Ի՞նչ է կատարվում կնոջ ուղեղում, երբ նա մայր է դառնում


 

brainՈւրախությունից և կապվածությունից մինչև ջղայնություն և պաշտպանելու ցանկություն՝ մոր վարքը նախևառաջ պայմանավորված է բիոքիմիական պրոցեսներով:

Մի անգամ նկարչուհի Սարա Ուոլքերը ասել է, թե մայր դառնալը սեփական տան մեջ մի նոր սենյակ հայտնաբերելու նման բան է: Հատկապես առաջին անգամ մայրացած կանանց կյանքում փոխվում է գրեթե ամեն ինչ. ամենաինտիմ, բայց նաև ամենակտրուկ փոփոխությունները լինում են զգացմունքային ոլորտում: Այս զգացմունքային փոփոխությունները շատ մեծ մասով նյարդաբանական են:

Դեռ ծննդաբերելուց առաջ հղիությունն արդեն սկսում է “խաղալ” կնոջ ուղեղի կառուցվածքի հետ: Դարեր շարունակ ուսումնասիրելով հղի կանանց վարքագծային փոփոխությունները՝ գիտնականները սկսել են այն կապել կնոջ միջնուղեղի, գագաթային բլիթների, նախաճակատային կեղևի և ուղեղի այլ հատվածներում տեղի ունեցող փոփոխությունների հետ. գորշ նյութը դառնում է ավելի խիտ, բարձրանում է ակտիվությունը ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են կարեկցանքի, անհանգստության և սոցիալական հարաբերությունների համար: Այս փոփոխությունները, որոնք հորմոնալ “ջրհեղեղի” հետևանք են, օգնում են մորը կապվել իր երեխայի հետ: Այլ կերպ ասած՝ սիրո, պաշտպանության և անհանգստության մայրական այս գերհզոր զգացումները սկսվում են ուղեղում տեղի ունեցող փոփոխություններից:

Շատ գիտնականներ գտնում են, որ մոր ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները շատ կարևոր են հասկանալու համար, թե ինչու են շատ նոր մայրեր ունենում լուրջ անհանգստություն և ընկճախտ ծննդաբերելուց հետո: Նրանց գնահատմամբ՝ յուրաքանչյուր վեց մայրերից մեկը հետծննդաբերական ընկճախտի խնդիր ունի: Ընկճախտի մասին կարող եք կարդալ մեր ” Հետծննդաբերական հոգեբանական խնդիրներ” հոդվածում:

“Սա այն է, ինչ մենք անվանում ենք օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (կպչուն-սևեռուն խանգարման) ասպեկտ, որը ի հայտ է գալիս երեխան ծնվելուց հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում,” – ասում է մայրական ուղեղի հետազոտող Փիլյանգ Քիմը: “Մայրերը ունենում են բարձր մակարդակի անհանգստություն այնպիսի բաների վերաբերյալ, որոնք կառավարել չեն կարող: Նրանք աընդհատ մտածում են երեխայի մասին՝ առո՞ղջ է, հիվա՞նդ է, կու՞շտ է“:

Ուղեղի մի քանի իրար փոխկապված բաժիններ ձևավորում են մայրական վարքը և տրամադրությունը: Հետազոտողներին հատկապես հետաքրքրում է նուշի ձև ունեցող նեյրոնները՝ նշաձև մարմինները, որոնք գործի են դնում հիշողությունը և այնպիսի զգացմունքներ, ինչպիսին են վախը, անհանգստությունը և ագրեսիան: Նշաձև մարմնում ակտիվությունը աճում է ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում: Այս աճը, ըստ հետազոտողների, սերտ կապված է նոր մոր վարքագծի հետ՝ դարձնելով նրան գերզգայուն երեխայի պահանջների նկատմամբ:

Անհանգստության և վախի զգացումներին զուգահեռ՝ նշաձև մարմին “հոսող” որոշ հորմոններ հետադարձ դրական կապ են ապահովում՝ խթանելով մայրությանը հատուկ վարքագիծ: Ընդամենը երեխային նայելով՝ մոր ուղեղի պարգևատրման համար պատասխանատու կենտրոնները սկսում են ակտիվանալ: Այս ակտիվությամբ է պայմանավորված, օրինակ, մոր երեխայի հետ խոսելաձևին հատուկ “քաղցրությունը”:

Այսպիսով, մոր նշաձև մարմնում տեղի ունեցող պրոցեսների մեծ մասը պայմանավորված է դեպի այն հոսող հորմոններով: Այդ կենտրոնը ունի մեծ թվով ռեցեպտորներ օքսիտոցինի նման հորմոնների համար: “Մայրական օքսիտոցինի մակարդակը, որը բոլոր կաթնատու կենդանիների մոտ պատասխանատու է մոր և երեխայի միջև կապվածության ձևավորման համար, կտրուկ աճում է հղիության և հետծննդաբերական շրջանում. որքան մայրը ավելի շատ է ներգրավված երեխայի խնամքի մեջ, այնքան բարձր է նրա օրգանիզմում օքսիտոցինի մակարդակը,” – ասում է ուղեղի հետազոտող Ռութ Ֆելդմանը:

Օքսիտոցինի` հաճույքի հորմոնի մակարդակը բարձրանում է, երբ մայրերը նայում են իրենց երեխաներին, լսում են նրանց ձայնը և լացը, կամ գուրգուրում են նրանց: Կրծքով կերակրման ժամանակ օքսիտոցինի մակարդակի բարձրացումը կարող է օգնել բացատրել, թե ինչու են կրծքով կերակրող մայրերը ավելի զգայուն իրենց երեխայի ձայների նկատմամբ, քան չկերակրողները: “Համեմատած կաթնախառնուրդով սնուցող մայրերի՝ ծննդաբերությունից հետո առաջին ամսում կրծքով կերակրող մայրերի ուղեղը ավելի զգայուն է երեխայի լացի նկատմամբ: Սա հետաքրքիր փաստ է, չնայած մենք դեռ մինչև վերջ չենք հասկացել, թե արդյոք պատճառը կրծքով կերակրումն է, օքսիտոցինը, թե այլ գործոն:”

Հետազոտողները համոզված են, որ ծնող դառնալը, համենայն դեպս ուղեղում կատարվող փոփոխությունների առումով, շատ նման է սիրահարվելուն: Ուղեղում ավելի զգայուն են դառնում այն կապերը, որոնք ենթադրում են զգոնություն և սոցիալական կարևորություն: “Մեր հետազոտություններում մենք հայտնաբերել ենք, որ սոցիալական կապը երեխայի հետ ուղեղի աֆիլիատիվ կենտրոններում առաջացնում է այն նույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սիրահարված զույգի հարաբերությունների առաջին ամսվա ընթացքում:”

 

Աղբյուրը՝ http://www.theatlantic.com/health/archive/2015/01/what-happens-to-a-womans-brain-when-she-becomes-a-mother/384179/

Թարգմանեց (կրճատումներով)՝ Քրիստինե Բարսեղյանը

Սրտխառնոցը կրծքով կերակրելու ժամանակ
Անզգայացում, վիրաբուժական միջամտություն և ճառագայթային ախտորոշման հետազոտություններ