Ի՞նչ կարելի է անել, երբ կաթը ծորում է կրծքերից


Woman putting absorbent pad to her breast for protect milk drippingՈչ բոլոր, բայց որոշ մայրերի մոտ կաթը կարող է ծորալ կրծքերից, հատկապես առաջին ամիսներին, երբ կաթնարտադրությունը կարգավորման ընթացքում է: Երբ երեխան ուտում է մի կրծքից, մայրերի մոտ կարող է ծորել մյուս կրծքից: Այդ դեպքում կարելի է ծորացող կրծքին դնել սրբիչ կամ բամբակյա միջադիր, որ կներծծի կաթը:

Կերակրող մայրերը կարող են կրծկալների մեջ կրել միանգամյա օգտագործման կերակրման ներդիրներ կամ բազմակի օգտագործման լվացվող բամբակյա ներդիրներ, որոնք կօգնեն կլանել ծորացած կաթը երկու կերակրման միջև: Խուսափեք, սակայն, պլաստիկ մակերեսով ներդիրներից, որոնք մաշկը կպահեն խոնավ և կհանգեցնեն պտուկների մաշկի գրգռմանը:

Կրծքերից կաթի ծորալը կարելի է նվազեցնել` բաց չթողնելով երեխայի հերթական կերակրումը կամ երկարացնելով երկու կերակրման միջև ընկած ժամանակը: Եթե Դուք զգում եք կաթի արտահոսման ռեֆլեքսը (the “let-down”) և գտնվում եք այնպիսի իրավիճակում, որտեղ չեք կարող Ձեր երեխային կերակրել կամ հեռու եք նրանից, ապա Դուք կարող եք կանգնեցնել “let-down” կամ կաթի ծորալը` կրծքերի վրա թեթև ճնշում գործադրելով: Դա կարելի է անել աննկատ` ձեռքերը կրծքերի վրա խաչելով և թեթև սեղմելով կրծքերի վրա:

Գերադասեք գույնզգույն հագուստները, քանի որ դրանց համեմատ միագույն հագուստի վրա կաթի հետքերն ավելի հեշտությամբ են երևում: Ժամանակի ընթացքում Դուք, հավանաբար, կնկատեք, որ կաթը ավելի քիչ է ծորում կրծքերից կամ ընդհանրապես չի ծորում: Դա չի նշանակում, որ Ձեր կաթի քանակը քչացել է: Դա պարզապես նշանակում է, որ Ձեր օրգանիզմը կարգավորել է կաթնարտադրությունը:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/leak.html

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը


Ինչպես ազատվել լրացուցիչ/արհեստական կերից
Արդյո՞ք ես ունեմ բավարար քանակությամբ կաթ