Ի՞նչ հաճախականությամբ պետք է կրծքով կերակրել երեխային:


clock1Ամեն երեխա յուրահատուկ է: Նորմալ և առողջ երեխան կարող է ուտել ժամը մեկ կամ չորս ժամը մեկ անգամ, և երկու դեպքում էլ երեխայի աճը նորմալ կլինի: Ամեն երեխա իր ուտելու հաճախականությունն ունի, իսկ միևնույն երեխան կարող է տարբեր օրերին տարբեր հաճախականությամբ ուտել:

Զարմանալին այն է, որ մայրական կաթը շատ հեշտ ու արագ է մարսվում (միջինում 90 րոպեի ընթացքում): Այդ պատճառով խորհուրդ են տալիս մայրերին հետևել ոչ թե ժամին, այլ երեխայի սոված լինելու նշաններին. լացը, մատները կամ թաթիկները բերանը տանելը, շրթունքներին կամ դեմքին դիպչելիս գլուխը ձեռքի ուղղությամբ շրջելը և շրթունքները կլորացնելը սոված լինելու նշան են:

Կրծքով կերակրվող երեխաները իրենք են կարգավորում իրենց սնվելու հաճախականությունը: Նրանք ուտում են այնքան երկար և այնքան շատ ամեն կրծքից, որքան իրենց անհրաժեշտ է: Չնայած դրան, Ամերիկայի մանկաբույժների ակադեմիան խորհուրդ է տալիս նորմալ ու առողջ նորածնին կերակրել 8-12 անգամ 24 ժամվա ընթացքում, նորածնի դեպքում՝ 2-3 ժամը մեկ:

Եթե երեխան գոնե 8-12 անգամ կուրծք չի ուտում 24 ժամվա ընթացքում, ապա նրան պետք է արթնացնել և կերակրել` քաշի նորմալ աճը ապահովելու համար:

Շատ մայրեր մտահոգվում են, թե արդյոք իրենց երեխան կշտանում է, երբ երեխաները սկսում են ուտել ավելի հաճախ քան երկու ժամը մեկ: Այս երևույթը հանդիպում է երեխայի կյանքի առաջին ամիսներին և կոչվում է կլաստեր կերակրում (cluster feeding): Կլաստեր կերակրումը սովորաբար լինում է օրվա մի որոշ հատվածում, հիմնականում՝ երեկոյան: Ուտելու հաճախականության նման փոփոխությունը նորմալ է:

Այն նորածինները, որոնք կուրծքը բռնում են ճիշտ, հաճախ են ուտում և ավելի լավ են դատարկում կրծքերը, շատացնում են մայրական կաթը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կուրծքն ուտելու տևողությունը կրճատելը և ավելի մեծ ինտերվալներով կերակրելը կարող է հանգեցնել կաթի և կաթի յուղայնության պակասեցմանը, որի արդյունքում երեխան կարող է չկշտանալ:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/frequency.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Մայրական կաթ: Գերսնել երեխային շշով կերակրելով, թե՞ կերակրել կրծքով
Ինչու՞ է կաթն այսպիսի տարօրինակ գույնի