Ծծակ. նենգ ընկեր


0a584bca945de89b1c9730622d983a48Ապագա մայրիկները իրենց փոքրիկների «օժիտի» հետ սովորաբար նվեր են ստանում նաև ծծակ, իսկ ոմանք՝ նույնիսկ մի քանի հատ: Հետաքրքիրն այն է, որ ժողովրդական գիտակցության մեջ ծծակն ասոցացվում է նորածնի հետ: Ցավոք, որոշ մասնագետներ ևս նորաթուխ մայրիկին խորհուրդ են տալիս երեխային «լավ ծծակ տալ, որ ավելի լավ լինի»: Սակայն երեխայի բերանում ծծակ տեսնելիս կրծքով կերակրման խորհրդատուները մտքում անմիջապես կարմիր քարտ են ցույց տալիս: Ո՞րն է պատճառը, որ այլ մասնագետների համար հարաբերականորեն անվնաս ծծակը նրանց մոտ նման արձագանք է առաջացնում: Դրա համար կան մի շարք գիտականորեն ապացուցված պատճառներ:

Ծծակի բացասական կողմերը

Չնայած լայնատարած օգտագործման՝ ծծակի բացասական կողմերը, ցավոք, ավելի շատ են, քան դրական կողմերը:

Ծծակը կրճատում է կրծքով կերակրումը

Սա բավական տրամաբանական բացատրություն ունի: Կաթնարտադրությունը կախված է նրանից, թե երեխան որքան լավ, հաճախ ու ճիշտ է ծծում մոր կուրծքը. հենց մոր կուրծքը, այլ ոչ թե որևէ այլ բան: Եթե փոքրիկը ծծում է դատարկ ծծակ, ապա դա շատ արագ կարող է հանգեցնել կաթնարտադրության նվազման՝ կրծքի ստիմուլյացիայի նվազման արդյունքում: Որոշ ժամանակ անց ծծակն ու կուրծքը կարող են նույնիսկ տեղերով փոխվել: Երեխան սկսում է նախընտրել ծծակը, որի արդյունքում մոր կաթը քչանում է, իսկ ծծակ նվիրած հարազատները միաբերան հայտարարում են՝ «մեր ցեղում կաթը քիչ է»:

Հենց այս պատճառով ամբողջ աշխարհում տասնյակ հետազոտություններ են կատարվել, որոնց շնորհիվ պարզվել է, որ ծծակ չօգտագործած երեխաներն ավելի երկար են կերակրվել կրծքով, քան ծծակ օգտագործածները: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) «10 քայլեր դեպի հաջող կրծքով կերակրում» քայլերից իններորդում ասվում է. «երեխային չտալ ծծակ կամ կրծքի այլ արհեստական փոխարինողներ»: Հաշվի առեք, որ ԱՀԿ-ն իր երաշխավորությունները հենց այնպես՝ առանց գիտական հիմնավորման չի տալիս:

Բերենք կատարված ուսումնասիրություններից մեկի օրինակը: Ավստրալիայում իրականացված մի հետազոտության նպատակն էր պարզել, թե երբ և ինչ պայմաններում են երիտասարդ մայրիկները կրծքով կերակրվող երեխաներին ծծակ տալիս: Հարցմանը մասնակցած 670 կանանց 79%-ն էր ծծակ տվել, որոնցից ամեն չորրորդը դա արել էր տատիկների խորհրդով, իսկ ամեն հինգերորդը` բուժքրոջ կամ մանկաբարձուհու: Նրանց մեծ մասը հավատացել էր, որ ծծակն օգնում է երեխային ավելի լավ քնել և ավելի հանգիստ լինել: Ամեն հինգերորդ մայրը համարել էր, թե ծծակ ծծելը երեխայի համար բնական և անհրաժեշտ բան է: Արդյունքում, այն կանանց մեծ մասը, որոնք երեխաներին կյանքի առաջին շաբաթների ընթացքում պարբերաբար ծծակ էին տվել, կրծքով կերակրելն ավարտել էր առաջին ամսվա ընթացքում:

Դե ինչ, մնում է միայն շնորհակալություն հայտնել այն բուժաշխատողներին, ովքեր պնդում են, որ ծծակն օգտակար է, անվտանգ և ոչ մի կերպ չի անդրադառնում կրծքով կերակրման վրա:

Ծծակը նպաստում է պտուկների վնասվածքների առաջացմանը

Պտուկի վնասվածքները կրծքով կերակրումը նախատեսվածից շուտ ավարտելու հիմնական պատճառներից մեկն է: Ճիշտ ծծելու դեպքում երեխան կաթը ստանում է վակուում ստեղծելով և միաժամանակ աշխատացնելով ստորին ծնոտը: Մայրիկի կուրծքը ճիշտ բռնելու համար փոքրիկը պիտի լայն բացի բերանը և, եթե նրան ճիշտ դիրքով եք պահում, պտուկը հայտնվում է բերանի խորքում: Ծծակ տալու համար հարկավոր չէ լայն բացել բերանը. ցանկության դեպքում մայրը կարող է ծծակ դնել նույնիսկ երեխայի փակ բերանում:

Ծծակ ծծելու համար հիմնականում աշխատում է մկանների այլ խումբ, քան կրծքով կերակրելու դեպքում, որոնց կոորդինացիան այլ կերպ է տեղի ունենում: Հաճախ, երբ երեխան պատրաստվում է ուտել, արդեն կարելի է կռահել՝ նա կրծքով է կերակրվում, թե շշից: Կրծքով կերակրվող երեխան բերանը լայն է բացում, իսկ արհեստական կաթնախառնուրդով սնվող երեխան խողովակի նման ձգում է շուրթերը: Եթե ծծակ տրվում է այն երեխային, որը դեռ չի սովորել ճիշտ «համագործակցել» մոր կրծքի հետ, ապա նա կփորձի մոր կուրծքը ծծել ծծակի նման: Այս դեպքում երեխան կա՛մ ընդհանրապես կաթ չի ստանա, կա՛մ քիչ կստանա:

Ատամներ հանելու ժամանակ երեխային կարող է դուր գալ ծծակը կծելն ու ծամելը, չէ՞ որ այն անշունչ առարկա է և չի կարող արձագանքել «չարչարանքներին»: Վատն այն է, որ փոքրիկը կարող է նույնը կրկնել մոր կրծքի հետ, իսկ մոր դժգոհությունը նրա համար կլինի շատ անհասկանալի` դառնալով մի նոր պատճառ ծծակին նախապատվություն տալու համար:

Ծծակը հանգեցնում է կրծքից հրաժարվելուն

Մոր կրծքի հետ փոխհարաբերությունը բարդ է և բազմազան, քանի որ կերակրելու ընթացքում մոր կրծքից կաթը արտահոսում է տարբեր արագությամբ: Միայն կուրծք ուտող երեխան գիտի, որ կաթ կարելի է ստանալ անգամ «դատարկ» կրծքից, իսկ ծծակ ծծող կամ շշից ուտող երեխային մոր կրծքի նման «պահվածքը» նյարդայնացնում է: Պատահում է, որ փոքրիկը թողնում է մոր կուրծքը, որում իրականում դեռ կաթ կա, և սկսում լացել, իսկ ծծակ ստանալուն պես հանգստանում է:

Այս խնդրի մյուս կողմն այն է, որ մոր կուրծքը երկու ֆունկցիա ունի՝ կշտացնել և հանգստացնել: Սրանք երկուն էլ շատ կարևոր են. չէ՞ որ փոքրիկը հաճույք է ստանում ոչ միայն համեղ կաթիկից, այլև բուն ծծելու գործընթացից: Շատ հաճախ կրծքով կերակրվող երեխան ինքն է հրաժարվում սիլիկոնե ընկերոջից` թքելով այն: Սակայն մեծահասակների համառ պնդելու արդյունքում երեխային ոչինչ չի մնում անելու, քան համաձայնվել: Որոշ ժամանակ անց երեխան շատ լավ յուրացնում է «կուրծքը ծծելն իմաստ ունի միայն կաթ ստանալու համար» դասը ու հրաժարվում է կրծքից, երբ կաթի առատ հոսքն ավարտվում է:

Երրորդ-չորրորդ ամիսներում մոր կաթնարտադրությունը սկսում է կարգավորվել, և շատ մայրիկներ այլևս չեն զգում կաթի արտահոսքը, որը սկսում է ավելի ուշ գալ: Նման դեպքերում ծծակ ծծող երեխան կարող է հրաժարվել ծծել մոր «դատարկ» կուրծքը, քանի որ դրա համար կա ծծակ: Իհարկե շատ երեխաներ ծծակ ստանալով հանդերձ կարող են շարունակել հաջողությամբ կերակրվել կրծքով, սակայն ծծակի ազդեցությունը կրծքով կերակրման վրա միշտ ռիսկեր է պարունակում:

Ծծակը փչացնում է ատամնաշարի կծվածքը

Սխալ ծծելը, որը ձևավորվում է ծծակ օգտագործելու արդյունքում, կարող է երկարատև հետևանքներ ունենալ. նորածին տարիքում ձեռքբերված սովորությունները պահպանվում են ողջ կյանքի ընթացքում, և ծծակ ծծելու սովորությունն իր մասին հիշեցնում է նաև հասուն տարիքում: Մոր կուրծք և ծծակ ծծելու միջև տարբերությունն ահռելի է, և դա ոչ թե ծծակի ձևից է կախված, ինչպես փորձում են համոզել օրթոդոնտիկ ծծակներ և մայրական կրծքի ձևով շշեր արտադրողները, այլ այն նյութից, որը մտնում է երեխայի բերանը: Մոր կուրծքը փափուկ է և հարմարվում է երեխայի բերանի ձևին, իսկ ծծակը` հակառակը ստիպում է երեխայի բերանին հարմարվել իր ձևի հետ:

Բացի մոր կրծքից ցանկացած այլ առարկա բացասաբար է անդրադառնում երեխայի ծնոտի, ատամների և լնդերի ճիշտ զարգացման վրա: Կուրծքը ծծելիս երեխաները ալիքաձև շարժումներ են կատարում, որ կարողանան կաթը քաշել և կուլ տալ, իսկ ծծակի դեպքում կատարում են հրող շարժումներ:

Ծծակը մեծացնում է ինֆեկցիաների ռիսկը

Ծծակը և հիգիենան իրար հետ անհամատեղելի են: Դժվար է պատկերացնել, թե օրվա մեջ քանի անգամ է ծծակն ընկնում հատակին, քանի անգամ է հպվում տարբեր մակերևույթների, որքան փոշի և միկրոբներ են մնում նրա վրա: Եվ այս բոլորը մեծահասակների «օրհնությամբ» ընկնում է երեխայի բերանը: Իսկ մեծահասակների սովորությունը լիզել ծծակը երեխային տալուց առաջ ասես հումանիտար օգնություն լինի միկրոբներին: Ծծակների համար նախատեսված կաղապարները մի փոքր նվազեցնում են աղտոտվելու ռիսկը, բայց հարյուր տոկոսանոց երաշխիք չեն տալիս: Իսկ հետո ծնողները զարմանում են, թե ինչպես կարող էր իրենց երեխան վարակվել այս կամ այն ինֆեկցիայով:

Բացի վերը նշվածներից, կան նաև ծծակի վնասակարության այլ կողմեր: Ծծելու ռեֆլեքսը երեխայի մոտ գերիշխող է մինչև 5 ամսականը: Ծծելու ռեֆլեքսի գերիշխելու և շարժողական ապարատի ակտիվության նվազման միջև կա օրինաչափություն: Ծծակ օգտագործող երեխան կարող է նաև ավելի ուշ սկսել ձայներ հանել և խոսել, քանի որ փոքրիկի բերանը զբաղված է ծծակով և կարիք չունի ճանաչելու աշխարհը: Եվ վերջապես, երեխայի մոտ կարող է հոգեբանական կախվածություն լինել ծծակից՝ չի կարողանում առանց ծծակի քնել, լաց լինելիս չի հանգստանում առանց ծծակի և կամակորություն է անում:

Ծծակը նպաստում է ականջի բորբոքմանը

Ըստ հետազոտությունների ծծակ ծծող երեխաների մոտ ականջի բորբոքման հավանականությունը ավելի բարձր է (հոդվածը շուտով):

Երիտասարդ ծնողներին. երեխային ծծակ առաջարկելիս հիշե՛ք, որ իր «ընկերոջից» նա հեշտ չի բաժանվելու:

Ցավալի է, բայց մեր հասարակությունում կա տարածված մի կարծրատիպային արտահայտություն՝ «երեխան քեզ օգտագործում է որպես ծծակ»: Սա նշանակում է, որ նման կերպ արտահայտվողի համար արհեստական կերակրումն ավելի նորմալ է, քան կրծքով կերակրումը: Հարգելի՛ մայրիկ, պատկերացրեք նմանատիպ մի իրավիճակ, երբ Ձեզ ասում են՝ «դու չպետք է թողնես ամուսնուդ քեզ օգտագործել ռետինե տիկնիկի փոխարեն»: Հավանաբար․ Դուք շոկի կենթարկվեք, որ ինչ-որ մեկը նորմալ է համարում կենդանի կնոջ ներկայության դեպքում հավանությունը տալ ռետինե տիկնիկին, իսկ երբ մորն ասում են, որ երեխան նրան օգտագործում է ծծակի փոխարեն, ապա խոսքը գնում է այն մասին, որ երեխային ծծակ տալը նորմալ է, իսկ մոր հետ տաք, ջերմ շփումը՝ ոչ: Հաջորդ կարծրատիպն այն է, թե երեխաներ կան որոնց մոտ ծծելու մեծ պահանջմունք կա, այդ պատճառով էլ անընդհատ կուրծք է ուտում: Իսկապես կան երեխաներ, որ շատ են կրծքից կախված, բայց սա նշանակում է, որ տվյալ երեխան բացի սոված լինելը ունի այլ անհանգստացող բան: Ու եթե նման պարագայում բժիշկն ասում է տվեք ծծակ, դա նույնն է, թե բարձր ջերմության դեպքում բժիշկն առանց պատճառը բացահայտելու ասի ասպիրին տվեք:

 ա

Ծծակի դրական կողմերը

Ծծակի դրական կողմերը հատկապես կարևոր են կուրծք չուտող երեխաների համար:

Ծծակը կարող է հանգստացնել անհանգիստ երեխային: Որոշ երեխաներին կարելի է հանգստացնել օրորելով, կամ գրկելով: Սակայն կան երեխաներ, որոնց ծծելու պահանջը մեծ է և միայն դա է նրանց լավ հանգստացնում: Եթե ձեր երեխան կերել է, բայց դեռ անհանգիստ է, կարող եք նրան ծծակ առաջարկել:

Ծծակը կարող է նվազեցնել հանկարծամահության ռիսկը: Հետազոտությունները ցույց են տվել որ քնելիս ծծակ օգագործելը նվազեցնում է հանկարծամահության ռիսկը (հոդվածը շուտով):

Ծծակը կարող է հեշտացնել երեխային քնեցնելը: Շատ կուրծք ծծող երեխաները քնում են հենց ուտելիս: Շշից ուտող երեխաների պարագայում ծծակը կարող է հեշտացնել քնելու պրոցեսը:

ա

Տալ, թե՞ չտալ

Եթե չեք կարողանում որոշել ձեր երեխային ծծակ տալ, թե ոչ, ապա լավ կլինի նախ հասկանանք՝ արդյոք երեխային պետք է ծծակ: Եթե երեխան կերակրվում է ըստ պահանջի, այսինքն օրական մոտ 10-12 անգամ և քնում է կաթ ուտելով, ապա նման դեպքում պարզից էլ պարզ է, որ երեխան ծծակի կարիք ամենևին չունի, և պետք չէ նրան վարժեցնել ծծակի: Միայն կաթնախառնուրդ ուտող կամ խառը սնվող երեխան կարող է ամբողջությամբ չիրականացնել իր ծծելու ռեֆլեքսը՝ ուտելու ընթացքում: Կան երեխաներ որոնք ուտելուց հետո շատ դժվար են քնի անցնում: Նման երեխաներին օգնության կարող է հասնել ծծակը: Բայց պետք է հաշվի առնել՝ երբ երեխան անցավ խոր քնի փուլ, անհրաժեշտ է անմիջապես բերանից հանել ծծակը:

Ծծակ տալուց առաջ պետք է հաշվի առնել մի քանի նրբություն.

  • Եթե կյանքի առաջին շաբաթներին երեխան առանց ծծակի իրեն շատ լավ է զգում, եթե բավարարվում է կուրծք ուտելով, հանգիստ քնում է, ապա բնավ էլ պետք չէ նրան ծծակ առաջարկել: Շատ երեխաներ մեծանում են առանց ծծակի:
  • Ցերեկային ժամերին պետք է ավելի հաճախ խոսել ու խաղալ երեխայի հետ, ցույց տալ նրան շրջապատող աշխարհը, այսպես նա ավելի քիչ ժամանակ կծախսի ծծակի վրա:
  • 6-7 ամսականից երեխային սովորեցրեք բաժակից խմել: Ինչքան արագ նա սովորի լավ կուլ տալ, այքնան արագ ձեր տանից կկորչեն շշերն ու ծծակները:
  • 7-8 ամսականից ծծակը երեխայի աչքից հեռու տեղ պահեք ու տվեք միայն քնելուց առաջ:
  • 1 տարեկան երեխաներն արդեն հաճույքով լսում են հեքիաթներ, այնպես որ կարելի է քնելուց առաջ ծծակ տալու փոխարեն 1-2 հեքիաթ կարդալ:

ա

Եթե որոշել եք ծծակ տալ․ կանոնները

Կան պահեր, օրինակ խանութում, մեքենայում կամ այլ հասարակական վայրում, երբ ծծակը կարող է օգնել երեխային համբերել մինչև մայրը կարողանա նրան կրծքով կերակրել: Այս պահերին ծծակը նաև թույլ է տալիս մայրիկին վերջացնել իր գործը առանց չափազանց շտապելու և հետո կերակրել երեխային: Անշուշտ ծծակը կարող է օգնել մայրիկին, սակայն որպեսզի այն երեխային վտանգ չտա, պետք է հետևել հետևյալ կանոններն:

1․ Հիշե՛ք՝ չի կարելի երեխային ծծակ տալ այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի սովորել լիարժեքորեն ծծել կուրծքը, քանի որ նման պարագայում երեխան կարող է շփոթել կուրծքն ու ծծակը:

2․ Թողե՛ք ընտրությունը երեխային: Եթե նա չընդունի ծծակը միանգամից, ապա մի՛ ստիպեք նրան: Առաջարկեք մեկ այլ պահին: Փորձեք մեկ այլ ծծակ: Վերջիվերջո հարգե՛ք երեխայի ցանկությունը, եթե նա հրաժարվում է ծծակից:

3․ Առաջարկեք ծծակը կերակրումների արանքում, երբ համոզված եք, որ երեխան սոված չէ:

4․ Մի՛ օգտագործեք ծծակը կերակրումը առանց որևէ պատճառ հետաձգելու կամ ձեր ուշարդրության փոխարեն:

5․ Առաջարկեք ծծակը միայն քնելու պահին: Եթե ծծակը ընկնի բերանից, նորից մի դրեք այն բերանի մեջ: Հանեք ծծակը բերանից, երբ երեխան քնած է:

6․ Ուշադրություն դարձրեք ծծակի ընտրությանը։

 

ա

Ինչպես ընտրել ծծակը 

Ամենակարևոր հարցերից մեկը, որ տալիս է ծծակ օգտագորխող յուրաքանչյուր բալիկի ծնող՝ ինչ՞պես ընտրել ճիշտ ծծակ: Այսպիսով.

  1. Ծծակը պետք է ընտրել երեխայի տարիքին համապատասխան: Ժամանակակից ծծակները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ծնված պահից մինչև երեք ամսական, երեքից վեց ամսական, կեսից մինչև մեկ տարեկան և բարձր: Բնականաբար պետք է գնել այն ծծակը, որը համապատասխանոմ է ձեր երեխայի տարիքայի փուլին:
  2. Ժամանակակից ծծակների տեսքը նույնպես շատ տարբեր է: Կան մոդելներ, որոնք կլոր են՝ բալի նման, կան օվալաձև, որոնք հիշեցնում են կաթիլի և օրթոդոնտիկ, որոնք կարծես թե նման են մոր կրծքի ձևին՝ կաթ ուտելու ժամանակ: Չնայած այն տարածված կարծիքին, թե նմանատիպ ծծակները ուղղված են կաթնատամների ճիշտ զարգացմանը, սրանց գերակայությունը ավանդականների նկատմամբ դեռևս ապացուված չէ:
    13095858_1003871006376396_2632339729090615601_n13119123_1003871419709688_1134710691635387000_n13164402_1003871516376345_3265889050447510474_n
    Ձախ` բալի նման, մեջտեղ՝ անատոմիական, աջ`օրթոդոնտիկ:
  3. Նյութը որից պատրաստված է այն: Հիմնականում օգտագործվում է լատեքս և սիլիկոն:        Լատեքսից ծծակները պատրաստված են բնական կաուչուկից, այդ պատճառով էլ ավելի փափուկ ու էլաստկ են, բայց ոչ դիմացկուն: Այս ծծակները շատ հարմար են նորածինների և հատկապես թույլ և վաղաժամ ծնված փոքրիկների համար: Սրանց թերություններից կարելի է նշել․ ջերմադիմացկուն չեն, արևի ճառագայթների տակ փոխում են գույնն ու մգանում, երկար օգտադործելու դեպքում դեֆորմացվում են և մեծանում ծավալով և, հանդիսանալով բնական նյութ՝ կաուչուկ, այն պարունակում է բուսական սպիտակուցի մոլեկուլներ և կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Լատեքսից ծծակներն անհրաժեշտ է փոխել ամեն 4 շաբաթը մեկ: Սիլիկոնից ծծակներն ավեի դիմացկուն են, երկարակյաց, բայց քանի որ ավելի ձիգ են քան լատեքսային ծծակները կարող են կծվածքի դեֆորմացիաների պատճառ դառնալ, դրա համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել մինչև առաջին ատամների ծկլթելը: Սիլիկոնե ծծակներն անհրաժեշտ է փոխել ամեն 6 շաբաթը մեկ:

Նախկինում լայն տարածում ունեին ռետինից պատրաստված ծծակները, սակայն հիմա դրանց ամեն տեղ չէ, որ կգտնես: Այս ծծակները հարմար են հատկապես ատամների ծկլթելուց հետո, սակայն կարող են դիաթեզի հիմք հանդիսանալ: Ներկայումս ատամների դուրս գալուց հետո խորհուրդ են տրվում լատեքսից ծծակները:

  1. Ծծակ գնելիս պետք է ուշատդություն դարձնել, որ հիմքի վրա անպայման անցքեր լինեն օդ ներս թողնելու համար:

Նորածինների համար դժվար է ծծակ ընտրել մինչ նրանց ծնունդը: Օպտիմալ ընտրության համար խորհուրդ է տրվում գնել մի քանի ձևի և հերթով փորձել՝ տեսնելով, թե երեխան որը կընտրի:

ա

Ծծակի հիգիենան

Ծծակի օգտագործումը պետք է հնարավորինս անվտանգ լինի երեխայի համար, այդ պատճառով էլ անհրաժեշտ է պահպանել հիգիենայի գոնե Էլեմենտար նորմերը: Ցանկացած նոր ծծակ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է եռացնել 2-3 րոպե: Ցանկացած ծծակ օրվա մեջ գոնե մեկ անգամ օճառով լվանալ տաք ջրում կամ եռացնել 2-3 րոպե: Չի կարելի լիզել ծծակը կամ նրա վրա քսել մեղր կամ շաքար: Ծծակի պահպանման համար ցանկալի է օգտագործել հատուկ հիգիենիկ կաղապար:

ա

Ինչպես երեխային հետ վարժեցնել ծծակից

Երեխայի կյանքի առաջին ամիսներին շատ մայրիկների համար ծծակը համարվում է իսկական փրկություն: Երեխան դրանով ավելի հեշտ է քնում, ավելի քիչ կամակորություն անում, բայց ցավոք նաև այնքան արագ ու ամուր կապվում իր «ընկերոջը», որ երբեմն ծծակ օգտագործում է մինչև 2-3 տարեկան: Սա, բնականաբար, նորմալ չէ, ու շատ ծնողներ ամեն միջոցի դիմում են իրենց երեխային ծծակից հետ վարժեցնելու համար: Այս պրոցեսում պետք է հաշվի առնել երեխային անհատական հոգեբանական առանձնահատկությունները:

Նորածինների մոտ ծծելու ռեֆլեքսը գլխավորներից մեկն է համարվում: Եթե այս ռեֆլեքսը լավ է զարգացած, ապա երեխան լավ կուտի ու կաճի: Ցավոք երեխաները չեն կարող կառավարել այն և հաճախ բերանն են տանում ձեռքի տակ ընկած ամեն ինչ` վերմակի կամ բարձի ծայրը, մատները: Շատ երեխաներ ծծելու ռեֆլեքսը բավարարում են միայն մոր կրծքով, իսկ մի մասն էլ` ծծակով: Հայտնի տեսակետ է, որ ծծակը փչացնում է երեխայի ատամնաշարի կծվածքը, բայց ավելի վտանգավոր է հոգեբանական ասպեկտը` ծծակ ծծող երեխան ավելի անտարբեր է դառնում շրջապատող աշխարհի հանդեպ:

Երեխային ծծակից հետ վարժեցնելու մասին խորհուրդներ շատերից ենք լսում` տատիկներ, բարեկամներ, հարևաններ, բայց պետք չէ դրանիցից ամեն մեկը հերթով փորձել, քանի որ ամեն երեխա անհատականություն է: Ամենառաջինը պետք է հիշել, որ մեթոդներ կան, որ ավելի մեծ վնաս կարող են հասցնել քան ծծակը: Չի՛ կարելի.

  • Ծծակի վրա քսել տարբեր տեսակի դառը նյութ, օրինակ մանանեխ կամ սխտոր: Ոչ բոլոր մեծահասակներն են կարողանում ուտել այս համեմունքները, դե պատկերացրեք, թե ինչ կլինի երեխայի հետ: Բացի այդ սա վտանգավոր է, քանի որ համեմունքներից առաջացած ալերգիկ ռեակցիաները կարող են կոկորդի այտուց կամ սպազմ առաջացնել:
  • Շատերը խորհուրդ են տալիս ծծակի ծայրը կտրել երիցուկի նման: Սա նույնպես անվտտանգ չէ, եթե երեխան արդեն ունի մի քանի սուր ատամիկ, նա կարող է հանգիստ կծել լատեքսի կտորը, ու դժվար չէ պատկերացնել, որ այն կհայտնվի կոկորդում ու լավագույն դեպքում կհասնի ստամոքս: Իսկ վատագույն դեպքում՝ կկպչի կոկորդի լորձին ու կառաջացնի շնչահեղձություն:
  • Չի՛ կարելի երեխայի վրա գոռալ, երբ նա ծծակ է խնդրում: Երեխան կարող է չհասկանալ, որ մայրիկը բարկանում է ու սկսի ավելի շատ կամակորություն անել:
  • Չի՛ կարելի երեխային զրկել ծծակից հենց այն ժամանակ, երբ նա հիվանդ է կամ ատամներ է հանում: Ցանկացած մայրիկ կհասկանա, որ դրանից երեխան իրեն ավելի վատ կզգա:

Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխային ծծակից հետ վարժեցնել 3 ամսեկանից մինչև 1 տարեկան: Չարժի ձգձգել որոշումը: Ամենակարևորը ընտրել ճիշտ պահն ու ներդնել մաքսիմալ ջանք: Իսկ դրա համար հարկավոր է.

  • Երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:
  • Ցերեկային ժամերին նրա հետ զբոսնել, ցույց տալ նոր բաներ, խաղալ:
  • Քնելուց անմիջապես հետո ծծակը հանել բերանից ու դնել մահճակալի մոտ:
  • Երբեք երեխային ինքներդ ծծակ մի առաջարկեք:

«Ցանկացած սովորություն ձևավորվում է 21 օրում»

Աստրճանաբար հրաժարում:

Սա ավելի հարմար է մինչև 1 տարեկան և մի փոքր ավելի մեծ երեխաների համար և կարող է տևել մի քանի շաբաթ: Ուղղակի փորձեք շարժվել այս խորհուրդներով.

  • Զբոսանքի գնալիս ծծակ մի վերցրեք:
  • Ցերեկային ժամերին ծծակը պահեք:
  • Սովորեցրեք երեխային հնարավորինս շատ խմել բաճակից:
  • Նրա համար նոր խաղեր մտածեք:
  • Քնած ժամանակ կարելի է երեխայի կողքը դնել սիրելի խաղալիքը, այսպես նա իրեն մենակ չի զգա և ավելի քիչ ժամանակ կտրամադրի իր «հին ընկերոջը»:
  • Սպասեք մինչև փոքրիկը կքնի, հետո միայն լքեք սենյակը:

Հետ վարժեցնելու սխեմա.            

  1. Առաջին 5 օրերին ծծակը տալ սովորականից 2 անգամ քիչ:
  2. Հաջորդ օրերին ծծակը տալ միայն գիշերային ժամերին:
  3. Ծծակով քնելու ժամանակահատվածը կրճատել 2 անգամ` ծծակից հետո կուրծք տալով:
  4. Ծծակ տալ միայն այն ժամաակ երբ երեխան իսկապես առանց դրա չի հանգստանում:

 Կտրուկ հրաժարում:

Սա ավելի հարմար է 1 տարեկան և բարձր երեխաների համար: Այսինքն այն երեխաների, ովքեր արդեն հասկանում են մայրիկին և թե ինչ է նա բացատրում: Սա նշանակում է մեկընդմիշտ: Բայց հարկավոր է երեխային նախապատրաստել, ինչը ևս քիչ ջանքեր չի պահանջում: Երեխայի բնավորությունից կախված պետք է ընտրել ամենահարմար տարբերակը: Ստորև առաջարկում ենք մի քանիսը.

  • Անհրաժեշտ է ծծակը նվիրել որևէ մեկին: Իդեալական տարբերակ է բարեկամի կամ հարևանի նորածին բալիկը: Ձեր տղան կամ աղջնակը արդեն հասկանում են, որ իրենք ավելի մեծ են դարձել, իսկ նորածին փոքրիկն ունի ծծակի կարիք: Պետք է ասել, որ ծծակներն անպայման փոխանցվում են մեծերից փոքրիկներին, իսկ ավելի լավ էֆֆեկտի համար կարելի է կազմակերպել ծծակը ձեռքից ձեռք հանձնելու հանդիսավոր արարողություն (իհարկե կատակով):
  • Ծծակը կարելի է ուղարկել անտառ` փոքրիկ նապաստակին, կամ ծով` ձկնիկին: Ձեր փոքրիկին պետք է ասեք, որ կենդանիները շատ են վախենում անտառում և նրանց կարող է պաշտպանել միայն ծծակը:
  • Որոշ երեխաների համար ամենահարմար տարբերակը ծծակը նետելն է` մեքենայի պատուհանից, ծովը կամ ուղղակի աղբարկղը:
  • Ծծակից ազատվելուց հետո անպայման երեխային որևէ լավ բան նվիրեք` ուշադրությունը սևեռելով այն բանի վրա, որ նման խաղալիքներով խաղում են միայն մեծ և ինքնուրույն երեխաները:

Ի նկատի ունեցեք, որ ծծակից ազատվելուց հետո, դեռ մի քանի օր փոքրիկը կարող է կամակորություն անել, հնարավոր է նա գիշերներն արթնանա, լացի ու ծծակ պահանջի:

     Եթե երեխայի կամակորություններն ու լացը շարունակվում են 10 օրից ավել, և դուք հասկանում եք, որ առանց ծծակ նրա վիճակն ավելի է վատանում, ապա պետք չէ նրա վրա էքսպերիմենտ անել: Գնեք նոր ծծակ:

Շատ երեխեներ իրենք են դեն նետում իրենց «ընկերոջն» ու առհավետ մոռանում նրա մասին:

Աղբյուրները՝    

http://new-degree.ru/%D0%BF%D1%83%D1%81%D1%82%D1%8B%D1%88%D0%BA%D0%B0       -%D0%BA%D0%BE%D0%B2%D0%B0%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9-   %D0%B4%D1%80%D1%83%D0%B3/

     http://shkolazhizni.ru/health/articles/54235/

     http://www.kakprosto.ru/kak-19239-kak-vybrat-pustyshku

http://mymom.ru/stati/deti-do-goda/pustyshka-mladenca.html

http://razvitie-krohi.ru/veshhi-dlya-malyisha/kak-vyibrat-sosku-dlya-novorozhdyonnogo-rebenka.html

http://razvitie-krohi.ru/razvitie-rebenka-do-goda/kak-otuchit-rebyonka-ot-pustyishki.html

http://www.babycenter.com/0_pacifiers-pros-cons-and-smart-ways-to-use-them_128.bc

http://www.mayoclinic.org/healthy-lifestyle/infant-and-toddler-health/in-depth/pacifiers/art-20048140?pg=1

Թարգմանեց և կազմեց՝     Անի Խումարյանը

Բոլոր կրծքերը կարող են կերակրել
Կերակրող հոր 10 պատվիրանները