետևանք լինել: Նման դեպքերում մայրերը փորձում են լուծել իրական կամ մտացածին խնդիրներ (երեխան վատ է ուտում, հաճախ է զարթնում գիշերը, ախորժակ չունի և այլն) կրծքից կտրելով: Կերակրելը չի կարող հանդիսանալ որևէ լուրջ խնդրի պատճառ, իսկ կրծքից կտրելը գրեթե երբեք հարցի լուծում չի դառնում: Քննարկե՛ք ձեր իրավիճակը ավելի փորձառու մայրերի կամ կրծքով կերակրելու մասնագետի հետ:
  • Երեխան հաճախ իր սննդի բավականին մեծ մասը ստանում է կրծքի կաթից: Կյանքի առաջին տարվա ընթացքում կրծքի կաթը հանդիսանում է երեխայի սննդի 75 տոկոսը, քանի որ կրծքի կաթից ստացվող սնունդը և պաշտպանությունը անչափ կարևոր են այդքան փոքր տարիքի երեխայի համար:
  • Ծծելը կարող է լինել քիչ ցերեկը, իսկ ավելի շատ՝ գիշերը: Ծծելու ռեֆլեքսը անչափ կարևոր դեր է խաղում երեխայի կյանքում:
  • Որոշ առողջապահական կազմակերպություններ խորհուրդ են տալիս կրծքով կերակրել մեկ տարուց ավելի երկար՝ մինչև երկու տարեկան, և դրանից հետո: Եթե դուք մեկ տարեկանից ավելի մեծ երեխայի եք կերակրում, ապա ձեր սոցիալական միջավայրը կարող է սկսել ճնշում գործադրել ձեր վրա: Նման դեպքերում փորձեք գտնել ձեր նման մայրերի աջակցությունը:
  • Աշխատանքի վերադառնալը պատճառ չէ երեխային կրծքից կտրելու համար: Շատ մայրեր են հաջողությամբ համադրում կերակրելը և աշխատելը:

a

Մեկ տարեկանից մեծ երեխաներ

Ի՞նչ սպասել

 Որքան ավելի մեծ է երեխան, այնքան ավելի հեշտ է ավարտել կրծքով կերակրելը:

  • Ավարտելը որոշ ժամանակ է պահանջելու, որը կախված է նրանից, թե օրական քանի անգամ է երեխան կուրծք ուտում:
  • Ավելի փոքր երեխաների դեպքում, որոնք դեռ ծծում են, կրծքով կերակրելը պետք է փոխարինել շշով, ծծակով կամ հատուկ ջրի բաժակներով:
  • Փոքր երեխան կարող է շատ նեղվել կրծքով կերակրելը ավարտելու պատճառով և շատ լաց լինել:
  • Որքան ավելի մեծ է երեխան, այնքան ավելի հեշտ է նրա հետ «պայմանավորվելը»:
  • Դուք կարող եք ձեզ տխուր կամ անկարող զգալ:
  • Դուք կարող եք կարգավորել կրծքով կերակրելու ավարտը՝ կախված երեխայի վարքից կամ ինքնազգացողությունից:
  • Կերակրելու ավարտը շատ հազվադեպ է օգնում լուծել այլ՝ ուտելու, քնելու կամ մոր հետ կապվածության խնդիրները:
  • Երեխայի մոտ մոր ուշադրության պահանջը ավելանալու է, համենայն դեպս՝ որոշ ժամանակով:
  • Եթե համոզված չեք, որ երեխան պատրաստ է կրծքից կտրվելուն, կամ որ դուք կկարողանաք դա անել, կամ ձեր մոտ ուժեղ մեղքի զգացում է, ապա նշանակում է, որ դուք և/կամ երեխան դրան պատրաստ չեք: Ավելի ինքնավստահ եղեք:

Ի՞նչ անել

  • Պահպանեք ինքնավստահությունը և դրական տրամադրվածությունը:
  • Պատրաստ եղեք նրան, որ կրծքով կերակրումը ավարտելը կարող է ավելի երկար տևել, քան դուք պլանավորել եք:
  • Փորձեք «ոչ առաջարկել, ոչ մերժել» ռազմավարությունը: Եթե երեխան կուրծք չի պահանջում, մի՛ տվեք: Սա կրծքից կտրելու ամենաանվտանգ ձևն է:
  • Փորձեք փոփոխել այն պայմանները որում կերակրում եք: Սովորաբար երեխաները սիրում են ուտել օրվա որոշ ժամի կամ տան որոշ հատվածում: Եթե դուք սովորաբար բազմոցին նստած եք կերակրում, ապա խուսափեք դրա վրա նստելուց:
  • Մոբիլիզացրեք հարազատների աջակցությունը: Հայրը կամ տատիկը կարող են օգնել առավոտյան հոգ տանել երեխայի մասին, եթե երեխան սիրում է կուրծք ուտել հենց արթնանալուց միանգամից հետո:
  • Գուշակեք երեխայի կուրծք ուտելու ցանկությունը: Եթե դուք գիտեք երեխայի ուտելու ռեժիմը, փորձեք ուտելու ժամերին ուրիշ զբաղմունք առաջարկել՝ նոր խաղալիք, զբոսանք և այլն:
  • Շեղեք ուշադրությունը: Որոշ երեխաներ սիրում են տանը կուրծք ուտել, իսկ դրսում ընդհանրապես չեն ուտում: Նման երեխաների հետ փորձեք ավելի շատ դրսում լինել:
  • Հետաձգեք կերակրելը: Մի քիչ ավելի մեծ երեխաներին կարելի է համոզել մի փոքր ուշ կաթիկ ուտել:
  • Փոխարինեք կերակրումը մերսմամբ, շոյելով, գուրգուրելով կամ ուշադրություն և քշքշանք պարունակող այլ գործողությամբ:
  • Կարող եք փորձել կրճատել կերակրելու տևողությունը:
  • Երեխայի կողմից ամենասիրված կերակրումները ավելի հեշտ է հանել ամենավերջում:

Այլ մեթոդներ

  • Դուք կարող եք կտրուկ ավարտել կրծքով կերակրումը: Նման դեպքերում հետևեք ծննդաբերությունից անմիջապես հետո կաթնարտադրության դադարեցման մասին խորհուրդներին: Եթե դուք ընկճախտի խնդիր ունեք, խորհրդակցե՛ք բժշկի հետ:
  • Ցանկալի է խուսափել երեխային որոշ ժամանակով մենակ թողնելով կրծքից կտրելու տարբերակից: Երեխայի կյանքում իր համար միանգամից երկու ամենակարևոր բանից՝ մորից և կաթից զրկվելը կարող է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես դժվար լինել:
  • Կրծքերին տհաճ բան, օրինակ՝ մանանեխ քսելը կամ վախեցնող գույն քսելը կարող են վառել կրծքի նուրբ մաշկը: Կրծքից վախի կամ զզվելու զգացումները ևս երեխայի համար սթրեսային են:

Մտածելու բաներ

  • Եթե համոզված չեք, որ ցանկանում եք ավարտել կերակրումները, քչացրեք կերակրումների թիվը կամ տևողությունը: Թողեք միայն ցերեկային կամ միայն գիշերային կերակրումները:
  • Եթե դուք կուրծքը փոխարինում եք շշով, շշի մեջ մի լցրեք շաքար պարունակող հեղուկներ:
  • Եթե երեխան սթրեսի մեջ է (գիշերը ավելի հաճախ է արթնանում, ցերեկը ձեզնից «պոկ չի գալիս», կապվում է խաղալիքի հետ, սկսում է կծել և այլն), ապա նա դեռ կտրվելուն պատրաստ չէ:
  • Եթե դուք գերհոգնածություն եք զգում կամ ձեր կրծքերը շատ են լցվում, դանդաղեցրեք ավարտելու պրոցեսը:

a

Հարկադրված կտրուկ դադարեցում

Ծայրահեղ դեպքերում, երբ կա մոր հոսպիտալացման կամ բուժման կարիք կամ երեխայի կորուստ, մայրերը ստիպված են կտրուկ դադարեցնել կաթնարտադրությունը կամ/և երեխային կտրել կրծքից:

Ի՞նչ ակնկալել

  • Դուք կարող է սկսեք լուրջ անհանգստանալ երեխայի բարեկեցության մասին:
  • Դուք կարող եք ունենալ մեղքի զգացում, տխրություն, վիրավորանք, ջղայնություն, անզորություն և վախ:
  • Դուք կարող եք անհանգստություններ ունենալ ձեր կյանքի վերաբերյալ և վախենալ, որ երեխան առանց ձեզ կմնա:
  • Կարող եք ունենալ «կաթնային տենդ» ջերմություն, թուլություն, դող, հիպնոտիկ ինքնազգացողություն: Ջերմությունը կարող է 3-4 օր չիջնել:
  • Պրոլակտինի կտրուկ նվազումը, որը պայմանավորված է կերակրելու կտրուկ դադարեցմամբ, կարող է բերել ընկճախտի սրացման և տխրության զգացումի:

Ի՞նչ անել

Հետևե՛ք ծննդաբերելուց անմիջապես հետո կաթնարտադրության դադարեցման վերաբերյալ խորհուրդներին:

  • Փորձեք տրամադրությունը բարձր պահել: Մայրական սերը չի սկսվում կամ ավարտվում կրծքով կերակրելով: Անընդհատ կրկնեք սա ինքներդ ձեզ:
  • Գտեք մեկին, ով ձեզ կհասկանա և կաջակցի այս դժվար իրավիճակում:

Մտածելու բաներ

  • Շատ հիվանդություններ և բուժման տարբերակներ համատեղելի են կրծքով կերակրելու հետ:
  • Եթե չեք կարող արագ իմանալ, թե արդյոք ձեր վիճակում կարելի է կերակրել, կթեք ու թափեք, քանի դեռ այդ հարցը ճշտում եք:
  • Եթե դուք միանգամից հոսպիտալացվել եք, զգուշացրեք բժիշկներին, որ կերակրում եք: Դա կօգնի բժշկական անձնակազմին օգնել ձեզ խուսափել լակտոստազից և բորբոքումներից, ինչպես նաև պահպանել կաթնարտադրությունը մինչև հիվանդանոցից դուրս գրվելը:
  • Եթե ձեր կրծքով կերակրող հարազատը կամ ծանոթը հիվանդանոցում է հայտնվել, կապվեք բուժող բժշկի հետ և զգուշացրեք նրան դրա մասին: Արտակարգ իրավիճակներում կարելի է չնկատել մաստիտը՝ բորբոքումը հասցնելով մաստիտի: Բուժքույրերը կարող են օգնել կթել կրծքերը:
  • Իմացեք, թե արդյոք հնարավոր է կազմակերպել կրծքով կերակրելը հիվանդանոցում: Գուցե հնարավոր լինի կազմակերպել մոր և երեխայի հիվանդանոցում միասին մնալը, իսկ եթե ոչ, ապա միգուցե հնարավոր լինի երեխային կերակրելու համար նրան հիվանդանոց բերել:

Հեղինակ՝ Նատալիա Գերբեդա-Ուիլսոն, La Leche League-ի առաջնորդ

Աղբյուրը՝ http://www.llli.org/russian/oa/weaning.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյան

Ե՞րբ է ավարտվում կաթնարտադրությունը
Մինչև ե՞րբ պետք է երեխային կրծքով կերակրել