Ի՞նչ անել այրվածքի դեպքում


Այրվածքները լինում են երեք կարգի, առաջին, երկրորդ, երրորդ։

Առաջին կարգի այրվածք
Առաջին կարգի այրվածքը երեքից ամենաթեթևն է, սահմանափակված է մաշկի վերին շերտով՝ վերնամաշկով։

Նշանները
Մաշկը կարմրում է, կա ցավ և թեթև այտուց։ Մաշկը չոր է, առանց բշտերի։ Այս կարգի այրվածքը նման է արևային այրվածքի։

Լավանալու ժամանակը
Մաշկը կարող է լավանալ 3-6 օրերի ընթացքում։ Արտաքին մաշկը կարող է պլոկվել։

 

Երկրորդ կարգի այրվածք
Երկրորդ կարգի այրվածքը ավելի լուրջ է և ընդգրկում է վերնամաշկը և բուն մաշկը։

Նշանները
Այս կարգի այրվածքից  առաջանում են  բշտեր, ուժեղ ցավ և կարմրություն։ Բշտերը կարող են բացվել՝  թաց և կարմրած մակերես առաջացնելով։

Լավանալու ժամանակը
Կախված է այրվածքի լրջությունից, բայց կարող է տևել 3 շաբաթ։

 

Երրորդ կարգի այրվածքը
Երրորդ կարգի այրվածքը ամենալուրջն է և ընդգրկում է մաշկի բոլոր շերտերը, ինչպես նաև տակի հյուսվածքը։ 

Նշանները
Մակերեսը չոր է և կարող է լինել կաշվենման,  մոմանման, շագանակագույն կամ սև, ցավը՝ շատ թեթև կամ չլինել ընդհանրապես։ Վնասված հատվածը կարող է լինել թմրած  նյարդի վնասման հետևանքով։

Լավանալու ժամանակը
Լավանալը կախված է այրվածքի լրջությունից։ Երրորդ կարգի այրվածքները կարող են պահանջել մաշկի պատվաստում՝ վիրահատական միջամտություն։

 

Զանգեք անմիջապես շտապ օգնություն

  • Եթե ձեր երեխան ստացել է երկրորդ կամ երրորդ կարգի այրվածք:
  • Եթե այրվածքի տրամագիծը մեծ է 5 սանտիմետրից, եթե նույնիսկ այրվածքը ձեզ թվում է թեթև:
  • Ցանկացած կարգի այրվածքի դեպքում, որը ծածկում է երեխայի մարմնի 10 տոկոսը:
  • Եթե այրվածքի պատճառը կրակը, էլեկտրական հոսանքը կամ քիմիական նյութն է:
  • Եթե այրվածքը բալիկի երեսին, գլխին, ձեռքերին, հոդի մակերեսին կամ սեռական օրգանների վրա է:
  • Եթե կա բարդացում, օրինակ՝ էքսուդատ թարախ, այտուց, շատացող կարմրություն:
  • Եթե այրվածքից բացի կան այլ վնասվածքներ:
  • Եթե երեխան ունի շոկի նշաններ՝ դող, քրտնարտադրություն, թուլություն գլխապտույտ:
  • Եթե երեխան ունի սրտի արատ, թոքերի կամ լյարդի խնդիրներ, շաքարային դիաբետ, քաղցկեղ և այլն։ 

 

Ի՞նչ անել

Առաջին կարգի այրվածքի դեպքում

  • Հեռացրեք երեխային վտանգի աղբյուրից:
  • Հեռացրեք հագուստը այրված հատվածից, սակայն միայն այն դեպքում, երբ հագուստը կպած չէ մարմնին:
  • Պահեք այրված հատվածը սենյակային ջերմաստիճանի (ոչ սառը) հոսող ջրի տակ կամ հատվածի վրա դրեք սառը թրջոց 10-15 րոպեների ընթացքում (մի օգտագործեք սառույց, այն կարող է ավելի շատ վնաս հասցնել այրված մաշկին):
  • Մի դրեք կարագ, յուղ, ձեթ, փոշի ատամի մածուկ կամ որևէ այլ տնական միջոց, քանի որ դրանք կարող են խորացնել այրվածքը և ավելացնել վարակվելու ռիսկը։
  • Այրվածքի վրա կարող եք օրական մի քանի անգամ քսել ալոէ վերայի գել ։
  • Եթե երեխան շատ է ցավ զգում, կարող եք նրան տալ ցավազրկող։
  • Եթե այրված հատվածը փոքր է (3 սմ տրամագծով), պահեք այն մաքուր։ Կարող եք այն ծածկել ստերիլ վիրակապով։
  • Պահեք երեխային տաք։ Երեխային ծածկեք չոր, մաքուր ծածկոցով այնպես, որ ծածկոցը չկպնի այրվածքին։ Տաք պահելը կօգնի խուսափել հիպոթերմիայից, որ կարող է առաջանալ մարմնի վրա մեծ տարածք հովացնելու դեպքում։

Մի դրեք կարագ, յուղ, ձեթ, փոշի ատամի մածուկ կամ որևէ այլ տնական միջոց, քանի որ դրանք կարող են խորացնել այրվածքը և ավելացնել վարակվելու ռիսկը։

 

Երկրորդ և երրորդ կարգի այրվածքի համար

Զանգեք շտապ օգնություն և արեք հետևյալը մինչև բժիշկերի ժամանելը.

  • Պառկացրեք երեխային այնպես, որ այրված հատվածին չկպչի ոչնչի։ Եթե այրվածքը երեսին է կամ աչքերին, նստացրեք երեխային, ինչը կօգնի քչացնել այտուցը։
  • Հեռացրեք բոլոր զարդերը և հագուստը, որը գտնվում է այրված հատվածի շուրջը (տակդիրը նույնպես), քանի որ այրված հատվածը կարող է շատ արագ ուռչել։ Եթե դժվարանում եք դա անել, կտրելով հանեք այն։
  • Եթե հագուստը կպած է այրվածքին մի հեռացրեք այն։
  • Ձեռք մի տվեք բլիթներին, որպեսզի ոչ մի վարակ չանցկացնեք մաշկի մեջ:
  • Այրված հատվածին սենյակային ջերմաստիճանի ջուր լցրեք 10 րոպեների ընթացքում, հետո ծածկեք այրվածքը բամբակյա մաքուր, չոր, արդուկած, սակայն ոչ տաք կտորով այնպես, որ այն չկպչի այրվածքին մինչ կժամանի շտապ օգնությունը։
  • Մի տրորեք բլիթները։

 

Հաճախակի տրվող հարցեր

Հարց Ինչու՞ է սառեցնելը կարևոր:

Պատասխան – Այրվածքի հատվածի սառեցնելը շատ կարևոր է, քանի որ դա կարող է օգնել քչացնել ցավը, վնասի չափը։ Այն կարող է նաև օգնել վերքի շուտ լավացմանը և քչացնել սպի առաջանալու վտանգը։ Հիշեք, սակայն, որ այրված հատվածը սառեցնելու ընթացքում երեխային պետք է տաք պահել։ Բրիտանական Այրվածքների Ասոսիցացիան նշում է, որ կարելի է այրված հատվածը սառեցնել այրվածքից նույնիսկ երեք ժամ անց, քանի որ դա դեռ դրական արդյունք կտա։

 

ՀարցԿարո՞ղ եմ ատամի մածուկ քսել այրված հատվածին:

Պատասխան  Մարդիկ շատ անգամ խորհուրդ են տալիս քսել ատամի մածուկ այրված հատվածին, որը սխալ է։ Ատամի մածուկները շատ անգամ պարունակում են մենթոլ կամ էվկալիպտ, որոնք  կարող են  սառնության զգացում տալ։ Սակայն այրվածքի դեպքում կարևոր է սառեցնել ոչ միայն մակերեսը, այլ նաև ավելի խորը շերտերը, որոնք վնասված են։ Բացի այդ, ատամի մածուկը կարող է պարունակել այնպիսի նյութեր, որոնք ավելի կվնասեն մաշկը։

 

ՀարցԵթե այրվածքը շատ լուրջ է, ի՞նչ է պետք անել, սառեցնել 10 րոպեների ընթացքում, հետո՞ տանել հիվանդանոց, թե՞ միանգամից տանել հիվանդանոց:

ՊատասխանԵթե այրվածքը լուրջ է, անմիջապես սառեցրեք այն հոսող ջրի տակ։ Զանգահարեք շտապ օգնություն սառեցնելու ընթացքում և շարունակեք սառեցնել մինչև շտապ օգնության գալը։

 

ՀարցԿարո՞ղ եմ այրված մասը պահել ցնցուղի տակ սառեցնելու համար:

Պատասխան – Ցնցուղը շատ լավ միջոց է այրված հատվածը սառեցնելու համար։ Ջուրը պետք է կենտրոնացնել այրված շրջանի վրա և ոչ ամբողջ ձեռքի, ոտքի կամ մարմնի վրա։ Երեխայի ամբողջ մարմինը ջրի տակ պահելը կարող է առաջացնել մարմնի ջերմաստիճանի անկում, և հետևաբար, դա անել խորհուրդ չի տրվում։

 

Հարց – Կարո՞ղ եմ երեխային նստեցնել սառը ջրով լոգարանի մեջ:

Պատասխան Ոչ, դա նույնպես կարող է առաջացնել մարմնի ջերմաստիճանի անկում։ Սառեցնելը պետք է կենտրոնացված լինի միայն այրված հատվածի վրա, ոչ ամբողջ երեխայի։

 

ՀարցԿարո՞ղ եմ այրվածքի վրա սառույց դնել:

Պատասխան Ոչ, սառույցը կարող է ավելի շատ վնասել արդեն վնասված հյուսվածքը։

 

Ինչպե՞ս խնամել մաշկը լավանալուց հետո

Լվանալ
Շատ կարևոր է, որ նոր մաշկը լինի մաքուր։ Լվացեք ձեռ ձեռքերը երեխայի մաշկը խնամելուց առաջ։ Օգտագործեք անհոտ առանց ներկանյութերի օճառ։ Չորացրեք վնասված մաշկը տպտպացնելով, առանց տրորելու։

 

Քսուքներ և մերսում
Ինչքան ավելի երկար է մաշկի լավանալու տևողութունը, այնքան ավելի մեծ է սպի ունենալու հավանականությունը։ Դուք չեք կարող խոչնդոտել սպիի ձևավորվումը, բայց դուք կարող եք աննկատելի դարձնել՝ կանոնավոր մերսում անելով որևէ անվտանգ վերականգնող քսուքով։ Քսուքը քսեք և մաշկը մերսեք մինչև լրիվ ներծծվելը (մոտ 5 րոպե)։ Կրկնեք օրական 3-5 անգամ։ Շատ երեխաներին դա դուր է գալիս, որովհետև նոր մաշկը կարող է քոր գալ չորության պատճառով։

Որոշ երեխաներ գտնում են, որ նոր մաշկը շատ զգայուն է։  Շատ կարևոր է, որ դուք հաճախ դիպչեք այդ հատվածին։ Ինչքան ավելի շատ դիպչեք, այնքան ավելի քիչ զգայուն կլինի այն։

 

Քոր
Լավացած մաշկը շատ անգամ քոր է գալիս։ Ավել լոգանքները և սնուցող քսուքները կօգնեն թեթևացնել քորը։ Կարևոր է, որ ձեր երեխայի եղունգները կարճ պահեք՝  կտրելով և խարտելով, որպեսզի նա չվնասի և չվարակի մաշկը։

 

Տաքություն, սառնություն, արև
Պաշտպանեք ձեր երեխայի նոր մաշկը տաքությունից և սառնությունից, որովհետև այն կարող է չափազանց զգայուն լինել։ Նոր մաշկը նաև շատ հեշտ կարող է այրվել ։ Մի թողեք երեխան մնա արևի ճառագայթների տակ, և արևապաշտպան քսուք քսեք (մինիմում 30 SPF)։ Եթե նոր մաշկը մնա արևի ճառագայթների տակ, այն կմգվի և մշտապես այդ գույնի կմնա։

 

Տանից դուրս գալը
Շատ ծնողներ վախենում են երեխային դուրս տանել, քանի որ նա կարող է խաղի ընթացքում վնասել իր նոր մաշկը։ Վախենալ պետք չէ։ Նոր վերքերը կլավանան, և մաշկը ժամանակի ընթացքում ավելի կպնդանա։ Եթե սպիերը երևացող տեղում են, որոշ մարդիկ կարող են հարցեր տալ։ Նրանց պահվածքը նորմալ է, և ժամանակի ընթացքում ավելի հեշտ կլինի դա ընդունել։ Նախօրոք պատրաստեք պատասխանները. այդպես ավելի հեշտ կլինի։

 

Ինչպե՞ս կանխել այրվածքները

Ամենատարածված այրվածքի պատճառը երեխաների մոտ տաք հեղուկն է։ Նույնիսկ 15 րոպե սառելուց հետո հեղուկը կարող է այրել երեխային։

Ռիսկը նվազեցնելու համար

  • Մի գրկեք երեխային և պահեք տաք հեղուկ միաժամանակ։ Երեխաները կարող են հանկարծակի շարժումներ անել և թափել հեղուկը իրենց և ձեր վրա։
  • Փորձեք չթողնել տաք հեղուկները այնտեղ, որտեղ երեխայի ձեռքը կարող է հասնել։
  • Մի դրեք տաք իրերը սփռոցի վրա, որը երեխան կարող է քաշել դեպի իրեն և շուռ տալ ամանը իր վրա։
  • Մի նստացրեք երեխային ձեր գիրկը, երբ տաք հեղուկ եք խմում։

Խոհանոցում. թեյնիկը, կաթսան, թավան կարող են վառել երեխային։ Հեռացրեք նման իրերը սեղանի ծայրից։ Եփելու ընթացքում բռնակները շուռ տվեք դեպի դիմացի պատը, որպեսզի երեխան չկարողանա բռնել և շուռ տալ կաթսան իր վրա։ Ցանակալի է նաև ուտելիքը պատրաստել գազօջախի խորին օջախների վրա։

Ննջասենյակում. մազերի արդուկը կարող է շատ տաք լինել։ Տաքացնելու ընթացքում հեռու դրեք այն երեխայիցն և մի մոռացեք այն անջատել և երեխայից հեռու դնել օգտագործելուց հետո։

Լոգարանում. շատ այրվածքներ պատահում են, երբ երեխան մտնում է ջրի մեջ մինչև ծնողի ջերմաստիճանի ստուգելը։ Միշտ ստուգեք ջուրը երեխային մեջը դնելուց առաջ։ Ձեր տաքացուցիչը կարող է անսարք լինել և չափից շատ տաքացնել ջուրը։

 

Թարգմանեց և կազմեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Անի Վանյանը

 

Աղբյուրները

http://kidshealth.org/en/parents/burns.html#

https://www.nct.org.uk/parenting/how-deal-burns-and-scalds

http://www.aboutkidshealth.ca/En/HealthAZ/ConditionsandDiseases/Injuries/Pages/burns.aspx

Ինչպե՞ս խնամել նորածնի պորտը