Ինչպես սկսել կտորներով (հավելյալ) սնունդը


fingerfoods_wide-1
Կրծքով կերակրեք ձեր երեխային նախքան այլ սնունդ առաջարկելը: Մայրական կաթը միակ ամենակարեւոր  սնունդն է ձեր երեխայի համար մինչեւ նրա առաջին ծննդյան օրը:  Բացի այդ, նա ավելի շուտ  հետաքրքրություն կցուցաբերի նոր սննդին, երբ նա չափազանց  սոված չէ:  Այս տարիքում, այլ սնունդն ավելի շատ փորձելու, խաղալու եւ զվարճալու համար է. Մի՛ մոռացեք կերակրել նրան «պինդ սննդից հետո»:

  • Որոշ երեխաներ սիրում  են նստել բարձր աթոռին, մինչդեռ  մյուսները նախընտրում են նստել  մայրիկի գրկում: Մանուկները շատ են կեղտոտում, այնպես որ ավելի հեշտ մաքրման համար կարող եք նրա աթոռին փռել լոգարանի հին վարագույր:

  • Շատ երեխաներ նախընտրում են մատներով ուտելիքը գդալով ուտելիքից: Առաջին սնունդը  հաճույքի եւ փորձելու համար է: Կոկիկություն եւ մաքրություն պետք չի պահանջել:

  • Երբեք մի՛ թողեք երեխային  միայնակ սննդի հետ, հնարավոր է նա խեղդվի: Երբեք մի՛ տվեք  ձեր երեխային փոքր, կոշտ սնունդ, ինչպիսիք են ընկույզը կամ pop-corn-ը: Շրջանաձեւ , կլոր տեսք ունեցող ուտելիքը, ինչպիսիք են գազարը կամ խաղող, պետք է օղակաձեւ կտրտած լինի, ապա կիսված երկու կամ քառորդ մասերի:

  • Սկսեք փոքր քանակությամբ սննդից-մոտ քառորդ թեյի գդալ, օրական  մեկ անգամ: Աստիճանաբար ավելացնեք սննդի քանակությունը եւ կերակրման հաճախականությունը՝ բավարարելով ձեր երեխայի սովը եւ հետաքրքրությունը:

  • Օգտագործեք միայն մեկ բաղադրիչ եւ սպասեք մոտ մեկ շաբաթ նախքան նոր ուտելիքին անցնելը:  Հետո, եթե ինչ – որ բան կանհանգստացնի ձեր երեխային, դուք կիմանաք, թե ինչից է եղել:

  • Եթե ընտանիքում կա սննդային ալերգիայի նախադեպ, որպեսզի նվազագույնի հասցնել ալերգիաների ռիսկը, լավ կլինի սպասել, մինչեւ ձեր երեխան կդառենա առնվազն մեկ տարեկան, նախքան ցիտրուսային մրգեր (ներառյալ նարինջ, կիտրոններ եւ գրեյպֆրուտ) կիվի, ելակ, ընկույզ եւ գետնանուշ կարագ, ձու, սոյայով ուտելիքներ (այդ թվում, սոյայի կաթ եւ սոյայի կաթնաշոռ (tofu)), եւ կովի կաթ (այդ թվում, պանիր, մածուն եւ պաղպաղակ) առաջարկելը: Խորհրդակցեք ձեր բժշկի կամ ալերգիոլոգի հետ, թե երբ սկսել ձեր երեխային այդ ավելի ալերգիկ սննդամթերքները տալը,  այն կարող է տարբերվել ալերգիկ պատմություն չունեցող երեխաներին վերաբերվող ժամկետներից:

  • 1 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում տալ մեղր կամ եգիպտացորենի օշարակ, քանի որ նրանք բոտուլիզմի վտանգ են կրում:

Ճիշտ առաջին կտորներով սնունդը երեխաների համար

Խնայեք ձեր փողերը եւ տվեք ձեր երեխային ամենաթարմ մանկական սնունդը՝ պատրաստված  ձեր կողմից:  Ահա մի քանի առաջարկներ.

Միրգ

Շատ երեխաներ սիրում են միրգ: Համոզվեք, որ նրանք հասած են, եւ լավ լվացեք նախքան դրանք կեղեւազրկելը:  Ահա լավագույն տարբերակները.

  • Բանան կտրել շերտերով, որոնք հետո հետո բաժանել 2 կամ 4 մասերի:

  • Չքաղցրեցված խնձորի պյուրե կամ խնձորի փոքրիկ կտորներ, որոնք փափկեցված են միկրոալիքային վառարանում՝ մի քանի րոպե եփելով:

  • Սալոր, դեղձ, տանձ, եւ ծիրան՝ անհրաժեշտության դեպքում նրբորեն եփված

  • Ավոկադո կտրված շատ փոքր, կծելու չափին համապատասխան կտորներով:

Բանջարեղեն

Թարմ բանջարեղենը պետք է լվացվի, կեղեւազրկվի եւ եփվի մինչեւ փափկելը: Շատ հարմար է ձեռքի տակ ունենալ սառեցված բանջարեղեն:  Խուսափե՛ք պահածոյացված բանջարեղենից, քանի որ նրանց աղ է ավելացվել:  Ձեր երեխան կսիրի.

  • Խորոված կամ եփած քաղցր կարտոֆիլ փոքրիկ կտորներով

  • Սպիտակ կարտոֆիլի պյուրե,

  • Գազար, կանաչ լոբի, սիսեռ եւ դդում

Միս եւ ձուկ

Երեխաները հաճախ նախընտրում են նաեւ լավ պատրաստված հավի միս, որը փափուկ է եւ հեշտ է ուտել, երբ թել-թել է արված:  Ուշադի՛ր եղեք  հանելով նույնիսկ  ձկան փոքր  փշերը:

Լոբի եւ  ընդեղեն

Հեռացրեք լոբու պատիճի կաշին,  քանի որ այն հիմնականում դժվարամարս է: Եթե դուք օգտագործում եք պահածոյացված լոբի, համոզվեք, որ այն համեմված չի:

Հատիկեղեն եւ հացահատիկ

Պատրաստի, երկաթ պարունակող շիլաները հաճախ այն մանուկներին են որպես առաջին սնունդ ծառայում,  ովքեր  կրծքով չեն սնվում, քանի որ նրանց անհրաժեշտ է լրացուցիչ երկաթ, սակայն կրծքով կերակրվող երեխաները շատ հազվադեպ են անեմիկ (սակավարյունություն ունեցող) քանի որ մոր կաթը հագեցած է երկաթով: Եթե կա մտահոգություն կապված  երեխայի արյան երկաթի քանակի հետ, հարկավոր է մի պարզ անալիզ հանձնել այն ստուգելու համար:

Բոլոր հացահատիկային շիլաները, հացը եւ կրեկերները շատ  սննդարար են: Սպասեք մինչեւ  մեկ տարեկանին մոտ նախքան ցորենից պատրաստված ուտելիք առաջարկելը: Եթե դուք օգտագործում եք շիլաների ալյուր, ապա համոզվեք, որ դրանք միայն մեկ բաղադրիչ ունեն, եւ օգտագործեք  ջուր կամ ձեր սեփական կաթը այն խառնելու համար: Շատ մայրեր նախընտրում են, որ իրենց երեխաները  ծամեն կոշտ օղաբլիթ կամ հացի վերջնամասը  քաղցր թխվածքաբլիթների փոխարեն:

Հիշատակում՝

The American Academy of Pediatrics:

http://aappolicy.aappublications.org/cgi/content/full/pediatrics;115/2/496

  • «Մանկաբույժները եւ ծնողները պետք է տեղյակ լինեն, որ մոտավորապես կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրումը բավարար է  օպտիմալ աճ եւ զարգացում ապահովելու, ինչպես նաեւ լուծից  եւ շնչառական վիրուսային վարակից պաշտպանելու համար: Կրծքով կերակրումը  պետք է շարունակվի առնվազն կյանքի առաջին տարում  եւ դրանից հետո, քանի դեռ  կա փոխադարձ ցանկություն  մոր եւ մանկան կողմից:

  • Երկաթով հարուստ հավելյալ սնունդը  պետք է ներդրվի աստիճանաբար սկսած  6 ամսական  տարիքից:  Վաղաժամ ծնված եւ ցածր ծննդյան քաշ, հեմատոլոգիական խանգարումներ կամ  ծննդյան պահից ոչ ադեկվատ երկաթի պաշար ունեցող երեխաներն ընդհանուր առմամբ պահանջում են երկաթի լրացում 6 ամսականից ավելի վաղ տարիքից: Երկաթի պաշարը կարող է կառավարվել, երբ  շարունակվի բացառապես կրծքով կերակրումը:

  • Երեխաների մոտ կարող է դրսեւորվել անհատական կարիք կամ կերակրման վարքագիծ հավելյալ սննդի  համար, ինչ արդյունքում այն կարող է ներդրվել 4 ամսականից սկսած,  իսկ մյուս երեխաները հնարավոր է  պատրաստ լինեն ընդունել հավելյալ սնունդը  մոտ 8 ամսական տարիքից սկսած:

  • 6 ամսական   տարիքից վաղ  տրվող հավելյալ սնունդը , որպես կանոն, չի ավելացնում սննդի  ընդհանուր կալորիականությունը կամ աճի տեմպը եւ միայն փոխարինող   սնունդ է, որը չունի մայրական  կաթի պաշտպանական բաղադրիչները:

  • Առաջին 6 ամիսների ընթացքում նույնիսկ տաք եղանակին ջուրը եւ հյութը ավելորդ են  կրծքի կաթ ուտող երեխաների համար եւ կարող են պարունակել աղտոտիչներ կամ ալերգեններ:

  • ԿԿ երկար տեւողությունը շատ օգտակար է երեխայի եւ մոր առողջության եւ զարգացման համար, հատկապես ձգձգելով պտղաբերության վերականգնումը (դրանով իսկ նպաստելով ծնունդների միջեւ օպտիմալ ընդմիջումներին):

  • ԿԿ տեւողության  վերին սահման չկա եւ ոչ մի  ապացույց 3 տարի եւ ավել կերակրման դեպքում  դրա հոգեբանական կամ զարգացման վնասների վերաբերյալ,

  • 12 ամսականից ավելի վաղ մայրական կաթից կտրված երեխաները  չպետք է ստանան  կովի կաթ, այլ  միայն երկաթով հարստացված մանկական կեր:

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/firstfoods.html

Թարգմանեց՝ Արփինե Սիրեկանյանը


Ե՞րբ է ցանկալի երեխային սկսել տալ հավելյալ սնունդ
Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները