Ի՞նչ է խեժը և ինչո՞վ է այն օգտակար նորածնի համար


Colostrum-draw-sm-2Ձեր կրծքերը սկսում են խեժ արտադրել դեռ հղիության ժամանակ և շարունակում են արտադրել նաև ծննդաբերելուց հետո առաջին մի քանի օրերին: Խեժը հատուկ կաթ է, որը կարող է լինել դեղին, սպիտակ, նարնջագույն կամ նույնիսկ վարդագույն երբ կաթի հետ արյուն է խառնվում: Այն թանձր է և կպչուն: Չնայած խեժը ունի ցածր յուղայնություն, այն հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով և հակամարմիններով, որոնք կօգնեն պաշտպանել Ձեր երեխայի առողջությունը: Խեժը չափազանց դյուրամարս է և, հետևաբար, հանդիսանում է կատարալ առաջին սնունդ Ձեր նորածին երեխայի համար:

Չնայած խեժը ծավալով քիչ է (կարելի է չափել թեյի գդալներով), այն ունի բարձր սննդային խտություն: Երեխայի կյանքի առաջին օրերին խեժում պարունակվող սպիտակուցների բաժինը 14% է, որը երեք անգամ ավելի շատ է, քան հասուն կաթում: Չնայած տարբեր մայրերի մոտ տարբեր քանակի խեժ կարող է լինել, շնորհիվ նման բարձր սննդայնության, այն բավարարում է նորածնի պահանջները: Խեժը պարունակում է քիչ ջուր, որը կարևոր է. երեխան դեռ ի վիճակի չէ մեծ քանակությամբ ջուր մարսել, քանի որ նրա երիկամները չեն կարող մեկ ակնթարթում հարմարվել արտա-արգանդային կյանքին: Մյուս կողմից, երեխան ծնվում է ջրի պաշարով, որը նրան պաշտպանում է ջրազրկումից մինչև հասուն կաթի գալը:

Խեժը ունի փորը թուլացնող հատկություն և հեշտացնում է երեխայի առաջին կղանքի՝ մեկոնիումի դուրս բերումը նրա օրգանիզմից: Այսպիսով, այն նպաստում է կարմրամաղձի՝ բիլիռուբինի արտազատմանը և կանխում է նորածնային դեղնախտը: Նման թուլացնող հատկության շնորհիվ՝ խեժով սնվող նորածինների կղանքը ավելի շատ է, քան մեզը, որով երեխայի աղիները մաքրվում են բիլիռուբինի ավելցուկից և կանխում են պաթոլոգիական դեղնախտը:

Որքան ավելի շուտ սկսեք երեխային կրծքով կերակրել, այնքան ավելի արագ Ձեր կրծքերը կսկսեն կաթ արտադրել՝ ծննդաբերելուց հետո մոտավորապես երրորդ կամ չորրորդ օրը: Ձեր կաթի ծավալը գնալով կմեծանա, իսկ կաթը կդառնա ավելի նոսր և սպիտակ (անթափանց): Ծննդյան առաջին օրերին չափազանց կարևոր է 24 ժամվա ընթացքում նորածնին կերակրել առնվազն 8-12 անգամ և ավելի հաճախ: Սա թույլ է տալիս երեխային օգտվել խեժի բոլոր առավելություններից, ինչպես նաև նպաստում է առատ հասուն կաթի արտադրությանը: Հաճախ կերակրելը նաև օգնում է կանխել կրծքերի քարացումները:

Ձեր խեժը ոչ միայն կատարյալ սնունդ է՝ հարմարեցված Ձեր բալիկի կարիքներին, այլ նաև նրան փոխանցում է մեծ քանակությամբ կենդանի բջիջներ՝ պաշտպանելով բազմաթիվ վնասակար հարուցիչներից: Խեժը շատ ավելի իմունային գործոններ է պարունակում, քան հասուն կաթը: Խեժն ունի ավելի քիչ ճարպեր և կաթնաշաքար, պարունակում է մի քանի անգամ ավելի շատ կարոտին, կիտրոնաթթու, վիտամիններ А, В12 և E: Այն պարունակում է նաև բազմաթիվ ֆերմենտներ, հորմոններ, հակաօքսիդանտներ, ինչպես նաև մեծ քանակությամբ լեյկոցիտներ` պաշտպանիչ սպիտակ բջիջներ, որոնք կարող են ոչնչացնել հիվանդություն հարուցող մանրէները և վիրուսները:

Խեժի շատ բաղադրիչներ նպաստում են երեխայի օրգանիզմի աճին և զարգացմանը: Այսպիսով, բետա-կազեինը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, օգնում է զարգացնել ինտելեկտը, ինչպես նաև նպաստում է ընդհանուր հոգեբանական զարգացմանը: Խեժում պարունակվող նյարդերի զարգացմանը նպաստող նյութերը օգնում են ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգերի զարգացմանը:

Խեժում պարունակվող 130 տեսակի օլիգոշաքարները (պրեբիոտիկները) երեխայի ստամոքսը պաշտպանում են վարակներից: Արհեստական կերերը պարունակում են ընդամենը 2 օլիգոշաքար: Լակտոֆերինը օգնում է նորածնին յուրացնել երկաթը՝ առանց վնասակար մանրէների համար բարենպաստ միջավայր ստեղծելու, ինչը տեղի է ունենում արհեստական կերի մեջ ավելացրած երկաթի դեպքում:

Խեժը, ըստ էության, բնական և 100% անվտանգ պատվաստանյութ է: Այն պարունակում է մեծ քանակի սեկրետորային իմունոգլոբուլին A (IgA), որը նոր հակամարմին է նորածնի համար: Մինչ ծնվելը Ձեր ընկերքի միջոցով երեխան ստացել է մեկ այլ հակամարմին՝ IgG: Ի տարբերություն IgG-ի, IgA-ն պաշտպանում է երեխային մարմնի այն մասերում, որոնք ունեն օտար մարմինների հետ առնչվելու ավելի մեծ հավանականություն՝ կոկորդի, թոքերի և աղիների լորձաթաղանթներում:

Խեժը կարևոր է երեխայի աղեստամոքսային համակարգի համար: Նորածնի աղիները շատ թափանցելի են: Խեժը հատուկ շերտով փակում է աղեստամոքսային համակարգի “անցքերը” և մեծ մասով կանխում է օտար մասնիկների ներթափանցումը: Այս պաշտպանիչ շերտը նաև օգնում է, որ երեխան չլինի զգայուն մոր կերածի նկատմամբ:

Ծննդաբերությունից հետո առաջին երկու շաբաթների ընթացքում խեժը աստիճանաբար փոխվում է հասուն կաթի: Այս անցումային շրջանում Ձեր կաթի հակամարմինների խտությունը նվազում է, սակայն կաթի ծավալը զգալիորեն ավելանում է: Մայրական կաթի հիվանդությունների դեմ պայքարելու հատկությունները չեն անհետանում խեժի հետ. քանի դեռ ձեր երեխան ուտում է մայրական կաթ, նա նաև ստանում է իմունային պաշտպանություն տարբեր տեսակի մանրէների և վիրուսների դեմ:

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվում

Եթե մայրը կարող է, ապա լավագույն տարբերակը ծննդաբերելուց 15-30 րոպե հետո երեխային կուրծք տալն է: Ցանկալի է, որ մայրը երեխային կերակրի յուրաքանչյուր կրծքով 20 րոպե: Ծծելու ռեֆլեքսը երեխաների մոտ հատուկ ուժեղ է ծնվելուց հետո առաջին ժամում, և սա հեշտացնում է նրան կուրծք տալը: Հենց այս ժամանակատվածում է, որ երեխան աշխուժանում է և սկսում է ցուցադրել փնտրողական վարք՝ փնտրում է մոր կուրծքը: Նա փորձում է բարձրացնել գլուխը, բացում է բերանը, դուրս է հանում լեզուն: Եթե երեխան դրված է մոր փորին, ապա նա կսկսի սողալ դեպի մոր կուրծքը: Եթե այս պահը բաց է թողնվում, ապա երեխան քնում է, քանի որ հանգստանալու կարիք ունի:
Շատ հաճախ ծննդաբերելուց հետո առաջին օրերին մոր կրծքերը փափուկ և դատարկ են թվում: Խեժը քիչ է, չնայած որոշ կանանց մոտ այն նույնիսկ կարող է կրծքերից ծորալ: Սակայն, եթե դուք դժվարությամբ եք կթում խեժը, դա դեռ ոչինչ չի նշանակում. շատ բան կախված է մոր կրծքի կառուցվածքից: Երեխաները ևս կարող են տարբեր վարք դրսևորել. շատերը քնում են ծննդաբերությունից հետո ուժերը վերականգնելու համար, կուրծք են ուտում օրական 5-7 անգամ, բայց երկար, երբեմն նույնիսկ մեկ ժամ: Այլ երեխաներ կարող են ավելի հաճախ կուրծք ուտել:

Կա մեկ հետաքրքիր օրինաչափություն. կյանքի երկրորդ-երրորդ օրը, եթե մայրը և երեխան նույն սենյակում են մնում, նույնիսկ հանգիստ և հազվադեպ կուրծք ուտող երեխաները հանկարծ սկսում են անընդհատ կուրծք պահանջել՝ երբեմն կես ժամը մեկ: Սա նշանակում է, որ փոքրիկը արդեն հասունացել է ավելի շատ կաթ մարսելու համար: Հաճախ կերակրելու արդյունքում մոր մոտ սկսում է արտադրվել հասուն կաթ:
Այս օրերին մայրերը սկսում են անհանգստանալ, թե արդյոք երեխան սոված չի մնում, և երբեմն “վազում” են արհեստական կեր գնելու:

Նորածնի ստամոքսի տարողունակությունը

Երբ մայրերը լսում են, որ խեժը կարելի է չափել թեյի գդալով, նրանք հաճախ զարմանում են, թե արդյոք այդքան խեժը կարող է կշտացնել իրենց երեխաներին: Կարճ պատասխանը հետևյալն է՝ առողջ և հասուն երեխաներին որպես սնունդ անհրաժեշտ է միայն խեժ:

Մեկ օրական երեխայի ստամոքսի տարողունակությունը 5-7մլ է՝ մոտավորապես մարմարե գնդակի մեծության: Հետազոտողները հայտնաբերել են, որ 1 օրական նորածինների ստամոքսը չի լայնանում ավելի շատ հեղուկ տեղավորելու համար, և սա է պատճառը, որ լրացուցիչ կաթը հաճախ դուրս է մղվում (հետ է գալիս): Խեժը իդեալական է նաև առաջին օրերի համար անհրաժեշտ սննդի չափաբաժնի առումով:

Արդեն 3-րդ օրը Ձեր նորածնի ստամոքսի ծավալը դառնում է 22-30մլ, մոտավորապես «հրաձիգի» մարմարե գնդակի մեծության: Երեխան կարողանում է իրեն անհրաժեշտ քանակի կաթ ուտել՝ հաճախ և քիչ-քիչ ուտելով: Յոթերորդ օրը նորածնի ստամոքսի ծավալը դառնում է 45-60մլ՝ մոտավորապես սեղանի թենիսի գնդակի մեծության: Հաճախ կերակրելը կօգնի, որ Ձեր կաթի քանակը աստիճանաբար մեծանա՝ բավարարելով երեխայի մեծացող ստամոքսի պահանջներին:

Քաշի նվազում

Քաշի կորուստը, որի մասին անպայման ձեզ կասեն ձեր բժիշկները, տեղի է ունենում երեխայի կյանքի երրորդ-չորրորդ օրը: Երեխան այդ ժամանակ ազատված է լինում մեկոնիումից և օրգանիզմում կուտակված ավելորդ ջրից: Նորմալ է, եթե քաշը նվազել է ծննդյան քաշի 5-8%-ով: Եթե երեխան ավելի շատ քաշ է կորցրել, ապա անհրաժեշտ է դիմել բժիշկի կամ կրծքով կերակրելու մասնագետի օգնությանը, որոնք կարող են նշանակել լրացուցիչ արհեստական կեր:z
Կան հստակ ուղենիշներ, որոնք նոր ծննդաբերած մայրերին կօգնեն հասկանալ, թե արդյոք երեխան բավարար չափով խեժ է ստանում: Հաշվեք նրա թաց տակդիրները: Կյանքի առաջին օրերի ընթացքում, երեխայի թաց տակդիրների քանակը պետք է լինի այնքան, որքան որ նա օրական է (կամ մեկով շատ)՝ առաջին օրը՝ մեկ կամ երկու թաց տակդիր, երկրորդ օրը՝ երկու կամ երեք, և այլն:
Եթե երեխային, այնուամենայնիվ, անհրաժեշտ է տալ լրացուցիչ արհեստական կեր, ապա տվեք ոչ թե շշով, այլ գդալով, փոքր բաժակով կամ կրծքի մոտ կերակրելու հատուկ հարմարանքով:

Աղբյուրը՝ La Leche League International և AKEB

http://www.lalecheleague.org/faq/colostrum.html և http://www.akev.ru/content/view/485/151/

Թարգմանել են՝ Լիանա Ղազարյանը և Քրիստինե Բարսեղյանը


Ինչ՞ու է կրծքի կաթը իդեալական սնունդ
Առաջնային և հետին կաթերը