Ինչպե՞ս նախապատրաստել Ձեր երեխային՝ կրտսեր քույր կամ եղբայր ունենալուն


siblingՄասնագետի խորհուրդը՝ երբ, ինչ և որքան պատմել Ձեր երեխային նոր փոքրիկի մասին

Երկրորդ հղիությունս ինձ համար ոչնչով հիշարժան չէր։ Քանզի մեկ անգամ արդեն անցել էի այդ ամենի միջով, ես գիտեի, թե հիմնականում ինչի պետք է սպասեմ՝ բացի ամենակարևորից՝ իմ առաջին որդուց՝ Բենից։ Թեև ես և ամուսինս չափազանց ուրախ էինք ընդլայնել մեր ընտանիքը և Բենին նոր ընկեր պարգևել, սակայն մենք այնքան էլ վստահ չէինք, որ Բենը նույն ուրախությամբ կընդունի այդ լուրը։ Փոխանակ ես երկար ժամեր ծախսեի՝ համեմատելով նկարներում որովայնիս միջի փոքրիկի չափսը սեխի կորիզի կամ լոբու հատիկի հետ, ես իմ ժամանակը վատնում էի` մտածելով, թե ինչպես պատմեմ մեր 20 ամսական Բենին, որ մենք իրեն այնքա՜ն շատ ենք սիրում, որ ցանկանում ենք նրան պարգևել մի ճչացող փոքրիկ եղբայր, որը մոտ ժամանակներս կխլի իր ծնողների ուշադրությունը, իսկ հետագայում՝ նաև իր խաղալիքները: Ասել, որ ես շփոթված էի, կնշանակի ոչինչ չասել (Ավելորդ է ասել, որ ես շփոթված էի):

Եթե Դուք պատրաստվում եք լույս աշխարհ բերել նոր փոքրիկի, ապա կարդացե՛ք մասնագետի խորհուրդը, թե երբ, ինչ և որքան պատմել Ձեր մեծ երեխա(ներ)ին նոր փոքրիկի մասին, թե՛ ծննդաբերությունից առաջ, թե՛ հետո։

Ե՞րբ հայտնել լուրը

Բնականաբար, այս հարցի պատասխանը միանշանակ չէ։ Էլեյն Սուինին, ով անցկացնում է “քույր/եղբայր ուսուցողական դասեր” Մեծ Բալթիմորի բժշկական կենտրոնում, խորհուրդ է տալիս ծնողներին սպասել մինչև առաջին եռամսյակի ապահով ավարտը և միաժամանակ նշում, որ շատ բան կախված է Ձեր մեծ երեխայի տարիքից և հասունությունից: “Փոքր երեխաները շատ աբստրակտ պատկերացում ունեն ժամանակի մասին, և եթե Դուք լուրը հայտնեք իրոք վաղ շրջանում, ապա նրանք միգուցե դա չհասկանան”։ Նաև, փոքր երեխաները կարող են տարածել այդ լուրը, նախքան Դուք պատրաստ կլինեք հայտնել այն ավելի լայն շրջապատում։

Այնուամենայնիվ, «լավագույնը Դուք եք ճանաչում Ձեր երեխային», ասում է Ջեյնին Հեյուարդը (“Swellbeing” Դաստիարակության միջոցների ծառայության հիմնադիր), ով կողմնակից է երեխաներին ավելի վաղ տեղեկացնելուն և միանշանակ՝ նախքան ծնողները կսկսեն պատմել այլ մադկանց։ «Նույնիսկ փոքր երեխաները շատ ընկալունակ են, և եթե նրանք տեղյակ չլինեն, թե ինչ է կատարվում մայրիկի հետ, կարող են շփոթվածություն զգալ»։ Այնպես որ, վստահե՛ք ինքներդ Ձեզ և ճիշտ որոշում կայացրե՛ք, թե երբ պետք է հայտնեք լուրը Ձեր երեխային։ Երբ էլ որ հայտնեք ուրախալի նորությունը, նա խորհուրդ է տալիս կապել փոքրիկի ծնվելու շրջանը ինչ-որ մի կարևոր իրադարձության հետ,օրինակ՝ «բալիկը ծնվելու է ամռան վերջում, կամ Նոր տարուն, և այլն»։

Ի՞նչ ասել

“Աշխատե՛ք ասել կարճ և հաճելի։ Երկար բացատրությունների անհրաժեշտություն չկա», ասում է Հեյուարդը։ «Դուք կարող եք ասել՝ մայրիկն ու հայրիկը որոշել են նոր բալիկ ունենալ։ Իմ փորիկը ավելի ու ավելի կմեծանա, մինչև որ բալիկը ծնվի»:

Հեյուարդը նաև ավելացնում է, որ ծնողները պետք է հետևեն երեխայի վարքին: «Ոմանք իրոք շատ հետաքրքրասեր են, բայց նրանք միշտ չէ, որ ակնկալում են երկար ու մանրամասն պատասխան, ինչպես մեզ է թվում», ասում է նա, «ավելի մեծ երեխաները ցանկանում են իմանալ ավելի շատ»։

Սուինին ավելացնում է. “Անհրաժեշտություն չկա տալ նրանց ավելի շատ տեղեկություն, քան նրանք հարցնում են։ Ծնողների համար հաճախ վախեցնող հարց է՝ «ինչպե՞ս է բալիկը հայտնվել այնտեղ», բայց պարտադիր չէ, որ Դուք մանրամասներ հայտնեք, նրանց պարզապես հետաքրքիր է, թե արդյոք մայրիկը ինչ-որ բան է կուլ տվել։

Խուսափե՛ք ենթադրություններից

Միգուցե Ձեզ զարմացնի, թե ինչպես է Ձեր երեխան պատրաստվում մեծ եղբայր կամ քույր դառնալուն։ Կարծում եք՝ նա կուրախանա՞ այն մտքից, որ իրական, կենդանի տիկնիկ է ունենալու։ Կամ վախենու՞մ եք, որ նա ընկճված կզգա՝ կիսելով իր ծնողների ուշադրությունը ընթրիքի սեղանի շուրջ։ «Ծնողները չպետք է սպասեն որևէ կոնկրետ արձագանքի», ասում է Հեյուարդը։ «Իրականում, ընտանիքում նոր փոքրիկի սպասումը հաճախ երեխաների ու ծնողների զգացմունքների մի խառը տոպրակի է վերածվում։ Նոր փոքրիկի հայտնվելու հետ՝ ընտանիքը այլևս այնպիսին չի լինում, ինչպիսին նախկինում էր։ «Երեք Ամիգոները» այժմ չորրորդ անդամ ունեն։ Կարևոր է ընկալել կորցնելու զգացումը և հնարավոր տխրությունը, ինչպես նաև շատ այլ զգացողություններ, որ կարող են համակել Ձեզ։ Երեխաների համար լրիվ նորմալ է ունենալ տարբեր զգացմունքներ՝ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն։

Հղիության ստուգումներ

Իմ երկրորդ հղիության ժամանակ Բենը շատ անգամ ներկա է եղել նախածննդյան բժշկական այցելություններին, քանի որ բուժքույրերը (որոնք մասնագիտացված էին տնային պայմանների ծննդաբերության) գալիս էին մեր տուն։ Երբ անհրաժեշտ էր լինում գնալ հիվանդանոց, ես դայակ էի վարձում՝ մտավախություն ունենալով Բենի մոտ վախ առաջացնել հիվանդանոցային ստուգումների ժամանակ։

Բնականաբար, ոմանք գուցե ցանկանան իրենց ավագ երեխաներին ներգրավել հղիության բոլոր ստուգումներին։ Եվ կրկին Հեյուարդն ասում է. «Յուրաքանչյուր ծնող պետք է ինքը գնահատի իր երեխային անհատապես», քանի որ որոշ երեխաների կարող է ուրախություն պատճառել ուլտրաձայնային հետազոտությամբ իրենց փոքրիկ քույրիկին/եղբորը տեսնելը կամ նրա սրտի բաբախը լսելը, մինդեռ մյուսները կարող են վախենալ կամ շփոթվել։ Կարող եք փորձել մեկ անգամ, և եթե դա իրոք վախեցնող է, փորձեք գտնել դայակ հաջորդ անգամների համար։

Նոր մահճակալ կամ սենյակ տեղափոխվելը

Շատ ընտանիքներում նոր փոքրիկի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ ավագ երեխան տեղափոխվում է նոր մահճակալ կամ սենյակ։ Եթե Դուք նույնպես նման իրավիճակում եք, ապա աշխատեք խուսափել, որ այդ տեղափոխությունը շատ մոտ լինի փոքրիկի ծնվելու շրջանին՝ դրանով Դուք կխուսափեք Ձեր ավագ երեխայի մոտ զայրույթ առաջացնել փոքրիկի հանդեպ։

Ինչպե՞ս վարվել, եթե Ձեր երեխան դեռ իր մանկական մահճակալի կարիքն է զգում։ Եթե հնարավոր չէ ներդրում կատարել մեկ այլ մանկական մահճակալ գնելու համար, ապա Հեյուարդն առաջարկում է կրտսեր երեխայի քունը այլ կերպ կազմակերպել (օրինակ՝ մահճակալ խնդրել ծանոթներից, կամ օգտագործել օրօրոց կամ զամբյուղ առաջին մի քանի ամիսների ընթացքում) և ժամանակից շուտ չտեղափոխել ավագ երեխային իր մահճակալից։ Երեխային չափից ավելի վաղ տեղափոխելը կարող է հանգեցնել հավելյալ խնդիրների. պատկերացրեք՝ գիշերվա կեսին ավագ երեխայի լացը լավագույնս չի անդրադառնա նորածնի քնի ռեժիմի վրա։

Եթե Ձեր երեխան պետք է տեղափոխվի նոր սենյակ, այս պարագայում թե՛ Հեյուարդը, թե՛ Սուինին խորհուրդ են տալիս այդ փոփոխությունն անել փոքրիկի ծնունդից առնվազն մի քանի ամիս առաջ։ Եթե դա հնարավոր չէ, ապա փորձեք տեղափոխությունն անել փոքրիկի ծնվելուց մի քանի ամիս անց։

Երեխաների մասին սովորելը

«Եթե Ձեր ավագ երեխան փոքրիկների հետ շմփան շատ փորձ չունի, ապա ծանոթացրե՛ք նրան որևէ ընկերոջ երեխայի հետ, իդեալական կլինի՝ մեկ այլ երեխայի կրտսեր քրոջ/եղբոր հետ՝ այդպիսով նա կիմանա, թե ինչ սպասել փոքրիկից»,-առաջարկում է Հեյուարդը։

Անկախ նրանից, թե հնարավոր է նման ծանոթություն կազմակերպել, թե ոչ, Դուք կարող եք Ձեր երեխային այլ կերպ ընտելացնել փոքրիկներին։ Սուինին առաջարկում է տիկնիկ տալ Ձեր երեխային՝ ցույց տալով նրան, թե ինչպես վերաբերվել, գրկել և պահել՝ մշտապես հիշեցնելով, որ իրական երեխայի դեպքում մեծերի ներկայությունը միշտ պարտադիր է։ Մեկ այլ կարևոր նկատառում Ձեր ավագ երեխայի համար՝ ձեռքերը լվանալ և խուսափել դիպչել փոքրիկի աչքերին։

Հեյուարդն ավելացնում է. «Խաղը երեխայի համար սովորելու միջոց է, թե ինչպես դրսևորել իրեն կյանքում։ Թողե՛ք, որ նա արտահայտի իր զգացմուքները։ Օգտագործե՛ք տիկնիկ, փափուկ խաղալիք կամ լրիվ մեկ այլ բան։ Եվ երբ Ձեր փոքրիկն արդեն տանը կլինի, նա կարող են բարկանալ տիկնիկների վրա, և սա միանշանակ ավելի նախընտրելի է, քան իր հնարավոր զայրույթը փոքրիկի վրա թափելը»։

Մի ժամանակ դու նույնպես փոքրիկ էիր

Երբ երեխան քիչ փորձ է ունենում փոքրիկների հետ, նա հեշտությամբ կարող է այդ քնքուշ ու նրբիկ բալիկին ընկալել որպես ուշադրություն գողացող փոքրիկ հրեշ։ Օգնե՛ք նախապատրաստվել Ձեր մեծ երեխային՝ նորածնի լացին ու անհանգստություններին՝ բացատրելով՝ «Սա այն է, ինչ փոքրիկներն անում են.Նրանք շատ լալիս են, շատ ուտում են և շատ քնում։ Մայրիկը և հայրիկը պետք է պարզեն, թե ինչու է նա լալիս՝ միգուցե նա թաց է, կամ միգուցե քաղցած է», ասում է Հեյուարդը։

Որպեսզի օգնեք Ձեր երեխային շփվել փոքրիկի հետ, Հեյուարդն ու Սուինին առաջարկում են փորփրել նրա մանկական ալբոմները։ Հեյուարդն ասում է. «Թերթեք շատ դանդաղ, հիացեք յուրաքանչյուր նկարով. Այստեղ մենք հիվանդանոցում ենք, երբ դու ծնվեցիր։ Նայի՛ր, թե ինչ երջանիկ է մայրիկը։ Շարունակեք զուգահեռներ տանել։ Հիշեք և պատմեք պատմություններ այդ ժամանակների մասին, երբ Ձեր ավագ երեխան նոր էր ծնվել»։

Ապահով դիրք ընտանիքում

Որոշ երեխաների մոտ նոր փոքրիկի հայտնվելու միտքը կարող է ավելի շատ վախեցնող լինել, քան ուրախացնող։ Այն երեխաների համար, ովքեր անհանգստացած են ընտանիքում իրենց տեղը կորցնելու մտքից, Սուինին հորդորում է ծնողներին՝ հավաստիացնել երեխաներին, թե որքա՛ն շատ են սիրում նրանց։ «Դուք կարող եք նրանց ասել` դու քո ուրույն տեղն ունես ընտանիքում, և նոր փոքրիկը երբեք քո տեղը չի զբաղեցնի», ասում է Սուինին։

Մանկաբույժ Ալան Գրինը (Feeding Baby Green: The Earth Friendly Program for Healthy, Safe Nutrition During Pregnancy, Childhood, and Beyond գրքի հեղինակ) ավելացնում է, որ “լավագույն պատրաստվածությունը՝ երեխայի դերը ընտանիքում ամրապնդելն է, և հատկապես նոր դերը՝ որպես ավագ քույր կամ եղբայր։ Խոսե՛ք Ձեր երեխայի հետ նոր փոքրիկի մասին՝ նրան անվանելով «քո փոքր եղբայրը»՝ «մայրիկի նոր բալիկ» կամ նույնիսկ «նոր փոքրիկ»-ի փոխարեն։ Փորձեք մտածել այնպես, ինչպես Ձեր երեխան է մտածում։ Ցանկացած բան անելիս Ձեզ պատկերացրեք նրա տեղում և մտածեք փոքրիկի լույս աշխարհ գալու մասին այնպես, ինչպես նա է մտածում»։

Գտե՛ք համապատասխան դասընթաց

Եթե ձեր հիվանդանոցը առաջարկում է նոր փոքրիկի ծնվելու նախապատրաստական դասընթացներ, Սուինին, ով ինքն է անցկացնում այսպիսի մի դասընթաց, ասում է, որ դրանք կարող են լավ ծանոթացում լինել ավագ քույր կամ եղբայր լինելու մտքին և կարող են նաև նպաստել ավելի հանգիստ զգալ հիվանդանոցային միջավայրին։ Նա խորհուրդ է տալիս հաճախել այնպիսի դասընթացներին, որտեղ սովորեցնում են ապահով գրկել փոքրիկին և տալիս են տեղեկատվություն անվնաս խաղալիքների, խեղդվելու վտանգների մասին՝ 3-10 տարեկան երեխաների համար, և նաև խորհուրդ է տալիս հաճախել այս դասընթացներին որքան հնարավոր է երեխայի ծնվելու օրերին մոտ, որպեսզի ողջ տեղեկատվությունը թարմ մնա Ձեր մտքում։

Ծննդաբերություն

Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը (ընկեր, բարեկամ կամ դայակ) պետք է մնա Ձեր երեխայի մոտ ծննդաբերության ժամանակ։ Շատ կարևոր է որոշակի ինֆորմացիա տալ երեխային նախօրոք, որպեսզի նա հանկարծակիի չգա, երբ դուք արդեն հիվանդանոց գնալիս լինեք։ Հեյուարդն ասում է. «Պարզապես հստակ ասե՛ք, երբ մայրիկը հայրիկի հետ գնա հիվանդանոց, տատիկն այստեղ է լինելու։ Դա կարող է պատահել գիշերը կամ ցերեկը։ Հայրիկը կվերադառնա տուն քեզ մոտ, մինչև ես կկարողանամ տուն գալ բալիկի հետ»։

Հիվանդանոցային այցելություններ

Շատ ծնողներ, ովքեր սպասում են երկրորդ (երրորդ, չորրորդ) երեխային, միգուցե գեղեցիկ սպասումներ ունեն՝ կապված ավագ երեխայի հետ առաջին հանդիպման և դրան հաջորդող լուսանկարահանումների հետ։ Եվ մինչդեռ որոշ երեխաների համար դա կարող է իրոք հիանալի պահեր լինել, քանզի նրանք հանդիպում են իրենց փոքրիկ քույրիկին կամ եղբորը, ապա ոմանց համար կարող է մի փոքր վախեցնող լինել՝ տեսնել իրենց մայրիկին հիվանդանոցային անկողնում, հատկապես, եթե նրան ամրացված են ինչ-որ սարքավորումներ։

Եթե սա Ձեր դեպքն է, Հեյուարդը հիշեցնում է. «Երեխաները նայում են իրենց ծնողներին, որպեսզի կողմորոշվեն, թե ինչպես պետք է զգան և դրսևորեն իրենց, այնպես որ, եթե Դուք հանգիստ եք, ապա Ձեր երեխան ամեն ինչ շատ լավ կընկալի։ Եթե Ձեր երեխան շատ հարցեր ունի, պատասխանե՛ք հարցերին ամբողջությամբ, բայց կարիք չկա մանրամասնությունների մեջ ընկնել։ Եթե նա ավելի մեծ հետաքրքությամբ ուսումնասիրում է, դա նույնպես նորմալ է։ Իմացե՛ք, որ նա, այսպես թե այնպես, շատ բան վերլուծում է իր մտքում»։

«Վստա՛հ եղեք, մեծամասամբ այս առաջին այցելությունները լավ են անցնում,- ասում է Հեյուարդը,-քանզի նրանք այնքա՜ն նուրբ ու քնքուշ են, որ ավագ քույրերն ու եղբայրները հիմնականում հիացած կամ ապշած են լինում»։

Նվերների փոխանակում

Բժիշկ Գրինը խորհուրդ է տալիս, որ Ձեր ավագ երեխայի հետ նախօրոք նվեր ընտրեք՝ որպեսզի նա նվիրի փոքրիկին առաջին հանդիպման ժամանակ. «Ծնողները կարող են օգնել ավագ երեխային՝ պարաստել մի փոքրիկ ալբոմ կամ նկարի շրջանակ և պահել երկուսի նկարը փոքրիկի սենյակում»,-ասում է Հեյուարդը։ «Ինչպես նաև, հրաշալի կլինի, եթե մի փոքր նվեր ունենաք Ձեզ մոտ՝ փոքրիկի կողմից ավագ եղբոր կամ քրոջ համար նույնպես։

Ընտանիք և ընկերներ

Երեխաների համար նոր նորածնի հայտնվելու ամենադժվար պահերից մեկը ուշադրության հանկարծակի տեղափոխումն է իրենցից փոքրիկի վրա։ Սուինին առաջարկում է նախազգուշանել Ձեր երեխային, որ հյուրերը փոքրիկի հանդեպ մեծ ոգևորություն և ուշադրություն են ցուցաբերելու, ինչպես դա նրանք արել են իր ծնվելու ժամանակ և, ինչպես նաև, հիշեցնել հյուրերին (ովքեր կարող են չափազանց հուզված լինել) շփվել Ձեր ավագ երեխայի հետ նույնպես։

Հոգատար այցելուները կարող են նաև օգնության ձեռք մեկնել ծնողներին՝ երեխաների հետ ժամանակ անց կացնելով։ Հեյուարդը խորդհուրդ է տալիս ընդունել օգնությունը, երբ այն առաջարկում են (որքան էլ որ դա շատ մայրերի համար բարդ կլինի), այդպիսով Դուք կկարողանաք որոշ ժամանակ անցկացնել Ձեր ավագ երեխայի հետ՝ ընթերցելով նրա համար կամ զբոսնելով նրա հետ։

Հավասարակշվածություն

Առաջին շաբաթները փոքրիկի և ավագ երեխայի հետ տանն անցկացնելը կարող է չափազանց հոգնեցուցիչ և նյարդայնացնող լինել. «Շատ բան կախված է մեծ երեխայի խառնվածքից և փոքրիկի քնի ու լացի դրսևորումներից», ասում է բժիշկ Կոպը։ Ի հավելումն նորածնի շուրջօրյա կերակրումներին, տակդիր փոխելուն և հանգստացնելուն, այժմ ավելանում են նաև մեծ երեխայի պահանջները, ով Ձեր կարիքն ունի նույնիսկ ավելի շատ, քան մինչև փոքրիկի ծնվելը։

Իհարկե, Ձեր ամուսնու կողմից ավագ երեխայի հետ ժամանակ անցկացնելը ողջունելի է, և նույնիսկ պարտադիր, սակայն Դուք նույնպես պետք է ամեն օր ժամանակ գտնեք և պարզապես կենտրոնանաք Ձեր ավագ երեխայի վրա։ Բժիշկ Գրինը խորհուրդ է տալիս ծնողներին «սահմանել կոնկրետ ժամ ամեն օր և՛ մայրիկի, և՛ հայրիկի հետ առանձին անցկացնելու համար։ Թույլ տվեք երեխային սահմանելու այդ ժամերը։ Դրանով նա կզգա, որ ունի որոշ ղեկավարություն, ինչպես նաև կարող է ազատ խոսել իր զգացմունքների մասին՝ իմանալով, որ իրեն իրոք լսում են»։

Ինչպե՞ս վարվել երեխայի ուշադրություն փնտրող պահվածքի հետ

«Երբեմն ավագ երեխաները նահանջում, կոտրվում են, երբեմն հարձակվում, երբեմն էլ մեկուսանում», ասում է Հեյուարդը։ «Այս բոլոր դեպքերում էլ Դուք պետք է աշխատեք Ձեր երեխայի հետ։ Դուք չեք կարող ուղղել, փոխել կամ զղջալ դրա համար, բայց շարունակե՛ք փորձել հասկանալ նրան։ Դա չի նշանակում, որ Դուք պետք է մեղմացն՝եք կարգուկանոնը, բայց համոզվեք, որ յուրաքանչյուր հնարավոր պահի նրան նույնպես դրական ուշադրություն եք հատկացնում»։

Նա կարող է որոշ ժամանակ իրեն ոչ լիարժեք զգալ. «Մայրի՛կ, ես ուզում եմ, որ դու ինձ գրկես նրա փոխարեն»։ Դա այնքա՜ն բնական զգացողություն է երեխայի համար։ Այդ պահին դուք կարող եք երկուսով միասին սիրել փոքրիկին, որպեսզի ավագ երեխան անուշադրության մատնված կամ լքված չզգա», ասում է բժիշկ Գրինը։

«Եթե Ձեր երեխան զայրույթ է ցուցաբերում նորածնի հանդեպ, օգնե՛ք նրան դուրս գալ այն վշտից, որ նա այլևս ընտանիքի միակ երեխան չէ՝ ասելով. «Ինձ թվում է, որ դու ուզում ես ամեն ինչ լինի այպես, ինչպես նախքան քո փոքրիկ եղբոր ծնվելն էր», ասում է բժիշկ Գրինը։ Հաճախ սա բավարար է լինում իրավիճակը մեղմացնելու և երեխային փափկացնելու համար։

Եվ վերջում, հիշե՛ք, որ դժվար հարմարվելու շրջանը բնական է. «Բնական է նույնիսկ այն, որ ծնողներն ունենան խառը զգացողություններ, բայց հիշե՛ք, որ նոր փոքրիկ ունենալը հարստացում է», ասում է Հեյուարդը։ Լավագույն մոտեցումը կլինի հետևել Ձեր երեխայի պահվածքին և հասկանալ, թե ինչի հետ է դա կապված նման պահվածքը, այնուհետև՝ նույն կերպ անդրադարձնել հետ նրան։ Երեխաները չեն ցանկանում կամ կարիք չունեն խոսել ամեն ինչի մասին, բայց թույլ տվեք նրանց զգալ այդ ամենը խաղի միջոցով։ Ի վերջո, պատրաստ եղեք հանդուրժել ինչպիսի վարք էլ որ նրանք կդրսևորեն։ Մի՛ փորձեք ստիպել նրանց խոսել իրենց զգացմունքների մասին, սակայն Դուք պետք է ընդունեք և հարգեք դրանք

Աղբյուրը` http://kidshealth.org/parent/emotions/feelings/sibling_prep.html

Թարգմանեց` Նարե Դաբաղյան

Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար:

Ի՞նչ անել երբ մանուկները իրեր են նետում
Փորձենք հասկանալ տատիկներին