Լակտազային անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ


lactoseՇատերն են հանդիպել կամ լսել լակտոզի անտանելիության կամ լակտազային անբավարարության մասին, որը մեծահասակների մոտ առաջացնում է որովայնի ցավեր կամ փքվածություն, լուծ, ստրխառնոց, փսխում և այլն, լակտոզի՝ կաթնաշաքարի զգալի քանակ օգտագործելու դեպքում: Հետաքրքիրն այն է, որ կաթնասունների մեծ մասը սովորաբար կրծքով կերակրվելն ավարտելուց հետո այլևս լակտազ՝ լակտոզը յուրացնելու համար անհարժեշտ ֆերմենտ չի արտադրում: Սակայն մարդկանց մոտ զարգացել է լակտազային դիմադրողականություն (համառություն), երբ լակտազ ֆերմենտի արտադրությունը շարունակվում է նաև չափահաս տարիքում: Ամենայն հավանականությամբ սա ձևավորվել է անասնաֆերմաներից ստացված կաթնամթերքից օգտվելու համար: Լակտոզի անտանելիությունը աշխարհում տատանվում է 5 տոկոսից Հյուսիսային Եվրոպայում մինչև 90 տոկոս որոշ աֆրիկյան և ասիական երկրներում:

 

 

Ի՞նչ են լակտոզը և լակտազը

Մարդկային կաթը ավելի մեծ քանակությամբ լակտոզ է պարունակում քան կովի կամ այլ կաթնասունների կաթը: Ենթադրվում է, որ լակտոզի նման բարձր քանակը պայմանավորված է փոքր տարիքում ուղեղի արագ աճի հետ:

Կրծքի կաթի, կովի կաթի և կաթնախառնուրդի բաղադրությունը
մեկ լիտրում կրծքի կաթ կովի կաթ կաթնախառնուրդ
վաղածինների նորմալ առանց կաթի
Էներգետիկ արժեք (կկալ) 690 660 676 676 676
Սպիտակուցներ (գր.) 9 35 20 18 17
Տաուրին (մգ.) 80-40 1 48-57 40
Ճարպեր (գր.) 45 37 35 35 35
Ածխաջրեր 68 49 74 79 75
Լակտոզ 68 49 30 55 0

Լակտոզը՝ կաթնաշաքարը կրծքի կաթի ամենակարևոր բաղադրիչներից է: Բնության մեջ կաթնաշաքար հանդիպում է միայն կաթնասունների մոտ, իսկ լակտոզի ամենամեծ խտությունը մայրական կաթում է: Լակտոզը մայրական կաթին տալիս է հաճելի և թարմ համ և ապահովում է երեխայի էներգետիկ կարիքների 40 տոկոսը: Ինչպես արդեն նշեցինք, այն չափազանց կարևոր է երեխայի ուղեղի զարգացման համար:

Բարակ աղիքում լակտազ ֆերմենտի օգնությամբ լակտոզը տրոհվում է գլյուկոզի և գալակտոզի: Գլյուկոզը էներգիայի ամենակարևոր աղբյուրն է, իսկ գալակտոզը դառնում է նյարդային համակարգի զարգացման համար անհրաժեշտ գլակտոլիպիդների հիմնական բաղադրիչ մասը:

Լակտոզը, որը չի քայքայվել բարակ աղիքում, նպաստում է Lactobacillus bifidus բակտերիաների աղիքային գաղութների ձևավորմանը: Աղեստամոքսային համակարգում խմորվելով՝ այս բակտերիաները ապահովում են թթվային միջավայր, որը ճնշում է պաթոգեն բակտերիաների, սնկերի և պարազիտների աճը: Խմորման կողմնակի ազդեցություններից են գազերը, որոնք կրծքով կերակրվող երեխաների մոտ նորմալ երևույթ են:

Եթե լակտոզը քայքայող լակտազ ֆերմենտի քանակը քիչ է կամ լռիվ բացակայում է, այսինքն կա լակտազային անբավարարություն, ապա բարակ աղիքում լակտոզը դառնում է սնունդ բակտերիաների աճի համար, իսկ հաստ աղիքում ձևավորում է բարենպաստ միջավայր տարբեր միկրոօրգանիզմների զարգացման համար: Արդյունքում կղանքը դառնում է թույլ և շատանում են գազերը:

Լակտազ ֆերմենտի անբավարար ակտիվությունը կարող է հանգեցնել քաշի կորստի, քանի որ նախ չի յուրացվում էներգիայի կարևոր աղբյուր հանդիսացող կաթնաշաքարը, և հետո վնասվում են աղիքները, որի արդյունքում ավելի վատ են ներծծվում և մարսվում մայրական կաթի այլ կարևոր բաղադրիչներ:

  

Լակտազային անբավարարության տեսակները և պատճառները

Կախված պատճառներից՝ լակտազային անբավարարությունը կարող է լինել առաջնային և երկրորդային: Սակայն, թույլ տվեք առանձնացնել լակտազային անբավարարության ևս մեկ տեսակ, որը պայմանավորված է մոր կրծքով կերակրելու առանձնահատկություններով, այն դեպքում, երբ երեխան ունի լակտազ ֆերմենտի բավարար քանակ:

  1. Առաջնային լակտազային անբավարարությունը հանդիպում է այն դեպքերում, երբ բարակ աղիքի մակերեսային բջիջները՝ էնտերոցիդները վնասված չեն, սակայն լակտազի ակտիվությունը ցածր է կամ բացակայում է:
  1. Երկրորդային լակտազային անբավարարությունը հանդիպում է, երբ լակտազի արտադրությունը ցածր է այն արտադրող բջիջների վնասված լինելու պատճառով:
  1. Լակտոզով գերծանրաբեռնումը լակտազային անբավարարությանը նման մի վիճակ է, որը սակայն կարելի է ուղղել կրծքով կերակրումը ճիշտ կազմակերպելու միջոցով: Նման դեպքերում երեխայի մոտ բավարար քանակով լակտազ ֆերմենտ է արտադրվում, սակայն մայրը ունի առաջնային կաթի մեծ ծավալ, որը երեխաների մոտ կարող է լակտազային անբավարարության ախտանիշների նման ախտանիշներ առաջացնել:

Առաջնային լակտազային անբավարարությունը հանդիպում է հետևյալ դեպքերում՝

  • շատ հազվադեպ պատահող բնածին՝ գենետիկական հիվանդության արդյունքում,
  • որպես վաղաժամ ծնված երեխաների անցումային լակտազային անբավարարություն,
  • չափահասների լակտազային անբավարարություն

Բնածին լակտազային անբավարարությունը հանդիպում է ծայրահեղ քիչ: Անցումայինը հանդիպում է այնքանով, որքանով վաղածին երեխաների աղիները դեռևս վերջնական չեն հասունացել, որի պատճառով լակտազի ակտիվությունը ցածր է: Օրինակ, 28-ից 34 շաբաթական ներարագանդային զարգացում ապրող երեխայի մոտ լակտազի ակտիվության 3 և ավելի անգամ ցածր է, քան 39-40 շաբաթական երեխայի մոտ: Չափահասի լակտազային անբավարարությունը հանդիպում է ավելի հաճախ. լակտազի ակտիվությունը սկսում է նվազել մարդու կյանքի առաջին տարվա վերջում և շարունակում է նվազել ողջ կյանքի ընթացքում: Որոշ չափահասների մոտ այն այնքան է նվազում, որ ամեն անգամ օրինակ կաթ օգտագործելիս նրանք ունենում են տհաճ զգացում: 

Երկրորդային լակտազային անբավարարությունը ավելի հաճախ է հանդիպում: Սովորաբար այն առաջանում է որևէ սուր կամ խրոնիկ հիվանդության, օրինակ՝ աղիքային ինֆեկցիայի, կովի կաթի սպիտակուցների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի, աղիքային բորբոքման, ատրոֆիկ փոփոխությունների՝ գլյուտենի անտանելիության կամ երկար ժամանակ զոնդի օգնությամբ սնվելու դեպքում և այլն:

Եթե ձեր երեխան զգայուն է կաթնամթերքի նկատմամբ, ամենայն հավանականությամբ խնդիրը լակտոզի անտանելիության մեջ չէ, չնայած շատերը հակառակը կպնդեն: Չնայած կովի կաթի սպիտակուցների նկատմամբ զգայունությունը և լակտոզի անտանելիությունը նույնը չեն, նրանք երբեմն կարող են միաժամանակ պատահել, քանի որ սննդային ալերգիան կարող է առաջացնել երկրորդային լակտազային անբավարարություն:

Լակտոզով գերծանրաբեռնումը հաճախ հանդիպում է կաթի գերառաջարկ ունեցող մայրերի մոտ: Կաթի առատության պատճառով երեխաները կրծքով սնվում են ավելի հազվադեպ, որի արդյունքում ստանում են շատ առաջնային կաթ, որը արագ անցնում է աղիներով՝ առաջացնելով լակտազային անբավարարության ախտանիշներ:

 

Լակտազային անբավարարության ախտանիշները

Լակտազային անբավարարություն կարելի է կասկածել, եթե առկա են հետևյալ ախտանիշները՝

  • Ջրիկ կղանք՝ հաճախ փրփրոտ և թթված հոտով: Երեխաների աղիները կարող են նման ձևով գործել օրական 8-10 անգամ կամ ընդհանրապես չգործել առանց ստիմուլյացիայի: Վերջինս պատահում է կաթախառնուրդով սնուցվող լակտազային անբավարարություն ունեցող երեխաների մոտ:
  • Կերակրելու ժամանակ և կերակրելուց հետո երեխայի անհանգիստ վիճակ:
  • Որովայնի փքվածություն:
  • Ծանր դեպքերում լակտազային անբավարարություն ունեցող երեխան վատ է քաշ հավաքում կամ քաշ է կորցնում:
  • Որոշ աղբյուրներում որպես ախտանիշ նշվում է նաև երեխայի շատ փսխելը:

Սովորաբար երեխան լավ ախորժակ ունի և սկսում է ակտիվ ծծել, սակայն մի քանի րոպե անց լաց է լինում, թողնում է կուրծքը, հավաքում է ոտքերը փորիկի մոտ: Կղանքը հաճախակի է, թույլ, դեղին, թթվաշ հոտով, փրփրոտ: Եթե հավաքեք կղանքը մի ապակյա ամանի մեջ և մի առ ժամանակ թողնեք, ապա այն կբաժանվի երկու մասի՝ ջրիկ և պինդ: Սակայն պետք է հաշվի առնել, որ տակդիրների դեպքում նման փորձ հնարավոր չէ անել, քանի որ կղանքի հեղուկ մասը ներծծվում է տակդիրի մեջ:

Առաջնային լակտազային անբավարարության ախտանիշները սովորաբար ուժեղանում են կաթի քանակը շատացնելուն զուգահեռ: Սկզբում՝ նորածնի կյանքի առաջին շաբաթներին, ախտանիշներ կարող են ընդհանրապես չլինել, սակայն մի առ ժամանակ անց ի հայտ են գալիս սովորականից ավելի շատ գազեր, փորացավ, և թույլ կղանք (ըստ հերթականության):

Երկրորդային լակտազային անբավարարությունը շատ ավելի հաճախ հանդիպող երևույթ է, որի դեպքում, բացի վերոհիշյալ ախտանիշներից, երեխայի կղանքը լինում է ավելի կանաչավուն, լորձոտ և կարող է պարունակել սննդի չմարսված կտորներ:

Լակտոզով գերծանրաբեռնում կարելի է կասկածել, երբ մոր կրծքերում շատ կաթ է հավաքվում, երեխան լավ քաշ է հավաքում, սակայն նրան անհանգստացնում են նույն խնդիրները, ինչ առաջնային լակտազային անբավարարության դեպքում: Բացի դրանից, լակտոզով գերծանրաբեռնման ախտանիշեր կարող են լինել կանաչ կղանքը և մոր կրծքերից անընդհատ ծորացող կաթը, նույնիսկ երբ երեխան ավելի քիչ քաշ է հավաքում:

 

Լակտազային անբավարության ախտորոշում

Մի քանի հետազոտություններ կան, որոնք այս կամ այն չափով կարող են հաստատել լակտազային անբավարարությունը:

  1. Բարակ աղիքի բիոպսիա, որը ենթադրում է բարակ աղիքից նմուշ վերցնել, որի միջոցով հնարավոր է պարզել լակտազի ակտիվությունը: Այս մեթոդը կիրառվում է շատ հազվադեպ:
  1. Լակտոզի կորի դեպքում երեխային սոված ժամանակ տալիս են լակտոզի չափաբաժին  և մեկ ժամվա ընթացքում արյան մի քանի անալիզ են վերցնում: Իդեալական տարբերակ է գլյուկոզի նմանատիպ հետազոտության անցկացումը և արդյունքների համեմատումը, սակայն սովորաբար իրականացվում է միայն լակտոզի հետազոտություն և համեմատվում է գլյուկոզի միջին թվերի հետ: Եթե լակտոզի կորը գտնվում է գլյուկոզի կորից ներքև, ապա կարելի է եզրակացնել, որ լակտոզի տրոհումը անբավարար է: Չնայած արտասահմանյան գրականության մեջ կան որոշ կասկածներ այս հետազոտության արդյունավետության վերաբերյալ, հետազոտության այս մեթոդը ավելի շատ տեղեկություն է տալիս խնդրի մասին, քան կղանքում ածխաջրերի քանակի հետազոտությունը:
  1. Ջրածնային հետազոտությունը չափում է օդում ջրածնի պարունակությունը, երբ հիվանդին տալիս են լակտոզ: Այս հետազոտության բացասական կողմերից մեկն այն է, որ մինչև երեք ամսական լակտազային անբավարարություն չունեցող երեխաների դեպքում ջրածնի պարունակությունը նույնն է, ինչ լակտազային անբավարարություն ունեցող մեծահասակների մոտ, այնպես որ այդ տարիքի երեխաների դեպքում սահմանված նորմաներ չկան:
  1. Ամենատարածված մեթոդը կղանքում ածխաջրերի քանակի հետազոտությունն է: Ցավոք, այս մեթոդը նաև ամենաանվստահելին է: Կղանքում ածխաջրերի պարունակության նորմաները դեռ հաստատված չեն: Այսօր ընդունված է համարել, որ ածխաջրերի պարունակությունը կղանքում չպետք է գերազանցի 25 տոկոսը, սակայն որոշ հետազոտական կենտրոններ առաջարկում են, որ կրծքով կերակրվող երեխաների մոտ կղանքում ածխաջրերի պարունակության նորման համարվի հետևյալը՝
  • մինչև մեկ ամսական՝ 1%
  • 1-2 ամսական՝ 0,8%
  • 2-4 ամսական՝ 0,6%
  • 4-6 ամսական՝ 0,45%
  • 6 ամսականից մեծ՝ 0,25%

Բացի դրանից, այս հետազոտությունը չի պարզաբանում, թե որ ածխաջրերն են հայտնաբերվել երեխայի կղանքում՝ լակտոզը, գլյուկոզը, թե գալակտոզը: Հետևաբար, ցանկալի է այս ուսումնասիրության արդյունքները մեկնաբանել այլ հետազոտությունների, օրինակ՝ կորպոլոգիական հետազոտության, ինչպես նաև կլինիկական դեպքի նկարագրության հետ միասին:

  1. Կղանքի կլինիկական (կոպրոլոգիական) հետազոտությունը սովորաբար իրականացվում է այլ մեթոդների հետ համատեղ: Կղանքի նորմալ թթվայնությունը (pH) 5.5 և ավելին է, իսկ լակտազային անբավարարության դեպքում ավելի բարձր է: Օգտագործվում է նաև ճարպային թթուների պարունակության մասին ինֆորմացիան (որքան այն բարձր է, այնքան ավելի բարձր է լակտազային անբավարարության հավանականությունը):

 

Լակտազային անբավարարության բուժումը

Եթե դուք կամ ձեր երեխայի մանկաբույժը երեխայի մոտ հայտնաբերել եք լակտազային անբավարարության մեկ կամ երկու ախտանիշ, ինչպես նաև կղանքում ածխաջրերի բարձր մակարդակ, դա դեռ չի նշանակում, որ երեխան հիվանդ է:

Լակտազային անբավարարության ախտորոշումը պետք է հաստատվի և՛ կլինիկական նկարագրով, և՛ հետազոտությունների համապատասխան արդյունքներով: Կլինիկական նկարագիր ասելով ի նկատի ունենք ոչ միայն փրփրոտ կամ լորձոտ կղանքը: Լակտազային անբավարարության դեպքում պետք է միաժամանակ առկա լինեն և՛ վատ ու հաճախ կղանք, և՛ ցավեր, և՛ յուրաքանչյուր կերակրման ժամանակ որովայնի գռմռոց, և՛ քաշի հավանական կորուստ կամ շատ վատ աճ:

Լակտազային անբավարարության մասին կարելի է մտածել, եթե բժշկի կողմից նշանակված բուժումը արդյունք է տվել և երեխան իրեն սկսել է ավելի լավ զգալ, օրինակ, եթե բժիշկը նշանակել է լակտազ ֆերմենտ կերակրումից առաջ, որի արդյունքում փորի ցավերը նվազել են, իսկ կղանքը՝ կարգավորվել:

Այսպիսով, որո՞նք են լակտազային անբավարարության կամ նմանատիպ խնդրի բուժման տարբերակները:

  1. Կրծքով կերակրման ճիշտ կազմակերպում: Կանանց մեծ մասի մոտ կերակրման սկզբում և վերջում կաթի բաղադրությունը տարբեր է: Լակտոզի քանակությունը պայմանավորված չէ մոր սննդակարգով և գրեթե նույնն է կերակրելու սկզբում և վերջում: Սակայն կաթի “յուղայնությունը” կարող է տարբեր լինել: Սկզբում գալիս է ավելի “ջրիկ” կաթը, սակայն արտահոսքի ժամանակ, երբ կաթը սկսում է ուժեղ հոսել, ճարպային մասնիկները պոկվում են կաթնագեղձի պատերից և ընկնում կաթի մեջ: Յուղոտ կաթը ավելի դանդաղ է անցնում երեխայի աղեստամոքսային համակարգով՝ թույլ տալով, որ լակտոզը հասցնի քայքայվել: Ավելի “ջրիկ” կաթի դեպքում լակտոզը անցնում է հաստ աղիքով շատ արագ՝ թույլ չտալով լակտոզին քայքայլվել, և գազերի ու ավելի ջրիկ կղանքի պատճառ է դառնում: Այսպիսով, իմանալով առաջնային և հետին կաթի տարբերությունները, կարելի է հասկանալ, թե ինչպես կարելի է պայքարել լակտոզով գերծանրաբեռնմամբ պայմանավորված լակտազային անբավարարության դեմ: Նման դեպքերում կրծքով կերակրման խորհրդատուի ծառայություններից օգտվելը կարող է օգնել: Առաջնային և հետին կաթի մասին մանրամասն կարդացեք “Անհանգստություններ առաջնային և հետին կաթի վերաբերյալ” հոդվածը:
  • Առաջինը, չի կարելի առանց պատճառի կթել կրծքերը կերակրելուց հետո, քանի որ այդպիսով դուք թափում կամ սառեցնում եք ավելի “յուղոտ” կաթը, իսկ երեխային հասնում է ավելի “ջրիկ” կաթը:
  • Կրծքերը պետք է փոխել միայն այն ժամանակ, երբ երեխան լավ “դատարկել” է մի կուրծքը, այլապես նա կստանա երկու կրծքերի առաջնային “ջրիկ” կաթը: Կրծքերը լավ “դատարկել” կարող է օգնել կերակրելու ընթացքում կրծքի նուրբ մերսումը` վերևից դեպի պտուկ:
  • Ցանկալի է նույն կրծքով կերակրել ավելի հաճախ, քանի որ երկար դադարի դեպքում մեծանում է առաջնային կաթի քանակը:
  • Շատ կարևոր է նաև երեխայի ճիշտ կուրծք բռնելը, քանի որ սխալ բռնելու դեպքում երեխան դժվարանում է քաշել հետին՝ ավելի յուղոտ կաթը: Պետք է հետևել, որ երեխան ոչ միայն ծծի, այլ նաև կուլ տա կաթը: Եթե դուք ունեք ճաքեր կամ կերակրելը ձեզ ցավ է պատճառում, պետք է ճշտել, թե արդյոք երեխան ճիշտ է կուրծք բռնում: Շատերը համարում են, որ սկզբի ամիսներին ցավ զգալով կերակրելը նորմալ է, ինչը իրականում կարող է լուրջ խնդիրների նշան լինել:
  • Գիշերը ավելի շատ է արտադրվում հետին կաթ, և գիշերային կերակրումները կարևոր են:
  • Ցանկալի չէ ավարտել կրծքով կերակրումը, եթե երեխան դեռ չի հագեցել: Թողեք, որ երեխան այնքան ծծի կուրծքը, որքան ցանկանում է, հատկապես առաջին 3-4 ամիսներին, քանի դեռ լակտազը լռիվ չի հասունացել:

Այսպիսով, կարևոր է համոզվել, որ երեխան կուրծք ճիշտ է բռնում, մայրը չի կթում կուրծքը կերակրելուց հետո, փոխում է կուրծքը 2-3 ժամը մեկ, չի փորձում քչացնել կերակրելու հաճախականությունը, երկրորդ կուրծքը տալիս է միայն այն ժամանակ, երբ երեխան վերջացրել է առաջինը, երեխան կուրծք է ուտում այնքան երկար, որքան ցանկանում է: Ցանկալի է կերակրել նաև գիշերը: Երբեմն մի քանի օր նման ձևով կերակրելուց հետո երեխայի կղանքը և աղիների աշխատանքը կարգավորվում են:

  1. Ալերգենների բացառումը սննդակարգից: Առավել հաճախ խոսքը գնում է կովի կաթի մասին: Բանը նրանում է, որ կովի կաթը շատ տարածված ալերգեն է: Եթե մայրը շատ է օգտագործում կովի կաթ, կաթի սպիտակուցը կարող է աղիներից ներծծվել արյան մեջ և, հետևաբար, կաթի մեջ: Եթե կովի կաթը երեխայի համար ալերգեն է, իսկ դա բավական հաճախ է հանդիպում, այն կարող է խանգարել երեխայի աղեստամոքսային համակարգի աշխատանքը, և դրանով հանգեցնել լակտոզի ոչ բավարար քայքայմանը՝ առաջացնելով լակտազային անբավարարություն: Ելքը մոր սննդակարգից առաջին հերթին կովի կաթը հանելն է: Հնարավոր է, որ կարիք լինի հանել այլ կաթնամթերքներ ևս՝ կարագը, պանիրը, կաթնաթթվային մթերքները, ինչպես նաև տավարի միսը և կարագով պատրաստված ցանկացած սննդամթերք: Եթե մայրը հրաժարվում է բոլոր ալերգեններից, ապա երեխայի ստամոոքսը կարգավորվում է և լակտազային անբավարարության ախտանիշները վերանում են: Դրանից հետո կարելի է փորձել սննդակարգ վերադարձնել նույն սննդամթերքները՝ սկսելով ամենաանվտանգներից՝ տավարի մսից, յոգուրտից, պինդ պանրից և այլն, և ստուգել, թե դրանցից որ մեկի նկատմամբ երեխան ալերգիկ ռեակցիա չի ունենա: Այլ սպիտակուցներ ևս կարող են երեխայի համար ալերգեն լինել:
  1. Կրծքերը կթելը կերակրելուց առաջ: Եթե կրծքերը ավելի հազվադեպ փոխելը և ալերգեններից հրաժարվելը բավարար չեն, կարելի է փորձել կուրծքը կթել կերակրելուց առաջ: Կթած կաթը երեխային չպետք է տալ: Կթելուց հետո կրծքով կերակրելիս երեխան կստանա ավելի յուղոտ կաթ: Սակայն այս մեթոդը պետք է օգտագործել զգուշությամբ, քանի որ այն կարող է հիպերլակտացիա առաջացնել: Ցանկալի է այս մեթոդը կիրառել կրծքով կերակրելու խորհրդատուի հսկողության ներքո:

Եթե այս մեթոդները չեն օգնում, իսկ երեխան շարունակում է տանջվել, պետք է դիմել բժշկի:

  1. Լակտազ ֆերմենտը: Եթե վերը նշված մեթոդները չեն օգնում, բժիշկը սովորաբար նշանակում է լակտազ: Միայն բժիշկը կարող է որոշել, թե արդյոք դրա կարիքը կա: Նման դեպքում ցանկալի է դիմել կրծքով կերակրմանը աջակցող մանկաբույժի: Լակտազ ֆերմենտը տրվում է կուրսերով: Երեխայի 3-4 ամսականը լրանալուց հետո, երբ ավարտվում է լակտազ ֆերմենտի հասունացումը, կարելի է փորձել դադարեցնել լակտազի ընդունումը: Կարևոր է նաև լակտազի ճիշտ չափաբաժնի որոշումը, քանի որ քիչ չափաբաժնի դեպքում լակտազային անբավարարության սիմպտոմները կարող են էլ ավելի ուժեղանալ, իսկ մեծ չափաբաժնի դեպքում երեխայի կղանքը կարող է դառնալ չափից ավելի պինդ և հնարավոր է փորկապություն: Ֆերմենտը սովորաբար տրվում է կերակրելուց առաջ՝ մի քիչ բացելով կրծքի կաթի հետ: Սովորաբար բժիշկը նշանակում է ֆերմենտ օրական 3-4 անգամ, որոնց արանքում հնարավոր է կերակրել ըստ պահանջի:
  1. Լակտազով ֆերմենտավորված կրծքի կաթը կամ առանց լակտոզի կաթնախառնուրդը: Ծայրահեղ դեպքերում երեխային բժիշկների կողմից նշանակվում է լակտազով ֆերմենտավորված կթած կրծքի կաթ կամ առանց լակտոզի կաթնախառնուրդ: Շատ հնարավոր է, որ բավարար լինի դրանցով փոխարինել կրծքով կերակրումների միայն մի մասը: Պետք է նշել, որ առանց լակտոզի կաթնախառնուրդների կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները դեռ պարզ չեն, և ցանկալի է, որ դրանք դիտարկվեն որպես ժամանակավոր լուծում:
  1. Երկրորդային լակտազային անբավարարության ժամանակ վերոհիշյալ մեթոդներին կարող է ավելանալ նաև այսպես կոչվածդիսբակտերիոզիբուժումը, որը ենթադրում է աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի վերականգնում: Առաջնային լակտազային անբավարարության դեպքում դիսբակտերիոզի կարգավորումը զուգորդվում է հիմնական բուժման հետ: Երկորդային լակտազային անբավարարության դեպքում շեշտը դրվում է հիմնական խնդրի բուժման վրա, իսկ սննդակարգում լակտազի քանակի նվազեցումը կամ լակտազ ֆերմենտի ընդունումը պետք է դիտարկվի որպես ժամանակավոր միջոց՝ քանի դեռ չի վերականգնվել աղեստամոքսային համակարգը: 

Դիսբակտերիոզի մասին կարող եք կարդալ նաև “Դիսբակտերիոզը կրծքով կերակրվող երեխաների մոտ” հոդվածը:

 

Աղբյուրները՝

http://gvinfo.ru/ln_ms
https://www.breastfeeding.asn.au/bfinfo/lactose.html
http://kellymom.com/health/baby-health/lactose-intolerance/

 

Կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

Երկաթի անբավարարությունը կրծքով կերակրվող երեխաների մոտ. կանխարգելում և հաղթահարում
Դիսբակտերիոզը կրծքով կերակրվող երեխաների մոտ