Ի՞նչ կարող եմ անել կրկնվող մաստիտի (կաթնագեղձի բորբոքման) դեպքում

  • 4
    Shares

Շարունակեք կրծքով կերակրել ձեր երեխային: Դուք ճիշտ ուղի եք ընտրել այս կրկնվող ախտահարման պատճառները որոշելու համար: Կրծքով կերակրումն այս դեպքում ցավոտ չպիտի լինի: Մի փոքր ուսումնասիրության արդյունքում հնարավոր է իրավիճակը շտկելու լուծումներ գտնել:

Ահա որոշ գործոններ, որոնք կարող են կաթնագեղձի կրկնակի բորբոքման պատճառ հանդիսանալ.

  • Կաթնագեղձի նախնական բորբոքման ոչ լիարժեք բուժումը կարող է մաստիտի կրկնմանը նպաստող գործոն լինել : Երբ որպես բուժման միջոց հակաբորբոքային պրեպարատ է օգտագործվում է, անհրաժեշտ է ավարտին հասցնել նշանակման ամբողջ կուրսը: Եթե հակաբորբոքային դեղամիջոցով նախկին բուժումն անարդյունավետ է եղել, երեխայի կոկորդի, ինչպես նաև մայրական կաթի բակտերիոլոգիական հետազոտության միջոցով կարելի է որոշել համապատասխան բուժումը:

  • Գերհոգնությունը և սթրեսը, ինչպես առօրյա հոգսերից, այնպես էլ  արտառոց իրադարձություններից /ճամփորդություն, երեկույթ, տեղափոխություն և այլն/, կարող են կրծքի ցավերի պատճառ դառնալ:

  • Սակավարյունությունը /անեմիա/ նույնպես կարող է նպաստող գործոն հանդիսանալ: Բուժաշխատողը ձեզ զննելով կարող է որոշել, թե արդյոք դուք լրացուցիչ վիտամինների կամ երկաթի կարիք ունեք: Ծխախոտի օգտագործումը կարող է նպաստել ախտահարման նկատմամբ ցածր դիմադրողականությանը: Ավելին, այն կարող է կաթի արտաթորման /արտահոսքի/ ռեֆլեքսի արգելակման պատճառ լինել: Դա կարող է նպաստել կաթնագեղձի բորբոքման կրկնմանը, քանի որ կաթը կհավաքվի /կլճանա/ կրծքում:

  • Կաթի չափազանց առատ հոսքը կարող է ետ պահել երեխային կուրծքն ամբողջությամբ դատարկելուց: Թույլ տվեք, որ նա ավարտի ուտել մի կուրծքը, մինչև կառաջարկեք նրան երկրորդը: Եթե ձեր կրծքի լցված լինելը անհարմարություն է պատճառում, ապա դուք կարող եք կթել որոշակի չափով, որպեսզի այդ զգացողությունն անցնի:

  • Եթե պտուկները հարվել են, ճաքել կամ արնահոսում են, ապա դա կարող է իֆենկիայի ներթափանցման պատճառ հանդիսանալ: Եթե պտուկները հաճախակի են վնասվում, ապա պետք է ուշադրություն դարձնել կերակրման դիրքին և կրծկալին: Դիմեք ձեր կերակրման մասնագետին կամ բժշկին՝ պտուկների վնասման պատճառները բացահայտելու համար:

  • Եթե պտուկի ծորաններից մեկի արտաքին մասում /անցքի վրա/ նկատում եք չորացած կաթի խցանում, ապա կարող եք խոնավ, տաք կոմպրես դնել և մի փոքր կթել կուրծքը, մինչև ծորանը կբացվի: Որոշ մայրեր  նշում են, որ խիտ դեղնավուն զանգված է դուրս գալիս: (Եթե ձեր երեխան կուրծք ուտելու ընթացքում հեռացնի այդ զանգվածը, ապա դա նրան չի վնասի:)

  • Պտուկի խցանումները կարող են դանդաղեցնել կաթի արտահոսքը և նպաստել ինֆեկցիայի առաջացմանը: Ծծակների և կրկնապտուկի օգտագործումը կարող է անդրադառնալ երեխայի ծծելու եղանակի վրա և նպաստել պտուկների վնասմանն ու մաստիտի առաջացմանը:

  • Որոշ երեխաներ դիմադրում են կրծքով կերակրմանը կամ պարբերաբար հրաժարվում են կրծքից՝ հավանաբար, գերզգայունության կամ այլ գործոնների պատճառով: Անկանոն կերակրումը կարող է նպաստել կրծքի կրկնվող ինֆեկցիայի առաջացմանը: Ձեր տեղամասային պատասխանատուն կարող է օգնել ձեզ հետազոտել և բացահայտել այդ խնդրի պատճառները:

  • Համոզվեք, որ ձեր հագուստը շատ ձիգ և նեղ չի՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրծկալին: Որոշ կրծկալներ և լողազգեստներ կարող են ուժեղ սեղմել կուրծքը: Նույնիսկ գոտկատեղից կապվող ծանր դրամապանակը կամ երեխային փոխադրելու համար նախատեսված կապը կարող են խնդիրներ առաջացնել: Շատ հաճախ դրանք մարմնի հակառակ կողմը տեղափոխելը կարող է օգնել:

  • Մեքենայի ամրագոտին նույնպես կարող է կաթնագեղձի բորբոքման պատճառ լինել: Շատ ձիգ կապը կարող է ուժեղ սեղմել կուրծքը: Ավելին, կտրուկ արգելակման ժամանակ ամրագոտու սեղմումը կարող է վնասել կուրծքը: Կուրծքը կարող է վնասվել նաև շարժուն երեխայի հարվածից: Դա կարող է խցանել կաթի արտահոսքը: Այդ դեպքում անհրաժեշտ է հանգստանալ, տաք պահել կուրծքը և հաճախակի կերակրել:

  • Կրծքի վիրահատության կամ վնասման ցանկացած դեպք կարող է բարձրացնել ինֆեկցիայի ռիսկը:

  • Հետազոտողներից մեկի կարծիքով, հագեցած յուղերի բացառումը սննդակարգից և օրական մեկ թեյի գդալ լեցիտինի ընդունումը կարող է վերականգնել այն կանանց առողջությունը, որոնք ունեցել են ծորանների խցանման կամ մաստիտի նախադեպ:

  • Սոդայի չափից շատ ընդունումը կարող է բերել օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչն էլ կարող է նվազեցնել ինֆեկցիայի հանդեպ դիմադրողականությունը:

  • Սննդի նկատմամբ զգայունությունը և ալերգենների ազդեցությունը նույնպես կարող են նպաստող գործոն լինել կրծքագեղձի բորբոքման կրկնման համար:

  • Ռեցիդիվ մաստիտի ժամանակ ռիսկային գործոն են նաև ուսերի հաճախակի և կտրուկ կրկնվող շարժոումները: Այդպիսի օրինակ են փոշեկուլով մաքրումը, լոգախցիկների մաքրումը, պատուհաններ լավանալը և այգում աշխատելը:

  • Ձեր քնելու դիրքը ևս կարող է որոշիչ լինել այս հարցում: Ցանկալի է պարբերաբար փոխել դիրքը: Եթե կուրծքը երկար ժամանակ սեղմված է, ծորանները ևս սեղմվում են, և կաթը ազատ հոսքով չի կարող հոսել:

Որոշ մայրեր հաջողությամբ բուժում են իրենց կրկնվող մաստիտը՝ ընդունելով երկարաժամկետ կանխարգելիչ բուժում հակաբորբոքային դեղամիջոցներով:

Ցանկալի է, որ ընտանիքի անդամները և ընկերները օգնեն տնային գործերում և սննդի կազմակերպման հարցում, որպեսզի դուք հնարավորինս զբաղվեք երեխայով և ձեր առողջությամբ:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ http://www.llli.org/faq/repeatmastitis.html

Թարգմանեց՝ Թամար Միրզոյանը

Կաթը արտահոսելիս կրծքերը ցավում են
Կրծքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել

  • 4
    Shares

1 thought on “Ի՞նչ կարող եմ անել կրկնվող մաստիտի (կաթնագեղձի բորբոքման) դեպքում

Comments are closed.