Ի՞նչ է կաթի բշտիկը

  • 43
    Shares

milk blebԿաթի բշտիկը, կամ խցանված պտուկի անցքը նույնպես կարող է կոչվել «մաշկի տակ հավաքված կաթ»: Կաթի բշտիկը առաջանում է, երբ մի փոքր մաշկ աճում և ծածկում է կաթի ծորանի անցքը և կաթը հավաքվում է փակված ծորանի ետևում: Կաթի բշտիկը սովորաբար լինում է ցավոտ, սպիտակ, թափանցիկ, կամ դեղին կետ պտուկի կամ հարպտկային հատվածի վրա: Ցավը կենտրոնացված է լինում հենց բշտիկի հատվածում, կամ բշտիկի ետևում: Եթե կուրծքը սեղմեք, որպեսզի կաթը դուրս գա ծորաններից, բշտիկը կդառնա ուռուցիկ: Կաթի բշտիկները կարող են երկար մնալ կիծքի վրա և կերակրելուց ցավ պատճառել օրեր կամ շաբաթներ շարունակ, հետո ինքնուրույն անցնեն, երբ ծորանը փակող մաշկը կլպվի և ծորանը բացվի: Ցավը նույնիսկ կարող է շարունակվել բշտիկը բացելուց հետո մի քանի օրվա ընթացքում։

Սա տարբերվում է պտուկին հպվելու պատճառով առաջացած բշտիկից: Այս տիպի բշտիկը, որը կարող է երբեմն լինել կարմիր կամ շագանակագույն «արյան բշտիկ», առաջանում է երեխայի՝ կուրծքը սխալ բռնելուց, ինչպես նաև վատ հարմարեցրած կրկնապտուկից կամ կթիչից: Այս դեպքում խնդիրը պտուկի վնասվածքն է՝ հարվելու, այլ ոչ թե կաթի ծորանի անցքի փակվելու պատճառով:

70Պտուկի վրա սպիտակ կետը կարող է նաև առաջանալ կաթի ծորանի մեջ խցանումից (ի տարբերություն կաթի ծորանի ծածկվելու մաշկով): Խցանման պատճառ կարող է հանդիսանալ կոշտացած կաթի շատ փոքր գունդը, կամ մի փոքր կիսա-պնդացած, յուղոտ կաթի «թելը»: Առաջին տիպի խցանումը (մակերեսային խցանումը) հաճախակի դուրս է գալիս կերակրման ընթացքում առաջացած ճնշման կամ կթելու արդյունքում, կամ կարող է եղունգով զգուշորեն քերվել կաթի ծորանի մակերեսից: Երկրորդ տիպի խցանումը (ներքին խցանումը) հաճախ կարելի է հանել ձեռքով կթելով: Հագեցած ճարպեր ուտելու սահմանափակումը կարող է քչացնել այս տիպի խնդրի առաջանալը: Այս երկու տիպի խցանումները հաճախ ասոցացվում են կրկնվող մաստիտի հետ:

Ի՞նչպես են առաջանում կաթի բշտիկները

Համարվում է, որ կաթի բշտիկները առաջանում են մաշկով ծածկված ծորանի մեջ մնացած և բորբոքային միջավայր առաջացրած կաթի պատճառով: Կաթի գերառաջարկը, կրծքի վրա ազդող ճնշումը, կամ ծորանի խցանում առաջացնող այլ պատճառները կարող են հանգեցնել բշտիկների առաջացմանը: Բացի այդ սխալ կուրծք բռնելը կամ լեզվի հետ կապված խնդիրները կարող են նպաստել բշտիկների առաջանալուն, քանի որ դրանց դեպքում պտուկը ավելի շատ է հարվում:

Կաթնախտը նույնպես կարող է առաջացնել կաթի բշտիկներ: Կաթնախտը կարող է արտահայտվել պտուկի վրա առաջացած կետիկների տեսքով, որոնք կարող են լինել ինչպես շատ փոքր և սպիտակ, այնպես էլ ավելի մեծ չափսերի և փակել մեկ կամ երկու ծորաններ: Եթե դուք ունեք մեկից ավելի բշտիկներ, շատ հավանական է, որ դրանց պատճառը կաթնախտն է:

Ինչպե՞ս վարվել

Կաթի բշտիկը վերացնելու համար խորհուրդ է տրվում հետևել այս 4 քայլերին․

1) կերակրելուց առաջ դնել տաք թրջոց,

2) հեռացնել կաթի ծորանը ծածկող մաշկը,

3) կերակրել կամ կթել,

4) դեղ քսել, որպեսզի մաշկը բուժվի:

Հնարավոր է հարկ լինի կրկնել այս քայլերը մի քանի օր (կամ ավել), մինչև որ խցանված ծորանի անցքը բացվի և այլևս չփակվի: Ահա և քայլերի ավելի մանրամասն նկարագրությունը:

  1. Կերակրելուց առաջ դնել տաք թրջոց: Օրվա մեջ մի քանի անգամ բշկիտը տաքացնելուց առաջ աղաջրով մշակեք այն:
  • Էպսոմ աղի թրջոցը (կամ լոգանքի աղի թրջոցը) կերակրելուց առաջ կօգնի բացել կաթի ծորանի անցքը և բուժել այն: Լուծեք 2 թեյի գդալ աղը 1 բաժակ ջրի մեջ: Լուծեք աղը սկզբից շատ տաք ջրի մեջ, հետո ավելացրեք մնացած ջուրը` լուծույթը սառեցնելու համար: Թրջեք բամբակը և դրեք բշտիկի վրա օրական 4 անգամից ոչ պակաս:
  • Կերակրելուց կամ կթելուց առաջ (և աղի թրջոցից անմիջապես հետո) բշտիկի վրա դրեք շատ տաք թրջոց: Զգույշ եղեք՝ չայրվեք:

       Բացի այդ կարող եք մի փոքր բամբակի կտորը թաթախել զեյթունի ձեթի մեջ և 15 րոպեով դնել կրծկալի մեջ՝ բշտիկի վրա․ զեյթունի ձեթը թույլ կտա փափկացնել և հեշտացնել մաշկի պլոկվելը։

  1. Հեռացնել կաթի ծորանը ծածկող մաշկը: Այս քայլը կարող է պետք չգալ, քանի որ տաքացնելը և կերակրելը կարող են բավարար լինել մաշկը լայնացնելու և բշտիկով անցքը բացելու համար: Սակայն, օգտակար կլինի անել նշվածներից մեկը օրական գոնե մեկ անգամ, մինչև մաշկը այլևս չաճի ծորանի անցքի վրա:
  • Մերսեք բշտիկի տարածքը թաց սրբիչով:
  • Եթե բշտիկը ուռուցիկ է, կարող եք թեթևակի այն ձգել դեպի դուրս` ձեռքերը նախօրոք լվանալուց հետո:
  • Ձեր եղունգով թեթևակի քերեք բշտիկի ծայրը:
  • Եթե վերևում նշվածները չօգնեն, ստերիլ ասեղով կարող եք ծակել և բացել բշտիկը: Բորբոքվելու վտանգը քչացնելու համար, կարող եք խնդրել ձեր բժշկին դա անել (դուք մի արեք). բորբոքվելու վտանգը ավելի մեծ է, եթե դուք ինքնուրույն դա անեք: Առաջին հերթին լվացեք բշտիկի տարածքը օճառով և չորացրեք մաքուր սրբիչով: Օգտագործեք ստերիլ ասեղ բշտիկի ծայրի մաշկը բարձրացնելու համար: Եթե ստերիլ ասեղ չունեք, ստերիլիզացրեք ասեղը՝ պահելով այն կրակի վրա, մինչև որ եզրը կարմրի (սառեցրեք օգտագործելուց առաջ), կամ թաթախեք ասեղը ալկոհոլի մեջ10-15 րոպեի ընթացքում: Բշտիկի եզրի մաշկը պետք է բարձրացնել, ծակելու փոխարեն: Մի մտցրեք ասեղը բշտիկի մեջ, որովհետև կարող եք մանրէները ավելի խորը բրդել պտուկի մեջ: Ձեր բժիշկը կարող է նաև կտրել ավելորդ մաշկը սուր մկրատով: Լվացեք վերքը օճառով և կերակրելուց հետո հակաբորբոքային քսուկ օգտագործեք:
  1. Կերակրել կամ կթել: Կերակրելուց երեխային առաջին հերթին առաջարկեք բշտիկով կուրծքը՝ տաք թրջոցից անմիջապես հետո: Կերակրելուց առաջ կարող է օգտակար լինել մերսել և ձեռքով կթել դեպի պտուկը՝ ծորանի մեջ մնացած ցանկացած պնդացած կաթը դուրս հանելու նպատակով: Երբեմն պնդացած կաթի գնդեր կամ թելեր (հաճախ ատամի մածուկի խտության) կարող են կթվել ծորանից:
  1. Կերակրելուց հետո մշակեք բշտիկը հակաբորբոքային քսուկով, որպեսզի մաշկը արագ լավանա:

Եթե կաթի բշտիկները կրկնվում են

Լեցիտին պարունակող հավելումները կարող են օգնել բուժել և կանխել կրծքի ծորանների փակվելը: Կուրծքը, հարպտկային հատվածը և պտուկը մերսելը թուրինջի սերմի խտանյութ (էքստրակտ) պարունակող յուղով նույնպես կարող է կանխել բշտիկների կրկնվելը: Մերսելու յուղը պատրաստելու համար խառնեք մի քանի կաթիլ խտանյութը մի քիչ զեյթունի ձեթի հետ: Կամ խառնեք իրար 5 կաթիլ խտանյութ, 1/4 բաժակ քացախ, 2 բաժակ ջուր և օրական մեկ անգամ ցողեք այս հեղուկը կրծքի և պտուկի վրա: Երբեմն քսեք վիտամին E պարունակող քսուկ, բայց մաքրեք այն կերակրելուց առաջ (չափազանց շատ վիտամին E-ն կարող է թունավոր լինել երեխայի համար):

Այլ միջոցներ

  • Որոշները առաջարկում են շարունակել աղաջրով մշակելը և սրբիչով մերսելը ամեն օր մի քանի շաբարթվա ընթացքում, որպեսզի նորից բշտիկ չառաջանա:
  • Զանգահարեք ձեր բժշկին, եթե ունեք տաքություն, ցավ, բորբոքում (կարմիր հատված կրծքի վրա), այտուց, թարախ և այլն:
  • Կերակրելու միջև ընկած ժամանակահատվածում կարող եք ցավազրկող խմել (օրինակ իբուպրոֆեն): Կարող եք կրկնապտուկ կրել, որը չի թողնի, որ հագուստը հպվի բշտիկին` քչացնելով ցավը և օգնելով բուժմանը:
  • Չմոռանաք բուն պատճառը գտնել (եթե գիտեք այն)՝ կաթի գերառաջարկը, կաթնախտը, այդ հատվածում ճնշումը և այլն:

 

Աղբյուրը՝  http://kellymom.com/bf/concerns/mother/nipplebleb/

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Արուսիկ Դադիյանին օգնության համար

 

Անոթային ջղաձգություն - Vasospasm
Կրծքի կաթնախտը կրծքով կերակրելու ժամանակ

  • 43
    Shares

1 thought on “Ի՞նչ է կաթի բշտիկը

Comments are closed.