Ինչպե՞ս պաշտպանել երեխային արևից


file_main_image_1173_2_protegez_bebe_soleil_1173_01_1500X1000_cache_640x360Փոքրիկները աևահարումից կարող են ստանալ մեծ վնասներ, որոնք կերևան անմիջապես կամ տարիներ անց և այս պատճառով շատ կարևոր է պաշտպանել երեխային արևից:

Մեծերի մոտ արևահարումը կարող է ցավոտ լինել և վնասել մաշկը: Սակայն երեխաների մոտ, արևահարումը կարող է առաջացնել շատ ավելի լուրջ հետևանքներ, ինչպիսիք են ջրազրկումը, բարձր ջերմությունը, այրվածքը և  դողը: Սրանք են անմիջապես երևացող հետևանքներից որոշները: Սակայն պետք է հասկանալ, որ հենց այրվելը արևից վնասվածքներ ստանալու պարտադիր հետևանք չէ: Արևի տակ լինելու հետևանքները կուտակվում են տարիներ շարունակ և նույնիսկ միջին քանակի արևի տակ լինելը մանկության ժամանակ կարող է նպաստել վաղաժամ կնճիռներ ունենալուն, մաշկի կոշտանալուն, պեպենների հայտնվելուն, ինչպես նաև մեծահասակ տարիքում մելանոմա ձեռք բերելուն (ամենավտանգավոր մաշկի քաղցկեղի տեսակը):

Ինչպե՞ս պաշտպանել երեխային արևից

  • Արևը ամանաուժեղն է ժամը 10ից 16ը և ինչքան հնարավոր է պլանավորեք երեխայի զբոսանքը ժամը 10ից առաջ կամ ժամը 16ից հետո:
  • Դրսում ամենալավ պաշտպանելու միջոցը դա հագուստն է: Այն պետք է լինի թեթև, շնչող, երկարաթև: Շալվարը պետք է լինի երկար: Հագուստը ընտրեք վառ գույների, քանի որ սպիտակը և պաստել գույները ավելի շատ արև են թույլ տալիս հասնի մաշկին: Ծնողները պետք է նաև ծածկեն երեխայի գլխի նուրբ մաշկը, վիզը և աչքերը: Դա կարելի է անել լայնեզր գլխարկով (եզրերը մինիմում 12սմ երկարություն պետք է ունենան):
  • Եթե պետք է ավտոմեքենայով ճանապարհ գնաք, տեղադրեք երեխայի նստարանը հետևի մեջտեղի նստատեղում՝ երկու պատուհաններից հեռու: Ցանկալի է՝ պատուհանների ապակիներին ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող նրբամաշկ փակցնեք: Արևի ուլտրամանուշակագույն Ա ճառագայթները կարող են անցնել ապակու միջով, սակայն նրբամաշկը կխոչընդոտի Ա և Բ ճառագայթների համարյա 100 տոկոսի ներթափանցումը մեքենայի մեջ՝ առանց տեսանելիությունը քչացնելու: Նաև երեխաներին ջուր առաջարկեք և հով պահեք, քանի որ նրանք կարող են շոգից հյուծվել:
  • Հաշվի առեք, որ որոշ դեղեր կարող են բարձնարցնել երեխայի մաշկի զգայունությունը արևի նկատմամբ:

Սևանի օդը վառում է

Սևանում հաճախ ամպամած եղանակ է լինում և արևահարված այցելուներից կարելի է լսել, որ Սևանի օդը վառում է: Իրականում, իհարկե, օդը վառել չի կարող: Արևի տաքությունը չէ, որ արևահարում է, այլ նրա ուլտրամանուշակագույն ալիքները: Այս վերջինները անտեսանելի են և կարող են անցնել ամպերի միջով և նույնսիկ ձմռանը այրել` հատկապես սարերում: Հիշեք, որ նույնիսկ ամպամած եղանակից երեխային պետք է պաշտպանել արևի ալիքներից:

a

Ի՞նչ անել այրվածքի դեպքում

Այրվածքի նշանները սովորաբար հայտնվում են արևի տակ լինելուց 6-12 ժամ հետո: Ամենադժվարը առաջին 24 ժամն են: Եթե ձեր երեխան ուղղակի կարմիր է, տաք և ցավ է զգում, դուք կարող եք սառը թրջոցներ դնել այրված մաշկի վրա և լողացնել երեխային հով ջրի մեջ: Խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ ցավազրկող տալուց առաջ:

Եթե արևահարումը առաջացրել է փուչիկներ, բարձր ջերմություն, գլխացավ կամ ընդհանուր հիվանդ լինելու զգացողություն, զանգահարե՛ք ձեր մանկաբույժին: Լուրջ արևահարմանը պետք է վերաբերվել ինչպես ցանկացած այլ լուրջ այրվածքի: Փուչիկների միջոցով կարող է վարակ անցնել և հակաբիոտիկի կարիք լինի:

a

Արևապաշտպան քսուկների վերաբերյալ

Քսուկը ընտրելիս ուշադրություն դարձրեք նրա SPF (sun protection factor) թվին: Այն պետք է ամենաքիչը 15 լինի: Քսուկը պարտադիր պետք է պաշտպանի և ուլտրամանուշակագույն Ա և Բ ալիքներից (UVA և UVB):

Երեխաների համար նախընտրեք հենց երեխաների համար մշակված քսուկները, որոնք ավելի նուրբ են և ավելի քիչ քիմիկատներ են պարունակում:

SPF-ին հետևող թիվը օգնում է մոտավոր պատկերացնել պաշտպանվածության աստիճանը: Օրինակ, եթե դուք արևի տակ սովորաբար այրվում եք 10 րոպեում և քսել եք SPF 15 քսուկ, բազմապատկելով 10ը 15ով, դուք կիմանաք, որ արևի տակ կկարողանաք գտնվել 150 րոպե, որից հետո այլևս պաշտպանված չեք: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենք բավականին հաստ շերտ չենք քսում ինչը զգալի նվազեցնում է պաշտպանվածության աստիճանը: Հետևաբար, խորհուրդ է տրվում անկախ SPF թվից քսել քսուկը ամեն 2 ժամը մեկ: Քսեք այն 2 ժամից ավելի հաճախ, եթե երկար եք մնալու դրսում, երեխան շատ է քրտնում կամ թրջվել է: Ընտրեք ջրադիմացկուն տարբերակը, եթե օրը անցկացնելու եք ջրի մոտ: Սակայն նույնիսկ եթե ձեր քսուկի վրա գրված է ջրակայուն, իմացեք, որ այս բառը նշանակում է, որ քսուկը կլինի ջրակայուն 40 րոպեների ընթացքում, որից հետո պարտադիր պետք է նորից քսուկ կիրառել:

Ամբողջ մարմնի վրա օգտագործելուց առաջ պետք է համոզվեք, որ երեխան զգայուն չէ քսուկի բաղադրիչների նկատմամբ: Մեկ օր շուտ քսեք քսուկը որևէ փոքր հատվածի վրա և թողեք այն 24 ժամ: Եթե մաշկը կարմրի, այդ քսուկը օգտագործել չեք կարողանա:

Քսուկը կիրառեք տանից դուրս գալուց 15-30 րոպե առաջ՝ ուշադրություն դարձնելով քթին և ականջներից:

a

Արևից պաշտպանող քսուկների օգտագործումը նորածինների մոտ

Նորածնի մաշկը շատ տարբեր է մեծահասակի մաշկից: Նորածնի մաշկը ավելի բարակ է, և քսուկների մեջ պարունակվող քիմիական նյութերը կարող են ավելի հեշտ ներթափանցել օրգանիզմի մեջ և նպաստել ալերգիայի, բորբոքման կամ էկզեմայի զարգացմանը: Մեծահասակների մոտ քսուկների բաղադրիչների մեծ մասը չեն անցնում արյան մեջ, իսկ նրանք որոնք անցնում են, չնչին քանակով: Սակայն երեխայի մաշկով քիմիական մասնիկները կարող են անցնել նրա արյան մեջ:

Վերջինը, քսուկների բաղադրությունը  նախատեսում է, որ այն բերանի մեջ չի հայտնվի: Սակայն փոքր երեխաները հաճախակի են տանում իրենց ձեռքերը բերանի մեջ և կարող են քսուկից ուտել: Այս հանգամանքներից ելնելով՝ արևից պաշտպանող քսուկների օգտագործելը խորհուրդ է տրվում մինչև 6 ամսական երեխաների մոտ միայն այն փոքր հատվածներում, որոնց պաշտպանելը այդ պահին չի ստացվում:

Թարգմանեց և կազմեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

http://www.skincancer.org/prevention/sun-protection/children/infants http://www.webmd.com/beauty/sun/whats-best-sunscreen?page=2 http://www.nhs.uk/conditions/pregnancy-and-baby/pages/safety-in-the-sun.aspx

Քրտնախաշ, մաշկի ջերմահարում
"Տակդիրի" ցան